Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂՆԵՐԻՆ, ԹՈՒՅԼԵՐԻՆ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԽՂՃՈՒՄ ԵՆ»

«ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂՆԵՐԻՆ, ԹՈՒՅԼԵՐԻՆ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԽՂՃՈՒՄ ԵՆ»
22.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը քաղաքական դաշտում:
-Շատ տարողունակ է հարցը, ուստի հակիրճ պատասխանելու համար պիտի բավարարվեմ ընդհանուր գնահատականներով: Հայաստանի ներքաղաքական կյանքը երբեք ավելի խոր ճգնաժամի մեջ չի եղել, որը հաստատող մի քանի հանգամանքներ եմ ուզում հիշատակել, թեպետ բազմաթիվ փաստեր կան: Առաջինը բազմակուսակցական համակարգի ջախջախումն է: Ցավոք, Հայաստանում անցած 20 տարիներին բազմակուսակցական համակարգը այդպես էլ լիարժեք չկայացավ, սակայն վերջին երեք տարիներին վերջնականորեն ջախջախվեց, ինչի վկայությունն է կոալիցիոն ուժերի հայտարարությունը: Փաստորեն, հայտարարությունը ցույց տվեց, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգ գոյություն չունի, ընտրությունների, խորհրդարանի, քաղաքական մյուս կառույցների վերաբերյալ պատկերացումներ բացարձակապես չկան, կամ էլ շատ աղոտ հիշեցնում են կոմունիստական պատկերացումները։
-Պատճառն իշխանության ուժեղ լինե՞լն է, թե՞ կուսակցությունների թուլությունը:
-Իշխանությունն ուժեղ է այն ժամանակ, երբ կուսակցություններն են ուժեղ, երբ բազմակուսակցական համակարգը կայացած և լիարժեք է: Հայաստանում պատկերացումներն ուժեղ իշխանության մասին նույնպես, ցավոք, աղճատված են։ Մարդկանց թվում է, թե ուժեղ իշխանությունն ամեն ինչում և բոլորին իր կամքը թելադրողն է, բայց դա բացարձակապես կապ չունի իրական ուժեղ իշխանության հետ և հիշեցնում է բրեժնևյան ժամանակները, երբ կարելի էր ամեն ինչ թելադրել, թվում էր` իրավիճակը հանգիստ է ու կայուն, բայց իրականում ներքին խոր ճգնաժամ էր ու քայքայում: Իշխանության մաս կազմող երեք կուսակցությունները հայտարարեցին, թե իրար դեմ չեն պայքարելու և բավարարված են կոալիցիայի մեջ ուժերի հարաբերակցությամբ` նկատի ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք իրավիճակը: Բայց կուսակցությունները ոչ թե միմյանց դեմ պետք է պայքարեն, այլ մրցակցեն ընտրությունների ժամանակ, ընդ որում, անկախ նրանից` մինչ այդ կոալիցիայի մեջ են եղել, թե ընդդիմությունում, և իրենց ուժերի հարաբերակցությունն էլ խորհրդարանում ոչ թե իրենք են որոշում, այլ հասարակությունն իր տված ձայներով: Հետևաբար կոալիցիան իր հայտարարությամբ կանխորոշում է 2012 թ. ընտրությունների ելքը, կուսակցություններին էլ բաժանում է յուրայինների ու «թշնամիների»: Սա նշանակում է` իրենք վստահ են, որ կան լծակներ, որոնցով կարող են ապահովել ցանկալի հարաբերակցությունը: Թե որոնք են այդ լծակները, կարծում եմ, բոլորը շատ լավ գիտեն: Հատուկ ցինիզմ պետք է ունենալ հասարակության երեսին նետելու համար, որ ամեն ինչ, այդ թվում` և ապագա ընտրությունների արդյունքները, որոշելու է կոալիցիան, և այդ հարցով արդեն ներկոալիցիոն պայմանավորվածություններ կան: Բայց դա դեռ բոլորը չէ: Պարզվում է, որ այս կոալիցիան, որի լիազորությունների առավելագույն ժամկետը մինչև խորհրդարանական ընտրություններն է, որոշում է ընդունել նաև 2013 թ. նախագահական ընտրությունների մասին: Համարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ուժերի նույն հարաբերակցությունն է լինելու, նույն կոալիցիան, որն էլ պաշտպանելու է ներկա նախագահի թեկնածությունը: Եթե այն կազմող կուսակցությունների անունից լիներ հայտարարությունը, կարող էր հատուկ ուշադրության չարժանանալ: Բայց կոալիցիան ձևավորվում է խորհրդարանի ընտրությունների արդյունքում` առավելագույնը խորհրդարանի լիազորությունների ժամկետով: Ակնհայտ է, որ հայտարարությունը ոտնահարում է քաղաքական գործունեության բոլոր սկզբունքներն ու արժեքները: Երկրորդ օրինակը` նախորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանում քննարկվում էր Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգմանը վերաբերող 5-րդ արձանագրությունը: Ցանկացած երկրի համար նման հարցը բացառիկ քաղաքական նշանակություն ունի, բայց քննարկման ժամանակ որևէ խմբակցություն ելույթ չունեցավ և չփորձեց հիմնավորել իր դիրքորոշումը: Դա անկախության վերականգնումից ի վեր աննախադեպ երևույթ է Հայաստանի խորհրդարանի համար և վկայում է, որ խորհրդարանի գործունեությունն իմաստազրկվում է, հետևաբար, պետության ապագան լրջորեն վտանգված է:
-Դեռ մ.թ.ա. ապրած հույն հայտնի 7 օրենսդիր փիլիսոփաներից Սոլոնը Աթենքում ժողովրդավարության հաստատման նպատակով գրված օրենքներում ընդգրկել էր անտարբերների դեմ օրենքը, որով, պատժվում էին այն քաղաքացիները, ովքեր չէին մասնակցում պոլիսի քաղաքական կյանքին... Չե՞ք կարծում, որ մենք էլ նման օրենքի կարիք ունենք:
-Ոչ, որովհետև մենք մեր հարցերի շատ լուծումներ փորձում ենք գտնել օրենքների ընդունման մեջ, բայց օրենքների ընդունումից շատ ավելի կարևոր է` օրենքները երկրում հարգվո՞ւմ են, թե՞ ոչ: Օրենքները կարևոր են այնտեղ, որտեղ հարգվում են: Ցավոք, վերջին երեք տարիներն առանձնանում են նաև օրենքների ու սահմանադրության բազմակի խախտումներով: Անգամ խորհրդարանն է օրենքները խախտում, ինչպես և պետական բոլոր կառույցները` առանց նույնիսկ մտահոգվելու հետևանքների մասին: Մեր իրականությունն ավելի վատ է, քան անտարբերների դեպքում, մենք գործ ունենք ոչ թե անտարբերության, այլ ցինիզմի և բարոյազրկման հետ: Նրանք անտարբեր չեն...
-Համակերպվա՞ծ են:
-Ոչ, պարզապես իրենց անձնական, խմբակային, առօրյա շահերն ավելի վեր են դասում, քան ամենակարևոր քաղաքական խնդիրները:
-Քաղաքական կյա՞նքն էլ է այդ սկզբունքով գործում:
-Հենց քաղաքական կյանքն է այդ սկզբունքով կառուցվում: Բայց, բնականաբար, չի կարող հասարակության մի հատվածը մյուս հատվածից որակապես տարբերվել, ինչպես քաղաքական կյանքում չի կարող իշխանությունն ընդդիմությունից որակապես տարբերվել: Բարոյազրկումը, ցինիզմը քաղաքական ասպարեզից աստիճանաբար թափանցում են նաև հասարակության մյուս շերտերի, խմբերի մեջ: Այդ առումով հասարակության քաղաքական հատվածին ամենամոտը լրատվամիջոցներն են, և ինչպես քաղաքական ասպարեզում շատ քիչ են մարդիկ կամ խմբերը, որ տարբերվում են այդ օրինաչափությունից, նույնպես էլ նման բաժանում կա լրատվամիջոցների մեջ` և՛ էլեկտրոնային (հատկապես` հեռուստատեսային), և՛ ավանդական...
-Տեղեկատվության զանգվածային տարածման միջոցները վաղուց քաղաքական դաշտի մասն են կազմել` սնվում են այդ դաշտում ու սպասարկում են այդ դաշտին, ինքնապահպանման այլ տարբերակ չունենալով:
-Քաղաքական համակարգի կողքին լինելով և քաղաքական կյանքի լուսաբանումն առաջին խնդիր ունենալու պատճառով լրատվամիջոցները առավել շփվող և ազդվողն են, բայց աստիճանաբար այս ամենը մնացած շերտերին էլ է փոխանցվում, չի կարող չփոխանցվել: Ի վերջո, քաղաքական ասպարեզն է կառավարում երկիրը, սահմանում խնդիրները, կյանքի կանոններն ու սկզբունքները, անհատ մարդիկ կարող են այդ կանոններով ու սկզբունքներով չապրել, բայց խմբերը բացառիկ դեպքերում են այդ ազդեցությունից խուսափում:
-Ստացվում է` գետնատարած շղթան կազմված է միատեսակ օղակներից, ինչ-որ փոփոխության, բարու, գեղեցիկի, ճշմարտության, թող որ ռոմանտիկ հնչի, կրողը ո՞ր օղակը պիտի լինի, որ առանձնանա ու շղթան գետնից պոկի:
-Այսօր Հայաստանում նման արժեքների կրողներն անհատներ են:
-Եթե նման անհատներ կան, ո՞վ է նրանց տեսնում կամ լսում:
-Ավելի քան համոզված եմ, որ կան, ոմանց նաև ճանաչում եմ, նրանք իրենց գործն են անում և շատ կարևոր է, որ կարողանան հետագայում էլ անել, իսկ դրա համար պիտի համախմբվեն` սա է ամենակարևորը: Սկզբում կարող են լինել փոքրիկ կղզյակներ, որոնք կդառնան առողջ միջավայրերի հիմքը: Բացարձակապես կարևոր չէ, որ նրանք քաղաքական լինեն, բոլորովին` կյանքի բոլոր ոլորտների հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մարդկանց միավորման անհրաժեշտություն կա, առողջ միջավայրեր ստեղծելու անհրաժեշտություն, որոնք կլինեն նաև բարոյական արժեքների ու սկզբունքների կրող: Այդ միջավայրերն իրենք իրենց կձգեն ուրիշների, վստահաբար հետագայում այդ կղզյակների միջև կամուրջներ կառաջանան և այս ամենը, ի վերջո, կբերի հասարակության առողջացմանը, նաև քաղաքական կյանքի ու պետության առողջացմանը, արժանապատիվ կյանքի ապահովմանը: ՈՒրիշ ճանապարհ չկա և չի եղել մարդկության ամբողջ պատմության ընթացքում: Տարբեր երկրներ ու ժողովուրդներ ժամանակ առ ժամանակ հայտնվել են նման իրավիճակում, և գտնվել են մարդիկ, ովքեր կարողացել են դիմակայել դժվարություններին, բայց հարազատ մնալ իրենց արժեքներին ու սկզբունքներին: Ինչքան էլ վատ է իրավիճակը թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու սոցիալական ոլորտներում, դա մարդկանց չպետք է հուսահատեցնի, հակառակը` ավելի պիտի մղի թե իրենց գործն անելու, թե փորձելու ստեղծել այդ միջավայրերը, որտեղ կձևավորվի առողջ միտքը, գաղափարը, որը կվերափոխի հասարակական գիտակցությունն ու կհամախմբի մարդկանց: Մենք, ցավոք, դարերի ընթացքում կորցրել ենք մեր հայրենիքի զգալի հատվածը, և մեր ժողովրդի զգալի մասն էլ հայտնվել է սփյուռքում, ինչը, իհարկե, դժբախտություն է, բայց նաև իրողություն, որն այսօր կարելի է օգտագործել որպես արագ փոփոխությունների հնարավորություն: Փոքր հասարակություններում և փոքր պետություններում շատ ավելի դյուրին է արմատական փոփոխություններ իրականացնելը:
-Չորս տարի հետո ցեղասպանության 100 տարին է լրանում, կարծո՞ւմ եք, որ առաջիկա չորս տարիներին հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ կլինեն` հասարակությունների ներսում, թուրքերի վերաբերմունքն իրենց անցյալին, հայերի վերաբերմունքը թուրքերին, փոփոխություններ բարոյական, պատմական, գաղափարական, քաղաքական դաշտում, որոնք եթե չլինեն, և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, և սահմանի բացումը ցուցադրական, կարճատև, անիրական քայլեր են լինելու:
-Նախորդ 2-3 տարիները ցույց տվեցին, որ առանց հարցերի լուրջ նախապատրաստման դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերը չեն կարող արդարացված ու արդյունավետ լինել: Հանրահայտ ճշմարտություն է, որ լուրջ հարցերի անդրադառնալիս նախ պետք է ճշտել, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել, որն է հիմնահարցը: Ընդ որում, հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ խնդրին առնչվող կողմերն ունեն դրան վերաբերող նույն կամ շատ մոտ ձևակերպումներ: Կոնկրետ, հայ-թուրքական հարաբերությունների դեպքում հիմնախնդիրը շատ պարզ է. 1896-1923 թթ. տեղի է ունեցել ցեղասպանություն, ինչի պատճառով մեր ժողովրդի զգալի հատվածը զրկվել է իր հայրենիքից, ոչնչացվել կամ արտաքսվել է Արևմտյան Հայաստանից: Մնացյալն ածանցյալ է, հիմնախնդրի հետևանք, անգամ սահմանի փակ լինելը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Քանի հիմնախնդրի հստակ ձևակերպումը չկա, կողմերից յուրաքանչյուրը փորձելու է «խորամանկել» և ժամանակավոր ու կեղծ գործընթացներից ինչ-որ դիվիդենդներ շահել` առանց մոտենալու իրական լուծմանը: Անցած երեք տարիները ևս մեկ անգամ դա ապացուցեցին: Ցավոք, հենց սկզբից նկատելի էր, որ թուրքերի նպատակը իրական խնդիրների լուծումը չէր, այլ կեղծ գործընթացի ծառայեցումը մի շարք նպատակների, ինչը նրանց լիովին հաջողվեց: Մինչդեռ մեր իշխանությունները, չնայած հնչող զգուշացումներին, ոչ միայն ոչինչ չշահեցին, այլև ունեցան ցավալի կորուստներ: Ավելին, անգամ չօգտագործեցին պատեհ հնարավորությունը` չարաբաստիկ արձանագրություններից ազատվելու համար, ու մինչ օրս դրանք Ազգային ժողովի օրակարգում են:
-Ի՞նչ պիտի անեինք, որ չարեցինք:
-Նախ, պետք է վերջ տալ քաղաքական որոշումները մատների վրա, տնավարի հաշվարկներով ընդունելու արատավոր պրակտիկային: Ինչպես ցանկացած քիչ թե շատ իրեն հարգող երկրում, դրանք պետք է ընդունվեն մասնագիտական մշակումների հիման վրա: Բայց դրա համար պետք է քաղաքական կյանքն ունենա իրական իմաստ ու նպատակներ, հիմնավորապես վերանայվեն պետական կառույցների գործունեության սկզբունքները, գիտության ու կրթության նկատմամբ արատավոր վերաբերմունքը և այլն, այսինքն, Հայաստանը պետք է շարժվի իրական պետություն դառնալու ճանապարհով: Այդ դեպքում միայն կվերանայվեն մակերեսային մոտեցումները մեր հիմնախնդիրներին, մասնավորապես, ցեղասպանության ճանաչման խնդրին: ՈՒղղակի ամոթալի ավանդույթ է դառնում այն, ինչ տարիներ շարունակ գոյություն ուներ ԱՄՆ-ում, հիմա էլ դրան միացել է Հայաստանը` բոլորը շունչները պահած հետևում են, թե ինչ կասի ԱՄՆ-ի նախագահը ապրիլի 24-ի ուղերձում, նամակներ են հղում նրան ու կոնգրեսականներին, ծախսում են հսկայական միջոցներ, որ Կոնգրեսի հանձնաժողովը ևս մեկ անգամ ասի «այո», բայց Կոնգրեսը` «ոչ»: Այն, ինչ ասել է, կասի կամ չի ասի Բարաք Օբաման, իր և ԱՄՆ-ի բարոյական խնդիրն է, իր ու իր երկրի շահերի խնդիրը: Ոչ թե պետք է օտարին աղաչել, խնդրել, հետո էլ հիասթափվել ու հայհոյել, այլ ճիշտ գնահատել մեր անելիքներն ու մեծացնել մեր երկրի քայլերի կարևորությունը: Չի կարելի լինել օտարների հլու կամակատարն ու ակնկալել, որ իրական աջակցություն կունենաս քո խնդիրների լուծման ժամանակ: Մենք ստանում ենք այնպիսի արդյունք, ինչպիսին է մեր պետության գործունեությունը: Մեր իրական վերաբերմունքը ցեղասպանության խնդրին այնպիսին է, ինչպիսին է մեր վերաբերմունքը մեր պետությանը: Առաջինի դեպքում, պարզապես, քննարկումները, գրեթե բացառապես, հուզական հարթությունում են լինում: Հետևողական, հիմնավոր մշակված ծրագրերի կազմման և իրականացման գործում մենք միշտ, մեղմ ասած, թերացել և թերանում ենք: Հետևաբար, եթե ուզում ենք լուրջ փոփոխություններ ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման, մյուս հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, պիտի վերանայենք մեր հասարակությունում գերակշռող դարձած արժեքներն ու սկզբունքները, մեր աշխատանքի ձևը, մեր պետության բնույթը և այդ դեպքում շատ բան իր տեղը կընկնի: Ի վերջո, աջակցում են ուժեղներին, թույլերին լավագույն դեպքում խղճում են, իսկ ավելի հաճախ` օգտագործում են սեփական նպատակների համար:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հ. Գ. -Ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի տեսակետները կներկայացնենք թերթի հաջորդ համարում:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ