ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արցախով ու հայ ինքնությամբ ապրող նահապետը` Գուրգեն Մելիքյանը

Արցախով ու հայ ինքնությամբ ապրող նահապետը` Գուրգեն Մելիքյանը
08.05.2024 | 21:35

Ազատագրել հայ ինքնությունը օտարերկրյա գործակալական ցանցից, որ վերադառնանք Արցախ ու շարունակենք պայքարել մեր պատմական, մշտնջենական իրավունքների համար, իսկ հայրենիք հանձնողները, Պատմական Հայաստանը ազգի Հիշողությունից ջնջողները երիցս նզովյալ պիտի լինեն. սա մեր այսօրվա պայքարի բանաձևերից մեկն է։

Երբ անհայրենիք մի խմբակ վեց տարի առաջ զավթեց պետությունը, հարվածի թիրախում ազգային արժեքներն էին` մշակույթ, հայագիտություն, հայ դպրոց, հայ ընտանիք:
Հետո անհայրենիք մի կերպար, որ դեռևս Հայաստանի վարչապետի աթոռն է զբաղեցնում, այցելեց Արցախ։ Մեկ անգամ ևս ուզում եմ հիշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ սույն անձին հարց էին ուղղել.
-Ինչո՞վ էր պայմանավորված Արցախ այցելությունը։ Չէ՞ որ նախկին ղեկավարները նախագահ ընտրվելուն պես առաջինը այցելում էին դաշնակից երկրներ, որևէ գերտերություն:
Սույն կերպարը ինձ ու շատերի համար չարագույժ մի ժպիտով պատասխանել էր.
-Իսկ ո՞վ է ասել, թե Արցախը գերտերություն չէ:
Արցախը գերտերություն անվանելով` հանձնեց թշնամուն: Եվ հիմա Հայաստանի սահմանապահ գյուղերն է թշնամու անկլավ համարում, որոնցից յուրաքանչյուրի պատմությունը ընդգրկում է ոչ թե դարեր, այլ հազարամյակներ:
Արցախից հետո Հայաստանի սահմանապահ գյուղերը գերտերությունների ու աշխարհի մեծ խաղացողների շահերի բախման կիզակետը դարձնելով` հային վերջնականապես հայրենազրկելու խնդիր է իր առջև դրել։
Եվ այս օրերին էլ դեռ մի քարոզչական գիծ են զարգացնում, թե որտե՞ղ են եղել հոգևորականները պատերազմի ժամանակ։ Պատասխանը մեկն է. հոգևորականները եղել են առաջնագծում, մենք ունենք նահատակված գնդերեցներ, մինչ օրս անհայտ կորած վարդապետ։ Հոգևորականները եղել են Արցախյան ազատամարտիկներ, նրանց թվում` Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, ով Արցախի` մեզ պարտադրված այս կորստից հետո դարձել է Եռաբլուրի`անմահների զորամասի գնդերեցը։
Հոգևորականը եղել է պատերազմի զինվոր, ինչպես Տեր Կորյուն քահանան, ով մինչև իր մահն էլ քահանայական սքեմի տակ` գրպանում, մարտի դաշտում իր մարմինը վնասած փամփուշտներն էր պահում և այցելում դիրքեր ու զորամասեր։
Եվ ինչու՞ պիտի հայ հոգևորականը որևէ խոսք չասի, երբ անհայրենիք մի խմբակ հայրենազրկում է ազգը և բազմավեկտոր ծրագրով ջախջախում հայ ինքնությունը, ջնջում անցյալը, վտանգի տակ դնում ազգի գոյությունն ու ապագան:

Սրանք այսօրվա պայքարի ամենախոսուն դրվագներից են։
Տեր Բագրատ Սրբազանի և Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հանդիպման դրվագները։ Կային օգտատերեր, որ այս տեսանյութերի ներքո գրել էին, թե ո՞վ է Գուրգեն Մելիքյանը։
Իհարկե, ազգային Ոգու, Ազգային գաղափարախոսության հետ կապ ունեցող ու դրանք որպես արժեքներ կրող մարդիկ գիտեն, թե ով է մեր սիրելի պրոֆեսորը։
Գուրգեն Մելիքյանը լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ է, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու։ Մեծ Հայորդի, ում ամբողջ կյանքը կապված է եղել Արցախի ու ազգային պայքարի հետ։
Նա եղել է նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ (1996)։
1995 թ.-ից Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվել են հայրենասիրական-
բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ։
Այսօր էլ 87-ամյա պրոֆեսորը ապրում է Արցախի կորստի ցավով, Հայրենիքի ճակատագրով։
Եվ այսօր էլ նա ազգային պայքարի դաշտում է, ինչպես զինվորականի ոգով իսկական մտավորական:
ՈՒ չկա ավելի իրական գնահատական, քան Տեր Բագրատ Սրբազանի բնորոշումը`
«Մենք միացանք Նահապետին»։
Գուրգեն Մելիքյանը մեր ազգային կյանքի ու գիտա-մանկավարժական ոլորտի նահապետերից է, ում ազգային հետագծի մասին դեռ շատ է գրվելու։
Այո, մեր ազգային ինքնության դեմ կատարվել է հարձակում։
Տեղին են պրոֆեսորի այսօր հնչեցրած խոսքերը.
- Նպատակս մեկն է, որ մենք ուժ հաղորդենք այս շարժմանը, ավելի զորավիգ լինենք, որովհետև Սրբազանի գործը ճշմարիտ է, հայոց գործն է սա, հայոց երկրի Հայաստանիս գործն է և մենք զինվորագրված ենք հայոց գործին, մինչև վերջ գնալու ենք, ով հայրենիքի կողմն է, մենք նրան կողմնակից, արժեհամակարգի վրա է հարձակում եղել մեր հավատքի վրա է հարձակումը, հավատացնում եմ ձեզ, որ մենք ուժ ենք գտնելու վերագտնենք մեզ և քայլենք հպարտ։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ