ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ադրբեջանը փորձում է իր քաշին ու կարգավիճակին անհամարժեք դեր խաղալ»

«Ադրբեջանը փորձում է իր քաշին ու կարգավիճակին անհամարժեք դեր խաղալ»
17.04.2009 | 00:00

ԲԱՔՈՒՆ ՆԵՂԱՑԱԾ Է «ԱՎԱԳ ԵՂԲՈՐԻՑ»
Տարածաշրջանում շատ կարևոր իրադարձությունների խորապատկերի վրա Ադրբեջանի նախագահը Դմիտրի Մեդվեդևի հրավերով մեկնեց Մոսկվա։ Ռուսական պաշտոնական շրջանակների ներկայացմամբ, սա ընդամենը պլանավորված աշխատանքային այց էր։ Սակայն, դրանից բացի, երկու նախագահների առաջին հանդիպումն էր` մարտին Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեից հետո, որով, ըստ էության, ամրագրվեց Իլհամ Ալիևի ցկյանս կառավարումը։
Ինչպես վերջերս հայտարարեց Ռուսաստանի նախագահը, Բաքուն Մոսկվայի «մերձավոր դաշնակիցն» է, որի հետ հաստատվել են «հատուկ հարաբերություններ», ու, բնականաբար, քննարկելու շատ բան կա։ Այդուհանդերձ, փորձագետների մեծամասնությունն Ալիևի մոսկովյան այցի ողջ ինտրիգը տեսնում է նրանում, որ այդ հրավերը Կրեմլից ուղարկվեց անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել «Քաղաքակրթությունների երկխոսություն» ստամբուլյան գագաթաժողովին, պատճառաբանելով դա հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի համար անընդունելի զարգացումներով։ Այլ կերպ ասած, Բաքուն նեղացած է «ավագ եղբորից», թեպետ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ընդգծում են, որ կարիք չկա մոսկովյան հանդիպումը դիտարկել իբրև Անկարայի նկատմամբ բողոքի դրսևորում։ Ինքը` Ադրբեջանի նախագահը, այս կապակցությամբ նույնիսկ նշեց. «Ադրբեջանը մտադիր չէ միջամտելու տարածաշրջանի այլ երկրների միջև երկկողմ հարաբերություններին»։ Սակայն, միաժամանակ, այսպիսի համընկնումը քաղաքականության մեջ պատահական չէ, դիվանագիտական բնորոշմամբ` ռուս պաշտոնակիցը ժամանակին «փրկօղակ» նետեց Ադրբեջանի նախագահին, որն էլ, իբրև երախտիքի դրսևորում, ցույց է տալիս, թե այսուհետ ամեն ինչ անելու է Կրեմլի հետ համաձայնեցված։
Մինչդեռ չի կարելի բացառել, որ այս դրսևորումների թիկունքում իսկապես լուրջ քաղաքական հակասություններ ու տարաբնույթ մտադրությունների դրսևորումներ կան։ Չեզոք դիտորդների գնահատմամբ, Ալիևի ներկա կեցվածքը պայմանավորված է տարածաշրջանում սպասվող գլոբալ փոփոխություններով, ինչը չի բացառում, որ Ադրբեջանը նոր ռազմավարական ընտրություն կատարի։ Չի կարելի բացառել և այն, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն առիթ ու հնարավորություն տվեց Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվելու հռչակված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունից և որդեգրելու ավելի ռուսամետ կուրս, մանավանդ որ դա խրախուսում է Մոսկվայում գործող լավ ապահովված ու ազդեցիկ ադրբեջանական լոբբին, որը գլխավորում է Իլհամ Ալիևի դուստր Լեյլան, ով միաժամանակ ադրբեջանական ծագում ունեցող ռուսական հայտնի նավթային մագնատի հարսն է։ Քաղաքագետ Իլղար Մամեդովը հետևյալ կարծիքն է հայտնել. «Ալիևի հրաժարումը Թուրքիա մեկնելուց, հարաբերությունների սրումն այդ եղբայրական երկրի հետ և դրանից հետո այցելությունը Ռուսաստան ցույց են տալիս, որ Ադրբեջանը ռազմավարական ընտրություն է կատարել, և դա անհաջող ընտրություն է` Ռուսաստանի օգտին»։ Ադրբեջանական ընդդիմությունն իր հերթին հայտարարում է, թե իշխանությունների ռուսամետ քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, երկրի ժողովրդավարացում չի պահանջում։
Անկասկած է, որ հաճախ միջազգային հարաբերությունների հռետորաբանության մեջ փոքր երկրների համար «բազմավեկտորություն» կամ «ճկունություն» հասկացությունները սուր պրոբլեմները քողարկելու ձև են, ինչն ինքնին խոչընդոտ է դառնում լուրջ աշխարհաքաղաքական բաժանումների գործընթացներում։ Այսօր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որը երկրների ղեկավարներից պահանջում է ոչ միայն քաղցր բառեր, լայն ժպիտներ, ծանր իրավիճակներից դուրս գալու կարողություն, այլև ավելի որոշակի ու համարժեք գործողություններ։ Չի բացառվում, որ Ռուսաստանի համար թուրք-ադրբեջանական հարաբերությունների որոշակի սառեցումը ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծել։ Ադրբեջանի նախագահն իր հերթին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, բայց միաժամանակ պարզ է, որ ներկայիս բանակցությունները տարածաշրջանային էներգետիկ նախագծերի շուրջ և ադրբեջանական գազի մատակարարումների վերաբերյալ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում և հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցություններով, ավարտական փուլին չեն հասել։ Առայժմ առևտուր է ընթանում, իսկ գործողությունները սպասելի են հեռանկարում։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կան որոշ նրբերանգներ, որ կարող են ուրվագծել ռուսական նոր «սեպարատ նախաձեռնությունների» էությունը։ Կա վարկած, որ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Ռուսաստանում կազմակերպել Սարգսյան-Ալիև նոր հանդիպում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս նոր բանակցային գործընթաց սկսելու նպատակով։ Այս խորապատկերի վրա բնութագրական է նաև, որ Ադրբեջանի նախագահն առայժմ որոշում չի կայացրել Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Պրահայում Հայաստանի նախագահի հետ հանդիպելու վերաբերյալ։ Եթե դա այդպես է, ապա միաժամանակ չի բացառվում, որ Մոսկվան փորձի Թուրքիային էլ ընդգրկել իր նախաձեռնած բանակցային գործընթացում։ Հայտնի է, որ Կրեմլն արդեն վաղուց և հետևողականորեն ձգտում է վերականգնել իր ազդեցությունն ու ռազմական ներկայությունն Ադրբեջանում` հատկապես ռուսական խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնելու ճանապարհով։ Իսկ դրա համար Մոսկվային անհրաժեշտ է առաջին հերթին ի չիք դարձնել արդեն վաղուց ձևավորված պայմանավորվածությունները, թե խաղաղապահ գործընթացին չպետք է մասնակից դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների զինված ուժերը։ Թեկուզ և ադրբեջանական իշխանությունները շարունակ կրկնում են, թե թույլ չեն տա որևէ այլ երկրի զինված ուժերի մուտքն իրենց տարածք, մի շարք քաղաքագետների պնդմամբ, ռուսական զորքերի մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի Ադրբեջանի համար կնշանակեր Ղարաբաղի վերջնական կորուստ։ Չնայած դրան, այս կապակցությամբ առևտուրը բոլորովին էլ չի բացառվում։
Բնութագրական է և զայրացուցիչ, որ իրենց պատրանքներում ադրբեջանական քաղաքագետներն անտեսում են ԼՂՀ-ի կամ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը և ամեն ինչ կապում Կրեմլի ներկա տերերին նվիրվածության ապացույցների հետ։ Մասնավորապես Լեյլա Ալիևան նշում է. «Ռուսաստանն ու Ադրբեջանը բանակցություններում միմյանցից կպահանջեն առավելագույն զիջումներ, բայց միաժամանակ պարզ է, որ այդպիսի զիջումներ երկու կողմերից էլ չեն լինելու։ Սակայն հնարավոր է ոչ այդքան նշանակալի առաջընթաց, որը ձեռնտու կլիներ բոլոր կողմերին` 2-3 շրջան Ադրբեջանին վերադարձնելու տեսքով»։ Իսկ քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն ավելի «հեռուն» է գնում. «Կարծում եմ, որ Ռուսաստանի համար այժմ ամենահարմար պահն է Ադրբեջանին առաջարկելու Լեռնային Ղարաբաղը։ Ռուսաստանը դրա արդյունքում կարող է ստանալ տնտեսական ու աշխարհաքաղաքական լուրջ դիվիդենդներ»։ Արդեն փորձով իմաստնացած Վաֆա Գուլուզադեն էլ իր հերթին ուղղակիորեն առաջարկում է. «Մենք պետք է Մոսկվայի առջև դնենք միակ կարևորագույն հարցը, որպեսզի նա չափավորի իր դաշնակից Հայաստանի ախորժակը»։ Այսպիսով, Բաքվում կրկին համախմբում է նկատվում պատրանքային այն գաղափարի շուրջ, թե հնարավոր է Ռուսաստանին առաջարկել գազ` հայկական տարածքների դիմաց։
Ինչ վերաբերում է գազին, ապա արևմտյան էներգետիկ նախագծերով խիստ մտահոգված Մոսկվայի համար Բաքվի «գազային շանտաժը» կարող է հիպոթետիկ հեռանկարներ խոստանալ։ Այսինքն` Կրեմլում կարող են «պրագմատիկ» ենթադրություններ անել, թե Ալիևի համար ռուսական հովանավորությունը Ղարաբաղի վերադարձով ավելի նախընտրելի կարող է լինել, քան Արևմուտքի բոլոր խոստումները։ Այդ պատճառով էլ Կասպից ծովի արևելյան` թուրքմենական ափում տակտիկական պարտություն կրած Մոսկվան կարող է փորձ անել կորցրածը հետ բերել Ադրբեջանում։ Մանավանդ որ արագ կարգով գազային թեմայով հուշագիր է ստորագրվել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, և ռուսական ԶԼՄ-ների մատուցմամբ` «Գազպրոմին» իբր հաջողվել է «փակել» արևմտյան «Նաբուկո» նախագիծը սնուցող հիմնական աղբյուրը։ Սակայն ցանկալին իրականությունից խիստ տարբեր է։ Արևմտյան ներդրողները հիանալի գիտեն, որ յուրաքանչյուր հուշագիր քաղաքական փաստաթուղթ է, և չի կարելի այն դիտարկել իբրև նման կարևոր հարցում լուրջ պայմանավորվածություն։ Մանավանդ որ Ադրբեջանի համար այսօր առաջնային է գազամատակարարման ապահովումը հարավկովկասյան խողովակաշարով դեպի Թուրքիա։ Անգամ եթե ենթադրենք, որ Անկարայից վիրավորված և ղարաբաղյան թեմայի սպեկուլյացիաներով գայթակղված Բաքուն կարող է դադարեցնել արևմտյան ծրագրերի իրագործումը, բոլոր դեպքերում դա էլ մեծ արդյունքներ չի խոստանում։ Եթե ԱՄՆ-Իրան հարաբերություններում արձանագրվի առաջընթաց, նույն «Նաբուկո» նախագիծը կիրականացվի Ադրբեջանի տարածքը շրջանցելով` Կենտրոնական Ասիա-Իրան-Թուրքիա-Եվրոպա երթուղով։ Մոսկվայի գազային ախորժակների համար սառը ցնցուղ էր նաև ՈՒկրաինայի նախագահի այցելությունը Բաքու, որտեղ Վիկտոր Յուշչենկոն ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկեց «Սպիտակ հոսք» խողովակաշարի կառուցման հեռանկարները Վրաստան-Սև ծով-ՈՒկրաինա-Եվրոպա երթուղով։
Այնպես որ մոսկովյան հանդիպման արդյունքներն էլ հազիվ թե մխիթարիչ լինեն ռուսական կողմի համար։ Ալիևի այցն ավելի շուտ արձանագրային է ու շատ կողմերով դեկորատիվ։ Բաքուն առայժմ որևէ համաձայնություն չի տա Մոսկվայի առաջարկներին աշխարհաքաղաքական անորոշության ներկա իրավիճակում։ Նաև այն պատճառով, որ ռուսական խաղով տարվելու Ադրբեջանի նախագահի հակումը սկսել է որոշակի գրգռվածություն առաջացնել ինչպես Անկարայում, այնպես էլ Վաշինգտոնում։ Բնութագրական է, որ Թուրքիայի կառավարող կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին անտեսեցին ու չմասնակցեցին Բաքվում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կազմակերպված կոնֆերանսին։ Ինչպես նշել է ռուսական ԶԼՄ-ներից մեկը, բոլորովին չի բացառվում, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում Ալիևին փոխարինելու հավակնորդների փնտրտուք կա, իսկ Թուրքիայի արտգործնախարարն էլ նշել էր, թե իրեն քիչ է հետաքրքրում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Բաքվի արձագանքը, մանավանդ որ Ադրբեջանը վերջին շրջանում «փորձում է տարածաշրջանում իր քաշին ու կարգավիճակին անհամարժեք դեր խաղալ»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ