«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Իրատես de facto» ակումբում կայացած ասուլիսից հետո քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ պատասխանեց մեր հարցերին։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
-Սկսվել է նախընտրական շրջան: Այն, ինչ մինչև հիմա էր տեղի ունենում, նախանախանախընտրական շրջան էր, իսկ հիմա կողմերը ճշտում են իրենց մեկնարկային դիրքերը, որ արտահայտվում է ընտրանու, քաղաքական խմբերի, անձերի միջև պայմանավորվածություններով, որ մենք կարող ենք չտեսնել, որովհետև սովորաբար այդ գործունեությունը կուլիսների հետևում է ընթանում, իսկ շարքային քաղաքացին տեղեկանում է անվերջանալի ասեկոսեների, հուշագրերի, քաղաքական գործիչների հայտարարությունների մակարդակով: Միով բանիվ` բոլորը պատրաստվում են ընտրությունների, որը կտևի մինչև ընտրությունները և նույնիսկ ընտրություններից հետո, և խորհրդարանական ընտրաշրջանը սահուն կանցնի նախագահականին:
-Ձեր կարծիքով` կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև բանակցությունները կշարունակվե՞ն:
-Գուցե այո, գուցե ոչ, ակնհայտ է, որ և՛ կոալիցիան, և՛ ՀԱԿ-ը կամուրջները չեն այրում, մշտապես անում են իրար հակասող հայտարարություններ, որը ճիշտ և փորձարկված տեխնոլոգիա է` ցուցահանելու, որ երկուստեք Ռուբիկոնը չեն անցնելու: Այլ հարց է, թե ինչ են հիմա բանակցությունները որոշում: Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ նստաշրջանի ավարտից, Ֆրանսիայի նախագահի Հայաստան պաշտոնական այցից հետո իշխանությունները բանակցությունները շարունակելու շատ մեծ ցանկություն չեն ունենա, այնուհանդերձ, մնալու է ժողովրդի աչքում լավ երևալու և ընտրությունները հնարավորինս հանգիստ անցկացնելու խնդիրը, որպեսզի ընտրություններից հետո բողոքները նվազագույն լինեն, թեպետ դա հայկական քաղաքական մշակույթի մաս է դարձել: Ես չեմ բացառում, որ իշխանության երկխոսելու ցանկությունը նվազի, եթե Արևմուտքի հետ հարցերը որոշակիանան, և եթե պակասի բողոքողների ակտիվությունը` ընդդիմադիրների ռեալ ակտիվությունը կարող է պարտադրել բանակցությունները շարունակել: Ընդդիմության համար էլ բանակցություններն իրենց դրական ու բացասական կողմերն ունեն. մի կողմից` նրանք պետք է շարունակեն արմատական հռետորաբանությունը ընտրողներին չկորցնելու համար, մյուս կողմից` ստեղծվում է փակուղի` ընտրությունների արդյունքները չեն ընդունում, դուրս են գալիս հրապարակ, հետո՞: Այսինքն` պետք է որոնել և այդ իրավիճակից ելքեր: Երկու կողմերն էլ դրականն ու բացասականը հաշվեկշռելով` ընտրություն են անում: Կոալիցիայի իրավիճակը առավել կամ նվազ չափով հասկանալի է, ՀԱԿ-ինը` ոչ այնքան, որովհետև ՀԱԿ-ում որոշումները փաստացի ընդունում է մեկ մարդ, և հնարավոր չէ կանխատեսել` ի՞նչ կվճռի նա:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից:
-Միանշանակ «այո» կամ «ոչ» ինձնից մի սպասեք: Քաղաքագիտությունը և սուրճի մրուրով գուշակությունը տարբեր երևույթներ են: Ես չեմ կարող նախապես իմանալ, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն կուսակցությունների ու անհատների միջև, բայց հիմա ես կարող եմ հաստատ ասել, որ արդեն իսկ գոյություն չունի միասնական կոալիցիա: ԲՀԿ-ն մի կառույց է, որն ունի իր սեփական հետաքրքրությունները իր ստեղծման պահից և կարող է հակասության մեջ մտնել քաղաքական այլ ուժերի, այդ թվում` կոալիցիոն, շահերի հետ: Պաշտոնական հայտարարություններն այս պարագայում ամենաանհետաքրքիրն են: Ցանկացած ընտրություններին հետևելիս ես ոչ այնքան ուշադրություն եմ դարձնում, թե ով ինչ ասաց, որքան ներմուծվող և արտահանվող ապրանքահոսքերի բաշխմանը տարբեր ֆինանսաարդյունաբերական խմբերի միջև: Թե ումից ում է անցել արտահանումների 3-4 տոկոսը, ումից ում են անցել ներմուծումների տոկոսները, ավելի մեծ տեղեկություն են տալիս ապագա իրադարձությունների ընթացքի մասին, քան ով ինչ է հայտարարում: Քաղաքագետը Մովսես մարգարեն չէ և կոչված չէ անհերքելի ճշմարտություններ բարբառելու:
-Իբրև քաղաքագետ` ինչպե՞ս եք գնահատում ներկոալիցիոն վիճակը:
-ՀՀԿ-ն որպես կուսակցություն միակտոր կառույց չէ: Կուսակցության ներսում լրջագույն մարտեր են ծավալվում, և այդ մարտերը հանուն ազատականության կամ սոցիալիզմի չեն, հանուն ռուսական կամ արևմտյան կողմնորոշման չեն, պայքարն իշխանության ապագա ձևվածքում միանգամայն կոնկրետ չափաբաժինների համար է, տնտեսության ապագա ձևվածքում միանգամայն կոնկրետ ճյուղերի համար է: Դա մշտական գործընթաց է, որի մասերից մեկն էլ ԲՀԿ-ն է: Նրանք փորձում են իշխանական կարկանդակը բաժանել և այդ պայքարի արդյունքում ինչ-որ բան ձևականորեն կարող է լինել, կարող է չլինել:
-ՀՀ երկրորդ նախագահի գործոնը ԲՀԿ-ի համար դրակա՞ն է, թե՞ բացասական:
-Ես այնքան էլ հստակ չեմ հասկանում երկրորդ նախագահի դերը քաղաքական ներկա դասավորության մեջ: Նա արդեն քաղաքականության մեջ չէ: Այն ամենը, ինչ շրջանակում է Ռոբերտ Քոչարյանին, պղպջակ է: Տեղեկատվական պղպջակ, որը ավելի շատ բնորոշում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ հասարակությունը` նրա տագնապները, նրա վախերը, առասպելները իրենց սյուրռեալիստական զարգացումներով, երբ ռուսական Մեդվեդև-Պուտին մոդելը փոխադրվում է հայ իրականություն: Ընդհանուր ոչինչ չկա: Կա հասարակության ընկալումը: Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական կուսակցություն, չունի պետական պաշտոն, ես չեմ կարծում, որ նա այնքան ֆինանսական կապիտալ ունի, որ լրջորեն մտնի նախագահական մրցավազքի մեջ: Բնական է, որ նրա նպատակը խորհրդարանի պատգամավոր դառնալը չէ, որը հետո բարձրացնելու է ճանապարհների ու ճամփեզրի պատնեշների կառուցման հարցեր: Ի՞նչ է եղել: Մարդը հարցազրույց է տվել: Ի՞նչ է ասել: Որ ինքը սկզբունքորեն համաձայն է քաղաքականությանը մասնակցելու, բայց դրա պայմաններ հիմա չկան, եթե լինեն, ես կվերադառնամ: Որևէ մեկը Հայաստանում այդ մասին չգիտե՞ր: Որևէ մեկը չգիտե՞ր, որ նա բավականաչափ երիտասարդ ու եռանդուն է, որպեսզի այգում ծառեր տնկի: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նա կարող է Հայաստանի քաղաքականությանը մասնակցել պարզապես իր հայտնիության հենարանով:
-Իսկ ո՞ւմ օրոք և ինչո՞ւ ստեղծվեց ԲՀԿ-ն, եթե ոչ իբրև Ռոբերտ Քոչարյանի նախընտրական նախագիծ` հետընտրական գործընթացներում մնալու:
-Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը մեծ մասնակցություն է ունեցել ԲՀԿ-ի ստեղծմանը: Բայց այն իրավիճակը և այն նպատակը, որի համար ԲՀԿ-ն ստեղծվեց, այլևս չկան: ԲՀԿ-ն 2007-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար էր, որպեսզի նա դառնա խորհրդարանի նախագահ կամ վարչապետ և ձևավորի երկկենտրոն քաղաքական բուրգ: Դա չստացվեց: Եղավ պայքար: Սերժ Սարգսյանը հաղթեց: Վախճանվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ: ՀՀԿ-ն հավաքեց երկու անգամ ավելի ձայներ ԲՀԿ-ից, որից հետո Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ: Իրավիճակը սկզբունքորեն փոխվեց: ԲՀԿ-ն փոքրամասնություն խորհրդարանում, ԲՀԿ-ն խորհրդարանի նախագահ կամ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ, ԲՀԿ-ն խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ սկզբունքորեն տարբեր կառույցներ են: Համապատասխանաբար փոխվում է քաղաքական պատկերը, փոխվում են գործառնությունները: Ռոբերտ Քոչարյանը կարող է խորհուրդներ տալ, որոնք կընդունվեն կամ չեն ընդունվի, բայց դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում է այն մարդուն, ում խորհուրդներ է տալիս: Նա, իհարկե, ուզում է վերադառնալ քաղաքականություն, բայց միայն ցանկությունը քիչ է, իսկ նախագահական հավակնությունների համար կամ պիտի ունենա քաղաքական կուսակցություն, կամ լուրջ ֆինանսական ռեսուրսներ, առայժմ ես դրանք չեմ տեսնում:
-Ներիշխանական հակասությունները, Հայաստանի տնտեսական վիճակը, ԲՀԿ-ի առկայությունը և լուրջ ֆինանսական ռեսուրսները, որոնք երկրորդ նախագահը կուտակել է անցած տարիներին, արդյո՞ք այն բազան չեն, որ նրան նախագահի թեկնածու են դարձնում:
-Իհարկե, գոյություն ունի վիթխարի սոցիալական դժգոհություն, դա ցանկացած ընդդիմության գլխավոր ռեսուրսն է, և ընդդիմության խնդիրն է սոցիալական դժգոհությունը վերածել քաղաքական դժգոհության, որպեսզի այդ տրամադրությունները ելք ունենան ոչ թե սրճարաններում ու խոհանոցներում, այլ ընտրությունների ժամանակ քվեարկության պահին: Եթե ԲՀԿ-ն կամ որևէ կուսակցություն կարողանա այդ էներգիան նպատակաուղղել իր ցանկացած ուղղությամբ, իհարկե, հաջողության կհասնի: Ես դա անվանում եմ Արկադի Վարդանյանի ֆենոմեն. հայկական ամեն մի ընտրության ժամանակ ոչ մի տեղից հայտնվում է և հետո ոչ մի տեղ է գնում մի ուժ, որն օգտագործում է այդ ձայները: Հասարակությունը զգում է դրա կարիքը և դրական է վերաբերվում, բայց դա պետք է կարողանալ, առայժմ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը դա չեն էլ փորձել: Այդտեղ ոչ միայն փող է պետք, այլև փողի կուտակում: Գիտե՞ք` ինչ է նշանակում պայքարել հանրապետականների դեմ: Նշանակում է ամեն մի փոքր գյուղակից մինչև մեծ քաղաք ունենալ թեկնածու, որ հավասար հնարավորություններով կպայքարի հանրապետական թեկնածուի հետ: Լրջագույն ռեսուրսներ ու պայմանավորվածություններ են պետք: Հնարավո՞ր է անել: Այո, հնարավոր է: Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերից մինչև 2008-ի փետրվար դա արեց շատ կարճ ժամանակում, խելահեղ աշխատանք կատարվեց, և նա իսկապես լուրջ մրցակից էր նախագահական ընտրություններում: Առավել քան լուրջ: Բայց այսօր ոչինչ չի վկայում նման քայլերի առկայությունը ոչ մեկի կողմից:
-Ինչո՞ւ ենք մենք մեր ներքին հարցերի լուծումները դրսից սպասում:
-Ընտելացել ենք դրան: Այդպես հոգեբանորեն ավելի հեշտ է: Երբ դու ասում ես` ինձնից ոչինչ կախված չէ, կախված է Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Թեհրանից, ինչ-որ իմաստով քո պատասխանատվության մեծագույն մասը վայր ես դնում, այսինքն` ոչ թե դու չես անում, այլ քեզ չեն թողնում անել: Դա մանկան սինդրոմ է, երբ վախից երեխան թաթիկներով փակում է աչուկներն ու կարծում է, որ եթե ինքը շնիկին չի տեսնում, ուրեմն շնիկ չկա, ուրեմն իրեն չի կծի: Կամ էլ ճչում է, որից հետո գալիս է մայրիկը` շնիկի հարցով զբաղվելու: Հայաստանի քաղաքական մշակույթը շատ երիտասարդ է, 20 տարվա պետականությունը քիչ ժամանակ է, գործնականում այս տարածաշրջանում առաջին անգամ է ժողովրդավարական պետություն կառուցվում` ո՛չ առաջին հանրապետության, ո՛չ ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում այստեղ ժողովրդավարություն չի եղել, չի եղել ո՛չ օսմանյան, ո՛չ պարսկական, ո՛չ ռուսական կայսրությունների ժամանակ: Մենք տարբերվում ենք այն մարդկանցից, ովքեր 200-ամյա ժողովրդավարական պետության քաղաքացիներ են: Ժողովրդավարական պետություն լինելու համար խորհրդարան, կառավարություն ունենալը, օրենքներ ընդունելը բավարար չեն: Տարիներ են պետք, մտածողության փոփոխություն: Իմ երկրի նախագահին ես չեմ ընտրում, այլ Օբաման, նա գիշերը չի քնում ու երազում է, որ Հայաստանի նախագահը լինի ոչ թե այս, այլ այն թեկնածուն, Պուտինը քունը կորցրել է, որովհետև եթե Հայաստանի նախագահը լինի ոչ թե Ֆլան Ֆստանյանը, այլ Ֆստան Ֆլանյանը, Հայաստանի կողմնորոշումը կփոխվի: Այդ ամենը ճիշտ չէ: Իհարկե, արտաքին ուժերը մեծ ազդեցություն ունեն Հայաստանի վրա: Իհարկե, նրանք ունեն հակասություններ, և այդ հակասությունները հնարավոր է օգտագործել, օգտագործվում են: Մինչև 1993 թ. Հայաստանը պարեն ստանում էր Թուրքիայով, ֆինանսներ` Արևմուտքից, զենք` Ռուսաստանից: Հիմա մենք համաժամանակ մասնակցում ենք ՆԱՏՕ-Ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՄ-ի ծրագրերին, մենք միակ երկիրն ենք, որ այդ մասշտաբներով համագործակցում ենք Իրանի հետ` ԱՄՆ-ի գիտությամբ, հետխորհրդային տարածքի միակ երկիրն ենք, որ Ռուսաստանի հետ համաձայնեցված` համագործակցում ենք Վրաստանի հետ։ Մենք, իհարկե, հաշվի ենք առնում գերտերությունների շահերը, բայց ոչ մանկան պես աչուկներս թաթիկով փակած, այլ հասկանալով մեր շահերը:
-Ի՞նչ ենթատեքստ ունի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան:
-Գլխավորը Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակն է` առաջիկա նախագահական ընտրությունները և Սարկոզիի վիճակը, որ բավականաչափ երերուն է: Ֆրանսիան Հայաստանի համար կարևոր երկիր է, ԵՄ-ի հիմնարար անդամ, ԵԱՀԿ ՄԽ անդամ, որ մեծ նշանակություն ունի մեզ համար, ՄԱԿ-ի ԱԽ անդամ, միջուկային երկիր, պետություն, որ կոնյակի գործարանից մինչև «Օրանժ» տնտեսական ներկայություն ունի Հայաստանում: Համեմատեք` հետխորհրդային տարածքի երկրներից քանի՞ անգամ են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անդամ երկրների նախագահները եղել Հայաստանում, քանի՞ անգամ` Ղրղզստանում, որ Հայաստանից փոքր երկիր չէ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ