ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից

Գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից
13.02.2009 | 00:00

ՀԱՏՈՒԿ «Իրավունքը de facto»-Ի ՀԱՄԱՐ
«Երբե՛ք չմոռանաք, որ ձեր անձնական պատիվը կապված է ձեր զինակիցների, ձեր զորամասի, ձեր ցեղի պատվի հետ։ ՈՒստի սովորեցե՛ք գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից թե՛ կռվում և թե՛ կռվից դուրս»։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Այսօր խիստ կարևոր է, որ համաշխարհային ռազմական հարուստ փորձը, հայ ազգային ռազմական սկզբունքներն ու ֆունդամենտալ գաղափարախոսությունը հաշվի առնելով, նախ` հայկական բանակի և ապա քաղաքացիական բոլոր շրջանակների բարոյահոգեբանական դաստիարակության արժեքային համակարգում ներդրվեն և ձևավորվեն արդի հայ մարտիկի և հայ քաղաքացու` որպես մեկ միասնության, արժանապատիվ կենսաձևն ու ռազմական բարձր գիտելիքները։ Կարևոր է նաև հայ հասարակության տարբեր շերտերի առողջ համախմբվածությունը` որպես մեկ ազգային ամբողջականություն, ինչին հասնելու համար ռազմահայրենասիրական համընդհանուր դաստիարակություն ու ցեղային ոգու ընկալման իմաստավորում է պետք, սակայն ոչ որպես սոսկ տեսություն, այլ իբրև կենսական զգացում։ Այն պիտի ընդունելի լինի այնպես, ինչպես ազգային գաղափարախոսությունն է ընդունվում միայն` ազգի ինքնաճանաչման բարձրագույն փուլում։
Հայաստանի և Արցախի անվտանգության պահպանման համատեքստում վաղուց արդեն հրամայական է դարձել ոչ միայն զինված ուժերի գերարդիականացումը, այլև հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հավանականությունը հաշվի առնելով, քաղաքացիական զինյալ խմբերի կազմավորման համար բոլոր նախադրյալների ստեղծումն ու դրանց օժանդակումը։ Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտամշակութային և այլ օջախներում պարտադիր են ընդհանուր ռազմական գիտելիքների ուսուցանումը` ժամանակ առ ժամանակ անցկացնելով եռամսյա բանակումներ։ 18-ից մինչև 45 տարեկան ցանկացած քաղաքացի պարտավոր է տիրապետել ռազմագիտության այն բոլոր տարրական գիտելիքներին, որոնց կիրառման պարագայում միայն ի զորու կլինի պաշտպանելու սեփական երկիրն ու անհրաժեշտության դեպքում ստեղծելու կայուն դիմադրության օջախներ։ Ինչպես ազգային բանակի, այնպես էլ քաղաքացիական զինյալ խմբերի կազմավորման հարցում խտրականություն չպետք է դրվի` ելնելով պաշտոնից ու դիրքից, կոչումից ու մասնագիտությունից։ Այնուամենայնիվ, հայկական զինված ուժերի կազմավորման ժամանակ չպիտի առաջնորդվել միջազգային չափորոշիչներով` բնակչության թվի մեկ տոկոսի հարաբերակցությամբ, այլ պիտի ուղղորդվել նոր հաշվեկշռով։
Ժամանակակից հայ մարտիկի հոգեկերտվածքի որակական փոփոխությունն այսօր գլխավոր խնդիրներից մեկը պիտի լինի բանակաշինության գործում։ Հայ արիները մարտական պատրաստությամբ պիտի զբաղվեն ամենուր, առավել ևս, որ դա երկաթյա կարգապահությունը անհրաժեշտ մակարդակի վրա պահելու պարտադիր պայման է։ Խիստ պարտադիր են ինչպես շարային ծառայության, ֆիզիկական, հրաձգային, տեխնիկական պատրաստության, այնպես էլ նոր կանոնագրքերի, հայեցի վարքականոնների ստեղծումն ու քաղպարապմունքների անցկացումը։ Կարևոր են նաև զանգվածային բնաջնջման զենքերից պաշտպանվելու նորմատիվների մշակումն ու արդիականացումը։ Սակայն միշտ էլ գլխավորը եղել ու մնում է մարտական ոգու կերտվածքը, ինչը ձևավորվելու է ոչ միայն աշխարհայացքի իմաստավորմամբ ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրո իռացիոնալիզմով, այլև ռազմական բարձր գիտելիքների և պատերազմների սպեցիֆիկ հատկությունների տիրապետման արդյունքում։ Մինչդեռ եթե չկա սուվորովյան մեթոդոլոգիային համապատասխան անհնարինն անձամբ հնարավոր դարձնող հրամանատար, ուրեմն չկա և հավատք` ինքնագերազանցման հանդեպ։ Եթե չկա մարտական դասընթաց, կնշանակի և չկա վստահություն սեփական ուժերի նկատմամբ, ուրեմն չկա նաև մարտական ոգի։
Այս տրամաբանությամբ էլ աշխարհի հզորագույն պետությունների ստրատեգիական հատուկ ուղղվածություն ունեցող զորախմբերը հաճախ են օգտագործում հակառակորդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու մեթոդներ, ինչը կոտրում է նախ` հակառակորդի մարտական ոգին, և ապա` նրա ամբողջ զորախումբը։ Գիտակցության մանիպուլյացիան սկզբունքորեն տարբերվում է պարզ սիմուլյացիայից և սիմուլյացիոն խմբերի օգտագործած մեթոդներից։ Դեռևս ոչ վաղ անցյալում հատուկ ստորաբաժանումներն ինֆրաձայնային գեներատորների միջոցով հակառակորդ բանակի շարքերում առաջացնում էին անհասկանալի ու անվերահսկելի տարօրինակ զգացումներ, դրդում նրանց խուճապի և փախուստի։ Գեներատորներն արձակում էին վայրկյանում յոթ տատանում ունեցող և ականջի համար անլսելի ինֆրաձայն, ինչը ֆիքսում էր մարտիկների կենտրոնական նյարդային համակարգը և առաջացնում համատարած խուճապ։ Սակայն ժամանակակից հատուկ ուղղվածության ստորաբաժանումները կիրառում են հակառակորդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու առավել արդյունավետ մեթոդներ, ինչի հետևանքով վերջինս կորցնում է սթափ և ճիշտ դատելու ունակությունը, հայտնվում իրականությանն անհարիր ծանր հոգեվիճակի փակ շրջանակների մեջ` թույլ տալով այդ հոգեվիճակից բխող անտրամաբանական արարքներ, ցանկացած անհեթեթ սադրանքի նկատմամբ դառնում դյուրընկալունակ։
Մանիպուլյացիոն մեթոդոլոգիայի շրջանակները բավականին լայն են և ներառում են մարդկային զգացողությունների գրեթե բոլոր հիմնական գործոնները։ Առկա է հակառակորդի մեջ վտանգավոր աստիճանի հոգեբանական վախ սերմանող ազդեցության դաշտի ստեղծումը։ Այս պարագայում հաշվի են առնված ինչպես էթնիկ պատկանելության, այնպես էլ տվյալ միջավայրի առանձնահատկությունները։ Մինչդեռ, որպես ընդունված կանոն, վախի պատճառները բազմաբնույթ են։ Ընդհանուր առմամբ, ցանկացած մարտիկ վախենում է ոչ այնքան մահից, որքան դրա ձևերից։ Բոլոր պատերազմներում էլ գոյություն ունի մահվան վախի գործոնը, որն առաջանում է շրջապատի և միջավայրի կողմից «վտանգ» ներկայացնող ազդակների անըմբռնելիության արդյունքում։ Դա նյարդային բնույթի վախն է, որը չի համապատասխանում տեղի իրականությանը։ Դեռևս հնագույն ժամանակներում իրողություններին չհամապատասխանող և նման իրավիճակներում առաջացած պատրանքային վախը կապում էին անհայտ գերագույն ուժերի հետ։ Պլուտարքոսն այդ ֆենոմենն անվանակոչեց «պանիկա»` ի պատիվ բնության Պան աստծո։ Պանիկայի վիճակում գտնվող մարտիկի մեջ տեղի է ունենում գիտակցության ամբողջական կամ մասնակի ապակայունացում, և նա զրկվում է սթափ դատելու կարողությունից, շարունակաբար կատարում անտրամաբանական արարքներ։ Գոյություն ունեցող նման առանձին և սինխրոն, նյարդային բնույթի վախերն էականորեն չեն համապատասխանում իրականությանը։ Հենց մանիպուլյացիոն մեթոդոլոգիայի գործադրմամբ ստրատեգիական հատուկ ուղղվածության ստորաբաժանումները հակառակորդի մեջ առաջացնում են մահվան հանդեպ վտանգավոր աստիճանի հասնող հոգեբանական վախի զգացողություն։ Մահվան սպառնալիքն է, որ պարտադրում է հակառակորդին ենթարկվել հաղթողի կամքին։ Եթե հարվածին ենթարկվող զորախմբերը պատրաստ չլինեն դիմակայման, ապա նրանք կոչնչացվեն մինչև վերջին մարտիկը` պատրանքային վախի դաժան ուղեկցությամբ։
Մինչդեռ իրական վախի զգացողությունը ծնվում է առկա վտանգին համապատասխան։ Այն ներառում է ինքնապահպանման բնազդը, որն էլ պարտադրում է մոբիլիզացում, ավելի վճռական գործունեություն` զուգահեռաբար պահպանելով զգուշավորությունն ու խելամտությունը։ Ցանկացած հայ մարտիկ, ստանալով համապատասխան ռազմական գիտելիքներ, պիտի գիտակցի, որ հակառակորդի թվաքանակը, զինտեխնիկան և օգտագործվող մանիպուլյացիաները վճռորոշ դեր կարող են կատարել միայն և միայն այն պարագաներում, երբ դրանք օգտագործվում են որպես հակառակորդին մահով սարսափեցնելու հուժկու միջոցներ։ Իրականում հաղթանակը նրանն է, ում կհաջողվի ավելի երկար ժամանակ մահվան սարսափի տակ պահել հակառակորդին` փորձելով սպանել նրա կամքն ու դիմադրական ոգին։ Հայ մարտիկը պարտավոր է տիրապետել պատերազմի արվեստին, հասկանալ այն իրողությունը, որ ռազմական գործողությունների ժամանակ հաղթանակ նվաճել կնշանակի նախ և առաջ մահվան սպառնալիքով իր կամքը պարտադրել հակառակորդին։ Մահվան սարսափն արդյունք է ոչ միայն իրավիճակի չգիտակցման, այլև շատ դեպքերում ոգու հավիտենության և մահվան խորհրդի չիմաստավորման։ Մինչդեռ այդ իմաստավորումը կարող է լինել հայ մարտիկի ամենալավ ընկերը, իսկ չիմաստավորումը` ամենազորեղ թշնամին։ Սակայն երկու դեպքում էլ անհրաժեշտ է մահվան դեմ մինչև վերջ մարտնչել։ Եթե մարտիկը տիրապետում է ռազմական արվեստին, ապա կարող է գիտակցել իրեն սպառնացող մահը, ավելի արի և խիզախ դառնալ, քաջությամբ կատարել ամենաբարդ և վտանգներով հղի մարտական առաջադրանքը։ Նա կարող է վստահ լինել, որ այլևս կորցնելու ոչինչ չունի միայն այն պահից սկսած, երբ գիտակցի, որ մահն այլևս անխուսափելի է։ Հենց այդ պահից էլ նա կդադարի վախի զգացողություն ունենալուց։ Հասկանալով հանդերձ մահվան անխուսափելիությունը` նա կյանքին վերաբերվում է ինչպես անմահությանը և այս իրողությունից ելնելով էլ հաճախ գործում է աննախադեպ սխրանքներ։
Դեռևս 1690-ականներին Յամամոտո Ցունետոմոն հանրահայտ «Հագակուրե»-ում («Տերևներում թաքնվածը») ճապոնական սամուրայի կողմից մահն արհամարհելու անհրաժեշտության մասին «Բուսիդո»-ում («Ռազմիկի ճանապարհը») գրում էր. «Երբ ընտրություն կատարելու համար ունես ընդամենը երկու ճանապարհ, անմիջապես ընտրիր այն, որը տանում է դեպի մահ։ Մի՛ խորհիր։ ՈՒղղիր միտքդ այն ճանապարհի վրա, որին նախապատվություն տվեցիր և գնա՛։ Ակամայից հարց է առաջանում. «Ինչո՞ւ ես պետք է մեռնեմ, եթե դա օգուտ չէ, ինչո՞ւ պետք է կյանքով վճարեմ հանուն ոչնչի»։ Սրանք եսասեր մարդկանց սովորական դատողություններ են։ Երբ պետք է ընտրություն կատարես, թույլ մի՛ տուր օգուտի մասին մտքերին տատանել խելքդ։ Քանի որ մենք բոլորս էլ ապրելը նախընտրում ենք մեռնելուց, այդ նախընտրությունն էլ հենց որոշում է մեր ընտրությունը։ Մտածիր այն մարդու թշվառ ճակատագրի մասին, որն իր նպատակին չի հասել և դեռ շարունակում է ապրել... Հիշի՛ր, մահդ չի գցում քո արժանապատվությունը։ Մահը չի պատվազրկում»։
Նույն կերպ էլ 5-րդ դարում Եղիշեի իմաստուն գրչով բանաձևվեց մահվան այն ըմբռնումը, որ մահվան խորհուրդը հասկանալով` հաղթահարել ես մահը, չհասկանալու դեպքում նրա գերին ես։ Հայ արիների ցեղային ոգու ինքնաճանաչումը հնարավորություն է տալիս մահն իմաստավորել և կյանքի նպատակ դարձնել ցեղի և հայրենիքի համար նվիրաբերվելը։ Դեռևս սպարապետ Մանվել Մամիկոնյանը, ում ծննդյան տարեթիվն անհայտ է, իր որդի Արտաշիրին հետևյալ պատգամ-հրահանգն է թողել. «Պատերազմի՛ր և անձը քո զոհի՛ր հանուն Հայոց աշխարհի, ինչպես քաջ նախնիներդ են այս աշխարհին սիրահոժար զոհաբերել իրենց կյանքը»։
Հանուն հայրենիքի զոհաբերվելու պատվիրանն այսօրվա իրականության մեջ հայ զինվորականության գաղափարական և բարոյական արժեքային համակարգի, պատվի և արժանապատվության մի մասնիկն է միայն։ Ազգի հավիտենության համար կռվելու և մեռնելու պատրաստ ցանկացած հայ մարտիկի ոգում ժառանգաբար փոխանցվել է ինքնազոհաբերության սուրբ գաղափարը և, գիտակցաբար, թե բնազդորեն, նա արդեն իսկ պատրաստ է սեփական մահով անմահացնել իր ցեղը, իր տեսակը։ Մեռնել, սակայն չպարտվել, չտեսնել հայրենիքը նվաճված։ Յուրաքանչյուր հայի մահ մի քանի անգամ ավելի ճշմարիտ պիտի լինի իր կյանքից։
Ահա հազարամյակների խորքից մեզ հասած արարչաստեղծ հայոց հավիտենական ռազմական ոգու մի չափորոշիչ, որի կրողներն ու ժառանգներն ենք մենք` Հայ արիներս։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-Դրո գործով մահվան դատապարտված,
5 հունվարի, 2009 թ.

Դիտվել է՝ 3546

Մեկնաբանություններ