Վերջին օրերին Արևմուտքում և Ուկրաինայում ակտիվ քննարկվում է անոմալիան, թե այդ ինչպես է հնարավոր, որ Ռուսաստանը կարողանում է ստեղծել լավագույն տեխնոլոգիական ԱԹՍ-ները, մասնավորապես՝ «Լանցետը»։
Business Insider-ում և The Economist-ում հրապարակվեցին այս թեմային վերաբերող վերլուծական հոդվածներ։
Վերլուծաբանները, ուսումնասիրելով ուկրաինական և ռուսական ռազմատեխնոլոգիական ոլորտները, հանգել են հետևյալ ընդհանրական կարծիքին՝ ռուսները ռազմատեխնոլոգիական լուծումներին մոտենում են ամենայն լրջությամբ ու համակարգային կերպով.
- Գլխավոր շտաբը ձևակերպում է կոնկրետ տեխնիկատակտիկական առաջադրանքը։
- Նախօրոք արդեն որոշված է, թե ապագա յուրաքանչյուր ԱԹՍ-ն կոնկրետ ինչ խնդիր է լուծելու մարտի դաշտում։ ԱԹՍ-ները ոչ թե կրկնում են մեկը մյուսին, այլ՝ փոխլրացնում են իրար՝ ըստ կիրառման նպատակների։
- ԱԹՍ-ների արտադրության մեջ ներգրավված է ամբողջ պետական ռեսուրսը, այդ թվում՝ հատուկ ծառայությունները։ Եթե ինչ որ դետալ է պետք հակառակորդ երկրներից ձեռք բերել, ապա դա իրականացնում են հատուկ ծառայությունները։
- Պետության առաջին դեմքը ներգրավված է ռազմատեխնոլոգիական գործընթացում և այն պահում է իր ուշադրության կենտրոնում։
Ուկրաինացիները ռազմատեխնոլոգիական որորտին հատկացնում են անսահմանափակ ֆինանսական միջոցներ, բայց մոտեցումը համակարգային չէ։
- ԱԹՍ-ների արտադրությամբ հիմնականում զբաղվում են կամավորականները, որոնք ավելի շատ իրար խանգարում են, քան՝ համագործակցում։
- Կամավորականների մեջ քիչ չեն շառլատանները, որոնք, օգտվելով անորոշությունից, մսխում են պետական ու կամավորական ռեսուրսը։
- Չկան ձևակերպված տակտիկատեխնոլոգիական խնդիրներ։
- Պետությունում ոչ ոք չգիտի, թե ով է ռազմատեխնոլոգիական ոլորտի պատասխանատուն։
Ինչպես ասում են՝ գտեք տարբերություն մեր և ուկրաինական ռազմատեխնոլոգիական իրավիճակների միջև։
Երկրի պաշտպանությունը կամավորականությամբ հնարավոր չէ լուծել։ Այն ավելի շատ խանգարում, քան օգուտ է բերում։ Նման մակարդակի լուծումներն ունեն միայն մեկ բանաձև՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։
Վահրամ Մարտիրոսյան