ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածը, փաստորեն, ուրիշի կողմից թելադրված քայլ էր»

«Ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածը, փաստորեն, ուրիշի կողմից թելադրված քայլ էր»
14.08.2009 | 00:00

«ՑՈՒԳՑՎԱՆԳԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍԱ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ»
Հայ ազգային կոնգրեսն օրերս նշեց իր առաջին տարեդարձը, չնայած շարժումն արդեն երկու տարի է, գործում է։ Ընդդիմադիր այս ուժն ի՞նչ տվեց հայ հանրությանը. այս հարցով սկսվեց մեր զրույցը ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ։
-Կոնգրեսը հստակեցրեց Հայաստանի քաղաքական դաշտը,- ասաց պարոն Աբգարյանը։- Տարիներ շարունակ քաղաքական դաշտն ականապատված էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ականազերծեց այդ դաշտը: Վերջնականապես պարզվեցին այն մարդկանց իրական դեմքերը, ովքեր «ընդդիմադիրի» հաստիքով «աշխատում» էին իշխանության մութ միջանցքներում։ Հստակ խնդիրներ, նպատակներ դնելով` կոնգրեսը խաղալու, մանևրելու տեղ չթողեց ավելի քան տասը տարի ընդդիմադիր դաշտում որոշակի ազդեցություն ունեցող այդ «ականներին», ինչի շնորհիվ վերջիններիս քաղաքական կարիերան կարելի է համարել ավարտված։ Հաջորդը. կոնգրեսն ինքնակազմակերպման գործընթաց սկսեց։ Հարկ է ընդգծել նաև, որ շարժումը բացառապես օրինական դաշտում է գործում։ Եթե մենք պահանջում ենք օրենքի գերիշխանություն, ապա պարտավոր ենք ինքներս գործել օրինականության դաշտում։ Կոնգրեսի ողջ գործունեությունն ընթանում է բացառապես սահմանադրական ճանապարհով։ ՀԱԿ-ը մերժում է քաղաքական որևէ արկածախնդրություն, նրա համար առաջնային է նաև հասարակության անվտանգությունը: Իսկ մարտի 1-ի ոճրագործությունը, որն այս իշխանության կազմակերպածն էր, չէինք ցանկանա, որ երբևէ կրկնվի։ Դրա երաշխիքն օր առաջ այդ իշխանությունից ազատվելն է: Կոնգրեսը ստիպված էր նաև լայն գործունեություն ծավալել քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում: Իսկ ընդհանրապես նրա ողջ գործունեությունը նպատակաուղղված է երկրում օրինականության հաստատմանը և մեր ժողովրդի արմատական շահերի պաշտպանությանը:
-Որոշակի դադարից հետո ՀԱԿ-ը սկսեց մարզային այցելությունները։ Նոր մարտավարությո՞ւն եք որդեգրել, հինն իրեն սպառե՞լ է, այլևս չի՞ արդարացնում։
-Սպառելու խնդիր չկա, շարժման ընթացքն ու տրամաբանությունն են պահանջում նորանոր քայլեր։ Նորանոր հարցեր են առաջանում, և ակնհայտ է, որ մեծ թվով շտապ լուծում պահանջող հարցերի կուտակումը կատարվում է հենց այսօր, ինչը, ինքնըստինքյան, աշնանն իշխանությանը «պոչ խաղացնելու» տեղ չի թողնի։ Իսկ ժամանակը բազմիցս ապացուցել է, որ իշխանությունը զավթող մարդիկ ի վիճակի չեն որևէ լուրջ հարց լուծելու։ Կոնգրեսը, բնական է, կատարել ու կատարում է առկա և առաջացող իրադրությանը համապատասխան քայլեր:
-Որոշ քաղաքական ուժեր, ելնելով ՀԱԿ-ի այսօրվա մարտավարությունից, ենթադրում են, թե կոնգրեսը պատրաստվում է հերթական խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Կոնգրեսն ամեն ինչ անելու է, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն, քանի որ այս իշխանությունների կառավարած ամեն մի օրը վտանգավոր ու վնասաբեր է մեր երկրի համար։ Սա պետք է հասնի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությանը։ Ես կարծում եմ, որ հերթական ընտրությունների գնալու մասին խոսակցությունները ներկա պայմաններում լուրջ լինել չեն կարող:
-Տեր-Պետրոսյանը մարզային հանդիպման ժամանակ հայտարարեց, որ աշնանը քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվելու։ Կմանրամասնե՞ք, խոսքը հանրահավաքային ակտիվ միջոցառումների՞ մասին է։
-Այս հարցը պետք է ուղղել Տեր-Պետրոսյանին։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերն են, որոնք աշնանը ծանր խնդիրների առջև են կանգնեցնելու իշխանություններին և, բնականաբար, ստեղծելու են նոր իրադրություն, ինչը, իր հերթին, կթելադրի ընդդիմության համապատասխան արձագանքը պայքարի «հին» ու «նոր» միջոցներով։
-Անդրադառնանք նաև արտաքին քաղաքականության խնդիրներին։ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ շարունակվում են զարգացումները։ Մինչև տարեվերջ հնարավո՞ր է, որ խնդրի կարգավորումն ուրվագծվի։
-Այդ ուրվագծումն արդեն առկա է: Նոր «առաջընթաց», անտարակույս, կլինի, բայց չեմ կարծում, թե հենց այս տարի է խնդիրը հանգուցալուծման հասնելու։ Ինձ թվում է, որ այդ «առաջընթացը» էլ ավելի կթուլացնի հայկական կողմերի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջը։
-Կա տեսակետ, որ գործող իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի` հիմնախնդրի կարգավորման քաղաքականությունը բավականին նման են միմյանց, երկուսն էլ կողմ են փոխզիջումային տարբերակին։ Համամի՞տ եք։
-Դա բացարձակապես այդպես չէ։ Նայած թե ով ինչ փոխզիջումային տարբերակի է կողմ։ Երբ, փոխզիջում ասելով, Տեր-Պետրոսյանը համաձայնում էր նստել բանակցային սեղանի շուրջ, այն ժամանակ իրադրությունը բոլորովին այլ էր` Ադրբեջանին դեռ հնարավորություն չէր տրվել ուշքի գալու ռազմական նոկդաունից, նոր էին ձևավորվում տարածաշրջանային խոշոր տնտեսական և ռազմավարական ծրագրերը, մասնավորապես` կոնկրետացող տեսք էր ստանում Բաքու-Ջեյհան նավթատարի հարցը, որին մասնակցելը խոշոր ռազմավարական խնդիր էր Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի համար։ Այն ժամանակվա փոխզիջումը ենթադրում էր ո՛չ միայն կայուն խաղաղության հաստատում և շրջափակման վերացում, այլև մասնակցություն տարածաշրջանային կոմունիկացիոն այդ խոշոր ծրագրերին: Եվ այդ բոլորը` գրավյալ հինգ շրջանների դիմաց: ԼՂՀ կարգավիճակի հարցն էլ անորոշ ապագայով հետաձգվում էր ո՛չ թե հանուն ձգձգման, այլ այնպիսի որոշակի նպատակների իրագործման, որպիսիք ժամանակի ընթացքում բացառում էին Արցախի որևէ կերպ հայտնվելը Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ Լաչինը դուրս էր բանակցային հարթությունից, Քելբաջարի կարգավիճակն այլ հիմքի վրա էր, կարճ ասած` Հայաստանը հնարավորություն էր ստանում կարգավորելու Լաչինի շրջանի և Արցախի արագ բնակեցման հարցը։ Ես խորհուրդ կտայի հատուկ ուշադրությամբ կարդալ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ և խաղաղություն» հոդվածի հատկապես այն պարբերությունը, որը վերաբերում է հակամարտող կողմերի` փոխզիջումների գնալու նպատակադրություններին: Պետք է վերջապես հասկանալ, որ Հայաստանի զարգացման առջև ծառացած ամենամեծ խոչընդոտը ղարաբաղյան հարցն է, որի կարգավորման գործընթացի մեջ ժամանակին մտնելուց հրաժարվելով, ներկա իշխանությունն այսօր Հայաստանն ընկղմել է քաղաքական և տնտեսական մեկուսացվածության մեջ, նրա ժողովրդին դատապարտել է անհույս աղքատության։
-Նույն հինգ տարածքների հանձնման մասին այսօր էլ են խոսում։ Արդյոք քաղաքականությունն ա՞յս առումով էլ նման չէ։
-Ոչ մի նմանություն չկա։ Հիմա լիովին այլ պայմաններ են թելադրվում։ Հայաստանը Ստամբուլի խարտիայով և այլ փաստաթղթերով արդեն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Ղարաբաղով հանդերձ: Այսօր Հայաստանի բանակցային ողջ ռեսուրսը դրված է սեղանին` խոսքը յոթ շրջանների մասին է, այսօրվա միջանցքը, ըստ էության, միայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն է, միանգամայն «անհասկանալի» է «ինքնակառավարման» և «կամարտահայտության» էությունը և այլն, և այլն: Մի խոսքով, 1997-ի և այսօրվա իրողությունները նույնիսկ համեմատվելու եզրեր չունեն, դրանց էությունն ու հիմքերը լրիվ այլ են:
-Այսօր քաղաքական բանավեճի օրակարգում է նաև Սերժ Սարգսյանի` Թուրքիա գնալ-չգնալու հարցը։ Ո՞րն է, Ձեր կարծիքով, առավել նպատակահարմար։
-Չգնալը սխալ է, գնալն էլ որևէ արդյունք չի տա, բայց չգնալը միջազգային հանրությունը վատ կընկալի։ Այսպես է, ուրիշի թելադրանքով ստեղծեցին ցուգցվանգային դրություն, որի դեպքում հաջորդ քայլերն է՛լ ավելի են թուլացնում Հայաստանի դիրքերը։ Սա է ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածը, որը Սերժ Սարգսյանի համար փորձանք է դարձել:
-Հայ-թուրքական մերձեցումն այսքանով կսահմանափակվի՞, թե՞ առաջիկայում նոր զարգացումներ են հնարավոր։
-Չեմ հավատում, թե մոտ ապագայում որևէ մերձեցում լինի։ Թուրքերն իրենց սահմանը ներկա պայմաններում չեն բացի։ Թուրքիան շատ կոնկրետ է պահանջը դրել` առաջընթաց ղարաբաղյան հարցում։ Եվ թուրքերը հայերի հետ հարաբերություններ ստեղծելու բոլոր քայլերը պայմանավորում են այս հանգամանքով։ Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունից օգտվողը եղավ Թուրքիան, թուրք-ադրբեջանական կողմը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ