Հարևան սուլթանատի կիրթ և կառուցողական սուլթանը հայտարարել է 2024 թվականին արտահերթ ընտրություններ կատարելու որոշման մասին։
Այդ լուրը կարելի էր համարել ժամանակավրեպ կամ անբացատրելի և ադրբեջանական հանրության համար հետաքրքիր լուրը մեզ հետաքրքրում է այնքանով, որ դրա պատճառները պետք է փնտրել միայն Հայաստանում։
Այո՛, ներադրբեջանական քաղաքական հարցը սերտորեն առնչվում է Արցախի անեքսիայի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, հնարավոր սահմանային զիջումների թեմաներին։
Հիշատակված հարցերի շարքն այնքան խորը քաղաքական հանգույց է, որ անհրաժեշտ է դարձնում դրանց վերաբերյալ հանրային քննարկում, հանրաքվե և յուրօրինակ քվեի վիճարկում, հաստատում կամ ընդունում։
Ասվածը ենթադրում է, որ 2021 թվականի վիճելի ընտրությունների ընթացքում իբրև թե պողպատե քվե ստացած իշխանական խունտան չի կարող արհամարհել երկրի բնակչության մեծ մասը կազմած և ընտրություններին չմասնակցած ընտրողների կարծիքը, որովհետև արդեն սեղանին են դրված երկրի տարածքի զիջումների, հարյուր հազարավոր ազերիների վերադարձի հարցերը: Հարցեր որոնք պահանջում են ահռելի ֆինանսական միջոցներ, իրավար կարգավորման ջանքեր, միջազգային դոնորներ, բազմաշերտ բանակցային պարտավորություններ։
Հարցերի մի մասն անմիջական առնչվում է ՀՀ սահմանադրության իրավական կարգավորման հետ, մասնավորապես այսպես կոչված անկլավների խնդիրը։
Որևէ նորմալ երկրում հարցերի և խնդիրների նման փնջի դեպքում ցանկացած իշխանություն պարտավոր է և կգնա նոր արտահերթ ընտրությունների կամ հանրաքվեի, ներառելով սահմանադրական փոփոխություններ։
Այո՛, արտահերթ ընտրությունների միտքը թևածում է քաղաքական մթնոլորտում, բայց վերջին օրերին դրանց վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀ ղեկավարը տվեց բացարձակ բացասական պատասխան, հավելելով որ ավելի կարևոր գործեր կան։
Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որպեսզի հավատանք ողջ գիտակցական կյանքը ստով, կեղծիքով, խաբեությամբ վարպետացած մեկին, ում համառ, նպատակասլաց գործունեության արդյունքում Հայաստանի հանրապետությունը կանգնած է պետականության կորստի վտանգին հանդիման։
Եթե այդ ամենին գումարենք տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու հանկարծահաս մոլուցքը, ընդդիմադիրներով բանտերը լցնելու վճռականությունը, և թուրքական ձգվող պարանը իշխանական խունտայի վզին, ապա կարելի է պնդել, որ շուտով Հայաստանում կկայանան արտահերթ համապետական ընտրություններ։
Ինչու՞ է իշխանական խունտան գնալու ընտրությունների:
Քննարկվող թեմայի գլխավոր հարցն այստեղ է։
Բանն այն է, որ միջազգային պայմանագրերը պետք է վավերացվեն ազգային ժողովի կողմից։ Սահմանադրական մեծամասնություն ունեցող իշխանական խունտայի համար ՀՀ ազգային ժողովն իր ներկա կազմով որևէ արգելք չէ։
Բայց կա մի լրջագույն արգելք և դա ընդդիմության հնարավոր դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։
Այո՛, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասն իրավունք ունի միջազգային պայմանագրերով հաստատված դրույթների սահմանադրության հետ հակասության պարագայում դիմելու ՀՀ սահմանադրական դատարան։
Ընդ որում, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթ կա, որը ֆիզիկական անձանցից դիմում ստանալու իրավունքը վերապահում է ՀՀ դատական եռաստիճան համակարգում գործը քննելուց հետո միայն, և այդ ֆիլտրը բացակայում է ՀՀ ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի դիմում ներկայացնելու պարագայում։
Փաստացի ունենք մի իրավական վիճակ, երբ իշխանությունը կարող է կնքել ինչ-որ զիջումների պայմանագրեր, բայց այն կհակասի ՀՀ սահմանադրության տառին ու ոգուն, և իշխանությունն այդ մեկ հինգերորդի հնարավոր վիճարկումից խուսափելու համար պետք է գնա նոր ընտրությունների։
Իսկ ինչու և ինչի վրա են հույսները դրել։
Հույսը մեկն է։ Ոչ թե հաղթել ընտրություններում, այլ ազգային ժողով բերել, դիցուք, Վազգենի եղբայր, հատուկ դեսպան Էդմոն, Խզմալյան, հայհոյանքի վարպետ, ու էլի շատերին,այդ թվում իրական հայրենասերների փոքրաթիվ, բայց տրոհված խմբեր։
Նպատակը մեկն է, որպեսզի ոչ մի պարագայում ԱԺ կազմում մեկ հինգերորդ չափով միասնական ընդդիմադիր զանգված չլինի։
Դժվար է հավատալ, որ հիշատակված կլիենտները կլինեն մեկ հինգերորդ մաս կազմող դիմումի մասնակիցներ։ Դրանով իսկ ներկա պրոթուրքական իշխանական խունտան կշրջանցի ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հարցը։
Որպես վերջաբան։
Ընտրությունները, ընդ որում արտահերթ, կայանալու են և դա որևէ կերպ չենք կարող արգելափակել։
Պարզապես ընդդիմադիր զանգվածը և հայ ժողովուրդը պետք ունենան երկու ծրագիր. Նվազագույնը` քսանհինգ պատգամավոր, առավելագույնը` հաղթանակ և սահմանադրական մեծամասնություն։
Պատրաստվե՛ք:
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ