Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԱՄԵՆ ԻՆՉ ԳԱԼԻՍ Է ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԽՅԱԼ ՎԻՃԱԿԻՑ»

«ԱՄԵՆ ԻՆՉ ԳԱԼԻՍ Է ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԽՅԱԼ ՎԻՃԱԿԻՑ»
01.04.2011 | 00:00

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական 79-ամյա թատրոնի ստեղծագործական առօրյան մշտապես խնամքով լուսաբանվել է «Իրատես de facto»-ի էջերում։ Այդ բացառիկ մշակութային կառույցի հետանկախական նկարագրի շուրջ իրենց սրտացավ մտահոգություններն են մեր ընթերցողի հետ կիսել բազմավաստակ քնարական տենոր Ռուբեն Նուրիջանյանը, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, տնօրեն Կամո Հովհաննիսյանը, 1933-ին թատրոնի վարագույրը բացած սպենդիարյանական «Ալմաստ» օպերայի մեզանում մերժված բեմադրիչ, Պերմի օպերային թատրոնի գեղարվեստական 30-ամյա ղեկավար Գեորգի Իսահակյանը, համաշխարհային հռչակ վայելող երգիչներ Բարսեղ Թումանյանն ու Հասմիկ Պապյանը։ Արդի հայ օպերային երգարվեստի շուրջ նրանց ծավալած անկողմնակալ զրույցը շարունակում է մեր օպերայինի վերջին գեղարվեստական ղեկավար ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում բեմական գործունեության 40-րդ և ծննդյան 60-րդ տարեդարձները մարտի 30-ին պաշտոնապես միաձույլ մեծարվեցին գլխատված գեղագիտական եռամյա տարուբերումներին դիմագրավելուց ուժասպառված հարազատ թատրոնի կամարների ներքո։ Իր ներկայությամբ հանդիսությունը պատված ՀՀ նախագահի շնորհած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի խանդավառությամբ անհամեմատ տոնական լույսերով ողողվեց աշխարհահռչակ տենորի ընկճված հոգին:
«ԻՐԵՆՑ ՀՈՐ ՏՈՒՆՆ ԵՆ ՍԱՐՔԵԼ ԹԱՏՐՈՆԸ»
-Գնահատեք, խնդրեմ, մեր օպերայինում Ձեր գեղարվեստական ղեկավարության 7-8 տարիները։
-Չգիտեմ, ուզում էի օգտակար լինել իմ թատրոնին։
-Ասում են, մոտ 200 երգիչ-երգչուհիներ բերեցիք։
-Չէ, չէ, 75 միայն։ Երիտասարդներով համալրեցի գրեթե փլուզված ստեղծագործական խումբը։ Շատերը պարզապես ծլվլում էին, իրականում երգել կարողացան։ Ոմանք մոռացել են, ցավոք, իմ տքնաջան աշխատանքի շնորհիվ կայանալու մասին։ Կարճ ժամանակում իմ դեմ չարակամության ամպեր կուտակվեցին բոլորեքյան։ Մարդիկ, ովքեր օպերային արվեստից կիլոմետրերով հեռու էին, իրենց պարտքը համարեցին թերարժևորել ամեն արածս։ Ազատ աշխատելու, փորձեր անելու է կարոտ մեր օպերայինը։ Իրենց հոր տունն են հիմա սարքել թատրոնը։ Երբ ուզում են` «շլյագերներ» են անում։ Ինչին ուզում են` միլիոններ են հատկացնում։ «Աիդա»-ին տրամադրված շռայլ գումարով կարելի էր 4-5 շքեղ ներկայացում բեմ հանել, տեղի ներուժը զբաղեցնել ու աճեցնել։
-Արդյոք բավարար ստեղծագործական լծակներ ունի՞ թատրոնը։
-Նախ, իր ստուդիան պիտի ունենա։ Անպայմա՛ն։ Որ թատրոնն իր գործող ստուդիան չունի, երբեք կարգին թատրոն չի դառնա։
-Կոնսերվատորիայի օպերային ստուդիան չի՞ կարող բազա լինել մեծ բեմի համար։ Անմիջականորեն հաղորդակցվելով «սարյանականների» գործունեությանը` մեզանում չբեմադրված բարդ օպերաների ներկայացումներով քանիցս հմայվելու առիթ եմ ունեցել։ Մեծ բեմում այժմ հուսադրող քայլեր անող շնորհառատ քանի՜-քանիսի ունկնդիր-հանդիսատեսն եմ եղել. Սարգիս Աղամալյանի, Հովհաննես Այվազյանի, Լիանա Ղազարյանի, Պերճ Քարազյանի, Արծվիկ Դեմուրճյանի, Նարինե Անանիկյանի։ Չմոռանանք, որ այնտեղ առաջին բեմելն են ունեցել Արաքս Դավթյանը, Անահիտ Մխիթարյանը, Ռուբեն Նուրիջանյանը, Կոնստանտին Սիմոնյանը, Միքայել Հովակիմյանը։
-Ինչևիցե, դա առանձին թատերական միավոր է, օպերային թատրո՛նը չի գլխավորում նրա գործունեությունը։ Լիներ պետական վերաբերմունք, մրցութային կարգով լավագույն ուժերը կընդգրկվեին ակադեմիականի թատերաստուդիա ու կդառնային մեծ բեմին արժանի ու պատրաստ հերթափոխ։
«ԵՊԿ ԿՂԶԻԱՑԱԾ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ ԿԱՐՈՒԶՈՆԵՐ»
-Դժվար պայմաններում ստեղծված մի քանի տասնյակ խաղացանկային ներկայացումները, հազվադեպ ցուցադրվելով, չե՞ն կորչում, հանիրավի մոռացվում։ Երբ ստանձնեցիք օպերայինի գեղարվեստական ղեկավարությունը (տեղյակ չեմ Ձեր անձնական հարաբերություններին Տիգրան Լևոնյանի հետ), նկատեցի մեզանում օրինաչափություն դարձած տխուր երևույթի անկասելիությունը։ Ինչպես Աճեմյանի, Գուլակյանի, Ջրբաշյանի, Բագրատունու, այնպես էլ նրա բեմադրությունները, ասես մեխանիկորեն, սղվեցին ընթացիկ խաղացանկից։
-Նա՛ հանեց իր նախորդների բեմադրությունները, ոչ մեկինն էլ չէր ընդունում։ Ես չեմ արգելել, թող դնեին։ «Օթելլոն» էլ կարելի էր խաղալ, բայց եթե հիմա բեմ հանենք առանց իր ռեժիսորական միջամտության, կհամոզվեք, որ անգրավիչ են դարձել, հնամաշ։
-«Պողիկտոսի» նման հրաշալի ներկայացում այս տարիներին զարմանալիորեն չծնվեց։ Ինչո՞ւ չկարողացանք պահպանել մեր գանձը` մութ ու ցուրտ տարիներին իր շքեղ կատարելությամբ օտարներին զարմացնող։
-Ինքս եմ ստիպել, որ ներկայացնեն, բայց տենոր չունենք։ Առանց ստուդիական հենարանի չենք կարող պահպանել նախկինում արվածն ու նորերը ստեղծել բարձր մակարդակով։ Մեր դահլիճի ակուստիկան էլ նպաստավոր չէ, մթնոլորտը։ Հատկապես երաժիշտները վատ հանդիսատես են։ Եվ դա գալիս է կոնսերվատորիայից։ Այլ է Մոսկվայի կոնսերվատորիան. տարբեր վարպետների սաներն ապագա ստեղծագործական համախոհության հիմքերն ամրացնում են դեռ լայն ասպարեզ չմտած։ Մերոնցից շատերը ԵՊԿ կղզիացած դասարաններում են կարուզոներ։ 7-8 տարի ժամանակ են կորցնում, բայց երբ թատրոն են գալիս, ստիպված ես հիմնավոր ուղղել նրանց։
-Ծանոթ չեմ մեր կոնսերվատորիայում տիրող մթնոլորտին, բայց Պուչինիի տրիպտիխով («Ջանի Սկիկի», «Քույր Անժելիկա», «Թիկնոցը»), Մասկանիի «Գեղջկական ասպետությամբ», Դոնիցետիի «Լյուչիա դը Լամերմուրով», Չարենցավանում ու Աբովյանում խաղարկված Պերգոլեզիի «Սպասուհին` տիրուհի» բուֆ-օպերայի ու մի քանի այլ ներկայացումներով որոշակի պատկերացում ունեմ ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան 30-ամյա օպերային ստուդիայի մասին։ Ըստ իս, որպես առանձին թատերակառույց ճանաչվելու և արժանիորեն գնահատվելու իրավունքը ստուդիականները վաղուց են վաստակել։ Մեծ բեմում լիարժեք կայացմանը հարկավոր փորձառության իրական լծակներ չգտնելով` շատերն արտերկրում են «պատսպարվում»։
«ԵԹԵ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ՉՄՆԱՆ»
-Ասում եք` չկա քաղաքակիրթ երկիր, որտեղ ընդամենը մեկ օպերային թատրոն գործի։ Մեր մեկն էլ տևական ընդմիջումներով է հանրությանը ներկայանում։
-ՈՒնենայինք հիմնականից զատ մեկ ուրիշ բեմահարթակ, նոր բեմադրության աշխատանքները չէին խանգարի նախորդների խաղարկմանը։ Օպերային երգարվեստը, բալետը մշտական վարժանքի արդյունքում միայն ցանկալի որակ կտան, բնատուր շնորհները կհղկեն սկսնակների ու «հաղթական մարզավիճակը» կպահպանեն տարիներով բեմ չբարձրացող միջին ու ավագ սերնդի վարպետների։ Ասենք, Երևանում, «միջոցների անբավարարությամբ», շռայլություն է նորակառույց երկրորդով գլխավոր բեմահարթակի զբաղվածությունը թեթևացնելը։ Բայց մենք կարող ենք, չէ՞, ներկայացումները տանել Գյումրի և Վանաձոր։
-Վստահ չեմ, որ մեկօրյա մարզային շրջագայություններով մայրաքաղաքային հնչողությամբ կհագենա տեղաբնակների մշակութային քաղցը։
-Թող մի քանի օր նախատեսեն` միավորելով մի քաղաքից մյուսին անցնելը։ Գյումրին ունի պետական նվագախումբ և երգչախումբ։ Կարելի է հենց նրանց ներգրավմամբ բեմադրություններ անել` նկատի առնելով Երևանի մեներգիչների մասնակցությունը։ Պետությո՛ւնը պիտի լրջորեն անհանգստանա։ Չեն հասկանում, որ տարբեր են լինում ձայները։ Հիմա ընդամենը 70-75 երգիչ ունենք փորձնակների (րՑՈՋԴՐ) հետ, որոնք չեն էլ վարձատրվում։
-2011-ի գերակա խնդիրները պարզաբանելիս ՀՀ մշակույթի նախարարը հայտարարեց, որ մեր երկու ազգային թատրոնները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են։ Կոնկրետ օպերայինի առնչությամբ հավաստեց, որ «Աիդա»-ից հետո արտերկրից պարբերաբար նշանավոր դիրիժորներ, մենակատարներ, ռեժիսորներ են հրավիրվելու համագործակցության միջազգային փոխշփումների բացը լրացնելու նպատակով։
-Եթե խոստումներն օդում կախված չմնան, որոշակի տեղաշարժ, գուցե, ունենանք։ Առաջնայինը տեղի ներուժին գոհացուցիչ ստեղծագործական լծակներ ապահովելն է, որպեսզի մենք մեզ դրսում էլ արժանավայել ներկայացնել կարողանանք։ Հիմա ունենք հոյակապ երիտասարդ երգիչներ, ովքեր բեմելի են կարոտ։ Գևորգ Հակոբյանը, Առնոլդ Քոչարյանը, օրինակ, եթե շարունակ չերգեն, ձայներն էլ կկորցնեն։ Անպայման պիտի նկատի ունենալ մեր ձայների բազան որևէ գործ ձեռնարկելիս։ Դրամատիկական տենոր չունենք, քնարական են բոլորը, ուրեմն կարելի է «Բոհեմ» բեմադրել, «Ֆաուստ», «Եվգենի Օնեգին»։ Լավ բաս ունենք, ուրեմն` «Դոն Կառլոս»։
-Տեսա՞ք ֆիլհարմոնիկի «Օնեգինը»` Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ։
-Որպես փորձարարություն հանգիստ կարելի է ընկալել։
-Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովայի» «բազմաչարչար» բեմադրության նախապատրաստական փուլը դեռ Ձեր գեղարվեստական ղեկավարության վերջին շրջանում` 3-4 տարի առաջ էր սկսվել։ Առաջնախաղի փաստով ոգևորությունն ունի՞ իրատեսական հիմքեր արվեստի տեսանկյունից։
-Գեղեցիկ նկարչական կերպար ունի։
-Արաքսի Կուտչուկյանի (Մեծ Բրիտանիա) թատերանկարչական դեբյուտը տպավորիչ էր, չնայած նկատելի էկլեկտիկային։ Ինքը` ներկայացումը, հապճեպության կնիք էր կրում, գուցե մի բեմադրիչից մյուսին փոխանցվելով, երկարաձգվելով։
-Ռեժիսորը մե՛կը պիտի լինի, որ կիսատ-պռատություն չստացվի։ Սխալ էին արել, որ նորից կողմնային 2 բեմերն էին օգտագործել։ Առաջին` Մեյդանի գործողությունը վերջանալուն պես կամերային պիտի դառնար ներկայացումը, կենտրոնում հավաքվեր։ Դեկորների մի մասից էլ կարելի էր հրաժարվել։ Այդ դեպքում հնարավոր կլիներ հեշտությամբ շրջանառել ներկայացումը մարզերում էլ։
-Գլխավոր փորձին ներկա գտնվելուց հետո, երբ առաջնախաղերը դիտեցի ու լսեցի, թեթևացած շունչ քաշեցի. շատերին քաջ հայտնի կողմնակի միջամտության ենթակայությունից դուրս գալու կենսունակություն ի հայտ բերեց նոր «Սայաթ-Նովան»։ Ծերունազարդ կոմպոզիտորի անմիջական տպավորությամբ էլ առայժմ առանձին ձեռքբերումներով միայն կարող ենք գոհանալ` թոռնուհու նրբաճաշակ գեղագիտությամբ, Սայաթ-Նովա-Հովհաննես Այվազյանի և Աննա-Գոհար Ազիզյանի սքանչելի ձայներով, մասամբ էլ` Հայկ Տիգրանյանի (Բազարբաշի) և Սարգիս Աղամալյանի (Յալանչի) նորահայտ երաժշտաթատերական բարեկրթությամբ։ Սրտամոտ էին Սայաթ-Նովայի հանրածանոթ երգերը, կոմիտասյան պատարագը, բայց կապակցող, մեկ ամբողջի մեջ հավաքող հարակից երաժշտական թեմաները, կարծես, ի զորու չեղան միևնույն տիրույթում կարևորվելու։ Ներկայացման ստույգ վերնագրումը` «Պատառիկներ Սայաթ-Նովայի կյանքից», ճիշտ կլիներ։
-Միանգամայն իրավացի եք, բայց դա գալիս է ռեժիսուրայի բացակայությունից. ինտրիգներ չկան, բեմական հարաբերությունները բացված չեն, մի գործողության մեջ մյուսի հասունացումը չի ապահովված։ Ինքս երկու տարբեր բեմադրամտահղացում ունեի։ Մեկը` ավելի աշխարհիկ, մյուսը` ինձ համար անհամեմատ գրավիչը, խոհափիլիսոփայական։ Մուրվանիձեն մի չնաշխարհիկ բեմաձևավորում էր պատրաստել։ Կանխավճարի մի մասն արված մանրակերտի դիմաց տվեցին, ու հարցը փակվեց։
-Ձեր բեմադրատեսիլքով` ինչպե՞ս եք գնահատում մեր նոր «Աիդան»։
-Ծանր ներկայացում է, ռեժիսուրա չկա։ Մեծ գումար է ծախսված կոկիկ սարքված նկարչական ձևավորման վրա, որը ոչ միայն օգտագործել, այլև պահել-պահպանելն է անհնար մեր ունեցած պայմաններում։ Դեռ Ռադամես չունենք։ Հովհաննես Այվազյանին եմ պատրաստում, կարծում եմ` լավ կստացվի։ Առաջիկայում երևի ինքս դրամատիկ տենորներ կտամ։
-Մեր կոնսերվատորիայո՞ւմ եք պատրաստում։
-Այո, բայց երևի հրաժարվեմ դասախոսելուց։ Միևնույն գործը մեր թատրոնում էլ եմ անում։
«ԻՄ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆԸ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ ԴԱՐՁՆԵԼՆ Է»
-Թե՛ «Աիդա»-ի, թե՛ «Սայաթ-Նովայի» ներկայացումներում անվարժ ականջով անգամ զգալի էր նվագախմբի կատարողական վարպետության որոշակի անկումը։
-Հոյակապ նվագախումբ ունեինք։ Չնչին աշխատավարձով անզոր հոգալու իրենց, առավել ևս` ընտանիքների, ամենահամեստ կեցությունը` երաժիշտները սկսեցին մեկ այլ աշխատանք փնտրել։ Մի մասը ֆիլհարմոնիկում է, որտեղ անհամեմատ ձեռնտու և հեշտ է նվագելով ապրելը։ Ոչ մեկին չես կարող մեղադրել, վարձատրությունը կրկնակի բարձր է։
-Երգիչ-երգչուհիներն էլ համատեղում են օպերայինում իրենց աշխատանքը եկեղեցական կամ այլ երգչախմբերում (հաջողակները` արտերկրի) գտածի հետ։
-Չի կարող արտիստը` երգիչ-երաժիշտ, թե պարող, չափազանց լարված ու կիսաքաղց կյանքով ապրել ու հիանալի նվիրում, աճ, արվեստ ցուցաբերել օպերային բարդագույն թատրոնում։
-Մեզ հավատացնում են, որ բոլոր սինթետիկ օղակներն ունեն առանձին գլխավոր ղեկավարներ, որոնք էլ պատասխանատու են վերջնարդյունք ներկայացման մեջ իրենց մասով։ Չե՞ք կարծում, որ մասնատված այդ պատասխանատվությամբ են հենց իրենց ընդհանուր ներդաշնակությունից ավելի ու ավելի հեռանում վերջին տարիների ոչ միայն նոր, այլև երբևէ ամբողջապես կայացած ներկայացումները։
-Իհարկե, մե՛կը միայն կարող է պատասխանատու լինել տարբեր օղակների օրգանական զուգորդման համար։ Գործող օրենքներն էլ արգելակում են մշակութային ազատ ու անխափան գործունեությունը, սահմանափակում ստեղծագործական երևակայության թռիչքը։ Գեղխորհուրդը չի կարող առաջնորդել թատրոնի գեղագիտությունը. պարապ խոսակցություններն անվերջ կտևեն, բայց գործնական բարեփոխում, արմատական բեկում երբեք չեն ապահովի։ Ցանկացած կառույցում է այդպես, ընտանիքից սկսած մինչև պետություն, գլխավոր պատասխանատվությունը մեկն է ստանձնում և կրում։ Խաղացանկային թատրոնը մեծ հարստություն է, բայց պիտի կարողանալ չարչիներից ապահովագրել, ինքնուրույն գործելու վայելուչ լծակներ տրամադրել։ Այդ պարագայում մեր կոմպոզիտորներն էլ ժամանակակից օպերաներ, բալետներ կգրեն։
-Իր ներկա դրամագլխով թատրոնը չի կարողանում պատշաճ աշխատավարձ վճարել, տնտեսությունը պահելու համար կառչած է մնում վարձակալական գումարներից, որտեղի՞ց միջոցներ գտնի երաժշտություն պատվիրելու համար։
-Ամեն ինչ գալիս է նյութական կախյալ վիճակից։ Իր արժեքավորությամբ օպերային թատրոնը ոչ թե մշակույթի նախարարության, այլ նախագահական ենթակառույց պիտի լինի։ Ինչպես խորհրդային տարիներին` Մեծ թատրոնը։ Մի լուրջ, գիտակ ու անկողմնակալ մարդու պիտի վստահել երկու ազգային թատրոնների գլխավոր ղեկավարությունը` գեղագիտականը թողնելով ամեն մեկի համար իրեն համարժեք հմուտ արվեստագետի։ Անվերականգնելի կլինեն միանգամյա թանկարժեք ներկայիս նախագծերի իրականացման հասցրած վնասները աշխարհում ամենաբարձրը համարվող խաղացանկային թատրոնին։ Իմ երազանքը մեր օպերայինը երգարվեստի ակադեմիա դարձնելն է։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ