ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է գերիների վերադարձի շուրջ քննարկումներին և ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հուշակոթողների պղծման մասին հարցին:
«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի հարցին, մենք աշխատում ենք և ադրբեջանցի, և հայ գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով: Ընդհանուր առմամբ, ելնում ենք այն հանգամանքից, որ տվյալ հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով»,- ասել Զախարովան՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական գործընթացը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը՝ դիվանագետը նշել է, որ «հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մասին, չի կարող այլ դիրքորոշում լինել»:
«Երբ ստացել ենք այդ տեղեկությունը, կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք վստահեցրել են, որ վանդալիզմի դրսևորումը, հուշարձանների պղծումը արձանագրվել է Ադրբեջանի կողմից, հետաքննություն է անցկացվում, և վանդալիզմի դրսևորման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- հավելել է Զախարովան: «Կցանկանայի, որ մենք միասնական լինեինք հուշարձանների պղծման և վանդալիզմի դեմ պայքարում: Կարծում եմ, որ ցանկացած նման երևույթ 21-րդ դարում պետք է դատապարտվի բոլոր պետությունների կողմից, որոնց ժողովուրդները տվել են իրենց կյանքը, որպեսզի մենք բոլորս ապագա ունենանք»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: