ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՎ ԷԼ ՀԱՂԹԻ, ԻՍԿԱԿԱՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՈՎ ԷԼ ՀԱՂԹԻ, ԻՍԿԱԿԱՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ
08.12.2009 | 00:00

«Ես միշտ կարող եմ ընտրել։ Բայց պետք է իմանամ, որ նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ չեմ ընտրում, դրանով իսկ, այնուամենայնիվ, ընտրություն եմ կատարում»
Ժան Պոլ ՍԱՐՏՐ

Հայաստանում ընտրությունների մասին խոսելն արդեն վաղուց ոչ միայն անշնորհակալ, այլև անհետաքրքիր է։ Յուրաքանչյուր ընտրություն, հատկապես իշխանության բարձրագույն մարմիններում, որպես կանոն, ուղեկցվում է բնակչության քաղաքական ակտիվության բռնկումներով, ինչը, թերևս, միակ դրական հանգամանքն է։ Սակայն բոլոր ընտրությունները վերջնահաշվում վերածվում են իշխանության վերին օղակներից սանկցավորված միջոցառման։ Ավելին, ամեն անգամ տրվում են հավաստիացումներ, որ ընտրությունները կհամապատասխանեն բնակչության կամարտահայտությանը, սակայն իրականում նրանք մնում են գործող համակարգի մանիպուլյացիաների գործիք և արտահայտում միայն այդ համակարգի պրագմատիկ հետաքրքրությունները։ Առաջին հայացքից Երևանի Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում սպասվող խորհրդարանական մեծամասնական ընտրությունները պետք է որ բացառություն չլինեին։ Սակայն դրանք իրականում բացառիկ են ընտրությունների շրջանակում առաջադրված խնդիրների տեսանկյունից և դրանց իրագործման մեթոդոլոգիայի առումով։ Ըստ այդմ, արժե ուշադրություն դարձնել մի շարք ոչ սովորական և ակնհայտորեն ոչ պատահական հանգամանքների։
Առաջին հերթին հարկ է արձանագրել, որ Հայաստանում առաջին անգամ գրանցման չարժանացավ իշխանության առնվազն մի թևից հովանավորություն վայելող և կլանային-օլիգարխիական համակարգի տիպիկ ներկայացուցիչը` Էդուարդ Մադաթյանը։ Եվ թեկուզ չգրանցման պատճառաբանությունը միանգամայն օրինական էր ու հիմնավոր, այնուհանդերձ, պարզ է, որ Հայաստանում նախկինում ուժի իրավունքը գրեթե միշտ գերակայել է իրավունքի ուժին։ Եվ նախկինում անհնար էր պատկերացնել, որ կարող է մերժվել պետության երկրորդ դեմքի` խորհրդարանի նախագահի հովանավորությունը վայելող թեկնածուի գրանցումը։ Այս անգամ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Դրա պատճառներն ուղղակի մակերեսին են և մի անգամ ևս ապացուցում են, որ իշխանության ներսում գոյություն ունի հակադրություն։ Ըստ այդմ, Մադաթյանի չգրանցումը կարելի է դիտարկել իբրև պետության ղեկավարի ազդեցությամբ իրականացված քայլ, ցույց տալու համար, թե ով է իրականում տանտերը։ Միաժամանակ, նախընտրական իրավիճակի առավել մանրամասն դիտարկումն ի հայտ է դարձնում նաև այլ, առաջին հայացքից աննկատ հանգամանքներ։
Մասնավորապես առաջին անգամ է, որ մայրաքաղաքի կարևոր ընտրատարածքներից մեկում առաջադրված չէ իշխանական կուսակցության որևէ թեկնածու կամ անձ, որը միանշանակ կվայելեր իշխանության հովանավորությունը։ «Ազգային միաբանության» ներկայացուցիչը հազիվ թե կարող է դիտարկվել որպես այդպիսին, և այդ պարագայում նշանակություն չունեն ո՛չ նրա ազգակցական կապերը Երևանի քաղաքապետի հետ, ո՛չ էլ այն հանգամանքը, որ իր կուսակցության ղեկավարը ցուցադրական մտերմություն ունի գործող նախագահի հետ։ Թեկնածու Սիմոնյանը, ցանկացած դեպքում, հասարակության լայն խավերին քիչ հայտնի դեմք է, և այդ հանգամանքը չեն կարող մեղմել ո՛չ նրա կուսակցության, ո՛չ էլ կուսակցության ղեկավարի արդեն իսկ կասկածելի դարձած հեղինակությունը։
Ըստ ամենայնի, այս թեկնածուի առաջադրումն ավելի շատ փորձնական բնույթ ունի, որի նպատակը քաղաքական հեռանկարի ապահովումն է։
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի` իբր իշխանության թեկնածու լինելը նույնպես ճիշտ չէ։ Համենայն դեպս, եթե նրա օգտին միանշանակ «դաբրո» լիներ վերևներից, ապա ընտրություններում նրա համար կստեղծվեր առավել բարենպաստ ռեժիմ, և դա առաջին հերթին կարտահայտվեր իշխանության դաշտից նույնիսկ հիպոթետիկ այլ թեկնածուի չգոյությամբ։ Մյուս երկու թեկնածուներին, որոնք երկուսն էլ ներկայացնում են արմատական ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, իսկապես դժվար է կասկածել իշխանության մարդը լինելու մեջ։
Սակայն արմատական ընդդիմությունից երկու թեկնածուների առկայությունն իր հերթին լրացուցիչ ինտրիգ է մտցնում նախընտրական վիճակում և բավականին բարդացնում Լևոն Տեր-Պետրոսյանի անելիքները։ «Գլխավոր մարքսիստ» Դավիթ Հակոբյանի և «գլխավոր քաղկալանավոր» Նիկոլ Փաշինյանի միջև ընտրություն կատարելը կոնգրեսի առաջնորդի և նրա ղեկավարության համար իսկապես բարդ է։ Չմոռանանք նաև, որ ժամանակին ՀԱԿ-ը հանդես է եկել որևէ ընտրության չմասնակցելու դիրքորոշմամբ, մինչև «սահմանադրական կարգի վերջնական վերականգնում»։ Հիմա կոնգրեսի երկու ներկայացուցիչներ գործընկերներին իրենց առաջադրումով կանգնեցրել են փաստի առջև, և պետք է ընտրություն կատարել բարոյական չափորոշիչների և կոնգրեսի պառակտման վտանգի միջև։ Բարոյական տեսանկյունից, անշուշտ, տրամաբանական է աջակցություն ցուցաբերել անազատության մեջ գտնվող ընկերոջը, սակայն միանգամայն հավանական է, որ այդ դեպքում Դավիթ Հակոբյանը հերթական անգամ «կբռնկվի»` խաթարելով ընդդիմության հանգստությունն ու միասնությունը։ Նկատենք նաև, որ ՀԱԿ-ն այդ ընտրությունների վրա ազդելու շատ գործնական հնարավորություն ունի` ի դեմս նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և նրա թիմի։ Սակայն պարզ չէ, թե որքանով նախկին օլիգարխը կցանկանա բացահայտ կամ քողարկված աջակցություն ցույց տալ ՀԱԿ-ի երկու ներկայացուցիչներից մեկին և արդյոք այդ կապակցությամբ որոշակի հանձնարարական կստանա՞ Տեր-Պետրոսյանից։ Ըստ այդմ, նույն քաղաքական ճամբարից երկու թեկնածուների առաջադրումը վերածվել է ընդդիմության մեջ ներդրված «ականի» և որևէ ուղղությամբ գործողության ձեռնարկումը, ինչպես նաև բացարձակ անգործությունը, կարող են հանգեցնել ընդդիմության մեջ ներքին տարաձայնությունների խորացման` ՀԱԿ-ի հնարավոր պառակտման վտանգով։
Բայց այս ընտրությունների, թերևս, ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցվել և ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ստացել կալանքի տակ գտնվող թեկնածուն։ Ոչ շատ վաղուցվա անցյալը վերհիշելու դեպքում կարելի է մտաբերել, որ նախկինում այդպիսի փորձերը երբեք հաջողությամբ չեն ավարտվել։ Մասնավորապես, դաշնակցության գործունեության կասեցման շրջանում տեր-պետրոսյանական իշխանությունը մերժեց Վահան Հովհաննիսյանի գրանցումը որպես պատգամավորության թեկնածուի, իսկ Քոչարյանի իշխանության ժամանակ համանման մերժման արժանացավ կալանքի տակ գտնվող Պետրոս Մակեյանը։ Սա այն դեպքում, երբ հասարակական կարծիքը և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը ճիշտ հակառակն էին, և դա, այնուհանդերձ, հնարավորություն չտվեց հաղթահարելու իշխանության առաջադրած խոչընդոտները։ Այսօր կա՛մ իշխանություններն են ավելի խելոքացել, կա՛մ էլ որոշակի շահեր են հետապնդում, ու այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը գրանցվեց, չնայած վերջինիս դատաքննության տակ գտնվելուն։ Անշուշտ, չի բացառվում, որ եթե նա անգամ ընտրվի, ապա դատարանի կողմից դատապարտվելու դեպքում չի կարողանա ստանալ պատգամավորական մանդատը, սակայն ինտրիգը հենց դրանով էլ կարող է դառնալ ավելի հետաքրքիր և բազմապլան։ Այդպիսի իրավիճակի ստեղծումը հնարավորություն կտա իշխանությանը հետագա մանիպուլյացիաների, եթե իշխանությունն ունի դրա կարիքը։ Ենթադրենք, որ Փաշինյանը հաղթում է ընտրություններում, սակայն դատարանով դատապարտվում, այնուհետև, արժանանում համաներման։ Իրադարձությունների` այս շղթայով զարգանալու դեպքում պետք է հայտարարվեն նոր ընտրություններ։
Մյուս կողմից էլ, ով էլ հաղթի այս ընտրատարածքում` Նիկոլ Փաշինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, թե Դավիթ Հակոբյանը, բոլոր երեքի հոգեկերտվածքը, քաղաքական փորձն ու նախապատվություններն այնպիսին են, որ նրանցից յուրաքանչյուրը խորհրդարանում իսկական գլխացավանք է դառնալու Հովիկ Աբրահամյանի համար։ Դժվար չէ պատկերացնել, թե երեք հավանական հավակնորդներից յուրաքանչյուրն ինչպիսի գործունեություն կարող է ծավալել Ազգային ժողովում` սկսած կլանային օլիգարխիական համակարգի դեմ հրապարակային բացահայտումներից, վերջացրած հայ-թուրքական արձանագրություններով։ Եվ դրանով իսկ վարկաբեկելով խորհրդարանի խոսնակի` փորձառու և կայուն ղեկավար լինելու ընդունակությունը։
Միաժամանակ, այս ընտրություններն իշխանության համար կարող են վերածվել սեփական հեղինակությունը միջազգային ասպարեզում բարելավելու կարևոր միջոցառման։ Այդ հանգամանքը ներկայիս վարչակազմի համար նույնիսկ շատ ավելի կարևոր է մնացած բոլոր շարժառիթներից։ Եվ, ըստ այդմ, չի բացառվում, որ իրականացված բոլոր աշխատանքներից հետո կլինի նաև «բարձրագույն հրաման»` ուղղված վարչական ռեսուրսին` բացարձակապես չմիջամտել ընտրական գործընթացին և ընտրություններն անցկացնել առավելագույնս անկախ ռեժիմով։ Այդ համատեքստում բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե հնարավոր ընտրակեղծարարները (իսկ ընդդիմությունը ևս զերծ չէ այդ արատից), ընտրություններում նույնիսկ ամենափոքր խախտում կատարելու դեպքում անմիջապես և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն։ Դա ևս արտաքին աշխարհի համար կդառնա լրացուցիչ ապացույց, որ իշխանությունները հետևություններ են արել նախկին փորձից և մտահոգ են իրենց ժողովրդավարական հեղինակության ապահովմամբ։ Ընտրական գործընթացում այսպիսի սխեմայով առաջնորդվելը կամ նման տեխնոլոգիայի կիրառումը բոլոր առումներով շահեկան է իշխանության համար։ Որովհետև ընդդիմությունն այդ պարագայում չի կարողանա իրավիճակն ապակայունացնելու որևէ լուրջ փորձ ձեռնարկել, քանի որ կբացակայեն «իշխանության հանցավորության» անհրաժեշտ ապացույցները։
Եվ վերջապես, եթե թիվ 10 ընտրատարածքում ընտրություններն ընթանան այդ սցենարով, թեկուզ և այս պահին այն հետապնդի իշխանական վերնախավի զուտ մասնավոր կամ անձնական շահերի բավարարումը, ամեն դեպքում դա կարող է վերածվել դրական նախադեպի` Հայաստանում «ընտրական ավանդույթները», առհասարակ, վերանայելու համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ