ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պետական պարտքի կառավարումը` տնտեսական անվտանգության երաշխիք

Պետական պարտքի կառավարումը` տնտեսական անվտանգության երաշխիք
13.03.2009 | 00:00

ՖԻՆԱՆՍՆԵՐ
Ֆինանսական ճգնաժամը, ի թիվս այլ հիմնահարցերի, առաջացնում է նաև տնտեսության զարգացման ծրագրերի համար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական ռեսուրսների սահմանափակվածություն: Անկախ տնտեսական զարգացման մակարդակից, աշխարհի բոլոր երկրների համար առաջնահերթ խնդիր է դառնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ֆինանսական աղբյուրների ներգրավումը և դրանց արդյունավետ ու նպատակային օգտագործումը: Եթե ԱՄՆ-ի կառավարությունն ի վիճակի է ներքին ռեսուրսների հաշվին ապահովելու արդեն երկրորդ` փրկության ծրագրի իրագործման համար անհրաժեշտ 800 մլրդ դոլարը գերազանցող գումարներ, ապա Հայաստանը և զարգացման համադրելի մակարդակներում գտնվող երկրները փորձում են անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ փոխառնել հիմնականում դրսից:
Այս օրերին առանձնահատուկ հնչեղություն են ստացել երկրի արտաքին պարտքի խնդիրները` կապված Ռուսաստանի Դաշնությունից կես միլիարդ ամերիկյան դոլար վարկի ստացման հետ: Կարևոր է վերլուծել այն պայմանները, որոնք կապված են ոչ միայն տվյալ վարկի ստացման և օգտագործման հնարավոր ուղղությունների, այլև, ընդհանուր առմամբ, արտաքին և ներքին պարտքի, դրանց կառավարման հեռանկարների հետ: Պետական կառավարման մարմինների պարտքը դրանց գործունեության առանցքային ցուցանիշն է: Ի տարբերություն պետական պակասուրդի, պարտքը չի կարող ներկայանալ որպես հոսք, որը հատում է պետական կառավարման և տնտեսության մնացած հատվածների հետ արտասահմանյան երկրների միջև սահմանագիծը: Պարտքն իրենից ներկայացնում է մարման տարբեր ժամկետներ ունեցող պարտավորությունների գումար, որը ձևավորվել է պետական կառավարման մարմինների անցյալի գործունեության արդյունքում և ենթակա է մարման ապագայում՝ ֆինանսական գործարքների միջոցով:
Շոշափելի չափերի հասնող արտաքին պարտքի դեպքում տնտեսական անվտանգության սպառնալիքի էությունն այն է, որ պետական մարմինները զրկվում են գործնական հնարավորությունից` ինքնուրույն մշակելու և իրագործելու տեղի գերակայություններից բխող մակրոտնտեսական քաղաքականություն՝ վարկատուների կողմից նկատվող արտաքին ազդեցության հետևանքով: Հետևաբար, ֆինանսաբյուջետային անվտանգության վերլուծությունը կարող է թերի լինել առանց պետական պարտքի ուսումնասիրության, քանի որ խոշոր վարկատուները կարող են օգտագործել ստեղծված իրավիճակը սեփական շահերի և ծրագրերի իրագործման համար՝ տարբեր լծակներով ներազդելով պետության մակրոտնտեսական քաղաքականության վրա:
Կառավարման մարմինների պարտքը տնտեսության պետական հատվածի պարտքերի կառուցվածքի կարևորագույն բաղադրիչն է և ֆինանսական պայմանների փոփոխության շարժիչ ուժը: Պետական պարտքը հանրապետության ստանձնած պետական պարտատոմսերի, երրորդ անձանց պարտավորությունների երաշխիքների, այլ պարտավորությունների, ինչպես նաև պետության տարբեր օղակների ստանձնած բազմաբնույթ պարտքերի գծով պարտավորություններն են: Հայաստանի համար պետական պարտքն ունի ոչ միայն տնտեսական, այլև կարևորագույն քաղաքական նշանակություն: Տարբեր երկրներին զանգվածային պարտքերի վերադարձման անհրաժեշտությունը, հատկապես սկսած 2002 թվականից, ինչպես նաև անցումային տնտեսության այլ երկրներում գրանցված կործանարար ճգնաժամերը հուշում են, որ գոյություն ունի տնտեսական անվտանգության մի սահման, որից այն կողմ պարտքի սպասարկումը դառնում է անհնար, և որպես հետևանք, տեղի է ունենում երկրի ֆինանսական ողջ համակարգի փլուզում: Հենց այդ սահմանն էլ ֆինանսաբյուջետային անվտանգության կարևորագույն չափանշային ցուցանիշն է:
Ինչպես հայտնի է, կառավարության պարտքը ձևավորվում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների հանդեպ ունեցած պարտավորություններից: Համապատասխանաբար, առանձնացվում են ներքին և արտաքին պետական պարտքեր: Հայաստանի պետական արտաքին պարտավորությունները բաղկացած են արտաքին աղբյուրներից գոյացած վարկերից և փոխառություններից, որոնց գծով ձևավորվում են երկրի պետական ֆինանսական պարտավորությունները, որպես ֆինանսական միջոցների փոխառու կամ այլ երկրներին նման վարկերի մարման երաշխավոր: Պետական արտաքին փոխառությունները կազմում են երկրի պետական արտաքին պարտքը: Ընդհանուր առմամբ, հանրապետության պետական պարտքը կարող է գոյություն ունենալ հետևյալ հիմնական ձևերով`
l հօգուտ նշված վարկատուների, պետության անունից՝ վարկային կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված վարկային համաձայնագրերը և պայմանագրերը,
l Հայաստանի Հանրապետության անունից թողարկված պետական արժեթղթեր,
l հանրապետությանը պետական երաշխիքների տրամադրման պայմանագրերը, երրորդ կողմի հանդեպ պարտականությունների կատարման ապահովման հանրապետության երաշխիքները,
l համապատասխան օրենքների ընդունման հիման վրա երրորդ կողմի պարտքը հանրապետության հաշվին վերաձևակերպելը,
l անցյալ տարիներին Հայաստանի Հանրապետության անունից կնքված, այդ թվում՝ միջազգային, պարտքային համաձայնագրերի և պայմանագրերի ժամկետների երկարացումը և պարտքի վերակառուցումը:
Հանրապետության պետական պարտքը կազմում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, արտասահմանյան պետությունների, միջազգային ֆինանսական կառույցների, այլ կազմակերպությունների հանդեպ պարտքային պարտավորությունները (կարճաժամկետ՝ մինչև մեկ տարի, միջնաժամկետ՝ մեկից հինգ տարի և երկարաժամկետ՝ հինգից երեսուն տարի), որոնք անպայման ենթակա են վճարման և ապահովված են պետական սեփականության մաս կազմող ունեցվածքով և պետական գանձարանի միջոցներով: Երկրորդական շուկայում պետական պարտքային պարտավորությունների գծով գործարքները հաշվառվում են ֆինանսական շուկայի մանրամասն վիճակագրությամբ: Հետևաբար, պետական պարտքի կառավարումը հիմնված է երկրորդական շուկայում պետական արժեթղթերի գծով գործարքների մասին տեղեկատվության վրա:
Չմարված պարտքը երկրի տնտեսական քաղաքականության և պետական կառավարման կարևոր առարկա է, քանի որ՝
l պարտքային պարտավորությունների ժամանակացույցից կարելի է որոշել, թե հատկապես որ ժամկետների համար են պահանջվելու մարման համար անհրաժեշտ ներքին և արտաքին ռեսուրսները,
l չմարված պարտքի կառուցվածքը միատարր չէ, լրացուցիչ պարտքային պարտավորությունների վաճառքի ծրագրերը պահանջում են հետևյալ լրացուցիչ տեղեկատվության առկայություն առ այն, թե.
l արդյոք գոյություն ունեցող պարտքը համարվո՞ւմ է վերազիջման ենթակա,
l պարտատոմսը անվանակա՞ն է, թե՞ տրված է ներկայացնողին,
l տարաբաշխվում է պարտադի՞ր, թե՞ կամավոր, իրացվում է աճուրդո՞վ, թե՞ բաժանորդագրությամբ, տոկոսների վճարումները կատարվում են կտրոններո՞վ, թե՞ վաճառքի միջոցով՝ զեղչով, պարտքն ինդեքսավորվո՞ղ է, թե՞ չինդեքսավորվող,
l մարվում է միայն նշվա՞ծ ժամկետում, թե՞ մինչև ժամկետի լրանալը՝ տուգանքով,
l ի՞նչ տոկոսադրույք ունի, և ո՞վ է վարկատուն,
l տոկոսների վճարման միջոցով չմարված պարտքի սպասարկման դեպքում պետք է նաև հաշվի առնվեն թողարկման ծավալները (պարտատոմսերի) և կտրոնի տոկոսադրույքը:
Կարծում ենք, պարտքի մասին տվյալները պետք է ներառեն պետական կառավարման այն մակարդակները, որոնք անմիջականորեն պատասխանատու են պարտատոմսերի թողարկման համար: Պարտքի մեծությունը պետք է ներառի միայն պետական կառավարման հատվածի պաշտոնապես ճանաչված ուղղակի ֆինանսական պարտավորությունների գումարը, որի սպասարկումը կատարվում է տոկոսների վճարման կամ հիմնական գումարի մարման միջոցով: Այլ պարտքերի մարման երաշխիքները, ինչպես նաև այլ պայմանական պարտավորությունները հաշվի չեն առնվում մինչև այն պահը, քանի դեռ պետական մարմինները չեն սկսել հնարավոր պարտքի մարման գծով վճարումները: Ապահովագրման պետական ծրագրերի կամ սոցիալական ապահովության հիմնադրամի պայմանական պարտավորությունները նույնպես բացառվում են մարման հստակ ժամկետ ունեցող պաշտոնապես ճանաչված ուղղակի պարտքի ընդհանուր գումարից: Չվճարված պարտավորությունների գծով ընթացիկ պարտքը ևս բացառվում է պարտքի գումարից մինչև այն պահը, քանի դեռ այդ պարտավորությունները չեն ճանաչվել և չեն ընդունել հստակ ժամկետներ ունեցող պարտքային պարտավորությունների ձև: Այսուհանդերձ, ընթացիկ պարտքը պետք է ներառվի ոչ թե պարտքի ընդհանուր գումարում, այլ հաշվեկշռում պետք է ցույց տրվի առանձին տողով: Մասնավորապես, պետական ծառայողներին աշխատավարձի չվճարումները, ի տարբերություն պետական պարտատոմսերի գնորդների (որոնք ունեն ընտրության իրավունք), չեն կարող դիտվել որպես պետական մարմինների կամավոր վարկավորում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 7245

Մեկնաբանություններ