ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Զգում եմ, որ ֆիլմը ստացվել է»

«Զգում եմ, որ ֆիլմը ստացվել է»
07.11.2008 | 00:00

«Ո՛Չ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»
«Տխուր փողոցի լուսաբացը». այսպես է կոչվում Հայաստանի ազգային կինոկենտրոնի արտադրությամբ օրերս մեծ էկրան բարձրացած գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյանն է: Ռեժիսորական մեծ վարպետությամբ կինոժապավենին են հանձնվել մեր ժողովրդի ապրած դառն օրերը` երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, ղարաբաղյան պատերազմ, հայի վճռականություն և, ի վերջո, հաղթանակ: Ֆիլմում ևս մեկ անգամ ընդգծվում են հայի անկոտրում կամքն ու հայրենասիրությունը, ազգային ոգին, լավատեսությունը, ասել է թե՝ հայի սրտում իր ուրույն տեղն ունեցող «լուսաբացը»: Թե ինչ ճակատագիր կունենա այս ֆիլմը, ռեժիսորը չի ցանկանում գնահատականներ տալ, պարզապես անկեղծանում է. «Զգում եմ, որ ֆիլմը ստացվել է: Ես աշխատում եմ հոգուս թելադրանքով, նկարում այն, ինչը տարիների ընթացքում հավաքվում է հոգուս մեջ, շաղախվում ու տանջում ինձ, իսկ հետո աշխատում եմ ֆիլմի տեսքով ազատվել այդ տանջանքից»:
Ռեժիսորը խոստովանում է, որ տեխնիկական պատճառներով այս ֆիլմն ահռելի դժվարությամբ է նկարահանել, և եթե իր նախորդ ֆիլմերի նկարահանման աշխատանքները երկու ամիս են տևել, ապա այս ֆիլմինը` երկու տարի:
«Տխուր փողոցի լուսաբացում» նկարահանվել են մեր օրերի լավագույն դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ, պետական մրցանակի դափնեկիրներ Գուժ Մանուկյանն ու Անահիտ Քոչարյանը: Վերջինիս գնահատմամբ` ֆիլմի ամենամեծ արժանիքն այն է, որ առանց պատերազմի դաշտի ցանկացած կադրում, ցանկացած կերպարի մեջ պատերազմի դառը շունչը ներկա է։ «Կարծում եմ` դիտելով այս ֆիլմը, ցանկացած մարդ կասի. «Ո՛չ՝ պատերազմին, քանի որ պատերազմում հաղթողներ չկան, պատերազմում կա կորուստ, ցավ, ավերվածություն: Ֆիլմը բարությամբ, լավատեսությամբ ու հաղթողի մեծահոգությամբ է լցված»,- ասում է դերասանուհին:
Մինչև տարեվերջ ազգային կինոկենտրոնը կինոսիրողի դատին կհանձնի ևս երեք գեղարվեստական ֆիլմ` Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» («Պարալելս ֆիլմ պրոդաքշըն Հայաստան», Շվեյցարիա, Նորվեգիա, Ֆրանսիա), Դավիթ Սաֆարյանի «Նա և նեն» (Հոլանդիա, Գերմանիա), Միքայել Դովլաթյանի «Սողանքը»:
Արտադրության մեջ են Վահե Գևորգյանի «Օրորոցային», Սուրեն Բաբայանի «Մի՛ նայիր հայելուն» (ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ), Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» և «Սպիտակ ձիու ամառը», Արամ Շահբազյանի «Չնչիկը», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդություն» (Ֆրանսիայի հետ համագործակցությամբ) ֆիլմերը:
Ավարտվել է նաև մի քանի մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրությունը` Նարինե Մուրադյանի «Մումի տրոլը», Վրեժ Քասունու «Ավրորան», Յուրա Մուրադյանի՝ Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանած «Բիթլիսը»: Շուտով պատրաստ կլինի ևս 3 մուլտիպլիկացիոն կինոնկար` Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի 8-րդ մասը, Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգը», Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն» մուլտֆիլմի 3-րդ մասը: Այս տարի կինոկենտրոնն ավարտել է «Գժուկ» մանկական-երգիծական կինոհանդեսի 6 մասերը, կնկարահանվի ևս 6 սյուժե:
Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7775

Մեկնաբանություններ