ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մի՛ եկեք, մի՛ մասնակցեք «Միասին»- ի նախաձեռնած այսօրվա հանրահավաքին, եթե ուզում եք մեր ներքին և արտաքին թշնամիներին հրճվանք պարգևել

Մի՛ եկեք, մի՛ մասնակցեք «Միասին»- ի նախաձեռնած այսօրվա հանրահավաքին, եթե ուզում եք մեր ներքին և արտաքին թշնամիներին հրճվանք պարգևել
20.02.2024 | 10:50

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը «Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» կարգախոսով այսօր՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, ժամը 16։30-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք: Օրը խորհրդանշական է, և հուսով ենք, հասկացողը կհասկանա:

Ինչպես փետրվարի 13- ին հայտարարել է հիշյալ շարժման համակարգող խորհուրդը, ներկայացնելու են «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը հիմնավորող 100 փաստերի և պնդումների գրքույկը», ինչպես նաև հայտարարվելու է «հետագա քայլերի մեկնարկը»։

Հարգելի ընթերցող, ձեզանից ոմանք կարող են մտածել կամ ասել, թե որքան էլ պահանջենք, միևնույն է, Նիկոլը հրաժարական տվող չէ, և ես ձեզ կհասկանամ, չեմ վիճի, պարզապես կհարցնեմ՝ իսկ ի՞նչ եք կարծում, «Միասին» շարժման նախաձեռնողները կամ համակարգող խորհրդի անդամները, որոնց գոնե մի մասը վստահաբար քաղաքական փորձառություն ունեցող անձինք են, դա չե՞ն հասկանում: Կամ ճի՞շտ եք համարում եթերով, թերթերով, սոցիալական ցանցերով նախապես հայտարարելը, թե բացի Նիկոլի հրաժարականի պահանջ ներկայացնելուց, էլ ինչ են մտադիր անել:

Կունենա՞ հաջողություն սկսվող գոյապահպանական կամ ազգային – ազատագրական շարժումը, թե ոչ՝ չգիտենք, չենք կարող ասել, բայց վստահ ենք, որ այն ո՛չ քաղաքական խաղ է, ո՛չ էլ պայքար կերակրատաշտի կամ իշխանության համար: Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Մենք կանգնած ենք պետականության, հայրենիքի կորստի և ցեղասպանության վտանգի առջև։ Իրավունք չունենք լուռ հետևելու և սպասելու։

Մեզանից է կախված կործանարար, մահացու ընթացքի խափանումը։

Եկե՛ք Ազատության հրապարակ, կանգնեն՛ք կողք կողքի, ձեռք ձեռքի, թիկունք թիկունքի, վերցնեն՛ք մե՛ր բաժին պատասխանատվությունը մե՛ր հայրենիքի, մե՛ր ընտանիքի, մե՛ր զավակների ապագայի համար, եկե՛ք առաջ մղենք մեր սուրբ նահատակների պայքարը՝ հանուն հայոց հայրենիքի»։

Լիովին համամիտ լինելով հայտարարության մեջբերված հատվածում տրված գնահատականին, արտահայտված կարծիքին, մենք ևս միանում ենք հանրահավաքին մասնակցելու կոչին:

Անշնորհակալ գործ կլինի կանխատեսելը, թե սկզբնավորվող շարժման վերջնարդյունքում ինչ կլինի, ինչ կունենաք, բայց անսխալ կարող ենք կանխատեսել, որ հանրահավաքին չմասնակցելով, հանրահավաքի սակավամարդությամբ մենք միայն կուրախացնենք, ավելին՝ հրճվանք կպարգևենք Նիկոլին ու նրա ոհմակին, մեր բոլոր ներքին և արտաքին թշնամիներին:

Ավելին. նրանք կարող են եզրակացնել, թե հայերն արդեն հանգան, արդեն զուրկ են պայքարի կամքից, և քանի որ բացառությամբ Ազատության հրապարակում հավաքված մի քանի հարյուրից կամ հազարից, մնացածները մեծամասամբ կենդանի դիակներ են, ուրեմն, նրանց հետ կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանում ենք անել: Եթե սա եք ուզում, մի՛ եկեք ու մի՛ մասնակցեք հանրահավաքին:

Եվ, ի վերջո, փետրվարի 20-ի խորհուրդը հիշելով, պատկերացրեք պայքարի անցած ողջ ժամանակաընթացքում ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ կորցրած, թուրքի կողմից հայրենազրկված մեր արցախցի քույրերի և եղբայրների, ծնողների ու զավակների հոգեվիճակն այսօր Ազատության հրապարակը սակավամարդ տեսնելիս և իրենց հայաստանաբնակ հայերիս կողմից լքված զգալիս՝ այն համոզմամբ, որ մենք արդեն Արցախյան շարժումն էլ ենք մոռացել, Արցախն էլ, ուրացել ենք մեր նահատակների թափած արյունը: Արդյոք մենք դրանով հոգեպես չե՞նք խաչի նրանց, և արդյոք ունե՞նք դրա իրավունքը…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ