Տարին դեռ նոր է սկսվել, բայց ձևական թուքումրի, «տնական» ավանտյուրիզմի ու «էկստրավագանտ» դեմագոգիայի պակաս չի զգացվում:
Որքան ուզում ես խոսել լավից ու լավատեսականից, էլի ստիպված խոսում ես «լավից» ու լածիրակներից:
Շատերիս տրամադրությունը, թեկուզ արհեստականորեն կամ ինքնախաբեությամբ, չեզոքի վրա է դրված, փորձում ենք նկատելու չտալ խայտառակ բացերը, թերությունները, մեզ պահել բարեկրթության ու քաղաքավարության շրջանակներում, բայց արի ու տես՝ միևնույն է բերանդ բացել են տալիս:
Նայում ես լուրերն ու տեղեկանում, որ «Բատյայի ուրվականը» շրջում է մարզերում:
Մոդիֆիկացված ու կատարելագործված «տեղական Բատյան» իր ամպլուայի մեջ, աննախադեպ էնտուզիազմով շոու է անում, ժողովրդի քոռ աչքը իր բարի, հոգատար ու սկզբունքային կերպարով լուսացնում:
Դե համայնքն էլ ՝ «զորավոր է»:
Տեսնում է ու հրճվում, թե բա տեսե՛ք, ինչ արդար առաջնորդ ունենք, մարզերի դպրոցներում անձամբ ռեվիզորություն է անում, կախիչ, դուռ ու բռնակ, ցնցուղ ու ծորակ է ստուգում:
«Զորավոր համայնքն» իր օրհնությունն է տալիս, որ հայտնաբերած անհամապատասխանեցումների համար հրաժարականների վարար ու քավոր-սանիկների նշանակումներ է սկսվել:
Բայց երբ մեկ օրում մահվան երկրորդ դեպքն է գրանցվում զինված ուժերում, սրտի կանգով զինվոր մահանում զորամասում, 15 զինվոր մոխրանում է կացարանում, բարդակն էլ հասել է գագաթնակետին՝ մի զինվորական անգամ չի ազատվել պաշտոնից:
Ապշում ես, որ բողոք կամ հանրային պահանջ չի ձևավորվում:
Մի յուրահատուկ շոու էլ այսօր կազմակերպել էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերը, ով շատ անկեղծ խոսեց այս տարվա նպատակների ու անելիքների մասին՝ փաստացի վերջնագիր ներկայացնելով Հայաստանին:
Վերջինս հստակ ձևակերպեց իր ասելիքները.
Ըստ այդմ՝
ՄԻՋԱՆՑՔ
«Զանգեզուրի միջանցքը պետք է անցնի Մեղրիով։ Մարդիկ և բեռները այդ հաղորդակցությամբ պետք է Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անցնեն առանց որևէ ստուգման»: Այլ ճանապարհներ նրան չի հետաքրքրում:
ԱՆԿԼԱՎՆԵՐ
«Ադրբեջանական գյուղերի հարցը մշտապես օրակարգում է։ Դրանք օկուպացված են և պետք է հետ վերադարձվեն»:
ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱ ԵՎ ԴԵՄԱՐԿԱՑԻԱ
«Մենք դեմ ենք 1970-ականների քարտեզներով դելիմիտացիային:
Իսկ նախնական աշխատանքները կտարվեն միայն Թովուզ-Ղազախ ուղղություններում»:
ԶՈՐՔԵՐԻ ՀԵՏՔԱՇՈՒՄ
«Մենք որևէ հետքայլ չենք կատարելու այն տարածքներից, որոնք զբաղեցրել ենք 2021 թվականի մայիսին ու 2022 թվականի նոյեմբերին։ Դրանք արդեն իսկ մեր տարածքներն են»:
Նաև`
* «Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել»:
* «Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք բռնի տեղահանվել են Հայաստանից, պետք է վերադառնան իրենց ծննդավայր»:
Եվ այս ամենը չէր կարող ամփոփվել առանց՝
«Ներկայիս Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջանն է: Այդ տարածքներում երբեք Հայաստան չի եղել, ներկայիս Հայաստանը ստեղծված է մեր պատմական հողերի վրա։
Երևանը պատմական ադրբեջանական քաղաք է, որի հանձնումը Հայաստանին պատմական հանցագործություն է։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հողերը մաս-մաս ապօրինի կերպով հանձնվել են Հայաստանին։ Ջերմուկը ևս մեր նախկին «Իստիսու» քաղաքն է: Մենք շարունակելու ենք զինվել, ու թող փորձի Հայաստանը զինվի» հիվանդ երևակայությունների:
Ինչ խոսք՝ ոչ մի ասածը, համենայն դեպս, թե՛ ինձ, թե՛ իմ լսարանի համար նորություն չէր:
Բազմիցս ենք խոսել Ալիևի իրական նպատակների, նկրտումների ու ծրագրերի մասին:
Ես վերջինիս բնավ չեմ մեղադրում:
Անկեղծ թշնամի է, «հաղթանակել է», աստեղային ժամն է, էյֆորիկ հոգեվիճակում է, համաժողովրդական հարգանք է գործով ձեռք բերել, բայց և չի բարբաջում:
Փորձը ցույց է տվել, որ առ այսօր նրա բոլոր ասածներն իրագործվել են:
Չեմ մեղադրում, որովհետև թշվառ ու ապիկար, արկածախնդիր ու ապաշնորհ ՀՀ իշխանություններն են երկարացրել նրա լեզուն ու ազատություն տվել ձեռքերին:
Ո՞վ չլիներ, որ չօգտվեր նման պատեհ իրավիճակից:
Ո՛չ մի հակադարձում, ո՛չ մի արժանի պատասխան չի տրվում այս ամենին:
Լավագույն դեպքում՝ ՀՀ արտգործնախարարը հազիվ էլ ասի, թե «Ադրբեջանի առաջարկներում կա որոշակի հետընթաց. Բաքուն պետք է հստակ ճանաչի ՀՀ ամբողջականությունը»:
Ինչևէ, ասում և անում են այնքանն ինչքան բաշարում են կամ անում են այն, ինչ տրված է ցուցումով:
Պարզապես ականատեսն ենք դառնում կազմաքանդված անվտանգության համակարգի, որը տանելու է ինքնիշխանության ու պետականության կորստի:
Մենք տեսնում ենք մի գործընթաց, թե ինչպես Բաքուն, թքած ունենալով ցանկացած արտաքին ճնշումների վրա, հերթով անցնում է բոլոր այն կարմիր գծերի վրայով, որոնք սահմանվել էին Փաշինյանի և նրա իշխանությունների կողմից։
Մենք ականատեսն ենք անվերապահ կապիտուլյացիայի:
Ավելին՝ Ալիևը Հայաստանի դեմ նոր պատերազմի, ամբողջ տարածքի նկատմամբ հավակնությունների, անեքսիայի, «միջանցքի» նախագծի իրականացման համար ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմքեր:
Ինչ խոսք վիճակը բարդ է:
Ծանր տարի է սպասվում:
ՈՒ ավելի ծանր հետևանքներով, եթե այս իշխանություններն այս տարի ևս շարունակեն ղեկավարել երկիրը:
Փաստ է՝ Արցախը տվեցին հանգիստ չենք ապրում, ինչպես որ ասում էին:
Զոհաբերեցին Արցախը, որ 29.8-ը «կադաստրի վկայականով» մնա, դա էլ չի մնացել:
Այսօրվա դրությամբ ՀՀ-ն 28.5 է:
Աստվածն ու Ալիևը գիտեն, թե մինչ տարեվերջ թիվն ինչ կդառնա:
Այնպես որ, մնում է ասել՝ հրաժարական տու՛ր ու հեռացի՛ր:
Գոնե հիմա:
Որ էլ առիթ չունենաս արհավիրքներից հետո ինքնարդարանալու:
Թեկուզ գիտես, որ ինչ էլ անես ու չանես էլի կմարսես:
Այս անգամ անդառնալի հետևանքները ճագատագրական են լինելու ողջ ազգի ու պետականության համար:
Դու ինքդ գիտես, որ բանակցողը պետք է փոխվի, որ քեզ լուրջ չեն վերաբերվում, որ դու մարտնչող տգիտությամբ շարքային պոպուլիստ դեմագոգ ես ում ձեռքն է ընկել իշխանություն:
Դու քո փայ անելիքն արել ես:
Քեզանից գոհ են ու շնորհակալ:
Գոնե հիմա, սեփական կաշիդ փրկելու համար գլխիդ ճարը տես:
Մորթապաշտությունդ գահին նստելով երկար չես ձգի:
Քադաֆին քեզ օրինակ:
Դու ձախողել ես, տապալել անգամ սեփական օրակարգդ:
Ներողություն խնդրիր և հեռացիր:
Խիղճն արթուն պահած, խոհեմություն ունեցող, սթափ ու գիտակից շրջապատի մարդիկ (եթե իհարկե այդպիսինները կան), հորդորե՛ք, կո՛չ արեք, որ հեռանա:
Վաղը դուք էլ եք ողջ պատասխանատվությունը հետը հավասար կրելու, խելքի՛ եկեք:
Մեզ անհայրենիք մի՛ դարձրեք:
Միևնույն է, դուք հասկացողը չեք, որ հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան:
Որ հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը՝ չծնվածներինը:
Գոնե գալիք սերնդի համար քայլելու և հենարանի տեղ թողեք:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ