ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՆԱՅԻ ԻՐ ԱՆՑՅԱԼԻՆ»

«ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՆԱՅԻ ԻՐ ԱՆՑՅԱԼԻՆ»
29.01.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-2010 թ. հայ-թուրքական հարաբերություններում բուռն սկսվեց` ՀՀ ՍԴ-ի որոշումը, թուրքական արձագանքը, հայկական պատասխանը: Ձեր կարծիքով` իրո՞ք ՍԴ-ի որոշման պրեամբուլան և վերդիկտն այդքան մտահոգությունների տեղիք են տալիս, որ Թուրքիան նման հայտարարություններ արեց:
-Որպեսզի հարցի պատասխանը սպառիչ լինի, անդրադառնանք արձանագրություններին: Արձանագրություններում, իհարկե, որևէ նախապայման չկա, բայց արձանագրություններում կան դրույթներ, որոնք թուրքական կողմին շահարկումների հնարավորություններ էին տալիս: ՍԴ-ի որոշումը զրկեց այդ շահարկումների հնարավորությունից` մի կողմից, և մյուս կողմից` վերացրեց հայության մի ստվար զանգվածի մտահոգությունները: ՍԴ-ի իրավական որոշումը չափազանց կարևոր է: Այն բոլոր կետերը, որոնք մտահոգում էին վավերացումից հետո հնարավոր խնդիրներ առաջացնելու առումով, ՍԴ-ն վերացրեց, իսկ թուրքական կողմը չէր կարող դրան հանգիստ վերաբերվել: Ապացույցը նրանց ջղաձիգ պահվածքն է: ՍԴ-ն բովանդակային որևէ փոփոխություն չի արել, և ԱՄՆ-ի ու ՌԴ-ի պաշտոնական հայտարարությունները համընկնում են այս տեսակետի հետ: Միայն երկու պետություն` Թուրքիան և Ադրբեջանը, դժգոհ են ՍԴ-ի որոշումից:
-ՍԴ-ն պրեամբուլայում արտահայտելով իր մտահոգությունները` ինչո՞ւ է արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան համարել:
-Որովհետև ՍԴ-ի մտահոգության առարկաները արձանագրությունների մեջ պրեամբուլային նկատառումներ են և բուն նյութը չեն: ՍԴ-ն իրավացիորեն ասել է, որ եթե այդ մտքերին ցանկանում եք տալ համաձայնագրի կարգավիճակ, բարի եղեք դրանցից յուրաքանչյուրով կամ խմբով կազմել արձանագրություն և անցնել պետական ընթացակարգ:
-ՈՒրեմն` ինչպե՞ս ՍԴ-ն չեզոքացրեց վտանգը, երբ Թուրքիան ՍԴ-ի որոշումն օգտագործում է իբրև պատրվակ:
-ՍԴ-ն վերացրեց շահարկման հնարավորությունը, վտանգ կլիներ, եթե արձանագրությունները նախապայմաններ պարունակեին:
-Բայց թուրքական կողմը, անկախ ՍԴ-ի վճռից, ԱԺ-ի վավերացնել-չվավերացնելուց, իր արձանագրություններում չարտահայտված նախապայմանը պահում է:
-Նախապայմաններ թուրքական կողմը կարող է ունենալ միշտ, բայց այդ նախապայմանների հետքը արձանագրություններում չկա: Իրենց ելույթներում էլ կարող են նախապայմաններ առաջադրել, բայց դրանք առ ոչինչ են, որովհետև որևէ փաստաթղթի վրա հիմնված չեն, և կյանքի չեն կարող կոչվել:
-Իսկ եթե հիմնված են Թուրքիայի վարած քաղաքականությա՞ն վրա:
-Թուրքիայի վարած քաղաքականությունը եղել է, կա ու, կարծում եմ, տևական ժամանակ կշարունակվի, դա արձանագրությունների հետ կապված չէ: Արձանագրությունները սահմանում են պարտավորությունների մի շրջանակ, որ կողմերը պիտի կատարեն: Արձանագրությունները չեն կարող պարտադրել, որ պետություններից մեկը փոխի իր քաղաքականությունը: ՍԴ-ն արձանագրեց այդ շրջանակը` դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում:
-Չե՞ք կարծում, որ նաև ԼՂ հիմնահարցի լուծման բանակցություններն են ակտիվանում այդ շրջագծում:
-Չեմ կարող ասել, որ հիմա ակտիվությունն ավելի մեծ է, ավելացել է հանդիպումների հաճախականությունը, սակայն այն հանգամանքը, որ վերջին հանդիպումն ավարտվեց առանց համաձայնագրի ստորագրման, վկայում է, որ առանձնապես ակտիվություն չկա:
-Շատերը սպասում էին համաձայնագրի ստորագրում, իսկ Դո՞ւք:
-Ես չգիտեմ` այդ շատերի մեջ ովքե՞ր են, բայց համաձայնագրի ստորագրում չէի սպասում, որովհետև ադրբեջանական հասարակությունը, ըստ էության, պատրաստ չէ փոխզիջումային տարբերակի: Տարիներ շարունակ ադրբեջանական հանրությունը, նրա քաղաքական էլիտան եղել են ադրբեջանական ամենաբարձր իշխանության որոշակի քարոզչական մեքենայի ազդեցության տակ, որի իրականացրած քարոզչությունը եղել է իրականությունից շատ հեռու, և հիմա ադրբեջանական քաղաքականության ամենաբարձր օղակը դարձել է հենց իր ստեղծած մթնոլորտի պատանդը` չի կարողանում փոխզիջման գնալ: Քաղաքական էլիտան` տոգորված սին պատրանքներով, սպասում է միայն բացարձակ ադրբեջանամետ լուծման, որը երբեք հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով այսօր Ադրբեջանում քաղաքական էքստրեմիզմը բարձրացել է պետական քաղաքականության մակարդակի, որը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, տարածաշրջանի անվտանգության խաթարման հիմնական օղակը դարձել է Ադրբեջանը, և դա ոչ միայն հայկական կողմին է մտահոգում, այլև միջազգային հանրությանը:
-Ի՞նչ է պետք, որ Ադրբեջանն իր քաղաքականությունը փոխի` արտաքի՞ն վտանգ, ներքի՞ն... Ընդդիմությունն Ադրբեջանում թույլ է իշխանափոխության համար, գործող նախագահն էլ կարող է իր ցանկության չափ նախագահել Սահմանադրությամբ, ուրեմն, ի՞նչ է պետք, որ Ադրբեջանում գոնե իրատես դառնան:
-Շատ կարևոր հարց է, որովհետև այդ ճանապարհով է լուծվելու ղարաբաղյան խնդիրը: Եթե իսկապես հայ-թուրքական հարաբերություններն ավարտվեն համաձայնագրի վավերացմամբ, դա լուրջ կազդուրիչ ազդեցություն կունենա ադրբեջանական ներքաղաքական համակարգի համար: Նրանք կթոթափեն պատրանքները և կսկսեն իրատես դառնալ` հասկանալու վերջին 20 տարիների իրողություններն ու զարգացումները: Այդ իրողություններն անառարկելի են, և դրանք չտեսնելն ադրբեջանական հանրության համար ավելի ու ավելի բարդ իրավիճակ է ստեղծում. նրանք դառնում են ավելի անիրատես, նրանց պահանջները դառնում են ավելի անիրականանալի:
-Սոչիի եռակողմ հանդիպումից Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:
-Կարծում եմ` այո: Երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները շատ են տարբեր, ես չեմ կարծում, որ համաձայնության մենք արագ ենք գալու: Տևական ժամանակ ու ճանապարհ է պետք երկու կողմերին ընդունելի փոխզիջումային տարբերակ գտնելու համար: Որքան Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքը, անընդունելի է համարում փոխզիջումային տարբերակը, այնքան հետաձգվելու է խնդրի լուծումը և պահպանվելու է ստատուս քվոն:
-Կարծում եք, որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղը կներգրավվի՞ իր հարցի լուծման բանակցություններում:
-Եթե տեղեկությունը ճիշտ է, որ ապագա համաձայնագրի պրեամբուլյար մասում արձանագրված է ԼՂ օրինական իշխանությունների մասնակցությունը համաձայնագրի մշակման գործընթացում և ազգերի ինքնորոշման իրավունքի ներառումը, այս դրույթները, իրոք, բխում են իրավիճակից, եթե ադրբեջանական իշխանությունը գնացել է այդ քայլին, դա եղել է միջազգային ուժերի ճնշման տակ: Միջազգային քաղաքականության խոշոր կենտրոններն այս տարածաշրջանի զարգացման որոշակի տեսլական ունեն: Հայ-թուրքական հարցի, ղարաբաղյան հակամարտության լուծման առանձին, ոչ փոխկապակցված լուծման հնարավորությունը ոչ միայն իրավիճակի մեր ընկալումն է, այլև միջազգային քաղաքականության խոշոր կենտրոններն այդպես են տեսնում` այս խնդիրները իրար հետ չկապելով, և դրանով մեր դիրքերն իսկապես ամրանում են: Ի վերջո, ամբողջ աշխարհը հայերի ցանկությամբ չի կարող ապրել ու առավել ևս ղարաբաղյան ու հայ-թուրքական գործընթացները գնահատել: Եթե աշխարհն ունի հայ-թուրքական խնդրի լուծման համաձայնեցված տեսլական, այդպիսի համաձայնեցված տեսլական չունի ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում: Իսկ դա նշանակում է, որ պետք չէ շտապել, ամեն ինչ զարգանում է իր հունով: Շատ կարևոր եմ համարում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և հայկական համայնքի ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը, որ խթան կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների հաջող ավարտի համար և լուրջ ահազանգ` թուրքական կողմի համար, որովհետև ակնհայտ է, որ եթե համաձայնագրերը չվավերացվեն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ կհավաքի, և առաջին երկիրը, որ այդ նոր թափի արտահայտիչը կլինի, ԱՄՆ-ը կդառնա:
-Այսինքն` հնարավոր եք համարում, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը:
-Եթե միջազգային հանրության համար ակնհայտ դառնա, որ հայկական կողմը եղել ու մնում է արձանագրությունների ստորագրման օրից ի վեր այդ արձանագրությունների պաշտպանի դիրքում, չի արել որևէ քայլ, որ կասկածի տակ դնի այդ արձանագրությունների տառին և ոգուն իր հավատարմությունը, իսկ թուրքական կողմը, ճիշտ հակառակը, նահանջել է այդ դիրքերից, կարծում եմ` միջազգային հանրությունն իր գնահատականը պետք է տա, և դա կարող է տեղի ունենալ հենց ապրիլի 24-ին:
-Նաև ԱՄՆ-ում օրենսդրակա՞ն ճանաչում կհետևի:
-Եթե ԱՄՆ-ի նախագահն այդ քաղաքականությունը որդեգրի, կարծում եմ, շատ արագ Կոնգրեսում օրենքի ուժ կստանա: Այդ հարցի շրջանակներում ուզում եմ անդրադառնալ այն մտքին, որ հայաստանյան ընդդիմությունն է առաջադրում` ԱԺ-ում արձանագրությունները վավերացնել նախապայմանով: Դա կլինի ամենամեծ նվերը թուրքական կողմին, որովհետև այլևս միջազգային հանրության առաջ չենք կարող հանդես գալ իբրև առանց նախապայմանների մեր պարտականություններն իրականացնող կողմ, և Թուրքիան կարող է ասել, որ հենց Հայաստանն է նախապայմաններ դնում, ուստի ինքը պարտավորված չէ համաձայնագրերը վավերացնելու: Ես կարծում եմ` առաջիկայում տարածաշրջանում էական զարգացումներ են լինելու, և մենք պետք է ճկուն, հավասարակշռված քաղաքականություն վարենք, չանենք քայլեր, որոնք կարող են ոչ միարժեք ընկալել մեր գործընկերները դրսում: Վերջին տարիուկեսում ամեն ինչ զարգանում է ՀՀ նախագահի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հունով, և մեր քաղաքականությունն ու ստեղծված իրավիճակն այնպիսին են, որ կամ առանց նախապայմանների կնորմալանան հայ-թուրքական հարաբերությունները, կամ լրիվ նոր թափ կստանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը կա և կմնա մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:
-Այդ դեպքում` սահմանները ե՞րբ կբացվեն:
-Թուրքիան այն պետությունն է, որի վրա շատ դժվար է ճնշում գործադրել, եթե չասեմ` անհնար է: Եթե արձանագրությունները վավերացվեն ու սահմանը բացվի, դա կլինի ոչ միայն հայկական կողմի շահը, այլև թուրքական: Ես համոզված եմ, որ Թուրքիան այդ շահն ունի: Թուրքիան, իհարկե, բարդ երկիր է, ինչպես ասում են` երեք Թուրքիա կա. Ստամբուլի, մեծ քաղաքների Թուրքիա և Թուրքիա, որ հեռու է այդ ամենից, Թուրքիայի զարգացման տարբեր տեսլականներ կան: Թուրքիան նաև ձգտում է մուսուլմանական աշխարհում գերակա դիրք գրավել. սրանով է պայմանավորված որոշակի սառնությունը թուրք-իսրայելական, ամերիկաթուրքական հարաբերություններում: Արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիան արտաքին ճնշումներին չի զիջի, բայց և Թուրքիայի շահը հենց այդ արձանագրությունների վավերացման մեջ է:
-Հայ-թուրքական հարաբերություններում` փակ կամ բաց սահմանների առկայությամբ, մնում է էական մի հարց` պահանջատիրությունը. ցեղասպանությունը միայն մարդկային կորուստներ չէր, նաև տարածքներ էր, նաև` նյութական արժեքներ...
-Այսօր ավելի իրատեսական է ընդհանուր մոտեցումը` ցեղասպանության հետևանքների վերացման առումով: Միջազգային հեղինակավոր պետություններն ու կառույցները դա ընդունում են, և այսօր խնդիրը հետևանքների վերացումն է։ Այդ ուղղությամբ քայլեր արդեն կան, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին գումարների վերադարձը: Ի դեպ, արձանագրություններում նշված պատմական հարցերի ենթահանձնաժողովը պետք է նաև այդ խնդիրները վեր հանի: Մենք ունեցել ենք եկեղեցապատկան հողեր, պատմամշակութային մեծ արժեքներ, որոնց նկատմամբ հավուր պատշաճի հոգատար վերաբերմունք պետք է կարողանանք դրսևորել: Բոլոր այդ խնդիրների լուծման համար թուրք հասարակությունը պետք է բաց աչքերով նայի իր անցյալին, ինքը կարողանա ընդունել իր պատմությունն այնպես, ինչպես տեղի է ունեցել: Երբ թուրք հանրությունը հասնի այդ մակարդակին, պահանջատիրության մասին հնարավոր կլինի խոսել իրատեսական հարթության մեջ, հակառակ պարագայում այդ հարցի բարձրացումը, թերևս, շահարկում է, որովհետև խնդիրն իր ծանրությամբ այսօր հնարավոր չէ դիտարկել ռեալիստական լուծումներում, սակայն մեծ խնդրի բազմաթիվ դրվագներ այսօր արդեն կարող են քննարկվել և իրականացվել:
-Ինչպե՞ս եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, չե՞ք կարծում, որ Իրանը Հայաստանի հետ բարեկամություն է անում ոչ թե հանուն ինչ-ինչ հարցերի, այլ ընդդեմ:
-Իհարկե` ոչ, կարծում եմ, որ հայ-իրանական հարաբերությունների այս մակարդակը բխում է երկու երկրների ոչ միայն ռազմավարական շահերից, ոչ միայն ապագային միտված ընդհանուր մոտեցումներից, այլև անցյալից։
-Ավարայրի ճակատամարտի՞ց...
-Նախաքրիստոնեական ժամանակներից, ընդհանուր մշակույթից ու ընդհանուր պատմությունից, ընդհանուր արիական ծագումից։ Տարածաշրջանում հայ-իրանական բարեկամությունը կայունության ամենամեծ գործոնն է: Ադրբեջանը խնդիրներ ունի իր հարևանների հետ, ոչ միայն հայ, չմոռանանք, որ ընդամենը ռուս-վրացական կոնֆլիկտի օրերին Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով խոսում էր վրացական շահերի պաշտպանության մասին: Վրաստանն ունի իր պրոբլեմները Ռուսաստանի հետ, Թուրքիան ունի իր խնդիրները, մասնավորապես, խոսվում է առաջիկայում Թուրքիայի կողմից Աբխազիայի ինքնիշխանության ճանաչման մասին։ Դեռ տևական ժամանակ հայ-իրանական բարեկամությունը մնալու է տարածաշրջանի կայունության գրավականը:
-Նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը ԻԻՀ տարբեր գնահատականների տեղիք տվեց, նաև այն, որ Հայաստանը շատ ավելի հանգիստ ու հեշտ ճանապարհ ունի դեպի Թեհրան և, եթե ոչինչ չփոխվի, Անկարան չի կարող տարածաշրջանում լիդերի դերի հավակնություններ ունենալ։
-Իրանն իսկապես հզոր և զարգացման մեծ հեռանկարներ ունեցող երկիր է, և ակնհայտ է, որ ԻԻՀ-ի հետ տարածաշրջանում հաշվի չնստելն անմտություն է: Մեծ հաշվով` իր որևէ հարևանի հետ Իրանը լուրջ խնդիր չունի, ինչը հնարավոր չէ ասել Թուրքիայի մասին, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների այս իրավիճակն ու հանգուցալուծումը Թուրքիայի համար փորձաքար են ոչ միայն Հայաստանի, այլև քաղաքականության կենտրոնների` ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի տեսակետից` որքանո՞վ է Թուրքիան պատրաստ Հարավային Կովկասում նոր դեր ստանձնելուն: Չեմ բացառում, որ Թուրքիայի դերն էապես կմեծանա ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման պարագայում, բայց այդ քննությունը պետք է հանձնել:
-Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը միայն տնտեսակա՞ն լիցք ունի:
-Վերջին ժամանակներս այդ հարաբերություններն իսկապես ջերմանում են, թերևս ոչ միայն տնտեսական շահերի լիցքով. կա Թուրքիայի շահը դեպի Արևելք ընթանալու, քանի դեռ ԵՄ-ն Թուրքիան չի տեսնում իր կազմում: Թուրքիան ունի և բավականին մեծ տնտեսական հնարավորություններ, և փայլուն աշխարհագրական դիրք այդ խնդիրը լուծելու համար, և նրա շարժը դեպի Արևելք միայն տնտեսական հետևանքներ չի կարող ունենալ: Ռուսաստանն ունի իր շահերը, այսօր, փաստորեն, որևէ ռեալ հեռանկար չկա «Նաբուկոյի» իրականացման համար, հատկապես երբ ՌԴ-ն միջինասիական գազը երկար ժամանակով գնեց: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը ևս գազի իրացման հեռանկարները կապում է ոչ թե «Նաբուկոյի», այլ Ռուսաստանին վաճառելու հետ: Թուրքիայի ջրային տարածքով իրականացվող ռուսական «Հարավային հոսքը» Թուրքիային մեծ հնարավորություն է տալիս դառնալու տարածաշրջանի էներգետիկ տարանցիկ կենտրոն: Թեպետ այստեղ ևս մի «բայց» կա. Եվրոպայի համար ռուսական գազի խնդիր առաջացավ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պարագայում, և եթե ՈՒկրաինան հայացքով շրջվի դեպի ՌԴ, ինչը շատ հավանական է նախագահական ընտրություններից հետո, Արևմտյան Եվրոպայի համար կվերանա գազային ճգնաժամը, և ոչ միայն ՌԴ-ն, Եվրոպան ավելի մեղմ կվերաբերվի այլընտրանքային «Հարավային հոսքի» անհրաժեշտությանը, և Թուրքիայի դերակատարումը կնվազի որպես էներգետիկ տարանցիկ երկրի:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ