ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Նաբուկոն» իրականություն է դառնում

«Նաբուկոն» իրականություն է դառնում
14.07.2009 | 00:00

ՉԱՐՉՐԿՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Երեկ Անկարայում Եվրամիության չորս երկրներ` Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան և Ավստրիան, Թուրքիայի հետ համատեղ ստորագրեցին «Նաբուկո» գազամուղի կառուցման մասին երկար չարչրկված պայմանագիրը։ Այս երկրների էներգետիկ ընկերությունները տնօրինելու են յուրաքանչյուրը գազամուղի արժեթղթերի փաթեթի 16,67 տոկոսը։ Վեցերորդ մասնակիցը` գերմանական RWE ընկերությունը, տնօրինելու է արժեթղթերի 16,65 տոկոսը։ Չի բացառվում, որ «Նաբուկո»-ի նախագծման, կառուցման և շահագործման գործընթացին մասնակից դառնա ուկրաինական «Նավթագազ» ընկերությունը։ Նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար և ենթադրում է բնական գազի արտահանում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա-Հունգարիա-Ռումինիա-Ավստրիա ուղղությամբ։ Հայաստանով գազամուղի խողովակաշարի անցկացման մասին տեղեկատվություն չկա, թեպետ նախկինում նման ակնարկներ հնչել են։
Հիմնական մատակարարի դերը նախատեսվում էր վերապահել Թուրքմենստանին, սակայն Թուրքիայում Իրանի դեսպանատունը պայմանագրի ստորագրումից առաջ տարածել է հայտարարություն, որ Թեհրանը պատրաստ է 10 մլրդ խմ գազ մղել «Նաբուկո» գազամուղով։ Միաժամանակ Բուլղարիան դադարեցրել է Ռուսաստանի հետ «Հարավային հոսք» գազամուղի կառուցման բանակցությունները։ Ռուսական փորձագետների կարծիքով, առայժմ վաղ է խոսել «Հարավային հոսք» նախագծի տապալման մասին։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե երկուսից որն ավելի շուտ կկառուցվի։ Եթե «Նաբուկո» նախագիծը մարմնավորում ստանա ավելի վաղ, չի բացառվում, որ «Հարավային հոսք» ռուսական նախագիծն օրակարգից դուրս գա։
Այս կապակցությամբ ոչ անհայտ ռուսական վերլուծաբան Ալեքսանդր Դուգինը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին` ռազմական գործողություններ սկսել այն երկրների տարածքում, որոնք հարվածում են Ռուսաստանի էներգետիկ շահերին։ «Կարծում եմ, որ այդ ամենը պետք է տապալել ցանկացած գնով, որովհետև խոսքը գնում է գազի աշխարհաքաղաքականության մասին։ Եթե դրա համար պետք լինի ռազմական հակամարտություն հրահրել, դա պետք է անել, որովհետև աշխարհաքաղաքականության մեջ բոլոր միջոցներն էլ ընդունելի են»,- նշել է Դուգինը։
Տ. ԼԵՎՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ