ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Աշակերտը պետք է լավ քրիստոնյա լինի, մեծ հոգու տեր մարդ ու ճիշտ դաստիարակված»

«Աշակերտը պետք է լավ քրիստոնյա լինի, մեծ հոգու տեր մարդ ու ճիշտ դաստիարակված»
26.09.2008 | 00:00

«ՍՐՏԻՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՈՃ»
Սինդեն-րյու ձյու ձյուցուն արևելյան մարտարվեստ է: Ճապոներենից թարգմանաբար նշանակում է «սրտից փոխանցվող ոճ»: Այն իր հետևորդներն ունի Հայաստանում: Ավելին: Այս տարի գարնանը, երբ մեր մարզիկները` Հենրիկ Շահբազյանի գլխավորությամբ, Ճապոնիայում ցուցադրեցին իրենց հայկականացրած այս կարատեի մարտաոճը, այն գրանցվեց որպես մարտարվեստի հայկական ոճ` իր հոգևոր հիերոգլիֆով: Սա միակ քրիստոնեական մարտարվեստն է, որի հիմքում դրված են խաղաղասիրությունն ու ինքնապաշտպանությունը:
ԿԻՏԱՆՈ ՏԱԿԱՈՆ հայ մարզիկների ուսուցիչն է: Նա Ճապոնիայի կայսերական պալատի անդամ է, սինդեն-րյու ձյու ձյուցուի հիերարխիայում՝ 3-րդ մարդը: Սեպտեմբերի 30-ին կլրանա արևելյան մարտարվեստի մեծ վարպետի 65-ամյակը: Օրերս նա աշխատանքային այցով գտնվում էր Երևանում և մեկնելու նախօրեին սիրով համաձայնեց հարցազրույց տալ «Իրավունքը de facto»-ին:

-Ինչպե՞ս սինդեն-րյու ձյու ձյուցուն հայտնվեց Հայաստանում, որտեղ, ի դեպ, արևելյան մարտարվեստի մի քանի ոճեր արդեն ներկայացված են:
-2005-ին Հունգարիայում ծանոթացա Գրիգոր Շեկոյանի հետ, որն այսօր Ճապոնիայի կայսերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Նա ինձ պատմեց, որ Երևանում հոգևոր ուսուցիչ ունի, հոգևոր եղբայրներ, աշակերտներ ունի, հոգևոր աշխարհի հետևորդ է և ուղղորդվում է խաղաղասեր հոգեբանությամբ: Ես ցանկություն հայտնեցի այցելել Հայաստան, ճանաչել հայ ժողովրդին և իմ մարտարվեստը փոխանցել նրան: 2006-ին Բրյուսելում մարտարվեստների համաշխարհային փառատոնի օրերին կրկին հանդիպեցինք Գրիգոր Շեկոյանի հետ և պայմանավորվեցինք, որ 2007-ին կհյուրընկալվեմ Երևանում: Իմ առաջին այցելության ժամանակ համոզվեցի, որ Հայաստանը պարարտ հող է սինդեն-րյու ձյու ձյուցուի ներդրման և զարգացման համար: Չէ՞ որ այս մարտարվեստի գաղտնիքներին տիրապետելու հնարավորություն տալիս են միայն նրանց, ովքեր մեծ հոգի ունեն և խաղաղասեր են: Վայրենի, ագրեսոր մարդիկ զրկված են այդ հնարավորությունից:
-Դուք այդքան կարևորո՞ւմ եք աշակերտի տեսակը:
-Այո, միանշանակ և բավական խիստ: Ինձ համար շատ կարևոր և առաջնային են աշակերտի հոգևոր արժեքները: Ես այժմ Հայաստանում եմ և համարում եմ, որ աշակերտը պետք է լավ քրիստոնյա լինի, մեծ հոգու տեր մարդ ու ճիշտ դաստիարակված: Միայն այդ դեպքում ես նրան անշահախնդրորեն կբացահայտեմ սինդեն-րյու ձյու ձյուցուի գաղտնիքները: Բնական է, ես շատ լավ պատկերացնում և հասկանում եմ, թե ինչ է իրենից ներկայացնում քրիստոնյա մարդը և ինչ է նշանակում լավ քրիստոնյա լինել: Եթե մարտարվեստն ունի իր հոգեբանությունը, ոճը, իր ուղին, ապա պետք է պահպանել դրանք և քայլել այդ ճանապարհով: Իսկ սինդեն-րյու ձյու ձյուցուի ճանապարհը երկար է, և ոչ ոք չի կարող այն արագ, հապճեպ անցնել. հարկավոր է ծանր փորձությունների միջով անցնել, ձեռք բերել որոշակի անհրաժեշտ հատկանիշներ: Բացի այդ, մի մոռացեք, որ սինդեն-րյու ձյու ձյուցուն «սրտից փոխանցվող ոճ» է, ինչը նշանակում է, որ ես ընտրում եմ միայն սրտիս մոտ մարդկանց:
-Պետք է ենթադրել, որ հայ գործընկերների հետ Դուք բազմամյա ծրագիր եք իրականացնում:
-Այո: Մենք 6-ամյա ծրագիր ենք իրականացնում, և, համաձայն դրա, ես ամեն տարի պետք է պարտադիր այցելեմ Երևան: Սա իմ երկրորդ այցն է: Ինձ համար շատ հաճելի է այստեղ աշխատել: Չէ՞ որ գտնվում եմ այնպիսի հիանալի մարդկանց շրջապատում, ինչպիսիք են Շահբազյան սանը, Շեկոյան սանը, Հակոբյան սանը, Խաչիկ, Անդրանիկ, Հրաչ, Մամիկոն եղբայրները: Մենք մի ընտանիք ենք: Չեմ թաքցնում, Ճապոնիայի կայսերական պալատը որքան էլ պարտադրում է կատարել ծրագրային պայմանավորվածությունը, նույնքան էլ թույլատրում է միակողմանի խզել այն, եթե դիմացինը չի համապատասխանում վերը նշված պահանջներին: Բայց ես կրկնում եմ` աշխատանքներն այստեղ ավելի քան նորմալ են ընթանում: Աշակերտներս բոլորն էլ հրաշալի աշխատում և շատ լավ ընկալում են հնարքները: Շեշտեմ, որ բազմամյա ծրագիրը բազմափուլ աշխատանք է ենթադրում: Առաջին տարին սկսնակ գոտիների փուլն է, այնուհետև գալիս են 1-5-րդ վարպետական փուլերը:
-Դուք ուսումնական նյութեր թողնո՞ւմ եք Ձեր աշակերտներին:
-Ոչ: Ավելին, արգելում եմ լուսանկարել կամ նկարահանել պարապմունքները: Օրական 2-3 հնարք եմ սովորեցնում և մինչև չեմ համոզվում, որ աշակերտներս լրիվ յուրացրել են դրանք, առաջ չեմ գնում: Այս հնարքները ես, պատկերավոր ասած, ձեռքից ձեռք եմ փոխանցում։ Աշակերտներս պետք է զգան իմ ձեռքի ուժգնությունը, ձեռքի հոսքը, շնչառության հոսքը, էներգիայի հոսքը… Այլապես կուղարկեի դասընթացի ձայնագրության սկավառակը և գործն ավարտված կհամարեի: Համոզված եմ, որ իմ այս չարչարանքը և այս երկար ուղևորությունն արդարացված են։ Ես արդյունքը տեսնում եմ:
-Հայաստանից բացի, էլ ո՞ր երկրներում եք դասավանդում սինդեն-րյու ձյու ձյուցու մարտարվեստը:
-Հայաստանը երկրորդ երկիրն է։ Սկսել եմ Ռումինիայից, ուր, ի դեպ, պատրաստվում եմ մեկնել Երևանից: Մեծ Բրիտանիայում նույնպես ցանկություն են հայտնել սովորել սինդեն-րյու ձյու ձյուցու մարտարվեստը: Հունգարիայում, ընդհակառակը, դադարեցրի ուսուցանել. այդ երկրի ներկայացուցչի վարքը պատճառ դարձավ, որ կայսերական պալատը միակողմանի խզի պայմանավորվածությունը: Ես 30 տարուց ավելի է` դասավանդում եմ սինդեն-րյու ձյու ձյուցու մարտարվեստը: Թող զարմանալի չթվա, ես էլ սինդեն-րյու ձյու ձյուցուի կազմակերպությունում ունեմ իմ վարպետը: Նա կայսերական պալատի ղեկավարների կազմում 3-րդն է, սինդեն-րյու ձյու ձյուցուի ամենագլխավոր մարդը: Չնայած պատկառելի տարիքին` վարպետն 87 տարեկան է, նա բավական կայտառ է և աշխատում է երիտասարդական ավյունով:
-Ի՞նչ տպավորություններով եք մեկնում Հայաստանից:
-Տպավորություններս հենց այստեղից են սկսվում, այն մարդկանցից, ովքեր այժմ շրջապատում են ինձ, ում օգնությամբ ես Հայաստանն է՛լ ավելի ճանաչեցի ու սիրեցի: Իմ ուշադրությունը գրավեցին հայկական եկեղեցիները. դրանք շատ բարձր չեն, կոմպակտ են, և նրանցում սիրտ ու հոգի կա: Եվրոպական եկեղեցիները, օրինակ, ավելի բարձր են, և այնտեղ բավական սառն է: Ես զբոսնել եմ Երևանում, հայերը շատ գեղեցիկ են, մանավանդ` հայուհիները: Հաջորդ տարի ցանկանում եմ Հայաստան այցելել գարնանը, որպեսզի տպավորություններս ձեր հինավուրց երկրից էլ ավելի հարստացնեմ: Մենք` ճապոնացիներս, մի կարևոր հատկանիշ ունենք. եթե մարդկանց, ժողովրդի հետ սրտի և հոգևոր կապվածություն ենք հաստատում, երբեք այն չենք խզում:
-Անշուշտ, հեռվից դիտել եք Արարատ սարը: Կարո՞ղ եք համեմատել Արարատն ու Ֆուձիյաման:
-Երկուսն էլ չափազանց գեղեցիկ ու սիրելի են, և երկուսն էլ սուրբ սարեր են համարվում: Պարզապես Ֆուձիյաման Արարատից ցածր է. այն 3770 մետր է, իսկ ձեր Արարատը` 5165: Մի առանձնահատկություն նշեմ. մեր Ֆուձիյաման կանգնած է բացատում և մենք անարգել բարձրանում ենք այն, Ֆուձիյաման նույնիսկ զբոսավայր է: Ի դեպ, այնտեղ հոգևոր մենակյացներ են ապրում: Արարատ սարը շրջապատված է լեռներով, և բարձրանալիս միշտ կարող են խնդիրներ ծագել:
-Ըստ մեր Աստվածաշնչի, ամբողջ մարդկությունը Նոյից է սկսվել, բոլոր ազգերն այստեղից են սկիզբ առել` Արարատյան դաշտից: Կարելի՞ է ասել` Դուք եկել եք Ձեր պապերի հայրենիքը…
-Հայաստանից ստացած տպավորություններիս մասին պատմելիս նշեցի, որ դրանք հիանալի ու անջնջելի են, և ես ինձ շատ լավ ու հիասքանչ եմ զգում այստեղ: Իսկ մարդն այդպես հարմարավետ կարող է զգալ միայն իր հայրենիքում:
Զրուցեց Գևորգ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5068

Մեկնաբանություններ