Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՄԵՐԺԵԼ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ, ԱՆՀԱՅՏԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԵՐԺԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՆ ԵՆ ԴՐԱՆՔ»

«ՄԵՐԺԵԼ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ, ԱՆՀԱՅՏԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԵՐԺԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՆ ԵՆ ԴՐԱՆՔ»
06.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԸ:
-Զուգադիպությունները շատ չե՞ն 2012-ի հետ կապված: Ինչպես ասում են` ավարտվում է մայաների օրացույցը, Արեգակը ակտիվության փուլում է լինելու, ասում են` Նիբիրուն է մոտենում, կանխատեսումներն ու թվերն են համընկնում: Չարագույժ կամ ճշմարտությանը մոտ ոչինչ չե՞ք տեսնում:
-Պատահական չէ այն առումով, որ այդ բոլորը հատուկ հորինվում են և իրար կցվում: Այսինքն, կան շրջանակներ, որոնք նպատակադրված ուզում են այդպիսի օրինաչափություններ ի հայտ բերել նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չկան: Նիբիրուն վարկածային մոլորակ է, դեռևս ոչ մի աստղադիտակով այդ մոլորակը չի դիտվել: Ինչի՞ հիման վրա են հայտարարում, որ այն մոտենալու է, բախվելու է մեր մոլորակին: Արեգակի ակտիվացումը բնական երևույթ է: Գոյություն ունի Արեգակի ակտիվացման 11-ամյա պարբերաշրջան: Ինչ վերաբերում է մայաների օրացույցին, շատ բաներ այնտեղ մեզ համար դեռևս անհայտ են: Չիմացած օրացույցի հիման վրա եզրակացություն անել` պատմության ասպարեզից դուրս եկած մի ազգի անցյալի և այլնի մասին, մեղմ ասած, լուրջ չէ: Մայաները զուգահեռաբար օգտագործել են երեք տարբեր օրացույցներ, և, դրանից զատ, մայաների ամեն մի քաղաքն ունեցել է իր տեղային լուսնային օրացույցը: Որքա՞ն է ճիշտ ասելը, թե վերջանում է մայաների օրացույցը:
-Իսկ աստղագետներն աշխարհի կործանման ինչ-ինչ վարկածներ առաջ քաշո՞ւմ են, իհարկե, գիտականորեն հիմնավորված:
-Այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաև վախճան: Դա բնության օրենքն է, ինչպես կենդանի արարածը ծնվում և մահանում է, առարկաները ևս ստեղծվում և վերանում են: Աշխարհն էլ, եթե ունի սկիզբ, պիտի ունենա նաև վախճան: Արեգակի տարիքը գնահատվում է մոտ 5 մլրդ տարի, մոտավորապես այդքան է գնահատվում նաև մեր մոլորակի տարիքը: Լուսինը մի փոքր ավելի երիտասարդ է համարվում: Տիեզերական մարմինը, եթե ինչ-որ մի պահ դարձել է այնպիսին, ինչպիսին հիմա է, ընդունել է որոշակի ձև, պարզ է, նա չի առաջացել ոչնչից, այլ պիտի առաջացած լինի ինչ-որ մի ուրիշ վիճակից և ինչ-որ ժամանակ հետո իր վիճակը դարձյալ փոխելու է: Ո՛չ Երկիրը հավերժական այդպես կմնա, ո՛չ Արեգակը, ո՛չ Լուսինը: Բնության մեջ ամեն ինչ փոխվում է: Բայց ճի՞շտ է արդյոք դա աշխարհի վերջ անվանելը: Չէ՞ որ ամեն մի վերջ ինչ-որ բանի սկիզբ է: Երբ աստղը մի վիճակից անցնում է մեկ այլ վիճակի, մենք չենք ասում, թե աստղը վերջացավ:
-Չասենք՝ աշխարհի վերջ, ասենք՝ մարդկության վերջ, որովհետև եթե ինչ-որ բան փոխվի, մարդկությունը կարող է վերանալ:
-Եթե «մարդկություն» բառը հասկանանք մարդկայնություն իմաստով, մենք համարյա թե այդ «վերջի» մեջ ենք: Մեր քաղաքակրթությունն այդ իմաստով գնում է դեպի մարդկության վերջը: Մարդը մարդու համար դառնում է գիշատիչ, թշնամի: Բնության մեջ ոչ մի արարած իր նմանին այդպես հետևողականորեն, այդպես կազմակերպված չի վերացնում: Նույնիսկ կենդանիներ կան, որ իրենց նմաններին ուտում են, բայց միայն քաղցից դրդված, որ չսատկեն, որ իրենց տեսակը չվերանա: Մարդը անում է մի բան, որի նախադեպը բնության մեջ չկա: Այդ իմաստով մենք մարդկությունը վերացնում ենք:
-Էֆթանազիա, կլոնավորում, հղիության արհեստական ընդհատում, կենսական օրգանների փոխպատվաստում և նման այլ երևույթները համարվում են շեղում բնականից և, կա կարծիք, որ բացասաբար են ազդում շրջապատի վրա, առաջ են բերում աղետներ, արհավիրքներ:
-Երբ որևէ մեկին վիրավորում ես, դա նույնպես կարող է բացասաբար ազդել բնության վրա: Բնությունն անվերջ կապերով փոխկապակցված մեկ ընդհանրություն է: Բնականաբար, բնության մի մասնիկի վրա կատարված ինչ-որ մի բան պետք է ազդի մնացած ամեն ինչի վրա: Բայց մենք այսօր չունենք եղանակներ` գրանցելու, զուտ առարկայորեն ասելու, որ այսպիսի բան կա: Այդ իմաստով մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են:
-Իսկ Աստծու ձեռագիրը այստեղ բացառո՞ւմ եք, չե՞ք կարծում, որ կա Մեկը, որ վերահսկում է այս ամենը, ու Նա է որոշում սկիզբը և վերջը:
-Չեմ բացառում: Եթե խոսենք կրոնի լեզվով, հարկ է նշել, որ մարդը միակ արարածն է, որն ունի ազատ կամք, վճիռ կայացնելու իրավունք: Դրա համար կա նաև մեղք հասկացությունը, քո վճռից էլ բխում է քո անմեղ կամ մեղավոր լինելը: Եթե ես ճակատս խփում եմ պատին, մի՞թե Աստված մեղավոր է դրա համար:
-Այսինքն, աշխարհը մենք ենք կործանում:
-Միանշանակ, Աստված մեզ տվել է, կարելի է ասել, անսահմանափակ հնարավորություն: Բայց դրա հետ մեկտեղ տվել է նաև ընտրելու իրավունք, պարտականություն և պատասխանատվություն:
-Աստղագետները շատ են շփվում երկնքի, աստղերի, անհասկանալի երևույթների հետ. դա մոտեցնո՞ւմ է Արարչին, թե՞ հեռացնում:
-Ո՛չ այս, ո՛չ այն: Եթե մարդն ընդունակ է աստվածայինը տեսնելու, նա կարող է տեսնել դա հողի, մրջյունի, խոտերի, ծաղկի, նաև աստղերի մեջ: Եթե ընդունակ չէ, նույնիսկ եթե իրեն էլ տանես աստղերի մեջ, միևնույն է՝ բան չի տեսնի:
-Տպավորություն է ստեղծվել, որ գիտնականների զգալի մասն ուղղակիորեն հերքում է անհասկանալի, անբացատրելի երևույթները` թռչող օբյեկտներ, աստղագուշակություն և այլն: Սակայն մարդկանց մեծ մասը հակված է դրանց հավատալու:
-Մարդու ընկալած աշխարհն անվերջ է: Եվ այդ անվերջ աշխարհի մեջ մեր իմացածը, մեր հասկացածը միշտ վերջավոր է: Դա նման է կաթիլին` օվկիանոսի մեջ: Մարդու գիտելիքը բեկոր է, միշտ ավելի շատ է մեր չիմացածը, քան իմացածը: Մերժել անբացատրելին, անհայտը, նշանակում է մերժել բնության անվերջությունը, որի բեկորներն են դրանք: Դա նույնն է, որ Աստծուն մերժես, որովհետև Աստված նույնպես անվերջ է: Դրա համար էլ մենք չենք կարողանում Նրան ընկալել: «Կա» կամ «չկա» ասելը գիտական մոտեցում չէ: Գիտությունը, որպես աշխարհաճանաչողության միջոց, հենվում է երկու իրողության վրա` գիտական փաստի (ֆիզիկայում դա փորձի արդյունքն է, աստղագիտության մեջ փորձի փոխարեն աստղադիտական դիտման արդյունքն է) և տրամաբանական դատողության: Գիտությունը հիմնված է գիտականորեն ստուգելի փաստի և տրամաբանության վրա: Սրանք են գիտության «գործիքները»: Այս երկու «գործիքներով» հնարավոր չէ մերժել գոյությունը ինչ-որ բանի, որը չգիտես:
-Իսկ ի՞նչ է ասում գիտնականը` հանդիպելով անբացատրելի երևույթի:
-Ասում է` ես նման բան դեռ չգիտեմ: Գիտական փաստը ստուգելի է: Երբ ասում են. «Մի ափսե իջավ, լույսերը վառվեցին, պոզավոր մարդիկ դուրս եկան միջից, աչքերը կանաչ էին և այլն», դա գիտական փաստ չէ: Դա արդեն բանահյուսություն է, ունի այլ արժեք, խոսում է մարդու երևակայության, աշխարհընկալման որոշակի ձևի մասին:
-Ի՞նչ եք կարծում, ուժ ունե՞ն արդյոք մարդկային միտքը, խոսքը:
-Անպայման:
-Գիտականորեն հիմնավորվա՞ծ:
-Կարելի է փորձել գիտականորեն հիմնավորել: Եթե մարդն իր անցյալը, հիշողությունը պրպտի, կգտնի բեկորներ, որոնք դա կհաստատեն: Երբ ինչ-որ բան մտածում ենք` լինում է, ուզում ենք` լինում է: Միտքը նյութականանալու հատկություն ունի: Դա նաև կրոնի հիմքում է դրված: «Սկզբում էր Բանը»: Դրա համար տարբեր կրոններ մարդկանց հորդորում են վատ բաներ չխոսել, վատը չմտածել: Նույնիսկ ժողովրդի մեջ, երբ մեկը մի վատ բան է խոսում, հանդիմանում են, ասում են` «կռավում ես»:
-Ժյուլ Վեռնի գրվածքների մեծ մասն իրականություն դարձավ: Եվ էլի կան գրողներ, որ ասես «մարգարեական» շնորհք ունեն: Գրված խոսքը զորությո՞ւն ունի և իրականությո՞ւն է դառնում, թե՞ նրանք տեսնում են ապագան: Հայտնության պես մի բան է:
-Հայտնության տարրեր յուրաքանչյուր մարդու կյանքում էլ կան: Ի՞նչ է հայտնությունը. ի վերուստ գոյություն ունեցող ճշմարտությունը ոմանց համար դառնում է հայտնի` ինչ-ինչ, մեզ անհայտ ձևով ու սահմանափակ ծավալով: Ինչ վերաբերում է Ժյուլ Վեռնին, նա ունեցել է փայլուն վերլուծական միտք, խորությամբ իմացել է իր ժամանակի գիտությունը, բնականաբար, կարողացել է ճիշտ եզրակացություն, ավելի շուտ` գիտական կանխատեսումներ անել: Գուցե կա պայծառատեսության տարր, բայց նրա գրականությունը կարելի է լրիվ բացատրել ճիշտ կանխատեսումներով:
-ճապոնիայի ցունամիի, Նյու Յորքի երկնաքերների կործանման մասին ֆիլմեր են նկարահանվել մինչ դրանց իրականություն դառնալը: Շատ ու շատ չարագույժ, վատ վերջաբաններով ֆիլմեր են նկարահանվում մեր օրերի մասին, նաև վաղվա օրվա, աշխարհի կործանման մասին, կարծես հող են պատրաստում` առիթ տալով վատ հետևանքների: Միգուցե վերահսկվո՞ւմ է, հատո՞ւկ է արվում:
-Պատկերացրեք, որ մենք թիմ ենք կազմում ու ծրագրեր ենք մշակում, թե ապագայում ինչ պիտի անենք: Բավական լծակներ ունենք, ազդեցություն: Հետո մեզնից մեկին ասում ենք, որ գրի առնի մեր ծրագրերը մի քիչ աղավաղված, որ տարածենք իբրև գուշակություն: Երբ հերթական գործողությունն անենք, կասենք` տեսեք, իրականացավ այդ գուշակությունը, այդ ամենը ճիշտ է:
-Այսինքն, վերը նշվածները, ըստ Ձեզ` ծրագրավորվա՞ծ են:
-Իմ ասածը հնարավո՞ր տարբերակ է:
-Այո:
-ՈՒրեմն, չենք կարող բացառել։ Ինչ վերաբերում է Ճապոնիայի երկրաշարժին, Ճապոնիայի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ պարզ գիտական կանխատեսման մակարդակով հնարավոր էր նման բան կանխատեսել: Հիմա կարելի է Ամերիկայի Ելոուսթոն հրաբխի մասին գրել, ֆիլմեր նկարահանել, որ մի օր պայթելու է, ու եթե պայթի, համաշխարհային աղետ կլինի:
-Հիմա էլ կսկսեն դրանից խոսել:
-Այդ մասին վաղուց է խոսվում: Նախորդ անգամ, ըստ երկրաբանների` ժայթքել է մոտ 600 000 տարի առաջ (ի դեպ, ժայթքումների մոտավոր պարբերությունն էլ հենց այդքան է), հաջորդ ժայթքումը գնալով մոտենում է: Սակայն դա չպետք է մեզ հետաքրքրի, եթե նման բան լինի, մենք, միևնույն է, էլ չենք լինի:
-Ասում էիք` միտքն ու խոսքը կատարվում են, յուրաքանչյուր մարդ հետ նայելով, հասկանում է, որ իր կյանքի ընթացքը մեծապես կախված է եղել իր խոսքերից ու մտքերից, նույնն էլ մարդկության պատմությունը չէ՞: Եթե այդպիսի ֆիլմեր են ստեղծվում, գրականություն է գրվում, արդյո՞ք անհետևանք են անցնելու: Այսպես ասեմ` 2012-ին որևէ բան չի՞ լինի` բոլոր այս խոսակցությունների, մտավախությունների արդյունքում:
-Եկեք այդ մասին խոսենք 2013-ին: 1998-99 թվականներին բոլորը խոսում էին 2000-ի մասին, նույնիսկ «աշխարհի վերջի» «տեղն» էին ցույց տալիս: Լրագրողներն ինձ հարցնում էին` տեղը գիտե՞ք, ինչպե՞ս է դա լինելու: Ես ասում էի, չեմ էլ հասկանում, թե ի՛նչ է նշանակում «աշխարհի վերջի տեղը»: 2000 թվականը եկավ-անցավ, ոչ ոք ոչ մի բան չզգաց: Հետաձգեցին 2012-ին, հետո մի ուրիշ բան կասեն, մեկ այլ թվի հետ կկապեն:
Ընդհանրապես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը շատ փոխվեց: Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը գնում է դեպի նոր աշխարհաքաղաքական կարգ: Աշխարհի քարտեզը մեր աչքի առաջ ձևափոխվում է, երկրներ են առաջանում, երկրներ են վերանում: Դրանք աշխարհի համար մեծ ցնցումներ են, որոնք, բնականաբար, ցավոտ են, ու մարդկանց անզգայացնելու համար զբաղեցնում են նման բաներով: Սրանք անզգայացման եղանակներ են: Ժամանակին հռոմեական կայսրերն ամֆիթատրոն էին կառուցում` գլադիատորների մարտեր էին կազմակերպում` մարդկանց զբաղեցնելու համար: Հիմա էլ ԶԼՄ-ները չճշտված տեղեկություններ են տարածում, սերիալներ են ցուցադրում և այլն. կարևորը, որ մի քիչ հրապուրիչ լինի, մարդիկ կարդան, զբաղվեն: Խնդիրը մարդկանց այդ պահին զբաղեցնելն է:
Ամերիկայի Ելոուսթոնի պայթյունից մենք դեռ բավականին հեռու ենք: Արևը դեռ չի խոստանում սառչել: Վերջին 5 մլրդ տարվա ընթացքում նա կայուն ճառագայթում է, ու վստահություն կա, որ գոնե մեր քաղաքակրթության ընթացքում նրա վիճակի մեջ ոչինչ չի փոխվի: Օրախնդիր հարցերի, մեր վաղվա օրվա մասին պետք է մտածել, և ոչ թե Նիբիրուի կամ մայաների օրացույցի: Այսօր մեր երկրի և ազգի համար շատ ավելի հրատապ են տնտեսական, սոցիալ-քաղաքական, նախ և առաջ` բարոյա-հոգեբանական խնդիրները: Դրանց լուծումից են կախված մեր վաղվա գոյությունը, լինել-չլինելը:
Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ