ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշխատուժի առաջարկի ամենաբարձր ցուցանիշը Երևանն ունի

Աշխատուժի առաջարկի ամենաբարձր ցուցանիշը Երևանն ունի
14.10.2008 | 00:00

ՉՈՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կազմակերպած հերթական՝ չորրորդ աշխատանքի տոնավաճառը կանցկացվի Գյումրիում հոկտեմբերի 14-ին։ Նախորդ երեքն անցկացվել են Երևանում, Գորիսում և Աբովյանում, այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Ակնկալվում է, որ տոնավաճառին կմասնակցի մոտ 40 գործատու և ավելի քան 1000 աշխատանք փնտրող, կներկայացվի մոտ 150 թափուր աշխատատեղ։
Հերթական տոնավաճառը նախատեսվել է անցկացնել Գյումրիում՝ հաշվի առնելով մարզում գործազրկության բարձր մակարդակը և ՀՀ կառավարության գերակայությունները։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք փնտրողների թվաքանակը կազմում է շուրջ 91 հազար մարդ (գործազրկության մակարդակը՝ 6,3 տոկոս), որից 15 հազար 200-ը՝ Շիրակի մարզում։ Այստեղ պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը միջինից բարձր է և կազմում է 12,9 տոկոս։
Աշխատանքի տեղավորման լուրջ խնդիրներ ունեն երիտասարդները, ովքեր, չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, մերժվում են գործատուի կողմից։ Զբաղվածության պետական ծառայության իրականացրած բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում, 2009-ի ընթացքում ծրագրվում է իրականացնել նման աշխատանքի 6 տոնավաճառ, որոնք զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացման գործողությունների մաս են կազմում, միջազգայնորեն գնահատվում են որպես զբաղվածության ծառայությունների մատուցման արդյունավետ գործիք և օժանդակում են զբաղվածության հիմնախնդիրների հաղթահարմանը։
Նախորդ երեք տոնավաճառներին մասնակից գործատուների ներկայացրած 600 թափուր աշխատատեղերից 223-ը լրացվել են մոտ երեք ամսում։ Տոնավաճառին մասնակցած գործատուների մեծ մասը գերազանց է գնահատել տոնավաճառի դերն իրենց կազմակերպության կադրային կառավարման գործընթացում, իսկ մասնակցած աշխատանք փնտրողների կարծիքով՝ տոնավաճառները զգալիորեն հեշտացնում են իրենց գործը և օգնում արագ աշխատանք գտնելու։
Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հանրապետությունում առաջին ութ ամիսներին տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 1 միլիոն 193 հազար 900 է, որից զբաղվածների թիվը՝ 1 միլիոն 118 հազար 900։ Հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակն օգոստոսին տարեսկզբի նկատմամբ նվազել է 0,2 տոկոսով։ 2008-ի օգոստոսի վերջի դրությամբ երկրում աշխատանք է փնտրում 91 հազար 300 մարդ, որից 6 հազար 400-ը՝ 16-24 տարեկան, 11 հազար 900-ը՝ 25-30։ Աշխատուժի առաջարկի ամենաբարձր ցուցանիշն ունի Երևանը՝ 20 հազար, որին հաջորդում է Շիրակի մարզը՝ 15 հազար 200, Լոռին՝ 13 հազար 500, իսկ ամենանվազ ցուցանիշն ունի Վայոց ձորը՝ 1600։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6683

Մեկնաբանություններ

դարձ կապ