ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքապետը վարձակալությամբ «հանձնել» է անգամ զոհվածների հուշարձանը

Քաղաքապետը վարձակալությամբ «հանձնել» է անգամ զոհվածների հուշարձանը
17.10.2008 | 00:00

ՄԵԿ ՁԱՅՆԸ` 10 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞Մ
Չնայած վերջին տարիներին Հայաստանում գրանցված տնտեսական աճին, պետք է արձանագրել, որ դրա որոշակի ազդեցությունը, համենայն դեպս, մայրաքաղաք Երևանում և որոշ չափով նրան հարակից բնակավայրերում զգալի է, բայց Հայաստանի այլ մարզերում դրությունը նույնն է՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական վատ պայմաններ, և այդպես էլ առաջընթաց չի գրանցվում:
Հենց այդպիսին տեսանք Երևանից 165 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վարդենիս քաղաքը, որը, անկեղծ ասած, դժվար էր այդպիսին անվանել: Ավելի շատ այն նմանվում էր գյուղի, քան քաղաքի: Քանդված և փոշոտ փողոցներ, լուսավորության բացակայություն, համատարած աղբ: Հատկապես հետաքրքիր էր այն, որ քաղաքում վերջին օրերին տեղադրվել էին աղբամաններ, որոնց վրա գրված էր` «Վարդենիս, մաքուր քաղաք»: ԽՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Վարդենիսում առաջ եկավ զբաղվածության խնդիրը: Փակվեցին քաղաքում գործող ժամացույցի և կոնդենսատորների գործարանները: Վերջին տարիներին քաղաքի բնակչության զբաղվածության հարցի լուծման գործում որոշակի դերակատարում ուներ Սոթքի ոսկու հանքավայրը, սակայն այնտեղից հնդիկների հեռանալուց և ռուս նոր սեփականատիրոջ ձեռքն անցնելուց հետո այն մատնվել է պարապուրդի, ինչի պատճառով այնտեղ աշխատող վարդենիսցիների մի հոծ զանգված անգործ է մնացել: Համենայն դեպս, վերջին մեկ ամսում հանքավայրերում աշխատանքից զրկված հուսահատ երիտասարդները նշեցին, որ ավելի լավ է մահանան, քան թե այսպիսի իրադրությունում շարունակեն գոյատևել: Քաղաքում չկան շատ թե քիչ աշխատանք ապահովող մասնավոր ձեռնարկություններ: Աշխատատեղեր կան միայն քաղաքապետարանում, քաղաքի չորս դպրոցներում, ինչպես նաև գազի, հեռահաղորդակցման, էլեկտրաէներգետիկական ձեռնարկություններում: Եվ քաղաքացիների միակ հույսը մնացել են դեռևս 1991թ. սեփականաշնորհման ժամանակ նրանց բաժին հասած գյուղատնտեսական հողամասերի մշակությունն ու անասնապահությունը: Սակայն քաղաքացիներից շատերը նշեցին, որ այս տարի պարարտանյութի, վառելիքի թանկ գների, ինչպես նաև կարտոֆիլի վատ բերքատվության պատճառով իրենք չեն կարողանալու հետ ստանալ իրենց ծախսած գումարները: Եվ պատահական չէ, որ մոտավորապես 9000 բնակիչ ունեցող քաղաքում մոտ 1000 ընտանիք «Փարոսի» անդամ է:
Սակայն Վարդենիսում, սոցիալ-տնտեսական վատ վիճակից զատ, նաև այլ «հետաքրքիր» իրադարձությունների հանդիպեցինք: Պարզվում է՝ չնայած աշխատատեղերի և ներդրումների բացակայությանը, մարդիկ, ովքեր համենայն դեպս որոշել են հայրենի քաղաքում զբաղվել գործարարությամբ, խոչընդոտների են հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ինչպես զրույցի ժամանակ փաստեց Վարդենիսի բնակիչ Մարատ Ստեփանյանը, երբ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում որոշակի առաջընթաց նկատվեց, որոշեց ներդրում կատարել և ավարտին հասցնել ԽՍՀՄ-ի ժամանակ կիսավարտ, սակայն անկախությունից հետո արդեն քանդված հյուրանոցի շինարարությունը: Նա նաև հավելեց, որ հյուրանոցի բոլոր պանելներն արդեն տարել էին, անցել էին քարերին: Չնայած այս հանգամանքին, ՌԴ-ի Կրասնոդարի մարզից Արմեն Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնում մոտ 1,1 մլն դոլարի ներդրում իրականացնել և ավարտին հասցնել հյուրանոցի ու նրան հարակից շինությունների կառուցապատումը: Ֆինանսավորման խնդիրը լուծելուց հետո Մ. Ստեփանյանն աճուրդով ձեռք է բերում ՀՀ քաղաքաշինության «Գույք» ՊՓԲԸ-ի ենթակայության տակ գտնվող «Վարդենիս» անավարտ հյուրանոցը: Սակայն, մինչ աճուրդը, «Գույք» ՊՓԲԸ հյուրանոցի շենքի զբաղեցրած 2716 քմ հողամասի համար պետք է հողահատկացման վարձակալության պայմանագիր կնքեր Վարդենիսի քաղաքապետարանի հետ: Շենքը փաստացի պատկանում էր «Գույք» ՊՓԲԸ-ին, իսկ հողը համայնքինն էր: Համենայն դեպս, այդ ժամանակ հողի անուղղակի վաճառք չէր իրականացվում, և «Գույք» ՊՓԲԸ-ի լիազոր ներկայացուցչի ու քաղաքապետի միջև 50 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվում: Բայց այն ժամանակ չեն նկատում, որ կառուցվող հյուրանոցի հիմքերն ավելի մեծ տարածք են զբաղեցնում, քան պայմանագրով նախատեսված հողամասը: Սակայն այս պարագայում քաղաքապետն ավելի քիչ հողամաս է տրամադրում, իսկ «Գույք» ՊՓԲԸ-ի լիազորված անձն էլ հողի համար վճարվելիք գումարները հաշվի առնելով՝ հյուրանոցի համար քիչ տարածք է վարձակալում: Հողահատկացման պայմանագիրը հենց այդպես էլ կազմվում է, հաշվի չառնելով այն, որ շինության հիմքերը հատկացված հողամասից դուրս են գտնվում: Փաստացի կազմվում է հողահատկացման սխալ պայմանագիր: Այս հողահատկացումով էլ հյուրանոցը դրվում է աճուրդի, որն էլ Մարատ Ստեփանյանը ձեռք է բերում: Դրանից հետո ֆինանսավորման բանակցությունները մի քանի տարի են տևում, և սկսվում է շինարարությունը:
Այն ժամանակ, երբ հյուրանոցի շենքը բարձիթողի վիճակում էր, վարդենիսցիներից մեկը հյուրանոցի տարածքի մոտ երկու ցիստեռն է տեղադրում և սկսում է բենզինի վաճառք իրականացնել: Այնուհետև բենզինի վաճառք իրականացնողը քաղաքապետարանի հետ հողի վարձակալության պայմանագիր է կնքում, որպեսզի այդտեղ ժամանակավոր առևտրային գործունեություն իրականացնի: Հյուրանոցի շինարարությունն սկսելուց հետո Մարատ Ստեփանյանը դիմում է քաղաքապետին առ այն, որ բենզինի վաճառքն իրականացվում է կառուցվող շինությունից ընդամենը 5 մետր հեռավորության վրա, և խնդրում է քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնել պայթուցիկ նյութ հանդիսացող բենզինի վաճառքը: Քաղաքապետն էլ պատասխանում է, որ բենզինի վաճառքի կետը հանդիսանում է ժամանակավոր կառույց: Եվ խոստանում է բենզինի վաճառքի համար նոր տեղ հատկացնել: Այս ժամանակահատվածում կառուցապատողը սպասել է, որ բենզինի վաճառքի այդ կետը տեղափոխվի: Սակայն, որոշ ժամանակ անց, Մ. Ստեփանյանը տեղեկացել է, որ քաղաքապետարանը բենզինի վաճառքի ժամանակավոր տրամադրած տարածքի վաճառքի աճուրդ է հայտարարել, այն ժամանակավորից մշտականի վերածելու համար: Եվ աճուրդի մասին հայտարարություն է զետեղվել սույն թվականի հունվարի 12-ի «ՀՀ» օրաթերթում: Տեղեկանալով այդ մասին՝ Մ. Ստեփանյանն էլ հայտ է ներկայացնում աճուրդին մասնակցելու համար: Սակայն քաղաքապետարանը մերժում է Մ. Ստեփանյանի հայտի ընդունումը, և հայցվորը դիմում է Գեղարքունիքի մարզպետարան, առ այն, որ Վարդենիսի քաղաքապետարանը մերժում է աճուրդին մասնակցելու իր հայտի ընդունումը: Եվ մարզպետարանի աշխատակազմից 2008թ. փետրվարի 27-ին հայտնում են, որ «ՀՀ» օրաթերթի հունվարի 12-ի համարում հյուրանոցին կից հողամասի աճուրդ-վաճառքի մասին տրված հայտարարությունը նույն թերթի փետրվարի 8-ի համարում չեղյալ է համարվել, հետագա պարզաբանումների համար պետք է դիմել Վարդենիսի քաղաքապետարան: Այստեղ նաև քաղաքապետ Վ. Բարսեղյանը հայտնել է, որ չի կարող այդ պահին բենզինի վաճառքի կետը հանել, քանի որ սպասվում են քաղաքապետի ընտրություններ, և բենզինի վաճառքն իրականացնողի ազգականներն իրեն քվեարկության ժամանակ ձայն չեն տա: Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ հարցը կլուծվի միայն քաղաքապետի՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Սակայն, քաղաքապետարանը երկու շաբաթ առաջ կրկին այդ տարածքի վաճառքի մասին հայտարարություն է տալիս և մոտ 40 քմ հողատարածք, 1 քմ-ն ընդամենը 1200 դրամով, վաճառում բենզինի վաճառակետի տիրոջը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նախագծով հյուրանոցին հատկացված հարակից տարածքը դիտվել է սպասարկվող գոտի և ավտոկայանատեղի: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, այդ տարածքի համար քաղաքապետը 3 հազար դոլար է վերցրել։ Եվ ելնելով այն հանգամանքից, որ հյուրանոցի հարակից տարածքից հողամասի վաճառք է իրականացվել, որը խոչընդոտ է հանդիսանալու հյուրանոցի հետագա գործունեության համար, ներդրողը որոշել է դադարեցնել ֆինանսավորումը:
Սակայն պարզվեց, որ սա Վարդենիսում առաջին դեպքը չէ, երբ նման կերպով տեղի է ունենում հողամասի վաճառք: Այդ ձևով նաև Վարդենիսի թիվ 2 դպրոցին կից տարածքում տեղադրվել են ժամանակավոր առևտրային կրպակներ, որոնցով անանցանելի էր դարձել դպրոցի մուտքին հարակից հետիոտների համար նախատեսված մայթը: Սակայն Վարդենիսի քաղաքապետարանի անցկացրած աճուրդով, արդեն իսկ դպրոցի տարածքից, հողահատկացում է կատարվել, որտեղ էլ կառուցվելու են հիմնավոր առևտրի տաղավարներ:
Փաստացի, Վարդենիս քաղաքում, որտեղ հնարավոր է, վերջին 3 տարում, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ մարդկանց բնակարանների մուտքն է փակվել կամ մայթերն են վերացել, առևտրային տաղավարներ կառուցելու համար հողահատկացումներ են կատարվել: Նմանատիպ աճուրդով (6 մլն դրամով) վաճառվել է նաև նախկին ժամացույցի գործարանի շենքը, որտեղ մինչ այդ տեղակայված է եղել Վարդենիսի գեղարվեստի դպրոցը:
Ավելի զարմանալին այն էր, որ համատարած հողահատկացումների և կազմակերպվող աճուրդների զոհ էր դարձել Հայրենական պատերազմի տարիներին զոհված վարդենիսցիների հիշատակին կառուցված հուշարձանը: Այն, քաղաքապետ Վ. Բարսեղյանի համաձայնությամբ, 32 տարով վարձակալության է տրամադրվել մի անհատի, որն այնտեղ կառուցապատման աշխատանքներ էր իրականացնում: Հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ հուշարձանին հարակից երկու խանութների պահեստային մուտքը հուշարձանի կողմից է: Խանութների տերերն այդ առիթով բողոքել են մարզի դատախազությանը, սակայն այնտեղից Վարդենիսի քաղաքային ոստիկանության միջոցով հայտնել են, որ հանցագործության հանցանշանների բացակայության պատճառով դիմում-հայցը կարճված է, և որ այդ տարածքը նախատեսված է միայն հետիոտների համար:
Ի դեպ, Վարդենիսում, ինչպես պնդում էին տեղաբնակները, խոր արմատներ է ձգել ամբողջ հանրապետությունում գործող արատավոր մի երևույթ ևս. «Փարոս»-ի անդամ յուրաքանչյուր ընտանիք ամեն տարի ստիպված 5000 դրամ է մուծում քաղաքապետարանի համապատասխան ծառայությանը, որպեսզի ստանա համապատասխան տեղեկանքը: Իսկ տարածքային սոցիալական ծառայությունը տարվա մեջ 2-3 ամսվա նպաստները պահում է իրեն: Եվ պատահական չէր, որ, ասենք, քաղաքապետի աշխատակազմի ղեկավարը Վարդենիսի քարուքանդ փողոցներով շրջում էր «Ֆոլքսվագեն Տուարեգ» ավտոմեքենայով։
Վերջում հավելենք. վարդենիսցիներն արձանագրում էին, թե հոկտեմբերի 26-ին կայանալու են քաղաքապետի ընտրությունները, և փաստում էին, որ գործող քաղաքապետը պատրաստվում է յուրաքանչյուր ձայնի դիմաց 10 հազար դրամ վճարել` այն պարագայում, երբ նախորդ ընտրություններում ձայնն արժեցել է 5 հազար դրամ։
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8269

Մեկնաբանություններ