ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անցնում ենք կենսաթոշակային նոր համակարգի

Անցնում ենք կենսաթոշակային նոր համակարգի
17.02.2009 | 00:00

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
2010 թվականից կմեկնարկեն կենսաթոշակային բարեփոխումները, և սերունդների համերաշխության սկզբունքի վրա ձևավորված բաշխողական համակարգից կանցնենք կուտակային համակարգի։ Ի՞նչ է սա ենթադրում։ Գործադիր իշխանության հավաստմամբ` կենսաթոշակային համակարգի բարեփոխումները մի նպատակ են հետապնդում՝ քաղաքացու համար ապահովել արժանավայել կենսաթոշակ։ Սա ենթադրում է, որ համապատասխան կապ պետք է լինի եկամուտների և կենսաթոշակի միջև։ Նոր համակարգը ենթադրում է նաև, որ կենսաթոշակի չափի առումով մեծ նշանակություն են ունենալու յուրաքանչյուր անձի կողմից կատարվող վճարումները։ Այսինքն՝ յուրաքանչյուր անձ ինքն է վաստակելու իր կենսաթոշակը։ Բարեփոխումների ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր աշխատող անձի աշխատավարձի 5 տոկոսի վճար իր կենսաթոշակի հաշվին և ևս 5 տոկոս՝ պետական մասնակցությամբ, այլ կերպ՝ պետական բյուջեից ևս 5 տոկոս յուրաքանչյուր աշխատող անձի համար կփոխանցվի տվյալ անձի անհատական հաշվին։ Անհատական հաշիվներում կուտակված միջոցները կլինեն անձանց սեփականությունը։ Այդ ակտիվները կկառավարվեն, և այդ գործը կանեն այն ընկերությունները, որոնք կլիցենզավորվեն։ Յուրաքանչյուրն ինքն իրավունք կունենա ընտրելու իր ակտիվների կառավարիչներին։
Կենսաթոշակային համակարգը կլինի կուտակային, որն էլ կլինի պարտադիր և կամավոր։ 40 տարեկանից բարձր անձինք կարող են կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցել կամավորության, իսկ մինչև 40-ը՝ պարտադիր սկզբունքով։ Իհարկե, բացի կուտակային կենսաթոշակից, բոլոր անձանց համար նախատեսվում է պետության կողմից տրվող բազային կենսաթոշակ, որի հիմնական նպատակն է այդ բազայինի միջոցով ապահովել առնվազն աղքատության գծին հավասար կենսաթոշակ։ Հավելենք, որ եթե անձն աշխատի, իր անհատական հաշվին գումարներ կուտակի, բայց չհասցնի դրանք վայելել (մահվան պատճառով), այդ գումարները կտնօրինվեն որպես սեփականություն և կվճարվեն կա՛մ ամուսնուն, կա՛մ ժառանգներին, կա՛մ կփոխանցվեն ժառանգների անհատական հաշիվներին և այլն։
Ըստ նոր համակարգի՝ իրենց կամքով պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցներն իրենց վճիռը կայացնելուց հետո չեն կարող վերանայել որոշումը, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի 5 տոկոսի չափով, և պետությունն այս դեպքում որևէ աջակցություն չի տրամադրում, փոխարենը, սակայն, հաշվարկելով աշխատանքային ստաժը ըստ գործող կարգի։ Այլ կերպ ասած՝ մի կողմից, աշխատող անձի համար ստեղծվում են հնարավորություններ` վաստակելու իր կենսաթոշակը, դառնալու կուտակային բաղադրիչի մասնակից, որոշակի իմաստով նաև տարբեր արժեթղթերի բաժնետեր, մյուս կողմից՝ պահպանելու պետության կողմից երաշխավորված բազային կենսաթոշակը, որը կներառի նաև քաղաքացու աշխատանքային ստաժի հաշվարկը։
Նշենք, որ Հայաստանում ներկայումս գործում է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա ձևավորված բաշխողական կենսաթոշակային համակարգը։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում բաշխողական համակարգը հիմնված է զբաղված քաղաքացիների ընթացիկ մուծումների վրա, այսինքն՝ ներկայիս աշխատողներն ապահովում են անաշխատունակ տարիքի անձանց կենսաթոշակները:
Պետությունը տարեցտարի ավելի շատ գումարներ է հատկացնում կենսաթոշակային համակարգին։ Բայց այս ոլորտում, այնուամենայնիվ, խնդիրներ կան. 460 հազար աշխատողին բաժին է ընկնում մոտ 517 հազար թոշակառու։ Համեմատության համար նշենք, որ եթե աշխարհում 3 աշխատողին 1 թոշակառուից ավելի է բաժին ընկնում, ապա այդ երկրի կենսաթոշակային համակարգը համարվում է ճգնաժամային։ Մեր պարագայում, ինչպես տեսնում եք, մեկ աշխատողին մեկից ավելի թոշակառու է բաժին ընկնում։
Մինչև տարեվերջ պետք է ընդունվեն կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթին առնչվող օրենսդրական փոփոխություններ: Բարեփոխումների իրականացման համար պատասխանատու մարմիններ են սահմանվել աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունները, պետեկամուտների կոմիտեն, կենտրոնական բանկը: Հաստատված ժամանակացույցի համաձայն, կենսաթոշակային բարեփոխումներն իրականացվելու են՝ նկատի ունենալով հետևյալ թիրախները և կանոնները. սկսած 2012-ից՝ միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի կենսապահովման նվազագույն զամբյուղի չափին, 2018-ին` դրա 150 տոկոսին, իսկ հիմնական (նվազագույն) կենսաթոշակը` կենսապահովման նվազագույն զամբյուղի չափին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3228

Մեկնաբանություններ