ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ
26.01.2010 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

ԽՈՍՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Երեմիայի առաքելական ծառայությանը հատուկ մենությունը սկզբից ևեթ պայմանավորված չէր այնպիսի կրոնական փորձառությամբ, որը նրան իր տեսակի մեջ եզակի մարդ պիտի դարձներ, այլ բխում էր նրան վստահված առաքելության էությունից: Այս առաքելությունը կտրված չէ Հուդայի բնակչության կացությունից: Երեմիայի միայնությունը քաղաքական կողմ ունի, քանզի համայնքի գոյությունը կամ չգոյությունը կախված է նրա առաքելության ընդունումից կամ մերժումից: Եթե շարունակվի նրա մենությունը, իսկ Հուդայի բնակիչները համառորեն շարունակեն նրան չլսել, ապա միայն նա մազապուրծ կլինի համընդհանուր աղետից: Սակայն եթե մի քիչ լսեն, աղետից խույս կտան, կամ այն առնվազն կդյուրանա, և նոր որակի բարեկեցություն ձեռք կբերեն: Երեմիայի բացառիկ առաքելությունը կտրուկ արմատական որոշումներ էր պահանջում: Բանն այն է, որ Աստծու խոսքը նրա մեջ է և մարգարեների մեծամասնության մեջ, որը, իբրև կատարյալ խոսք, ներառում է մարդկային կյանքի բոլոր անհատական և հասարակական կողմերը:
Երեմիայի առաքելական ծառայության մեջ կարելի է առանձնացնել երեք շրջան:
-Առաջին շրջանը (տարեթիվը ստույգ չէ) տևում է մինչև մոտավորապես ն. Ք. 605 թ.: Ն. Ք. 609 թ. մահացած Հոսիայի օրոք Հուդայի թագավորությունը նախ խաղաղություն ստացավ, ապա մի քիչ բարգավաճեց: Ասորեստանն այլևս աշխարհը չէր ստրկացնում, իսկ Հուդայի երկիրն անկախություն ստացավ, ինչը Հոսիան օգտագործեց իր երկրի սահմաններն ընդարձակելու և զանազան բարեփոխումներ կյանքի կոչելու համար: Նրա մահից հետո երկիրը մի քանի տարով ընկավ Եգիպտոսի ազդեցության տակ, սակայն այդ լծի ծանրությունն առանձնապես չէր զգացվում: Հրեաստանի համար այդ տարիները որոշ չափով անդորրի տարիներ էին, բացառությամբ Մեգիդդոյի ընդհարման (եթե ճիշտ է այն ընդհարում անվանել), որը վերջին հաշվով կործանարար էր միայն Հոսիայի համար (տե՛ս Դ Թագ. ԻԳ 29): Այդ տարիներին Երեմիան ստիպված շատ տարօրինակ բան է հայտարարում. բացառիկ ներշնչուն ուժ ունեցող պոեմների մեջ նա նկարագրում է անպարտելի մի բանակի մոտեցումը: Դուրս գալով հյուսիսից՝ զորքն արշավում է Հրեաստան և Երուսաղեմ (տե՛ս հատկապես Դ-Զ գլուխները): Բանակն անողոք է և որևէ հույս չի թողնում պարտվածների համար, եթե միայն, քանի դեռ ուշ չէ, չապաշխարեն Աստծու առաջ: Բայց Երեմիան գիտեր, որ այդ հեռավոր նախազգուշացումը, որը նա ստանձնել էր հաղորդելու իր համերկրացիներին, որևէ դրական արձագանք չէր գտնելու նրանց սրտերում: Ժողովուրդն ու նրա իշխանավորները շատ ինքնավստահ էին և համոզված, որ իրենց հաստատություններն անսասան են, որովհետև հավերժ են (ԺԸ 18, Ը 8): Նրանք անհրաժեշտության դեպքում կդիմեն վերջին ապաստանին՝ Տաճարին և նրա հնամենի անառիկությանը (տե՛ս Է 4, 10): Ի լրումն այս ամենի, Երեմիան, բնակչության զանազան խավերը լրջորեն ուսումնասիրելուց հետո, հասկացավ, որ ժողովուրդը՝ իշխողներն ու իշխվողները, շահագործողներն ու շահագործվողները, ապրում են թյուր կյանքով (տե՛ս Ե 1-6): Եվ սա կործանարար է: Արդյոք սևամորթը կկարողանա՞ փոխել իր մաշկը կամ ընձառյուծը՝ իր խայտուցները, կամ չարիք գործելու սովոր հրեաստանցիները՝ բարիք գործել (ԺԳ 23): Այս խիստ, առարկություն չընդունող (ամեն ինչ կամ ոչինչ) առաքելությունը լուրջ չի ընդունվի: Մարգարեի մտածողությունը համահունչ չէ իրականությանը, որը երբեք չի լինում ամբողջովին սև կամ ամբողջովին սպիտակ, այլ մի քիչ սև է և մի քիչ սպիտակ: Այս մտածողությունը սավառնում է հստակությունից զուրկ օդում, ուր աստվածագիտությունը բացահայտորեն հակասության մեջ է գտնվում ավանդության ուսմունքների հետ, քանզի Աստված մոտ ու մերձավոր Աստված է (տե՛ս ԻԳ 23) և չի լքում իր մերձավորներին: Հովակիմ արքան պատռեց և կրակի մատնեց տվյալ բնագրերից կազմված մատյանը: Այս ամենը վկայում է առաքելության առաջին շրջանում Երեմիայի կրած անհաջողության մասին (ԼԶ գլուխ):
-Երկրորդ շրջանը, որն ընկած է ն. Ք. 605-ից մինչև 587 թ., Նաբուքոդոնոսորի գահակալությունից մինչև Երուսաղեմի ավերումը, ըստ ամենայնի, ամենահստակ իմաստ պարունակող ժամանակահատվածն է. ռազմական ասպատակության մասին Երեմիայի մարգարեությունն անսպասելիորեն իրականացավ: Բաբելացիների արքան իր հաղթական զորքերով մի քանի անգամ հարձակվեց Ասորիքի և Պաղեստինի վրա: Նա մտադրություն ուներ կամքը պարտադրելու իր ճանապարհին հանդիպող բոլոր պետություններին: Հրեաստանը կորցրեց իր անկախությունը: Այդուհանդերձ, քաղաքական առաջնորդները չկարողացան միասնության գալ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու համար: Մեծամասնությունն առանց վարանելու արտահայտվեց հօգուտ անկախությունը վերանվաճելու և Եգիպտոսի հետ դաշինք կնքելու քաղաքականության: Եգիպտոսը շարունակ փորձում էր Բաբելոնի առաջխաղացման սպառնալիքի տակ գտնվող դրացի փոքր պետությունների հետ համագործակցելու ճանապարհով հեռացնել ընդհանուր թշնամուն: Այս հաստատակամ քաղաքականությունն արժանացավ դավթյան թագավորի բարեհաճությանը:
Սակայն փոքրամասնությունը պատրաստ էր հաշտվելու Բաբելոնի խնամակալության հետ՝ հուսալով, թե որոշ ինքնավարություն կպահպանի Նաբուքոդոնոսորի թագավորության ներսում: «Երեմիայի» գիրքը մեզ հաղորդում է բաբելոնամետ կուսակցության մի քանի ականավոր անդամների անունները՝ Երեմիայի զորավոր կողմնակից Աքիկամը ու նրա որդին՝ Գոդողիան, ով Երուսաղեմի անկումից հետո տարածաշրջանի կուսակալ նշանակվեց, և Ներիայի որդի Բարուքը, որն օգնեց Երեմիային՝ նրա խոսքերը հրապարակելու: Սխալ է Բարուքին համարել հասարակ «ատենադպիր», Երեմիայի ծառայությանը լծված մարդ և որոշ առումով սղագրիչ, որն անմնացորդ կերպով նվիրվել էր մարգարեին՝ նրա առաքելությունը դյուրացնելու համար: Բարուքը, ընդհակառակը, «սոփար» էր, այսինքն՝ պետական քարտուղար և, հետևաբար, պետական ծառայող ու կիսով չափ խորհրդական, այսինքն՝ անվանի այր, ինչպես իր եղբայր Սարյան, ով Բաբելոնում գանձապետ պիտի նշանակվեր (տե՛ս ԾԱ 59): Բարուքն այնքան ազդեցիկ էր, որ մարդիկ նրան բաբելոնամետ կուսակցության առաջնորդներից ու Երեմիայի խոսքերի իրական քաջալերողն էին համարում (ԽԳ 3):
Քաղաքական ընտրությունը, հետևաբար, շատ հստակ արտահայտությունների մեջ է երևում: Այն կամ պետք է խաղարկեր ազատության խաղաթուղթը (ձևական ազատության), քանզի Եգիպտոսը Հրեաստանին օգնության ձեռք մեկնելուց հետո չէր հեռանալու՝ վախենալով անհաջողության դեպքում ամեն ինչ կորցնելուց, կամ համաձայներ մտնել բաբելական քաղաքական կարգի մեջ:
Երեմիան ստիպված էր մասնակցել այդ բանավեճին: Նրա դիրքորոշման մեջ որևէ անորոշություն չկա. պետք է ընդունել բաբելական գերակայությունը: Պատճառը հարմարվողականությունը չէ, քանզի Երեմիան քաղաքական այր չէ, այլ Աստծու կամարտահայտիչը: Աստծու կամեցածը հզոր, անկախ հրեական պետությունը չէ երկգլխանի՝ քաղաքացիական և հոգևոր իշխանությամբ, այլ Տերը կամենում է հավատարիմ ժողովուրդ, որն ընդունում է նախնյաց հրավերը (տե՛ս Գ 22-Դ 4) և ի խորոց սրտի պաշտպանում իրավունքն ու ներդաշնակ կյանքը (տե՛ս ԻԲ 13, ԻԳ 5-6):
Ըստ մարգարեի և ըստ Աստծու՝ այս անկախության կուսակցությունն առանձնանում է Տիրոջ համար թանկ արժեքների արհամարհմամբ, ընդ որում, մեծագույն մեղավորը թագավորն է (ԻԲ 13-17):
ՈՒստի Աստված վճռում է կործանել այդ պետությունը: Երեմիան նոր նախագծի մասին է մտածում. բաբելական թագավորության ներսում Աստված մտադիր է իշխանությանը հնազանդվողներից բարեփոխված համայնք կերտել, որն այսուհետև իր փառքը չի փնտրելու, այլ ցանկանալու է բովանդակ համայնքի բարօրությունը, քանզի ուրիշների բարգավաճումն իր բարգավաճման պայմանն է (ԻԹ 5-7):
Երեմիան մի մարգարե է, ով իր հայացքների մեջ հասնում է ճշմարիտ աստվածապետության էությանը: Նրա համոզմամբ, ոչ թե արտաքին, այլ սրտի թլփատությունն է մարդուն աստվածային բարեհաճությանն արժանանալու իրավունք շնորհում (Դ 4, Զ 10, Թ 26): Երուսաղեմի Տաճարն ինքնին Երուսաղեմի ամբողջության երաշխավորը չէ. ընդհակառակը, հրեաների մեղքերով պղծված այս Տաճարն իր վրա Աստծու զայրույթն է հարուցում (Է գլուխ, ԺԱ 15, ԺԷ 3, ԻԶ 6,9,12, ԻԷ 16): Ընդունայն են նաև արտաքին աստվածապաշտության հետ կապված հույսերը. Տերը բարեհաճ չէ աղոթողների ներքին տրամադրությանը չհամապատասխանող այդ արարողությունների նկատմամբ (Զ 20, Է 21, ԺԱ 15, ԺԴ 12): Այսպիսով, Երեմիան անհապաղ պահանջ է առաջադրում՝ Աստծու և մարդու միջև ավելի ներքին, ավելի անկեղծ հաղորդակցություն հաստատելու: Այդ ժամանակ չի զգացվի նաև ՈՒխտի տապանակի՝ աստվածային հոգևոր ներկայության այդ արտաքին միջնորդի և խորհրդանիշի կարիքը (Գ 16), այդ ժամանակ Աստծու օրենքն ինչ-որ արտաքին բան չի լինի՝ գրված քարե տախտակի վրա, ո՛չ, այն գրված պիտի լինի մարդու սրտի մեջ (ԼԱ 31): Այսպիսով, Տերը լուծարքի չի ենթարկի Իսրայելի և Դավթի հետ կնքած երբեմնի ուխտը, այլ դրան առավել փառահեղ տեսք կհաղորդի (ԼԳ 20-26): Երեմիան համարձակություն ունեցավ հնից ավելի բարձր դասելու այս նոր ուխտը, որին նա ձգտում էր ողջ հոգով, թեպետ պետք է ասել, որ մեսիական ժամանակներն ընդհանուր գծերով են բնութագրված նրա մոտ:
-Երեմիայի առաքելական ծառայության երրորդ շրջանը սկսվում է ն. Ք. 587 թվականից, այսինքն՝ Երուսաղեմի աղետից հետո: Այս ժամանակահատվածի կարևորությունը հաճախ է նսեմացվում, քանզի մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ բաբելոնացիների գերեվարության թիրախ դարձան միայն բնակչության որոշ խավերը, իսկ ժողովրդի մեծամասնությունը չլքեց երկիրը: Երեք հոսանք առաջ եկավ շփոթված ամբոխի մեջ: Առաջին հոսանքը, որը ղեկավարում էին բաբելոնամետ հին կուսակցության առաջնորդները և մասնավորապես՝ Գոդողիան, հետապնդում էր երկիրը Բաբելոնի հովանու ներքո վերակառուցելու նպատակ: Երեմիան նրանցից մեկն էր: Կար մեկ ուրիշ խմբավորում, որի պարագլուխը Իսմայելն էր: Սա մի անխիղճ մարդ էր և վայելում էր Մովաբի թագավորի հովանավորությունը: Նա, ընդհակառակը, ահաբեկչական գործողությունների միջոցով կամենում էր շարունակել պայքարը (տե՛ս ԽԱ 1-10): Վերջին՝ երրորդ խմբավորման պարագլուխը Կարեի որդի Հովնանն էր, որը գերադասում էր Եգիպտոս հեռանալ: Երեմիան իր խոսքերից մեկում նախազգուշացնում է այդ բանն անելուց, բայց, այնուամենայնիվ, նրանք իրականացրին այդ ծրագիրը և նույնիսկ մարգարեին իրենց հետ տարան, որի հետքն այնտեղ էլ՝ այդ հեռավոր երկրում, կորավ:

ԵՍԱՅԻ ԵՎ ԵՐԵՄԻԱ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԲԵԼՈՆԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ԱԶԳԵՐԻ ԹՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ` ԱՅԴ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաշխարհային պատմությունն Աստծո համաշխարհային դատաստանն է (Վ. Սոլովյով)։
Քրիստոսից առաջ 7-րդ դարի կեսերին ապրած Եսային այսպես է մարգարեացել դաժան և արյունարբու Նորբաբելոնյան կայսրության և նրա ոստան Բաբելոնի հիմնահատակ ավերման մասին.
Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորից փառապանծ է կոչվում,
պիտի դառնա այնպես, ինչպես Սոդոմն ու Գոմորը,
որոնց Աստված կործանեց։
Այնտեղ հավիտյանս հավիտենից
բնակվող չպիտի լինի,
բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն,
արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն,
հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։
Այնտեղ կայան են գտնելու
վայրի գազանները,
նրանց տները լցվելու են աղաղակով,
այնտեղ բուն են դնելու համբարուները,
դևերն են կաքավելու այնտեղ,
հուշկապարիկներն են բնակվելու նրա մեջ,
ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում (13. 19-21)։
Այսպես է ասում Զորությունների Տերը.
«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ,
որ այնտեղ ոզնիները բնակվեն,
և նա ոչնչության վերածվի.
այն պիտի դարձնեմ տիղմի ու
կորստյան խորխորատ» (14. 22, 23)։
Օ. Լեյարդը, իրեն ժամանակակից Բաբելոնը համեմատելով Սոդոմ և Գոմորի հետ, հիշատակելով նաև այլ մարգարեություններ, գրում է. «Այն տեղը, ուր երբեմնի գտնվում էր Բաբելոնը, դարձել է լերկ ու ամեհի անապատ։ Հազվադեպ պատահող ծառերից վեր են խոյանում բուերը, և գարշահոտ բորենին վնգստում է լքված ակոսներում։ Իրապես, եկավ Բաբելոնի համար մարգարեության կատարման օրը... Բաբելոնն օղակած թփուտների մեջ կարելի է հանդիպել թվով 100 և ավելի գորշ բուերի երամների»։
Իսկ ըստ Ֆլոյդ Համիլթոնի. «Ճանապարհորդները պատմում են, որ քաղաքում նույնիսկ բեդվիններ չեն ապրում։ Զանազան սնոտիապաշտությունների պատճառով արաբներն իրենց վրաններն այդտեղ չեն խփում, բացի այդ, Բաբելոնի շուրջը ոչխար արածացնելու համար պիտանի խոտ չի աճում»։
Իսկ ըստ 14. 23 համարի կանխասացության, քաղաքն իրապես վերածվել է տիղմի և կորստյան խորխորատի։ Ըստ բրիտանական հանրագիտարանի` «Քաղաքի զգալի մասը ցարդ հայտնաբերված չէ, քանզի թաղված է մնում տիղմի հաստ շերտի տակ»։
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա,
փո՛ղ փչեցեք բոլոր ազգերի մեջ,
զորագնդե՛ր կանչեցեք նրա դեմ։
Իմ կողմից հրամա՛ն տվեք
Այրարատյան թագավորություններին
և Ասքանազյան գնդին,
նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք,
հարձակվեցե՛ք նրանց վրա (Երեմ. 51. 27)։
Սույն տողը եբրայական և Յոթանասնից բնագրերում քիչ այլ կերպ է հնչում. «Կոչեցե՛ք ի վերայ դորա զթագաւորութիւնս Արարատայ, Մինւոյ և Ասքանազա»։ Հայերեն բնագրերում հանդիպող «Մինւոյ»-ի պակասը բացատրելի է. հայ թարգմանիչների համար Արարատը, Մինը և Ասքանազը նույն Հայաստանն են նշանակում, և կրկնությունից զերծ մնալու համար կրճատել են Մինը։ Այս մասին մի ուշագրավ փաստ էլ կա. ասորական թարգմանությունում Մինի փոխարեն հանդիպում է Արմենիա ձևը։ Այլ կերպ ասած` մեր երախտավոր թարգմանիչները Հայքը, Արարատյան երկիրը և Արարատյան թագավորությունը դիտարկել են որպես միևնույն երկիր, իսկ Մինը` որպես մեկն Արարատյան իշխանություններից։
Ի դեպ, քերթողահայր Մ. Խորենացին իր «Պատմություն հայոց» կոթողային երկում, փորձելով ապացուցել նախքան պարթևական Արշակունյաց արքայատոհմի գահակալումը Հայաստանում «բնիկ, արյունակից և հարազատ» հայկական «թագավորների կարգի» գոյության փաստը, գրում է. «Եվ որ այդ ժամանակները մեր ազգը թագավորություն ուներ` սրան վկայում է Երեմիա մարգարեն իր մարգարեության մեջ` Բաբելոնի դեմ պատերազմ հրավիրելով. «Հրամա՛ն տուր,- ասում է նա,- Արարատյան թագավորությանը և Ասքանազյան գնդին»։ Սա ապացույց է, որ այս ժամանակ մենք ունեցել ենք թագավորություն»։
Խոսքը, իհարկե, Երվանդունիների և այդ արքայատոհմի հիմնադիր Պարույր Սկայորդու մասին է, ով, ինչպես վկայում է դարձյալ Խորենացին, Ք.ա. 612 թվին մարերի և քաղդեական զորքերի հետ հայոց բանակի գլուխ անցած մասնակցեց Նինվեի` Ասորեստանի ոստանի գրավմանը և դրա համար մարերի արքայից թագ ստացավ։
Մեզ մնում է միայն ավելացնել, որ Հայաստանը Սուրբ Գրքում ընդհանուր առմամբ հիշատակված է չորս անգամ` Նոյյան տապանի և Արարատ տապանակիր լեռան կապակցությամբ, Դ թագավորության 19. 36,37 և Եսայի մարգարեի 37. 37,38 համարներում հանդիպող գրեթե միևնույն բովանդակությունն ունեցող հատվածներում։ Խոսքը Սենեքերիմի` իր որդիներ Ադրամելեքի և Սարասարի ձեռամբ սպանության և վերջիններիս ի Հայս կամ Երկիրն Արարատա փախչելու մասին է։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4163

Մեկնաբանություններ