38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂԸ ՊԻՏԻ ԸՄԲՌՆԻ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍԵԼԻՔԸ, ԱՅԼև ԻՄԱՍՏԱՅԻՆ ԽՈՐՔԸ»

«ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂԸ ՊԻՏԻ ԸՄԲՌՆԻ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍԵԼԻՔԸ, ԱՅԼև ԻՄԱՍՏԱՅԻՆ ԽՈՐՔԸ»
14.09.2010 | 00:00

Գեղանկարիչ, գրքի նկարազարդման վարպետ ԽՈՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ արվեստանոցում կորցնում ես ժամանակի զգացողությունը։ Ամենուր արվեստ է։
-Յուրաքանչյուր նկարչի մոտ աստեղային մի պահ կա, երբ ձևավորվում է նրա աշխարհը, սկիզբ է առնում ճանապարհը և հայտնի է դառնում` պետք է նկարել։ Ձեզ մոտ ե՞րբ հնչեց ժամը։
-Դեռ դպրոցական տարիներին էր, որ նկարչությունը կանխորոշեց կյանքիս ընթացքը։ Ես նկարում էի, նկարներս ուշադրության էին արժանանում, և 14 տարեկանում ընդունվեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ Բայց աջ ձեռքս խիստ վնասվեց, սկսեցի գրել, նաև վրձինն ու մատիտը բռնել ձախով, աստիճանաբար վարժվում էի։ Սակայն ճանաչված նյարդավիրաբույժ Շարիմանյանը կարգի բերեց աջս, և ուսումնարանում լիարժեք ուսանում էի, մասնագիտություն ձեռք բերում։
-Թերլեմեզյան հաստատությունը, կերպարվեստագետների խոսքով` տեխնիկումը, մասնագիտական լուրջ կրթություն էր տալիս և միաժամանակ ներառում դասական կերպարվեստի շրջանակներում, ուր դասավանդում էին ժամանակի նշանավոր նկարիչները, նաև սերմանում բարու և չարի, ճշմարիտի և գեղեցիկի ընկալումը։ Թերլեմեզյանը հիշելիս նախ ո՞ւմ անունն եք հիշում։
-Նրանց անհնար է մոռանալ։ Գծանկարի առաջին ուսուցիչս Աչիկն էր` Հեղինե Աբրահամյանը, ներկա մեր ավագագույն նկարիչը, ում 100-ամյակը սարերի հետևում չէ։ Սուրեն Սաֆարյանն է դասավանդել` նկարիչների միության երկարամյա նախագահը, և ճանաչված նկարիչ-մանկավարժ Մկրտիչ Քամալյանը։ Հիշում եմ, անշուշտ, դասընկերներիս, շատ ինքնատիպ գեղանկարիչ Վաղո Արամյանին, Հովիկ Հովհաննիսյանին, Ռոբերտ Այվազյանին ու նրա ապագա կնոջը` Անահիտին, Սամվել Գալստյանին, Հովհաննես Տիրատուրյանին... Հետո եկավ գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում ուսանելու ժամանակը։
-Եվ աշխատանք` հայկական հեռուստատեսությունում։ Անցած-գնացած բաներ կան, որ այսօր զարմացնում են։ Ի՞նչ եք հիշում հեռուստատեսությունից։
-Միհրան Քեչօղլյանի` նկարչի և կինոարտիստի երաշխավորությամբ մուտք գործեցի հեռուստաաշխարհ։ Գործի բերումով ստիպված էինք մեծ քանակությամբ գծանկարներ պատրաստել և շատ արագ։ Տեխնիկական պայմաններն այլ էին։ Եթե հիշում եք` հեքիաթների ընթերցումների ժամանակ նկարաշարեր էին ցուցադրվում, նույնը` գրական և երաժշտական հաղորդումների։ Կենդանի եթեր էր` իր հարաճուն ռիթմով։ Հաճախ էր անհրաժեշտություն լինում գիշերով նկարելու` առավոտյան հաղորդման համար։ Սակայն ամենակարևորն այն էր, որ ռիթմը, արագությունը երբեք որակի հաշվին չէին արվում։ Վաչագան Սարգսյանի «Այբբենարանը» պատրաստեցի երեք ամսում, բայց չէ՞ որ այնտեղ շուրջ երեք հարյուր պատկեր կա։
-Ձեր արվեստի բաղկացուցիչ, թերևս, «արտոնյալ» մասը գրքերի գրաֆիկան է, պատկերազարդարումը։ Այս ժառանգությունում կա՞ ինչ-որ առանձնահատուկ, սիրելի ու գերադասելի բան։
-Ոչ, քանզի յուրաքանչյուր գիրք յուրահատուկ հաշվետվություն է, հաշվետվություն ամենախստապահանջ ընթերցողի` մանուկների և պատանիների առջև։
-Ձեր «Սասունցի Դավիթը»` նկարազարդ և 17 գրքից բաղկացած, տպագրվեց Բեյրութում, մեծ ընդունելություն գտավ «Վիպաշխարհ» ծավալուն գիրքը։ Սակայն Դուք ստեղծագործում եք մի պարարտ դաշտում, ուր առաջին հիմնասյունը դրեց Վարդգես Սուրենյանցը։
-Սուրենյանցից հետո նրա կերտած բարձունքը նվաճել չհաջողվեց և ոչ մեկին, չնայած աշխատել են բազմաթիվ վարպետներ` Սարյանը, Տարագրոսը, Խաչվանքյանը, էլի շատերը։ Սակայն Սուրենյանցի գործը մոռացված է։ Չգիտեմ ինչու և ինչպես։ Առհասարակ մոռացության է մատնված Ռոսլինից հետո հայ ամենաուշագրավ գեղանկարչի արվեստը։ Այն արվեստագետի, ում գեղագիտությունը համաշխարհային չափումներում էր առաջնային, ում յուրաքանչյուր վրձնահարված խոշոր տաղանդի կնիքն է կրում։ Սուրենյանցը, իր ժամանակի իշխող հոսանքի` սիմվոլիզմի ուղղությամբ տարվելով, փայլուն գործեր ստեղծեց, գնահատվեց ժամանակի դժվարահաճ տեսաբանների ու գեղարվեստասերների կողմից, միաժամանակ նա իր աշխարհայացքով, հոգեմտակերպով ու ձգտումներով էապես հայ նկարիչ էր։ Երբ պատկերասրահ եմ այցելում, նախ և առաջ խորին հարգանքիս տուրքն եմ մատուցում Սուրենյանցին, Հովնաթանյաններին, Եղիշե Թադևոսյանին, Ստեփան Աղաջանյանին։
-Ժամանակակիցներից ովքե՞ր են Ձեզ գրավում։
-Վաղամեռիկ Հրանտ Կարախանյանը, բարձր եմ գնահատում Ռուբեն Ղևոնդյանին։
-Ձեր արվեստանոցում ենք, և կարծես մի քանի նկարչի ստեղծագործությունների հանդես է, գրքի նկարազարդումների ամբողջ շարքեր, դիմանկարներ և... շարժեր։
-Շարժերով զբաղվել եմ հեռուստատեսային տարիներին, ինչ-որ անցողիկ շրջանում, երբ մասնակցում էի բեմականացումներին։ Շատերին եմ «անմահացրել»` Մարգո Մուրադյանին, Ավետիք Ջրաղացպանյանին, Զարեհ Տեր-Կարապետյանին, Կիմ Երիցյանին, Մայիս Ղարագյոզյանին, ինստիտուտում էլ դասախոսներիս էի նկարում։
-Գիրքը «տիեզերք է անեզր»։ Գիրքը խորհուրդ է, պատմություն, դարաշրջան, նաև հեքիաթ։ Սակայն գիրքը նախ` բովանդակություն է, տեքստային շարվածք, տառ ու բառ։ Այս պարագայում ո՞րն է նկարազարդման իմաստը, պատկերն ի՞նչ դեր է խաղում։
-Պատկերը գրքի «Էստի համեցեքն է», գայթակղությունը, գրավչությունը։ Մանուկը, դեռ այբբենարանը չսերտած, հմայվում է նկարազարդումներով։ Երեքամյա թոռնիկս, ով, հասկանալի է, դեռ տառաճանաչ չէ, պետքամանին նստելով` մեկ էլ գիրք է պահանջում, ընդ որում, շեշտելով հեղինակին. «Պապիկ, ինձ Թումանյան տուր կամ Խնկո Ապեր»։ Պատկերը ճանապարհ է դեպի գրքի խորհուրդը, դեպի Թումանյան, Խնկո Ապեր, Իսահակյան և Սասունցի Դավիթ...
-Որպես բազմափորձ և այս բնագավառում հեղինակություն վայելող մասնագետ, բացահայտեք ոլորտի «երջանկության մեխանիկան»։
-Նախ` պետք է հոգեհարազատ լինի ձևավորելիք գիրքը։ Այն սիրել է պետք, առանց սիրո ու հավատի, զուտ մասնագիտական հմտությամբ անհնար է գիրք ձևավորել։ Առավել ևս` լավ գիրք։ Առաջին գիրքս այնքան էլ սիրելի չէր, առաջին փորձն էր, ինչ-որ չափով` անսպասելի առաջարկի հետևանք։ Գուրգեն Բորյանի բանաստեղծությունների ժողովածուն էր։
-Դե, հայտնի բան է, «առաջին հացը միշտ կուտ է գնում»։
-Հա, իսկապես։ Բայց «կուտ չգնացին» մյուսները, ու դա է կարևոր։ Այս սեղանը, որը ցուցասրահի դեր է ստանձնել, ներկայացնում է իմ ստեղծագործական աշխարհը` գրքի նկարազարդման բնագավառում։ Ահա հայոց պատմությունից «Սասունցի Դավթին» նվիրված շարքը` հրատարակված Բեյրութի «Աշակերտի բարեկամը» հրատարակչությունում։ Նախաձեռնությունը հրատարակչության սեփականատեր, վաղամեռիկ Երվանդ Դեմիրճյանինն էր։ Հրատարակման էր ենթակա 32 գիրք, ու դա` ճգնաժամային տարիներին` 1992-94 թվերին։ Տասնինը գիրք լույս ընծայվեց, այսօր տեղյակ էլ չեմ, մնացած 13-ը աշակերտներին հասե՞լ են, թե՞ ոչ։ Ահա արևմտյան Ամերիկայի հայկական դպրոցների համար նկարազարդած դասագրքերը, որոնք տպագրվեցին Հայաստանում և ճանապարհ ընկան Միացյալ Նահանգներ։
-Նկատելի է տպագրական բարձր որակը, ինչը նկարչի մտահղացումների իրականացման լավագույն առհավատչյան է, զի վատորակ տպագրությունն անջրպետում է նկարազարդողի և ընթերցողի հեռակա, սակայն անչափ կարևոր փոխշփումը, հատկապես, երբ մանուկն ու պարմանին են ընթերցողը։
-Անշուշտ։ Մեզ մոտ տպագրական աշխատանքի որակը, առհասարակ, բավականին բարձրացել է։ Ահա ռուսաց լեզվի դասագրքերը` բարձրորակ տպագրությամբ, ահա Թումանյան, Խնկո Ապեր, Արշալույս Սարոյան, Ղուկաս Սիրունյան, Վաչագան Ա. Սարգսյան, Արթուր Անդրանիկյան... Յուրաքանչյուր գրքի նկարազարդում որքան հետաքրքիր է, նույնքան էլ պատասխանատու է, որքան գեղանկարչական, նույնքան էլ գրական լրջախոհ մոտեցում է պահանջում։ Տարիների փորձառությունս հիմնավորում է ասվածը։
-Այսինքն, որքան էլ նկարազարդող հեղինակը նուրբ գեղագիտության տեր լինի, ի զորու չէ, գրքի խորքը չընկղմվելով, այն վարպետորեն ձևավորելու։
-Միանգամայն։ Արհեստավորի վարժվածությամբ անհնար է խնդիրը լուծել։ Նկարազարդողը պիտի ըմբռնի տվյալ գրական գործի ոչ միայն ասելիքը, այլև ներքին իմաստային խորքը։ Նա պետք է սիրի այն գրական ստեղծագործությունը, որը նկարազարդում է։
Զրույցը` Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ