ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԳԵՎՈՐԳ ՊԵՐԿՈՒՊԵԿՅԱՆԸ ԹՈՂ ԼԱՎ ԻՄԱՆԱ, ՈՐ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՍԴՀԿ-Ի ԱՏԵՆԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԱՆԳԱՄ ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ԱՅԼ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ»

«ԳԵՎՈՐԳ ՊԵՐԿՈՒՊԵԿՅԱՆԸ ԹՈՂ ԼԱՎ ԻՄԱՆԱ, ՈՐ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՍԴՀԿ-Ի ԱՏԵՆԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԱՆԳԱՄ ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ԱՅԼ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ»
15.01.2010 | 00:00

Հունվարի 9-ին «Մուսա լեռ» համալիրի դահլիճում տեղի ունեցավ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության արտահերթ համագումարը, որը հրավիրել էին Լյուդմիլա Սարգսյանն ու իր կողմնակիցները։ Ներկա էր նաև Հայ ազգային կոնգրեսի ողջ ղեկավար կազմը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Համագումարի արդյունքների և հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք, իր իսկ բնորոշմամբ, այսօր շարքային հնչակյան, ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ։
-Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ին անցկացված համագումարի արդյունքները։ ՍԴՀԿ-ի մյուս թևն արդեն հայտարարել է, թե մտադիր է դատարանում վիճարկել դրա օրինականությունը։
-Համագումարը մենք անցկացրել ենք ՍԴՀԿ կանոնադրության տառին համապատասխան, ինչը պահանջում է արտահերթ համագումար հրավիրելու մասին երկու ամիս առաջ տեղյակ պահել մարզային կառույցներին։ Արտահերթ համագումար անցկացնելու որոշումն ընդունվել է անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին` ՍԴՀԿ վարչության նիստում, մարզային կառույցները եղել են տեղեկացված, հետևաբար, համագումարի օրինականության վերաբերյալ քննարկելու բան չկա։ Ընտրվել է ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության վարչություն, իսկ վարչության ատենապետ է ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը։
-Մյուս թևն էլ հենց դա է վիճարկում, որ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ ընտրված վարչությունը լեգիտիմ չէ։
-Գիտեմ, Վահան Շիրխանյանը, կարծեմ, հայտարարել էր, թե կնիքը պետք է վերցնեն։ Այդ մարդիկ արդեն ծիծաղի առարկա են դարձել համահնչակյան ընտանիքում։ Որովհետև անցած տարվա սեպտեմբերին Ծաղկաձորում անցկացված ՍԴՀԿ համահնչակյան համագումարում Հայաստանի կառույցի գործունեությունը գնահատվել է շատ դրական։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու ամիս անց այդ գործունեությունը որակվում է բացասական։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 16-ին շիրխանյանական խմբակը նույն Ծաղկաձորում փակ գաղտնի միջոցառում կազմակերպեց և դրա անունը դրեց ՍԴՀԿ հայաստանյան կառույցի արտակարգ համագումար։ Այն դեպքում, երբ կուսակցության կանոնադրությամբ այդպիսի հասկացություն չկա։ Հիմա այդ մարդիկ ինչ-որ ձևով իրենց արածի տակից պիտի դուրս գան, ուստի և շարունակում են կատարել իշխանությունների իջեցրած պատվերը` կոոպերատիվ ՍԴՀԿ ստեղծելու ուղղությամբ։
-Բայց տվյալ պարագայում կարևոր է, թե ում կողմն է կուսակցության մեծամասնությունը։ Քանի՞ տեղական կառույց է մասնակցել դեկտեմբերի 16-ի իրենց համագումարին և քանի՞սը` հունվարի 9-ի ձեր համագումարին։
-Դեկտեմբերի 16-ին համագումար չի եղել, այլ եղել է պատվիրված միջոցառում, որը տևել է ընդամենը երկու ժամ, ու այդ ձևով ատենապետ է հռչակվել այսօր ինչ-որ հայտարարություններով հանդես եկող Գևորգ Պերկուպեկյանը։ Ո՛չ քաղաքական դաշտը, ո՛չ էլ ԶԼՄ-ներն այդ խմբակի գործունեությունը լուրջ չեն ընդունում։ Որպես օրինակ կարող է ծառայել վերջին ասուլիսը, ուր լրագրողներն անթաքույց զվարճանում էին, նախկինում աթեիզմի, այսօր աստվածաբանության «մասնագետ» Վարդան Խաչատրյանի հանճարեղ մտքերով։ Դեկտեմբերի 16-ի իրենց միջոցառմանը բոլոր կուսակցական կառույցներից միայն երկուսն են մասնակցել` «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը, որն ունի ընդամենը 14 անդամ, և ոչ շատ վաղուց Շիրխանյանի ձևավորված Կապանի կառույցը` 11 անդամով։ Կուսակցության կանոնադրության համաձայն, այդ մարդիկ նույնիսկ մեկ պատգամավոր առաջադրելու իրավունք չունեն համագումարում։ Իրենք այդ միջոցառումն անցկացրին հենց այն պատճառով, որ շատ լավ գիտեին` հունվարի 9-ի արտահերթ համագումարին մասնակցելու դեպքում իրենցից ոչ մեկը ՍԴՀԿ վարչության կազմում չի ընտրվի։ Բայց իշխանություններից պատվեր են ստացել ՍԴՀԿ-ն վերածել «հինգերորդ շարասյան» Հայ ազգային կոնգրեսի ներսում և ամեն գնով փորձում են պատվերը կատարել։
-ՀԱԿ-ը հայտարարել է, որ իբրև ՍԴՀԿ Հայաստանի կառույց ճանաչում է Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ ընտրված վարչությունը։ Սակայն կային խոսակցություններ, որ մյուս թևն էլ փորձել է ՀԱԿ-ի հետ բանակցել, որպեսզի դա տեղի չունենա։ Եղե՞լ է նման բան։
-Իմ տեղեկությամբ, նման փորձեր եղել են` համոզելու կոնգրեսում ընդգրկված քաղաքական կուսակցությունների լիդերներին, Լևոն Զուրաբյանին, որ իրենց ճանաչեն իբրև ՍԴՀԿ։ Բայց ՀԱԿ-ում փորձառու քաղաքական գործիչներ են հավաքված ու շատ լավ գիտեն, թե ով ով է։ Պարզ է, որ իշխանություններին պետք չէ արհեստական ՍԴՀԿ ՀԱԿ-ից դուրս, նրանց պետք է ՍԴՀԿ-ն իրենց վերահսկողության տակ, բայց ՀԱԿ-ի ներսում։ Հակառակ դեպքում այս ամբողջ նախաձեռնությունը կորցնում է իմաստը։ Իշխանությունն առանց այդ էլ իր կողքին որևէ կշիռ ու նշանակություն չունեցող շատ կազմակերպություններ ունի` տարբեր դհոլներ և այլն։
-Դուք դեռ այն համոզմա՞նն եք, որ այս ողջ գործընթացի հետևում իշխանություններն են կանգնած, և դա ՍԴՀԿ համահայկական կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի անձնական նախաձեռնությունը չէ միայն։
-Ես այդ երկուսն իրարից չեմ բաժանում։ Սեդրակ Աճեմյանը ստանձնել է իշխանությունների պատվերը ու դրա կատարումը հանձնարարել շիրխանյանական խմբակին։ Գևորգ Պերկուպեկյանը թող լավ իմանա, որ ինքնահռչակ ՍԴՀԿ-ի ատենապետի պաշտոնն անգամ իր համար չի նախատեսված, այլ Վարդան Խաչատրյանի։ Եվ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու։
-Ինչպե՞ս են զարգանալու համահնչակյան կենտրոնական վարչության հարաբերությունները կուսակցության տարաբաժանված հատվածների հետ։ Որքան հասկանալի է, Սեդրակ Աճեմյանը որպես ՍԴՀԿ հայաստանյան կառույց ճանաչում է մյուս թևը։
-Ցավոք, առայժմ այդպիսին է իրավիճակը։ Պատճառն այն է, որ ՍԴՀԿ համահնչակյան կենտրոնական վարչությունից Սեդրակ Աճեմյանն է միայն ակտիվորեն կապ պահպանում Հայաստանի կառույցի հետ։ Նախ` նա ատենապետն է, բացի այդ, Հայաստանում բիզնես ունի ու հաճախ է գնում-գալիս։ Համահնչակյան կենտրոնական վարչության և, առհասարակ, սփյուռքի հնչակյան կառույցների մեր ընկերները լիարժեք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում կուսակցության հետ Հայաստանում։ Բայց շատ ժամանակ չի անցնի, երբ այդ պատկերացումը նրանց մոտ կձևավորվի, և այդ ժամանակ Սեդրակ Աճեմյանը ստիպված կլինի բացատրություններ տալ իր գործողությունների համար։
-Ձեր թևը կամ Լյուդմիլա Սարգսյանն ու իր համախոհները շփումներ պահպանո՞ւմ են սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ։ ՈՒնե՞ք այնտեղ համախոհներ։
-Այո՛, և արտասահմանի մեր ընկերները ցավով են նայում այս ամենին ու մեզ վստահեցրել են, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղը կդրվի։ Պարզապես նրանք չեն ուզում այս պահին դիմել կտրուկ գործողությունների, որովհետև այդ դեպքում անհրաժեշտ կլինի հրավիրել համահնչակյան նոր արտահերթ համագումար և լսել կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հարցը։ Սփյուռքում ավանդական կուսակցությունների վիճակը, հնչակյան կուսակցության կացությունը տարբեր է Հայաստանից։ Կա վտանգ, որ համահնչակյան կառույցը կփլուզվի, եթե մեր համախոհ ընկերները դիմեն կտրուկ քայլերի։ Դրա համար էլ ամեն ինչ կգնա աստիճանական հունով, բայց համոզված եմ, որ ՍԴՀԿ հայաստանյան և սփյուռքյան հատվածների միջև հարաբերությունները ոչ շատ հեռավոր ապագայում կրկին կկարգավորվեն։
-Եթե Վահան Շիրխանյանն ու իր կողմնակիցները դիմեն դատարան հունվարի 9-ի համագումարն անօրինական ճանաչելու և կուսակցության կնիքը Լյուդմիլա Սարգսյանից առգրավելու պահանջով, ինչպիսի՞ն կլինեն ձեր քայլերը։
-Ես բոլորովին չեմ բացառում, նույնիսկ շատ հավանական եմ համարում, որ իրենք կդիմեն դատարան, ու դրան էլ պետք է նայել իբրև իշխանական պատվերը մինչև վերջ հասցնելու գործընթացի։ Հայաստանում այսօր 15 քաղկալանավոր կա, հնարովի հոդվածներով նստած մարդիկ, ուստի ես բոլորովին չեմ զարմանա, եթե օրվա իշխանություններն անցնեն կուսակցություն փակելու գործելաոճին։ Բայց մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Դատական գործընթաց սկսվելու դեպքում այն հասնելու է մինչև Եվրադատարան։ Մինչև այդ ամերիկացիներն ու եվրոպացիները Հայաստանի իշխանություններից կստանան այն, ինչ իրենց պետք է, ու չեմ կասկածում, որ Ստրասբուրգում արդար դատավճիռ կկայացվի։
-Սակայն միաժամանակ քաղաքական դաշտում մրցակցություն է սկսվելու երկու ՍԴՀԿ-ների միջև։ Այսօր Ձեր նախկին կուսակցական ընկերները նույնպես հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, թիվ 10 ընտրատարածքում ընտրություններից հետո հրապարակեցին ընտրությունները քննադատող հայտարարություն։ Վստա՞հ եք, որ կուսակցության անդամների մեծամասնությունը կմնա ձեզ հետ։
-Առիթ ունեցել եմ նշելու, որ Գևորգ Պերկուպեկյանի ինքնահռչակ ատենապետությունը երկար չի տևելու։ Նրան կօգտագործեն ինչքան պետք է ու հետո կմեկուսացնեն։ Այնտեղ այդ գործի վարպետներ կան։ Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա դա զավեշտ է, որովհետև մրցակցություն սկսելու համար մրցակից պետք է ունենաս։ Հասկանալի է, որ նրանք փորձում են հանդես գալ ընդդիմադիր իմիջով։ Հրապարակված հայտարարությանը ես ծանոթ եմ, կառաջարկեի հարց ուղղել Գևորգ Պերկուպեկյանին, թե ինքը և իր կոոպերատիվ ՍԴՀԿ-ն ի՛նչ են արել Նիկոլ Փաշինյանի համար։ Վերջին հանրահավաքում 200 մետր շրջագծով իրենցից ոչ մեկին չեմ տեսել։ Մասնակցե՞լ են նախընտրական շտաբների աշխատանքին վերջին մեկ ամսվա ընթացքում։ Բնականաբար, ո՛չ, ու այդ մասին գիտեն բոլորը, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներն ու շարքային անդամները, ու դրանից ելնելով էլ` նրանց նկատմամբ կոնգրեսն արդեն իսկ դրսևորել է համապատասխան վերաբերմունք։ Ընդդիմություն լինելն անլուրջ հայտարարություններ անելով չէ, մարդիկ գործով պետք է ապացուցեն, իսկ իրենց գործը ճիշտ հակառակն է ապացուցում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ