Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռեկորդներ սահմանելը չինացիների համար համազգային հոբբի է դարձել

Ռեկորդներ սահմանելը չինացիների համար համազգային  հոբբի է դարձել
05.05.2015 | 00:29

Այն բանից հետո, երբ Պեկինն ու Երևանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Չինական Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ու խորացման մասին» հռչակագիրը, և լուրջ նախադրյալներ ի հայտ եկան երկու երկրների հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի, նպատակահարմար է դառնում պատմել մեր երկրի համար առավել հեռանկարային չինական նվաճումների, տնտեսական և տեխնոլոգիական ճեղքումների մասին, որոնք հաջողությամբ կարող են կիրառություն գտնել Հայաստանում։ Եվ ակնհայտ է, որ թունելների կառուցման գործում չինացիների ունեցած հսկայական փորձը կարող է շատ օգտակար լինել լեռնային Հայաստանի համար։ Իսկ ինչպես հայտնի դարձավ Շանհայում կայացած ճյուղային գիտաժողովում, Չինաստանն արդեն աշխարհում առաջին տեղն է դուրս եկել թունելների և ստորգետնյա այլ կառույցների շինարարության մասշտաբով ու տեմպերով։ 21-րդ դարի առաջին տասնամյակը Չինաստանում նշանավորվեց տարեկան միջին հաշվով 555 կմ ավտոթունելների կառուցմամբ, և 2013-ի վերջերի դրությամբ, Չինաստանն ուներ 9606 կմ ընդհանուր երկարությամբ 11359 ավտոթունել, ընդ որում ձևավորում է մի միտում, որ դրանց կառուցման տեմպերը տարեցտարի միայն կարագանան։ Չինաստանում շահագործման հանձնված երկաթուղային թունելների քանակը, 2013 թ. տվյալներով, կազմում էր 11074, իսկ ընդհանուր երկարությունը՝ 8939 կմ։ Եվ ավելի քան 10 հազար կմ էլ կազմում է խոշոր ջրատեխնիկական հանգույցների շինարարության շրջանակներում ստեղծված թունելների ընդհանուր երկարությունը։ Ի դեպ, ինչպես գիտաժողովի շրջանակներում նշեց չինական ինժեներաշինարարական տեխնիկայի ընկերության փորձագետ Գո Շենյունը, «Մենք, իրոք, համաշխարհային առաջատարն ենք շինարարության մասշտաբների ու տեմպերի գծով, բայց տեխնոլոգիական առումով դեռևս ամենաուժեղ երկիրը չենք»։ Եվ հենց այս հանգամանքը համարվեց այն գլխավոր խնդիրը, որ պետք է լուծել մոտ ժամանակներս։
Մինչդեռ, չնայած առկա դժվարություններին, չինական թունելաշինարարները կարողացել են ստեղծել եզակի կառույցներ ինչպես ինժեներական, այնպես էլ շինարարական առումով։ Ավելին, արդեն շահագործվող մի շարք թունելներ ոչ առանց հիմքի ունեն «ամենա» բնորոշումը, ինչը, ի դեպ, Չինաստանի համար արդեն միանգամայն սովորական բան է դարձել։ Այսպես, զարմանալի չէ, որ աշխարհի ամենալայն թունելը ևս կառուցվել է Չինաստանում։ Դրա բացումը կայացավ 2009 թվականին, և այն Շանհայը կապում է Չունմինդաո կղզու հետ, որը գտնվում է Յանցզիի գետաբերանում, զբաղեցնում է 1200 քառ. կմ տարածություն, ինչը կազմում է Շանհայի շրջանի տարածքի 20 %-ը, և որը հիմա քաղաքի իշխանությունները մտադիր են դարձնել «ապագայի քաղաք»։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 25,5 կմ է, որի մոտավորապես ինը կիլոմետրն անցնում է թունելով։ Թունելը կառուցվել է Յանցզի գետի տակ և թունելակամրջային նախագծի մասն է կազմում։ Կառույցի ներքին տրամագիծը 13,7 կմ է, որով անցնում են երկաթգիծն ու վեցուղի ավտոճանապարհը։ Հիմա ճանապարհը Շանհայից Չունմինդաո կղզի թունելով տևում է քսան րոպեից մի փոքր ավելի։ Թունելը կառուցելիս Shanghai Tunnel Engineering Co ընկերությունն օգտագործել է 15,43 մետր տրամագծով հորատակայանք, որը նույնպես աշխարհի բացարձակ ռեկորդ է։ Բացի այդ, կոնստրուկցիան աշխարհի առավել երկար կամարային կառույցների ցանկում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Կառույցի բետոնակուռ հենասյուների միջև թռիչքի առավելագույն երկարությունը 730 մետր է։ Նախագծի իրականացման վրա չինական իշխանությունները ծախսել են 12,6 մլրդ յուան (մոտ 1,85 մլրդ դոլար)։
Պակաս առանձնահատուկ չէ նաև Գոլիանի թունելը, որը գտնվում է Հենանի նահանգի բարձր լեռներում, և հենց դա էլ այդ մայրուղին դարձրել է ամենաարտասովորներից մեկն աշխարհում։ Թունելը եզակի է իր գտնվելու վայրով և զարմանալի է իր կառուցվածքով։ Բանն այն է, որ Գոլիանի թունելը գցված է լեռնային ապարների միջով և մի զարմանահրաշ անձավ է, որի երկարությունը մեկ կիլոմետրից ավելի է։ Իսկ Shiriyang Tunnel կառույցն անցնում է Չժուցզյան գետի տակով՝ 60 մ խորության վրա, և Գուանժոուն կապում է Հոնկոնգին։ Նախատեսված լինելով 350 կմ/ժ արագությամբ սլացող գնացքների երթևեկության համար, թունելն անմիջապես աշխարհում առաջին տեղը գրավեց ճեպընթացների շարքում։ Դրա շնորհիվ այդ քաղաքների միջև ընկած տարածությունը կարելի է անցնել ընդամենը 40 րոպեում, և ոչ թե առաջվա նման ավելի քան երկու ժամում։ Թունելի երկարությունը մոտ 11 կիլոմետր է, և այն լրիվ անցնում է ջրի տակով։ Աշխարհի ամենաբարձր լեռնային երկաթուղային թունելը կառուցվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ցինհայի նահանգում։ Այդ զարմանալի կառույցն անցնում է 4300 մետր բարձրությամբ։ Թունելը փորվել է ճեպընթաց երկաթուղու համար, ուր գնացքները կարող են ընթանալ ավելի քան 200 կմ/ժամ արագությամբ։ Իլյանշան լեռան միջով անցնող կառույցի երկարությունը համարյա տասը կիլոմետր է։ Այդ թունելն ՈՒրումչի-Լանչժոու ճեպընթաց երկաթուղու կառուցման խոշոր ծրագրի կարևոր փուլերից մեկն է։ Այդ տրանսպորտային ուղու ընդհանուր երկարությունը կազմելու է 1700 կմ։
Սակայն չինացիներին ավելի ու ավելի պատկառազդու ծրագրեր են սպասում։ Այսպես, Չինաստանի ու Նեպալի կառավարությունները պայմանավորվել են ստեղծել երկաթուղային մի հավակնոտ հանգույց, որի մի մասն անցնելու է երկրագնդի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի մեջ փորվելիք թունելով։ Այդ թունելը պետք է ՉԺՀ-ի Տիբեթի մայրաքաղաք Լհասան կապի Չենդու քաղաքի հետ։ Մայրուղին գցվում է ավելի քան 4 կմ բարձրության վրա, իսկ երկարությունը կազմելու է մոտ 7 կմ։ Թունելի շինարարությունն ավարտվելու է 2016-ին։ Դրանից հետո ճանապարհի տևողությունը երկու քաղաքների միջև կկազմի ընդամենը տասը րոպե, մինչդեռ այսօր այն տևում է ավելի քան երկու ժամ։ Խիստ հատկանշական է, որ շինարարությունը հրապուրել է մեծ թվով ներդրողների, որոնց գլխավոր նպատակը «պատուհան փորելն» է Հնդկաստանի և Նեպալի շուկաներ հասնելու համար։ Սկսվել է նաև ՉԺՀ-ի հարավ-արևելքի Սինչուանի նահանգի Տրոլա լեռան միջով բարձրադիր ավտոմայրուղու շինարարությունը։ Այդ կառույցը մտնում է Սիչուան-Տիբեթ ավտոճանապարհի համալիրի մեջ։ Թունելն ամենաբարձրադիրը կլինի աշխարհում, քանի որ անցնելու է ծովի մակերևույթից մինչև 4400 մետր բարձրությամբ։ Ներկայումս ամբողջ թափով ընթանում է Տրոյա լեռան արևելյան մասում 14,06 կմ երկարությամբ թունելի մերձատար ուղու շինարարությունը։ Բուն թունելի երկարությունը կլինի 7 կմ։ Այդ ավտոճանապարհային տեղամասի կառուցումը կավարտվի չորս տարի հետո։ Նախագծի մեջ ներդրումները գնահատվում են 1,12 մլրդ յուան՝ 172 մլն դոլար։ Նկատենք նաև, որ, ընդհանուր առմամբ, Սիչուանից Տիբեթ 2415 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարությունն ամենաբարդն է եղել աշխարհում։ Ճանապարհը կտրում անցնում է 12 գետ և ծովի մակերևույթից 4000-5000 մետր բարձրություն ունեցող 14 լեռ։ Բացի այդ, Չինաստանն սկսում է մոլորակի ամենաերկար ստորջրյա թունելի շինարարությունը։ Այդ նախագիծը մշակող փորձագետների գնահատումների համաձայն, թունելն ամենակարճ ուղին կլինի Հյուսիսային Չինաստանի երկու խոշոր նավահանգստային քաղաքների՝ Դալյանի և Յանտայի միջև։ Հիմա այդ երկու քաղաքների միջև ճանապարհը կազմում է կա՛մ 1400 կմ՝ ավտոմայրուղով, կա՛մ տևում է 8 ժամ՝ լաստանավով։ Թունելը Չինաստանի վրա կնստի 36 մլրդ դոլար, սակայն այն 220 կմ/ժամ արագությամբ սլացող գնացքով կկրճատի ճանապարհի տևողությունը, որը կկազմի ընդամենը 40 րոպե։ Նախատեսվում է ընդհանուր առմամբ գցել երեք զուգահեռ թունել. մեկը՝ գնացքների համար, մյուսը՝ ավտոմեքենաների, երրորդը՝ տեխնիկական (այն կօգտագործեն նաև վթարային-փրկարար ծառայությունները)։ Յուրաքանչյուրի տրամագիծը կկազմի մոտ 10 մետր, ծովի հատակի տակ հորատման խորությունը՝ ավելի քան 30 մետր, երկարությունը՝ 123 կիլոմետր։ Բոլոր երեք թունելները կունենան օդափոխության հորիզոնական ճյուղեր։ Թունելն առանձնապես հատկանշական է նրանով, որ գցվելու է սեյսմիկ առումով անկայուն գոտում։ Ավելին, անցնելու է 1976 թ. երկրաշարժի հետևանքով առաջացած խզման երկու գծերով, իսկ դա, հասկանալի է, և զգալիորեն բարդացնում է շինարարությունը, և չի բացառվում, որ թունելի ուղեգիծը դեռ հարկ լինի փոխել։ Նախագծի արժողությունը կազմում է 220 մլրդ յուան։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո կառույցի երկարությունը կգերազանցի մոլորակի երկու ամենաերկար ստորջրյա թունելների ընդհանուր երկարությանը. խոսքը Հոկայդոյի ու Հոնսյուի միջև ձգվող ճապոնական թունելի և Անգլիայի ու Ֆրանսիայի միջև ձգվող Լա Մանշի թունելի մասին է։
Հիշեցնեմ, և ես այս մասին ձեզ պատմել եմ. 2011-ից մինչև 2015 թթ. չինական իշխանությունները մոտ 954 մլրդ դոլար են տրամադրել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար։ Հատկացված միջոցների մեծ մասը ծախսվել է նոր ավտոճանապարհների կառուցման վրա, այդ թվում՝ ճեպընթաց։ Չինաստանում գցվել է ավելի քան 108000 կմ ճեպուղի, և 2015-ի վերջին դրանք կմիացնեն երկրի քաղաքների 90 %-ը։ Չինաստանում նույնքան բուռն տեմպերով են կառուցվում նաև ճեպընթաց երկաթուղիները. երկրում երկաթուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 100000 կմ, այդ թվում` ճեպընթաց երթուղիները՝ 10000 կմ։ Պետք է նկատել, որ նման նախագծերը պետությունից դրամական խոշոր ներդրումներ են պահանջում. 2011-2013 թթ. դրանց վրա ծախսվել է մոտ 340 մլրդ դոլար։ 2015 թ. չինացիները նախատեսում են երկաթուղային ցանցի երկարությունը հասցնել 120 հազար կիլոմետրի, այդ թվում` 18 հազարը՝ ճեպընթաց։ Բայց հասկանալի է, մի երկրում, որտեղ շատ են լեռները, գետերն ու կղզիները, առանց թունելների, ընդ որում, ամենատարբեր կառուցվածքների, անհնար է յոլա գնալ։ Իսկ ռեկորդներ սահմանելը չինացիների համար կարծես արդեն համազգային հոբբի է դարձել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ