Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Բաքվեցի սազանդարն ու հայ դուդուկուհարը

Արա ԱԼՈՅԱՆ. Բաքվեցի սազանդարն ու հայ դուդուկուհարը
15.01.2013 | 01:19

Ադրբեջանի կլկլոց-ձայնարկություններն սկսել են ավելի ու ավելի բարձր հնչել, սակայն բարձր հնչեղություն չստանալ` հար և նման մթության մեջ հայտնված մենավոր մարդու ինքնապաշտպանական, ինքնաոգևորող բղավոցներին: Ակնհայտ է, որ Բաքուն ստի ու ապաքարոզչության միջոցով (այս բնորոշումները, ի դեպ, այլևս նույնացվել են ադրբեջանական իշխանությունների քաղաքական ուղեգծի հետ) խորացրել է արժեհամակարգային, և ոչ միայն, անհամատեղելիությունը ինչպես անդրկովկասյան, այնպես էլ, առավել ևս, եվրոպական ընտանիքի հետ, եթե վերջինիս առնչությամբ, իհարկե, տեսական հնարավորություններ պահպանել է մեր աշխարհագրական, բայց ոչ երբեք պատմականի ձգող «հարևանը»:
Պետք է նշել, որ ազգերի ու ժողովուրդների (ազերիների դեպքում` կովկասյան թաթարների արհեստածին հանրույթի) տարբեր լինելը միանգամայն բնական երևույթ է համաեվրոպական չափումների մեջ, քանի որ միջազգային բազմազգ ընտանիքի համակեցությունն իրականացվում է նույն այդ հասարակությունների տարբեր լինելու միջոցով: Մյուս կողմից, համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) աննկուն տեսաբաններն ու գաղափարական առաջամարտիկները հակված են ազգերի համահարթեցման մոդելին, ինչը նույնպես խորթ է Ադրբեջանին: Եվ ուրեմն, մեր ինքնակոչ հարևանին չի սազում ո՛չ ինքնուրույնության, ո՛չ ժողովրդավարության (այս եզրի առումով հատկապես պետք է ասել, ականջդ կանչի Ուգո Չավես ու հետևել նրա օրինակին, երբ նա «մեղա քեզ, Աստված էր» մրմնջում ու խաչականքում` ԱՄՆ-ի` այժմ արդեն նախկին նախագահներից մեկի անունը հիշատակելիս), և ոչ էլ` գլոբալիզացիայի տարազ-պրոյեկտումը: Եվ դա առաջին ու վերջին հերթին այն փաստարկմամբ, որ տարբեր լինել դեռևս չի նշանակում տարբերվել: Տարազը չի սազում: Չի սազում, սազ կկախենք՝ օգնության է գալիս հայրենի բանահյուսությունը: Այս միտքն առաջին հայացքից կարող է հումորային գրոտեսկ ընկալվել, մինչդեռ ավելի հանգամանալից անդրադարձի դեպքում այն ցուցանելու է ճշմարտության նոր ու բացահայտվող խորաշերտեր:
Խոսելով Ադրբեջանի` մեր ընդհանրական բնորոշմամբ՝ վատ հարևանի մասին, ակամայից վերհիշում եմ մեկ այլ ժողովրդական ասացվածք. «Վատ հարևանը մարդուն հացի տեր է դարձնում»: Ի դեպ, արժե, որ հայրենի իշխանության իմաստախոսները դաս առնեին հենց այս իմաստնությունից: Արժե նաև, որ պետական բարձր օղակներում գոնե մեկ արտահաստիքային աշխատակից լինի` ժողովրդական առած-խրատականների պատշաճ ուսումնասիրման գծով, թե չէ ելույթից ելույթ միջազգային ատյաններում կամ այլուր հնչեցվող օրակարգային ձևակերպումներն ու դրանցում տեղ գտած քաղաքական «թաթալոշ-կսմիթների» արդյունավետությունը զրոյական է եվրոպական ընկալումներում, եթե հակադարձ ուժի ռիսկեր ունեն: Հերիք է հպարտանանք ճառասացի ու զանգ կախողի մակարդակի արտահայտություններով: Հայաստանի ղեկավարը, անշուշտ, ձգտում է լավ հարևանի տպավորություն ստեղծել կամ խորապես ի ցույց դնել իր այդ անկեղծությունը, որի առնչությամբ ես երկբայանք չունեմ: Լավ հարևանի դրսևորման ամենախոսուն օրինակը վրացիների հետ հարաբերություններն են` չնայած պաշտոնական Թբիլիսին հստակ կերպով իրականացնում է եթե ոչ հայատյաց, հայահալած քաղաքականություն, ապա գոնե քաղաքական առումով ակնհայտորեն չեզոք ու սառը վերաբերմունք:
Եթե մեզ իրեն թշնամի հռչակած Ադրբեջանի պարագայում բնաբուխ է թվում կրոնական, ազգային ու այլ հենքի վրա ատելությունը, ապա վրացիների պարագայում առնվազն տարակուսանք է հարուցում մեր այս պատմական հարևանի կողմից որոշակի ոտնձգությունները մեր եկեղեցական տարածքների նկատմամբ, ինչպես նաև վանական մատուռների նորոգման արգելումը, հայկական տպագիր մամուլի և գրականության մուտքի սահմանափակումը Վրաստան, ի հավելումն Ջավախքում տիրող սոցիալական, քաղաքական անմխիթար վիճակի:
Մեր մեկ այլ հարևանի` Թուրքիայի դեպքում մեր իսկ վերաբերմունքն ակնհայտ է և պատմականորեն պատճառաբանված, սակայն այս դեպքում էլ մենք դրսևորվել ենք հավուր պատշաճի` հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացի ժամանակ մեր ցուցաբերած բարիդրացիական կամքով ու գործողություններով, թեպետ դա բուռն քննադատվեց քաղաքական ու հասարակական ներքին լսարանի կողմից: Այո, լավ հարևանությունը զոհողությունների ձևաչափում է և ընտանիքի արդարացի դժգոհումներ ու բանադրումներ լինում են: Եվ ուրեմն, առանց ավելորդ ձևականության ու պաթոսի, պետք է փաստել մեր` լավ հարևան լինելու անկեղծ ձգտումները: Հարց է, թե մեր լավատեսությունն ինչ տրամաչափի է, և հետադարձ զարկը որքան է անվնաս:
Շարունակելով Բաքվի տարբերության թեման, նշենք, որ Ադրբեջանի քաղաքական մեկուսացումն ավելի է խորանում, քանի որ շարունակաբար Բաքուն ինքն է իրեն դնում ծիծաղելի իրավիճակների մեջ, նպաստելով սեփական «հզորության և բացառիկության» մասին առասպելի սնամեջության գաղտնազերծմանը: Ահավասիկ, Ադրբեջանը, ապաշնորհ լինելով ու չսովորելով փոքր քայլերի մեծ արվեստը` միանգամից հարստացած անկիրթ ու ցուցամոլ մարդու պես շարունակում է ապավինել մոնումենտալ փառասիրության դրսևորումներին` նախաձեռնելով պետական խորհրդանիշերի խայտառակ ֆիասկոն: Այս առումով հատկանշելի են գինեսի ռեկորդակիր լինել հավակնող պետական դրոշի ու դրա տապալման փորձը, Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն առաջնության առաջատար թիմերից մեկի հովանովորը լինելու և մարզաշապիկին պետություն քարոզելու միլիոնավոր եվրոներ արժեցող խեղկատակությունը:
Որովհետև ամենայն ինչ բովանդակազուրկ է, երբ, «կրակների երկիր Ադրբեջան» վերնագրով անտեղյակ եվրոպացու հետաքրքրասիրությունը շարժելուց հետո, այն , ի վերջո, ո՛չ ազգային, ո՛չ մշակութային, ու ո՛չ էլ այլ բաղադրիչների մասով հագուրդելու հնարավորություն չի ընձեռում: Ավելին, մեծ հիասթափություն է սպասվում սովորական եվրոպացուն, ում համար զարմանալի կարող է լինել միայն, որ քաղաքակիրթ Եվրոպայի մի անկյունում կարող է խրախուսվել մարդասպանությունը`իրականացված նախնադարի բնազդներով ու գործիքով` կացնով, որ հերոսացվում է մարդասպանը, որ մարդկային ու զենքի ռեսուրսի պատկառելի գերազանցությամբ կարելի է տանուլ տալ պատերազմը, որ իշխանությունը, նախորդ դարերի իշխանական դինաստիաների օրինակով, կարելի է փոխանցել հորից որդուն, հարսին, թոռանը, որ պատերազմից տարիներ անց կարելի է փախստականների վրանային «քաղաք» ունենալ, այն էլ նավթադոլարների պարագայում, մեծ դրոշի ու 20 միլիոն եվրոյով պետության, ռուսերեն ասած, «յառլիկը» շեփորելու, Եվրատեսիլի ժամանակ հարևան երկրի մասնակցի քվեարկության ընթացքում վերջինիս հնարավորությունն արգելափակելու և, այդուհանդերձ, քվեարկողի հանդեպ քաղաքական հետապնդումներ սկսելու և այլնի և այլնի առումով:
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ բոլոր պետությունները երաժիշտ են, իսկ միջազգային քաղաքական միավորումներն ու զանազան դաշինքները` նվագախումբ-երաժշտախումբ: Այդ դեպքում Բաքուն իսկույն պատկերանում է որպես արևելյան հասարակ սազանդար, որը կարևոր ստուգատեսի ժամանակ շեղվում է դասական ծրագրից ու սկսում իր իմացած մոտիվները նվագել: Խեղճ խմբավարը, իհարկե, ձգտելու է մուղամմաթը խլացնելու և նվագախմբի համահունչությունը փրկել-վերականգնելու նպատակով մասնագիտական ժեստով ու ցուցումներով մյուս կատարողներին հասկացնել, որ պետք է սազանդարից ավելի բարձր նվագել: Սակայն այստեղ ոչ պակաս խնդրահարույց է դառնում հայ կատարողը` չխուսափելով դուդուկի լալահառաչ ելևէջումներ հնչեցնելու գայթակղությունից (տես` ներշնչանքի անսպառ աղբյուր`Ցեղասպանության թեմայի համատեքստում): Չեմ կարող չհիշել մեկ այլ արտահայտություն` ԴՈՒԴՈՒԿԻ ԴԵՄՔ: Կիսահռետորական հարցադրում մեզ ու ձեզ. Արգո քաղաքական դեմքեր, արդյո՞ք դուդուկի դեմքն արդեն քաղաքական կատեգորիա չէ:
Դառնալով երաժշտական վարիացիներին ու դրանց միջոցով ազգերի վերացարկում-նույնացումներին, միանգամից փաստենք, որ թուրք ջութակահարըը, որն անթաքույց ցանկություն ունի առաջինը լինել կովկասյան նվագախմբում, համարվում է ադրբեջանցի սազանդարի ուսուցիչը` շարունակ վարպետության դասեր տալով հակահայկականության անփոփոխելի երգացանկի շրջանակում:
Առհասարակ, մոլորություն է կարծել, որ Բաքուն մի օր նվագել է սովորելու նվագախմբային ընդհանուր կանոնների նկատառումով, թեկուզ անդրկովկասյան փառատոնի համար նախատեսված ծրագրով: Եվ, առավել ևս, պետք չէ հուսալ, որ մեր դուդուկի տակ պարելու է, քանի որ նաև վատ պարող է ու խանգարող հանգամանքներ ևս ունի:
Ինչ վերաբերում է մեր դուդուկահարներին, պետք է ասել, որ բավական չէ լինել լավ դուդուկահար, պետք է նաև լավ դամքաշ ունենալ: Ինչ խոսք, ռուսական բալալայկան կարող է կատարման համար որոշակի երաժշտական բարեհունչ ֆոն ապահովել մեզ համար, սակայն բացառված չէ նաև, որ ռուս կատարողն ավելի շուտ կարող է նվագակցել սազանդարին` հաշվի առնելով այդ գործիքների լարային ընդհանրությունը:

Դիտվել է՝ 6120

Մեկնաբանություններ