2020 թվականի նոյեմբերի 9-ը շատ ծանր օր է մեր պետության ու ժողովրդի համար։ Բայց շատ ավելի ծանրն այն է, որ դա դարձավ ոչ թե հրադադարի, այլ նոր աղետների, ագրեսիաների ու մարդկային ողբերգությունների սկիզբ։
Այդ օրը գալիս է փաստելու, որ երբ կռվով պահած հողը թղթով, առանց ոչ մի բան դիմացը ստանալու հանձնում ես հակառակորդիդ, դրանից հետո քեզ վրա արդեն այդ հողի վրայից են կրակելու՝ ավելի հարմար դիրքից ու ավելի թիրախային: Այդ օրը նրա մասին է, որ երբ քո ժողովրդի անվտանգությունը հանձնում ես այլոց, այդ ժողովուրդը դատապարտված է վտանգների: Այդ օրը նրա մասին է, որ երբ պարտված ու իր սխալները չգիտակցած ղեկավարը շարունակում է կառավարել, նա անխուսափելիորեն բերելու է նոր պարտություններ: Այդ օրը նրա մասին է, որ երբ դու քո կռիվը չես հարգում, դու դատապարտված ես ձախողման ու անվերջ հարձակումների։
Ինձ համար օրվա խորհուրդն այն է, որ հանձնվելը, համաձայնվելը, իրավունքները զիջելը ու արյունով պահած հողը հանձնելը երբեք չի բերի խաղաղության, ավելին, այն անխուսափելիորեն կբերի պատերազմի՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով։ Իսկ խաղաղության հասնելու համար նախ սեփական կռիվը հարգել է պետք, հաղթանակը՝ սիրել ու պահել, իսկ պարտությունը չդարձնել խարան ու սովորել ապրել դրանով այնպես, կարծես ոչինչ չի եղել:
Փառք այն մարդկանց, որոնց համար պետությունը, հայրենիքը, հողը սեփական կյանքից առավել էին, որոնց համար կյանքը կռիվ էր, կռիվն էլ կյանք էր, քանի որ ունեին արժանապատվության զգացողություն և, որ ամենակարևորն է, դասեր էին քաղել 1915 թվականից ու ատում էին «մազապուրծ» ու «հայրենազուրկ» բառերը:
Տաթևիկ Հայրապետյան