ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԻՆՉ ՉԱՓՈՎ ՈՐ ՄԵՆՔ ՉԱՓԵՆՔ, ՆՈՒՅՆ ՉԱՓՈՎ ԷԼ ՄԵԶ Է ՉԱՓՎԵԼՈՒ»

«ԻՆՉ ՉԱՓՈՎ ՈՐ ՄԵՆՔ ՉԱՓԵՆՔ, ՆՈՒՅՆ ՉԱՓՈՎ ԷԼ ՄԵԶ Է ՉԱՓՎԵԼՈՒ»
25.12.2009 | 00:00

Մի քանի օրից մարդկային պատմության հինավուրց գրքում մի էջ էլ կփակվի։ Ըստ Աստվածաշնչի` դա պետք է լինի 5800-րդ, իսկ ըստ հայոց` 4502-րդ տարին։
Գործարար մարդիկ տարեվերջին հաշվում են իրենց շահը, իսկ ոմանք էլ` կորուստները։ Այդպես են անում նաև պետություններն ու ազգերը։ Եվ դա բնական է։ Բայց ո՞ւմ առաջ են նրանք հաշվետու լինում, իհարկե` ժողովրդի, որին պատկանում և ծառայում են նրանք։ Դա էլ է բնական։ Բայց այժմ կուզենայի մտորել ոչ թե այդ, այլ ոչ երկրային հաշվետվության մասին, որ պիտի տա յուրաքանչյուր մարդ, որ ծնվել է մոր որովայնից։

Սուրբ գրքում գրված է հետևյալը. «Աստծո արդար դատաստանը պիտի հայտնվի, քանզի ամեն մեկին ըստ իր գործերի պիտի հատուցվի: Հավիտենական կյանք նրանց, որոնք, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ ու անմահություն են խնդրել։ Իսկ նրանց, որ հակառակվող են ու անհնազանդ ճշմարտությանն ու անիրավությանը հնազանդված, պետք է լինի բարկություն, նեղություն ու տառապանք, նաև բոլոր նրանց, որ չար են» (Հռոմ. 2. 5,9)։
Այսինքն, ասել կուզի, մարդկային հաշվետվությունից բացի, մենք մի ուրիշ հաշվետվության առաջ էլ ենք կանգնելու, այն էլ մեր բոլորի Արարիչ Աստծո առջև, որի անաչառությանը, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում։
ՈՒրեմն, եթե դա ճշմարիտ է, և հավատում ենք Սուրբ Գրքի խոսքերին, ապա իմաստությամբ վարված կլինենք, որ այս տարեմուտի հաշվետվության մեջ նաև մի սյունակ էլ ավելացնենք, հոգևոր ձեռքբերումների ու կորուստների համար նույնպես։
Այժմ քննենք միասին մեր Հայոց ազգի այս տարվա հոգևոր շահույթները, չեմ ասում` նաև մշակութային, որովհետև դրանք տարբեր սյունակների արժեքներ են, չնայած հաճախ են դրանք նույնացնում, ինչը սխալ է, քանզի Հռոմն ու Աթենքն ընկան իրենց մշակույթի գագաթնակետին բայց հասնելով բարոյական անկման հատակին։
Եվ այժմ թող ընթերցողը չզարմանա, որ ես պիտի ազգային մասշտաբի գործեր չքննեմ, որ հոգևոր արժեքների սյունակը լրացրած լինենք, այլ սկսելու եմ հենց քեզնից, որ հիմա կարդում ես այս թերթը։ Բայց մինչ այդ կարդա ավետարանական այս հատվածը. «Երբ մարդու Որդին Իր փառքով գա և բոլոր սուրբ հրեշտակներն Իրեն հետ, այն ժամանակ Իր փառքի գահին պիտի նստի։ Նրա առջև պիտի հավաքվեն բոլոր ազգերը, ու նրանց իրարից պիտի զատի, ինչպես մի հովիվ ոչխարները այծերից է զատում։ Ոչխարները Իր աջ կողմը պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախ։
Այդ ժամանակ Թագավորը Իր աջ կողմում կանգնողներին պիտի ասի. «Եկեք Իմ Հոր օրհնածներ, աշխարհի սկզբից ձեր համար պատրաստված թագավորությունը ժառանգեցեք. քանի որ սոված էի, Ինձ ուտելիք տվեցիք, ծարավեցի, Ինձ ջուր տվեցիք, օտարական էի, Ինձ ներս ընդունեցիք, մերկ էի, Ինձ հագցրեցիք, հիվանդ էի, տեսության եկաք Ինձ, բանտում էի, Ինձ այելեցիք»։ Այն ժամանակ արդարները Նրան պատասխան պիտի տան և ասեն. «Տեր, ե՞րբ Քեզ սոված տեսանք ու կերակրեցինք, կամ ծարաված՝ ու խմեցրեցինք, ե՞րբ Քեզ օտարական տեսանք ու ներս ընդունեցինք, կամ մերկ՝ հագցրեցինք։ Ե՞րբ Քեզ հիվանդ կամ բանտում տեսանք ու այցելեցինք»։ Թագավորը պատասխան տալով պիտի ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ ինչ Իմ այս եղբայրներից ամենափոքրերից մեկին արեցիք, Ինձ արեցիք»։
Այն ժամանակ ձախ կողմում եղողներին պիտի ասի. «Հեռու գնացեք Ինձանից, անիծյալներ, հավիտենական կրակների մեջ, որ պատրաստված է սատանայի ու իր հրեշտակների համար։ Քանզի սոված էի, Ինձ ուտելիք չտվեցիք, ծարավեցի, Ինձ ջուր չտվեցիք, օտարական էի, Ինձ ներս չառաք, մերկ էի, Ինձ չհագցրեցիք, հիվանդ էի ու բանտի մեջ, Ինձ այցելության չեկաք»։
Այդժամ նրանք պատասխան պիտի տան ու ասեն. «Տեր, ե՞րբ տեսանք Քեզ սոված կամ ծարաված, կամ մերկ կամ հիվանդ կամ բանտի մեջ ու քեզ սպասավորություն չարեցինք»։ Այդ ժամանակ պատասխան պիտի տա նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև ինչ որ սրանցից ամնափոքրիկներից մեկին չարեցիք, Ինձ էլ չարեցիք»։
Սրանք պիտի գնան հավիտենական տանջանքները, իսկ արդարները՝ հավիտենական կյանք» (Մատթ. 25. 40)։
Եթե ընթերցողն ուշադիր եղավ, ապա մեջբերման սկզբում Հիսուսն ասաց, որ բոլոր ազգերը պիտի կանգնեն Երկնային Թագավորի առաջ, բայց բոլորս զատ-զատ պիտի հաշվետու լինենք մեր արարքների համար։
Ահա այսպես էլ թե՛ մենք կարող ենք փրկվել, թե՛ մեր ազգը` անօգնական ու թշվառացած մերձավորի հանդեպ գութ ու ողորմություն ցուցաբերելով։
ՈՒ թող յուրաքանչյուրիս՝ լինի իշխանավոր, թե պաշտոնյա, հարուստ, թե շարքային, մեր Տիրոջ այս խոսքերը սթափեցնեն, և գալիք տարին ավելի ուշադիր լինենք մեր նմանների հանդեպ, մանավանդ Հիսուսի եղբայրների՝ ամենակարիքավորների հանդեպ, ովքեր այս աշխարհի ալեկոծություններից նավաբեկության են ենթարկվել` կորցնելով թե՛ իրենց առողջությունը, թե՛ ապրուստը, թե՛ ապրելու հույսը։ Քանզի նրանց հանդեպ մեր սերն ու հոգածությունը կարող է մեզ Աստծո հավիտենական ժառանգության մասնակից դարձնել, որովհետև գրված է նաև. «Ինչ չափով որ մենք չափենք, նույն չափով էլ մեզ է չափվելու», և դարձյալ` «Ողորմությունը կպարծենա դատաստանի ժամանակ»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ