Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը
(սկիզբը՝ այստեղ)
Պաղեստինա-իսրայելական հակամարտության ընդլայնման սպառնալիքը գնալով ավելի իրական է դառնում։ Չնայած ավելի վաղ Թեհրանի հստակ զգուշացմանը, որ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կարմիր գիծ կդառնա, իրադարձությունների նման զարգացումը հղի է «նոր ճակատների բացմամբ», Իսրայելը նույնքան հստակ ու վճռականորեն գնում է այդ վտանգավոր ճանապարհով:
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն քանիցս հայտարարել է ինչպես ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ ոչնչացնելու, այնպես էլ այդ նպատակին հասնելու համար Գազայի հատվածում ցամաքային ռազմագործողություն իրականացնելու մտադրության ու վճռականության մասին, ինչը կարող է սկսվել նույնիսկ վաղը կամ մյուս օրը:
Ավելին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ,
«РИА Новости»–ի տեղեկացմամբ , զգուշացրել է լիբանանյան «Հըզբոլահ» շարժմանը և Իրանին Իսրայելի դեմ հարձակումներից՝ հայտարարելով, որ պատասխանը կոշտ կլինի:
«Իրան և «Հըզբոլահ», մի փորձեք մեզ հյուսիսում։ Գինը, որը դուք ստիպված կլինեք վճարեք, շատ ավելի ծանր կլինի: Ես ձեզ եբրայերեն ասում եմ այն, ինչ ԱՄՆ նախագահը ձեզ անգլերեն ասաց՝ մի արեք դա»,- հայտարարել է վարչապետը խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։
Նաթանյահուի նախազգուշացումը հնչել է Լիբանանի հետ սահմանին իրավիճակի սրման համապատկերին, որտեղից երեկ Իսրայելի ուղղությամբ մի քանի հակատանկային արկ է արձակվել: Իր հերթին, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին զգուշացրել է, որ ներկայիս հակամարտությունը բարդ և երկարատև է լինելու:
Նկատի ունենալով ստեղծված, կարծում ենք, առավել քան վտանգավոր ու տագնապալի վիճակը, Թեհրանը երեկ հանդես է եկել Իսրայելին ուղղված նոր զգուշացմամբ: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է առաջիկա ժամերին Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների հնարավորությունը:
Իրանի արտգործնախարարի հավաստմամբ, Իսրայելի դիմադրության առաջնորդները նրան թույլ չեն տա Գազայում անել այն, ինչ նա ցանկանում է, առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել ցանկացած կանխարգելիչ միջոցառումների իրականացում:
Իրանի «Fars» լրատվական գործակալության տեղեկացմամբ, որի հրապարակած տեղեկատվությունը փոխանցել է «РИАНовости» – ին, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Երբ այսօր մենք խոսում ենք դիմադրության մասին, մենք նկատի ունենք ոչ միայն լիբանանյան «Հըզբոլահին»… Դիմադրության խմբերը վերջին տարիներին տարերայնորեն կազմակերպվել են ամբողջ տարածաշրջանում՝ երկրների անկախությունը պահպանելու և իսրայելական վարչակարգի ագրեսիայի բազմակի գործողություններին դիմակայելու նպատակով… Դիմադրության ոլորտում պատերազմի մասշտաբների ընդլայնումն ինքնին կստեղծի պատկեր, որի արդյունքը կլինի Իսրայելի աշխարհագրական քարտեզի փոփոխությունը։
Դիմադրության առաջնորդները թույլ չեն տա, որ իսրայելական ռեժիմը Գազայում անի այն, ինչ ուզում է, իսկ հետո, երբ կհանգստանա Գազայի առումով, գնա տարածաշրջանում դիմադրության այլ օջախների հետևից … Առաջիկա ժամերին կարելի է ներկայացնել ցանկացած կանխարգելիչ միջոցառման իրականացում»:
Խոսելով Իրանի՝ հակամարտության մեջ մտնելու հնարավորության մասին, նախարարը նշել է, որ «կարելի է պատկերացնել ցանկացած հավանականություն»:
Աբդոլահիանը նաև ընդգծել է՝ «կցանկանայի նախազգուշացնել ԱՄՆ-ին, որ քանի դեռ ուշ չէ, կեղծավոր ուղերձներ ուղարկելու փոխարեն, նրանք դադարեցնեն ռազմական հանցագործությունները կանանց, երեխաների և քաղաքացիական անձանց դեմ»:
Ինչպես լիբանանյան «Հըզբոլահ» շիական կուսակցության զինված թևը, այնպես էլ տարածաշրջանում գտնվող դիմադրական այլ խմբավորումներ Իսրայելի դեմ դեռ լայնածավալ հարձակման չեն անցել ու դժվար թե անցնեն, քանի դեռ իսրայելական բանակը Գազայի հատվածում ցամաքային լայանամասշտաբ ռազմագործողությունների չի սկսել:
«Հըզբոլահը» և մյուսներն իրենց ռազմական կարողությունների սոսկ չնչին մասն են օգտագործում՝ չշտապելով ու գիտակցելով, որ կողմերի միջև պատերազմն այս անգամ իրենց բոլորի համար սահմանափակ դրսևորում չի ունենալու, թե՛ իրենք, թե՛ Իսրայելը գնալու են մինչև վերջ, այսինքն՝ հետևանքները կողմերի կամ նրանցից միայն մեկի համար կարող են լինել ճակատագրական:
Բացի վերոնշյալից, «Հըզբոլահը» և դիմադրական մյուս խմբավորումները երևի դեռ մի փոքր հույս ունեն, որ Իսրայելը զգուշանալով իր դեմ բազմաճակատ պատերազմից, ողջախոհություն կդրսևորի ու չնայած իր հայտարարություններին, այնուամենայնիվ, Գազայի հատվածում ցամաքային ռազմագործողություններ չի սկսի: Իրավիճակը, սակայն, կտրուկ կփոխվի այն պահից, երբ Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողություններ սկսի:
«Հըզբոլահ»-ի և մյուս խմբավորումների նշված դիրքորոշմանն, անշուշտ, տեղյակ է նաև իսրայելը, որը խորամանկ մարտավարություն է ընտրել՝ վերջին շրջանում գրեթե ամեն օր հարվածելով Լիբանանի և Սիրիայի տարածքում գտնվող «Հըզբոլահ»- ի և այլ խմբավորումների ուժերին: Հրեական պետությունն այսպիսով, մինչև լայնամասշտաբ պատերազմը, փորձում է մի կողմից մաշել նրանց ռազմական ներուժը, մյուս կողմից իրականացնել հետախուզություն մարտով: Այս ամենը, սակայն, Իսրայելի և այլոց կողմից պաշտոնապես այլ կերպ է ներկայացվում՝ պատասխան հարվածներ «Հըզբոլահ»- ի և մյուս խմբավորումների հարվածներին: Ամբողջ խնդիրն այն է, թե որ կողմն է առաջինը սկսել…
ТАСС- իտեղեկացմամբ , Իսրայելական բանակն արդեն բարձր պատրաստության վիճակի է բերվել նաև Լիբանանի հետ սահմանի մոտ: Ըստ լիբանանյան «Al Wataniya» գործակալության, լիբանանյան սահմանամերձ շրջաններին հարվածների ժամանակ Իսրայելը կրկին օգտագործել է արգելված ֆոսֆորային զինամթերք:
«Հըզբոլլահ»- ում հայտարարել են, որ խոցել են իսրայելական երրորդ «Merkava» տանկը Լիբանանից դուրս գալու ժամանակ: Իսրայելի բանակի երկու պահեստազորային և մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել են հակատանկային հրթիռներով Լիբանանի հետ սահմանի մոտ Մեթուլա քաղաքի ուղղությամբ հարվածների հետևանքով:
Ինչպես այսօր տեղեկացրեց «РИА Новости»– ին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանում «Հըզբոլահ» շարժման օբյեկտներին:
«Ներկայումս Իսրայելի Պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Լիբանանում «Հըզբոլահ» ահաբեկչական շարժման օբյեկտներին»,- նշված է բանակի հաղորդագրության մեջ:
Իրավիճակը պաղեստինյան անկլավում, որը չեն կարողանում լքել դա ցանկացող խաղաղ բնակիչները, ըստ ТАСС- ի վերոնշյալ հրապարակման, մնում է ծայրահեղ ծանր։ ՌԴ և ԱՊՀ երկրների մոտ 1000 քաղաքացիներ սպասում են Գազայի հատվածի հարավում «Ռաֆահ» անցակետի բացմանը։ Չնայած Գազայի կարիքավորներին օգնություն հասցնելու նպատակով մարդասիրական զինադադար հաստատելու ՄԱԿ- ի կոչերին, պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի փոխադարձ հարվածները շարունակվում են: Իսրայելական բանակը հաստատել է, որ զինադադար չկա: Գազայի հատվածում Իսրայելին մեղադրել են անկլավի հարավում գտնվող Եվրոպական հիվանդանոցին հարվածելու մեջ:
Իսրայելցի զինվորականները զեկուցել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ- ի շտաբների և օբյեկտների վրա հարձակումների նոր շարքի մասին, այդ թվում՝ զինամթերքի պահեստի և բանկի, որն իբր օգտագործվել է ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար: ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Գազայի հատվածում շարժման մարտական թևի հրամանատարներից մեկի՝ Այման Նոֆալի մահը:
Ինչ վերաբերում է հակամարտության սրման և ընդլայնման սպառնալիքին, ապա նշենք նաև, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին նույնպես հայտնել է, որ չի կարելի բացառել Իսրայելին «զինված դիմակայության սցենարներից ոչ մեկը»: Ավելին. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե իսրայելցի զինվորականները չդադարեցնեն հարվածները Գազայի հատվածին, «նրանց ևս մեկ ցնցում է սպասում»:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պարզաբանել է, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Իսրայելին դիմակայող խմբավորումներին, եթե հրեական պետությունը չավարտի ռազմական գործողությունները: Նա հավելել է, որ իսրայելական բնակավայրերի բնակիչները, որոնք զոհվել և տուժել են ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով, իր կարծիքով, «քաղաքացիական չեն, քանի որ նրանց մեծ մասը զինված էր»:
Հորդանանի Թագավոր Աբդալլահ 2- րդը հայտարարել է, որ ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում հակամարտության ընդլայնման ռիսկն իրական է, իսկ դրա հետևանքները «սարսափելի կլինեն»:
Հակամարտության մեջ նոր կողմերի հնարավոր ներգրավման վերաբերյալ մտահոգություններ է հայտնել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Նա կոչ է արել ազդել Իսրայելի հարևանների վրա և նշել, որ հակառակ դեպքում տարածաշրջանին «սպառնում է իսկական հրե պտտահողմ»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այժմ կարևոր է դադարեցնել «թեժ պատերազմը», քանի որ առկա է հակամարտության ընդլայնման սպառնալիք, իսկ հետո միայն հայեցակարգային մոտեցում ցուցաբերել կարգավորման գործընթացին:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ