ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱՀԱԳՆԱՑՈՂ ՌԻՍԿԻ» ԳՈՏՈՒՄ

«ԱՀԱԳՆԱՑՈՂ ՌԻՍԿԻ» ԳՈՏՈՒՄ
14.05.2010 | 00:00

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության «վերաբեռնումն» ավարտվեց։ Սկսվում է ԱՄՆ-ի նոր արտաքին քաղաքական դոկտրինի գործնական կիրառման ժամանակաշրջանը։ Ամերիկացիներն իրենց մոտեցումներում հաշվի կառնեն և՛ ռուսական հրթիռամիջուկային հնարավորությունները, և՛ հարևան երկրների տնտեսությունների ընդհանուր վիճակի վրա ազդեցության բավականին արդյունավետ ածխաջրածնային գործոնները։ Միաժամանակ, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, անկասկած, կառաջնորդվի նաև այն հաշվարկով, որ Ռուսաստանը պաշտպանության վրա 28 անգամ պակաս է ծախսում, քան Միացյալ Նահանգները։ Այն Ռուսաստանը, որն իր սևծովյան ՌԾՈՒ-ի ընդհանուր ջրատարողությամբ զիջում է հարևան Թուրքիային, և եթե ինչ-որ բան կարող էլ է ձեռնարկել ամերիկյան շահերին հակընդդեմ, ապա միայն կոնկրետ ռեսուրսային հնարավորությունների սահմաններում։ Եթե դատելու լինենք նախագահ Բարաք Օբամայի ելույթներից, ապա դրանցում կարելի է նկատել որոշակի անսասանություն։ Եվ այսպես.
ա) ամերիկացիները Ռուսաստանը համարում են ոչ թե առանձին քաղաքական հզորություն, այլ ԱՊՀ-ի մաս, որը համակարգաստեղծ ինովացիոն ցուցանիշներով անհուսալիորեն զիջում է զարգացած արդյունաբերական աշխարհին։
բ) Ռուսաստանը տնտեսական առումով հետաքրքրություն չի ներկայացնում ԱՄՆ-ի համար. ամերիկյան ապրանքաշրջանառության մեջ ՌԴ-ին բաժին է ընկնում երկու տոկոսից էլ պակաս։
գ) Բարաք Օբաման ասոցացնում է իրեն Ռոնալդ Ռեյգանի հետ։ Նշանակում է, որ նա իր քաղաքականության անկյունաքարն է համարում ռուսական սպառազինությունների այն «ծավալների» թուլացումը, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս աշխարհին ներկայանալու որպես գերտերություն։ Խոսքը, իհարկե, Ռուսաստանի ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին է։ Դա էական փոփոխություն է այն քաղաքականության համեմատ, որ վարել է Ջորջ Բուշի վարչակազմն իր իշխանության վերջին տարում։ Այն ժամանակ` «Վրաստանին խաղաղության հարկադրելու» ռուսական գործողության ավարտին, Ռուսաստանի ուժեղացման «ածխաջրածնային» հնարավորությունները նվազագույնի հասցնելու նպատակով գործադրվեց նավթի գների կտրուկ անկման մեխանիզմը։ Ընտրվեց հասարակ, բայց արդյունավետ եղանակ։ Բանն այն է, որ աշխարհում նավթի օրական սպառումը մոտ 60 մլն բարել է, և նավթի այդ ծավալը ֆոնդային հրապարակներում մեկ օրում առքուվաճառքի մեխանիզմի միջոցով շրջանառվում է ավելի քան 2000 անգամ։ Այդ շուկայի լուրջ խաղացողները չեն կարող չհամագործակցել ԱՄՆ-ի` աշխարհի ամենախոշոր նավթ ներմուծողի, համապատասխան ծառայությունների հետ։ Կասկած չկա, որ նրանք կտրուկ «էժանացման» հրահանգ ստացել են նրանցից, ովքեր «հարավօսական» պատերազմը վտանգավոր են համարել իրենց աշխարհառազմավարական շահերի տեսանկյունից։ Եվ նրանք դա արեցին։ Այլ բան է, որ հընթացս «վաստակեցին» քաղտեխնոլոգների կողմից հաշվի չառնված` ամերիկյան տնտեսությանն սպառնացող բանկային (անարժանահավատ հաշվետվություն) և ֆինանսական (սպեկուլյատիվ ներդրումներ անշարժ գույքի մեջ) վտանգներ, որոնք էլ աշխարհը գցեցին համապարփակ ճգնաժամի դժոխքը։ Բայց դա «թեմայից» դուրս է։ Իսկ ահա «թեմային» համահունչ է այն, որ այդ գործողությունը Ռուսաստանի կայունացման հիմնադրամից սրբեց-տարավ ազգային պաշարը` առնվազն 300 մլրդ դոլարի չափ։ Եվ, որպես հետևանք, ի տարբերություն նախընթաց յոթ տարվա, Ռուսաստանն ստիպված է ֆինանսատնտեսական քաղաքականության հաշվեկշիռն ապահովելու համար ընթացիկ տարում վերցնել առնվազն 15 մլրդ դոլարի փոխառություն` արտարժույթով։
Բայց սա բավական չէ, որ Ռուսաստանը, որի բյուջեի եկամուտների 75 տոկոսը գոյանում է նավթի ու գազի վաճառքից, զրկվի գերտերության հավակնություններից և իր ռազմաքաղաքական հնարավորություններով համաշխարհային ՀՆԱ-ում իջնի «ոչ ածխաջրածնային» մասնակցության մեծությանը համազոր մակարդակի (1,2 տոկոս)։ Դրա համար անհրաժեշտ է նրա զինանոցից հանել այն, ինչը սպառնալիք է և՛ ԱՄՆ-ի, և՛ նրա դաշնակիցների համար։ Խոսքը միջուկային զենքի և այն կրող միջոցների մասին է։
Բացի այդ, աշխարհն ապրում է ահագնացող ռիսկի գոտու երկրներում (Հյուսիսային Կորեա, Իրան, Սիրիա) միջուկային տեխնոլոգիաների «սրընթաց» տարածման դարաշրջանում։ Բոլոր պատերազմները, որոնք ԱՄՆ-ը մղել և մղում է վերջին տասնամյակներում, «կանխում» են միջուկային զենքի ստեղծման կամ ձեռքբերման ուղղությամբ արմատական վարչակարգերի գործողությունները։ Եվ եթե, հակառակ գործադրվող ջանքերի, «վտանգահարույց երկրները» կամ «համաշխարհային ահաբեկչության կենտրոնների» (Եմեն, Աֆղանստան, Սուդան, Սոմալի) իսլամիստ արմատականներն ուժեղանան նաև միջուկային զենքով, ապա դա լուրջ սպառնալիք կլինի ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար։ ՈՒստի կարելի է նախնական հետևություններ անել այն առնչությամբ, թե Վաշինգտոնն ինչպես կվերաբերվի համապարփակ հակահրթիռային պաշտպանությանը (ՀՀՊ) և դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակմանը։ Իհարկե, ամերիկացիները չեն հրաժարվի ո՛չ առաջինից, ո՛չ երկրորդից, պարզապես կձգձգեն Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղաբաշխումը, եթե Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հակազդի իրանական միջուկային սպառնալիքին, համաձայնի իր միջուկային սպառազինությունների կրիտիկական կրճատմանը և ՆԱՏՕ-ի հետ կառուցի հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ։
Առաջին կետի առնչությամբ ամերիկացիներին, իհարկե, հիասթափություն է սպասում, քանի որ Իրանի որոշման նկատմամբ Մոսկվայի տեսակետն էական նշանակություն չունի Թեհրանի համար։ Իրանը կստեղծի իր միջուկային զենքը` անկախ Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունից։ Երկրորդ կետի առնչությամբ ևս Վաշինգտոնը նպատակին չի հասնի։ Առանց Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի ենթադրվող ստեղծման հետ ՌՀՍ կրճատման պլանների կոշտ շաղկապման, Ռուսաստանը Պրահայում ստորագրված ՌՀՍ-2 պայմանագրով գնում է այդ սպառազինությունների սոսկ նշանակալի, բայց ոչ կրիտիկական կրճատման։ Որովհետև Ռուսաստանի միջուկային զինանոցի կրիտիկական կրճատման և Ռումինիայում ու Բուլղարիայում ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանի երկայնքով Լեհաստանում «Պետրիոտ» դասի զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) կայանների տեղաբաշխման դեպքում Ռուսաստանը, եթե չունենա իր ամբողջ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող համապատասխան ՀՀՊ, ապա լիովին հրթիռամիջուկային կախման մեջ կընկնի ԱՄՆ-ից։ Մոսկվայի դիրքորոշումներն անբասիր չեն նաև Տիեզերական պաշտպանական համակարգերի (ՏՊՀ) առումով։ Այսպես, բազմակի օգտագործման ամերիկյան տիեզերանավերն իրենց «ձեռնածու-թևի» (գործողության շառավիղը` 15 մ) և բեռնահատվածի տարողության (5 տոննա) շնորհիվ ի վիճակի են ուղեծրից հանելու և ԱՄՆ-ի տարածք փոխադրելու ռուսական ցանկացած ռազմական արբանյակ։ Հակառակ գործողությունները զրոյական են, քանի որ «Սոյուզ-ՏՄ» շարքի տիեզերանավերի վայրէջքային ապարատների բեռնափոխադրման հնարավորությունները հավասար են 100 կգ-ի, իսկ ամերիկյան դիտարկման տիեզերամիջոցների նվազագույն կշիռը 250 կգ-ից անցնում է։ Բացի այդ, «Շաթլի» բեռնահատվածում տեղակայված հրթիռակայանների միջոցով ուղեծրի 200 կմ բարձրությունից առանց դժվարության կարելի է միջուկային հրթիռակոծության ենթարկել հավանական հակառակորդի գործողության գոտում գտնվող ցանկացած նպատակակետ (փորձարկումը կատարվել է Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի վրա` 1986-ին, իսկ ելքը Մոսկվայի երկնքի առաջադրված կոորդինատներին` 1987-ին)։ Աշխարհի ոչ մի երկիր այսօրվա դրությամբ չունի արդյունավետ հակազդեցության միջոց` տիեզերքից նման հանկարծակի ուղղաձիգ գրոհի դեպքում։
Երրորդ կետի առնչությամբ նույնպես Ռուսաստանն իր համաձայնությունը չի տա, քանի որ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ ՀՀՊ միասնական համակարգի ստեղծումը, ռուսների համոզմամբ, կնշանակի միաբևեռ աշխարհի ճանաչում և համաշխարհային գերտերության դերից կամավոր հրաժարում։
Ահա թե ինչու Ռուսաստանի հիմնական շահագրգռությունը, ամերիկացիների լուռ համաձայնությամբ, հետխորհրդային տարածքի զգալի մասի նկատմամբ վերահսկողության վերականգնումն է։ Սակայն այս հարցում նրան մեծ հիասթափություն է սպասում։ ԱՄՆ-ի զիջման առավելագույն սահմանը դիվանագիտական դիրքորոշումը կարող է լինել, որի համաձայն, ԱՄՆ-ը չի ճանաչի ԱՊՀ-ում ազդեցության ոլորտներ ունենալու Ռուսաստանի իրավունքը։ Եվ այստեղ նրան չեն օգնի ո՛չ բիշքեկյան արյունալի գործողությունը, որի հետևանքով Ղրղզստանում իշխանության եկան ռուսամետ ուժերը, ո՛չ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նոր դոկտրինը, որը հանգամանորեն հրապարակվեց Խարկովում։
Սա են հաստատում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ԱՊՀ հարցերի բաժնի տնօրեն Լ. Սիլվերմենի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Մոլդովային աջակցում է ֆինանսապես (262 մլն դոլար) և տեխնիկապես (խորհրդատուներ)` Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին նրա միանալու ձգտման հարցում, ինչպես նաև Եվրամիության եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ Բրյուսելում կայացած բանակցություններում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հավաստիացումն այն մասին, որ «պաշտոնական Կիևի ուշադրության կենտրոնում շարունակում է առաջնահերթ մնալ լիարժեք անդամակցությունը Եվրամիությանը», Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի հայտարարությունը, թե «ԱՄՆ-ը մշտական հիմունքներով իր զորախումբը կտեղակայի Վրաստանում»։ Այնպես որ, ամեն ինչ հանգում է նրան, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, առանց քաղաքականացնելու նախկին խորհրդային տարածքում իրենց ազդեցությունը մեծացնելու գործընթացը, ավելի են «բարձրացնում» ԱՊՀ երկրների հետ եվրատլանտյան հարաբերությունների «նշաձողը»։
Այս պայմաններում Հայաստանը պետք է, ըստ ամենայնի, պաշտպանի իր ազգային շահերը և կառուցի այնպիսի տնտեսական հարաբերություններ, որոնք թույլ կտան պահպանել կոնկրետ երկրների բարեհաճությունը` ցանկացած ենթադրյալ աշխարհաքաղաքական դասավորության պարագայում։ Հարկավոր է հասնել այնպիսի որոշումների, որոնք կապահովեն թե՛ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, թե՛ «Նաբուկո» և «Հարավային հոսք» եվրագազամուղների երթուղիների վերջնական համաձայնեցումը։ Անհասկանալի է, թե ինչու ռուսները «Հարավային հոսքի» կառուցման համար պետք է ծախսեն ավելի քան 12 մլրդ դոլար և կորցնեն առնվազն երկու տարի, երբ կարելի է ռուսական գազի նույն ծավալը, Երևանից Էրզրում խողովակաշարի շարունակման հետ կապված աննշան ծախսերով, առանց դժվարության Թուրքիայով հասցնել եվրոպական երկրներ արդեն գործող Մոզդոկ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Տարանցիկ փոխադրումը Հայաստանի բյուջեն տարեկան կհամալրի արտահանության համար նախատեսվող 30 մլրդ խմ գազի 5 տոկոսով։ Իսկ դա առնվազն 1,5 մլրդ խմ ածխաջրածնային մթերք է, այսինքն, Հայաստանում տարեկան սպառվող խողովակաշարային գազի գրեթե կեսը։ Եթե ռուսները մեզ անկեղծորեն համարում են ռազմավարական դաշնակից և մեր դեմ որևէ քաղաքական խաղ չեն խաղում, ապա ողջախոհությունն ու նպատակահարմարությունը հուշում են հենց հայկական երթուղու նախընտրելիությունը` «Հարավային հոսք» գազամուղի համար։
Ցանկացած այլ փաստարկ զուրկ է բիզնես-հիմնավորումից և նպատակ ունի քողարկելու պաշտոնական Երևանի վրա ուղղակի ճնշումը կոշտացնելու ռուսների մտադրությունը։
Ինչ վերաբերում է «Նաբուկո»-ին, ապա Լեհաստանի Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Գալիցկոյի` RDC ռադիոկայանով վերջերս արած հայտարարության մեջ ասվում է. «Լուծված չէ ուղեգծի հարցը։ Եթե դա Թուրքիան է, ապա ծառանում է Եվրամիությանը նրա անդամակցության դեռևս չլուծված հարցը»։ Սրանից հետևում է, որ խնդիր կա, և որ Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծովի հատակ-ՈՒկրաինա-Լեհաստան-Սլովակիա-Ավստրիա գիծը ևս սևեռուն քննարկման առարկա է։ Զուր չէ, որ վերջին շրջանում Հայաստան են ժամանել Լեհաստանի վարչապետը, Չեխիայի առաջին փոխվարչապետը, Սլովակիայի ԱԳ նախարարը, իսկ բառացիորեն ապրիլի սկզբին Թուրքմենստանը Երևանում անցկացրեց ներկայացուցչական բիզնես-խորհրդաժողով։ Այս ամենը ենթադրում է, որ Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր անի` Լեհաստանին, Թուրքմենստանին և ՈՒզբեկստանին ընդառաջ։ Ցանկալի կլիներ, որպես սկիզբ, Աֆղանստանում հայկական խաղաղարար զորախումբը գերմանական ստորաբաժանումից տեղափոխել լեհական բրիգադ (ինչպես Իրաքում էր), Վարշավա-Երևան ծրագրված ավիաերթուղին շարունակել մինչև Աշգաբադ, դրանով իսկ հիմք ստեղծելով Վարշավա-Երևան-Պեկին կանոնավոր չվերթերի համար, ինչպես նաև վճռական քայլեր ձեռնարկել` հասնելու այն բանին, որպեսզի Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք խաչվող փոխադրուղիներն անցնեն հայկական երթուղով։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի ֆինանսական հզորությունը հնարավոր է ապահովել նաև երկրի աշխարհագրական գործոնով, ինչը տվյալ դեպքում կարող է տնտեսական աճի խթանիչ դառնալ։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ