38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՄԵՆԱՎԱՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԵՄ-ԴԻՄԱՑ ՄԵՆԱԿ ԹՈՂՆԵԼՆ Է»

«ԱՄԵՆԱՎԱՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԵՄ-ԴԻՄԱՑ ՄԵՆԱԿ ԹՈՂՆԵԼՆ Է»
09.03.2010 | 00:00

Հայ-թուրքական ուրվագծվող տանդեմի և այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության հեռանկարին է անդրադառնում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այս փուլը:
-Ժամանակակից Թուրքիայում սուր արտահայտված երկու միտում կա. մինչև 2008-ի սեպտեմբեր եղած վիճակի համեմատ հասարակական կարծիքի որոշակի փոփոխություն կա` հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման: Սա չտեսնել` նշանակում է անկեղծ չլինել: Մյուս կողմից, Թուրքիայի իշխանությունները` նախագահը, վարչապետը, խորհրդարանական մեծամասնությունը, դիմակայում են ազգայնական ուժերի և ընդդիմության էական ճնշումներին, որոնք պահանջում են անփոփոխ թողնել Հայաստանի նկատմամբ 1991-1992 թվականների քաղաքականությունը: Այդ ռազմավարությունը ենթադրում է կոշտ դիրքորոշում Հայաստանի նկատմամբ և նախապայմանների առաջադրում: Փաստորեն, սկսված է երկխոսություն, որի ավարտը դժվար է կանխատեսել, բայց փոփոխություններն ակնհայտ են:
-Դա հասարակությա՞ն վերաբերմունքի փոփոխության հետևանք է, թե՞ քաղաքական վերնախավի:
-Ես կարծում եմ, որ թուրք հասարակությունը պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիայի հանրային կարծիքը փոփոխություն հաստատ կրել է. Հայոց ցեղասպանության հարցն այսօր արծարծվում է լրատվամիջոցներում, ինչը չի եղել վերջին 50 տարիներին:
-ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252 բանաձևի ընդունումը կխթանի՞ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, թե՞ կխանգարի:
-Ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի հորդորների հայ-թուրքական երկխոսությունն առաջ չի գնում, որովհետև հանդիպում է Թուրքիայի քաղաքական համակարգի կարծր դիրքորոշումներին, հետևաբար այդ հորդորները պետք է աստիճանաբար ուժեղանան: Կարծում եմ` այդ մղումով են առաջնորդվել նրանք, ովքեր, հակառակ այն փաստարկի, թե Թուրքիան կինքնապարփակվի և կշարունակի հետպատերազմյան շրջանից որդեգրած հակահայկական քաղաքականությունը, կարծում են, որ 252 բանաձևի ընդունումը կխթանի հարաբերությունների զարգացումը և կմղի Թուրքիային վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները:
-Ո՞րն եք առավել հավանական համարում:
-Ես կանխատեսում չեմ անի` իմանալով Թուրքիայի քաղաքական մեքենան և պատրանքներ չունենալով: Չեմ կարծում, թե որևէ երկրի հորդոր թուրքական քաղաքական համակարգի համար կողմնորոշիչ նշանակություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, բայց ենթադրում եմ, որ այն դժվարությունները, որոնց դիմակայում են Թուրքիայի վարչապետը, նախագահը և իշխող կուսակցությունը երկրի ներսում, խթանելու են ժողովրդավարական գործընթացները, որոնց վերջնական իմաստը Եվրոպային ավելի մերձենալն է: Եթե քրդական հարցում Թուրքիայի իշխող վերնախավը գնաց ոչ թե քաղաքական հեղաշրջման և զինվորականներին հերթական անգամ իշխանության բերելու, այլ ժողովրդավարական գործընթացները խթանելու ճանապարհով, կնշանակի այս հարցն ավելի թեթև հարց է Թուրքիայի համար:
-Այսինքն` հայկական հարցն անցյալի ու ապագայի հետ է կապված, քրդականը` հրատապ ներկայի՞:
-Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ռազմավարական մեկ նշանակություն ունի` Թուրքիան չի ուզում պրոբլեմներ ունենալ հարևանի հետ: Հայերն այսօր չեն բնակվում այն տարածքներում, ինչ 100 տարի առաջ և չեն կարող խանգարել Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակներին, չեն կարող գլոբալ առճակատման պատճառ դառնալ: Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն, բաց սահմաններ ու բաց ճանապարհներ ունենալու առումով Հայաստանը կարող է հետաքրքրել Թուրքիային, բայց ոչ ավելին: ԲՀԿ-ի տեսակետն այս առումով ես շատ ճիշտ եմ համարում` մենք խթանելու ենք ցեղասպանության ճանաչումն ու միջազգային դատապարտումը, բայց կարծում ենք, որ Թուրքիայի հետ առճակատման և հակամարտության պայմաններում այդ հարցի լուծումը դժվարանում է, և մենք այս հարցն ուզում ենք երկխոսության միջոցով լուծել, որովհետև կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի տրամաբանական ավարտը Թուրքիայի իշխանությունների կողմից փաստի ճանաչումն է: Պետք է հասկանանք, որ թուրք հանրության 90 տոկոսից ավելին Ադրբեջանի հետ եղբայրությունը համարում է «Երկու պետություն, մեկ ազգ» քաղաքականության դրսևորում և չի ուզում գնալ զիջումների Ադրբեջանի հաշվին: Բայց թուրք քաղաքական էլիտան կարող է ընդունել ավելի հավասարակշիռ վերաբերմունք ունենալու որոշում հայ-ադրբեջանական հակամարտությանը` զուտ պրագմատիկ նկատառումներով, որպեսզի տարածաշրջանային մեծ պետության իր իմիջը հաստատի միջազգային հանրության աչքում: Եթե Թուրքիան անվերջ շարունակի Ադրբեջանին պաշտպանելու իր քաղաքականությունը, և հակամարտությունը զարգացում չունենա, Թուրքիան, որպես տարածաշրջանային մեծ պետություն, վարկաբեկվում է, նշանակում է` իրականում կոնֆլիկտը կարգավորելու լծակ չունի: Իսկ եթե ավելի հավասարակշիռ մոտեցում դրսևորի, կարող է տարածաշրջանային լիդերի իր կերպարում հաստատվել:
-Մինչև ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252 բանաձևի ընդունումը հայ-թուրքական հարաբերություններում ունեինք մի վիճակ, հիմա` մեկ այլ, թեպետ բանաձևի ընդունումն ուղղակիորեն կապ չունի այդ հարցի հետ:
-Մինչև Կոնգրեսը բանաձևը չընդունի, այլ վիճակ չունենք, որովհետև այս ճանապարհը երեք անգամ անցել ենք` 2002-ին, 2005-ին և 2007-ին, երբ հանձնաժողովն ընդունել է բանաձևը, բայց հարցը վարչակազմի հորդորով Կոնգրեսի օրակարգ չի մտել: Հիմա պետք է սպասել շատ ակտիվ բանակցությունների` Թուրքիա-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Թուրքիա տիրույթում: Երեք զուգահեռ բանակցային համակարգերն աշխատելու են մինչև ապրիլի 24-ը: Իմ համոզմամբ` ԱՄՆ-ի վարչակազմի կողմից ցեղասպանության ճանաչումը, ինչին կոչում է 252 բանաձևը, մեկ դրական ազդեցություն կարող է ունենալ` խթանել Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին կխոսվի ավելի բաց, և Թուրքիան իր պատմությանն ավելի բաց ու ճշմարիտ հայացքով կնայի։ ՈՒրիշ արձագանք սպասելը միամտություն է:
-Ձեր նշած ուղղություններից հայ-թուրքականում ի՞նչ փոփոխություններ կլինեն:
-Եթե Կոնգրեսը բանաձևն ընդունի, նախագահ Օբաման ապրիլի 24-ին օգտագործի «ցեղասպանություն» բառը, բանակցությունները կարճ ժամկետով կսառեցվեն: Այնուամենայնիվ, կարծում եմ` կգերիշխի երկխոսության անհրաժեշտությունը, և բանակցությունները կվերսկսվեն: Իմ թուրք ծանոթները` պատգամավորներ, լրագրողներ, հոռետես են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում, նրանք կարծում են, որ մոտակա ժամանակահատվածում արձանագրությունները չեն վավերացվի, իսկ եթե վավերացվեն` կլինեն վերապահումներ, որոնք մղելու են Հայաստանի խորհրդարանին ևս վերապահումներ անելու վավերացման ժամանակ: Արդյունքում` շրջադարձային առաջխաղացում չի լինելու: Նրանք օրինակ են բերում, որ ստորագրվելուց հետո Թուրքիայի խորհրդարանում 6 տարի չեն վավերացվել Հյուսիսային Կիպրոսին վերաբերող համաձայնագրերը: Ես կարծում եմ` Թուրքիան շարունակելու է իր ջանքերը Ղարաբաղի հարցում ավելի ակտիվ դերակատարություն ստանձնելու ուղղությամբ, և դա մղելու է Թուրքիայի իշխանություններին ոչ միայն զարգացնելու եղբայրությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, այլև ուժեղացնելու երկխոսությունը Հայաստանի հետ:
-Չե՞ք կարծում, որ բանաձևի ընդունումը Հայաստանի համար որքան ցանկալի, նույնքան վտանգավոր է, որովհետև, սովորաբար, եթե ինչ-որ բան ստանում ես, ինչ-որ բան էլ պիտի վճարես: Ի՞նչ պիտի վճարենք մենք:
-Ես չեմ պատկերացնում` ի՞նչ կարող ենք վճարել:
-Չե՞ք կարծում, որ կարող են լինել զիջումներ Ղարաբաղի հարցում:
-Դա բացառվում է, մենք միակողմանի զիջումների չենք գնալու: Չեմ կարծում, թե Հայաստանում որևէ իշխանություն, որը երբևէ կգա փոխարինելու այս իշխանությանը, կգնա միակողմանի զիջումների: ԱՄՆ-ի վարչակազմի և ցանկացած քաղաքական գործչի համար ԱՄՆ-ում ապրող մեկ միլիոն հայերը, նրանց կազմակերպված գործողությունները շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ փաստարկ են, քան Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները: ԱՄՆ-ի ցանկացած քաղաքական գործչի համար իր հայ ընտրողների հետ հանդիպումը շատ ավելի լուրջ խնդիր է, քան հեռավոր Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը:
-Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում որևէ փոփոխություն կանխատեսո՞ւմ եք:
-Ես կարծում եմ` Ղազախստանի նախագահությամբ ԵԱՀԿ-ն շատ ակտիվ է լինելու բանակցային գործընթացում: Հազիվ թե 2010-ին էական տեղաշարժ լինի բանակցային գործընթացում, բայց հնարավոր եմ համարում անցումային փաստաթղթի ստորագրումը:
-Ի՞նչ պիտի արձանագրի անցումային փաստաթուղթը:
-Բանակցությունների սկզբունքները: Ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեությունը վկայում է, որ Ադրբեջանը ոչ մի զիջման համաձայն չէ, ուզում է ամեն ինչ ստանալ և միանգամից: Ոչինչ չի նշանակում այն փաստը, որ նրանք համաձայնել են նորացված մադրիդյան սկզբունքներին` որոշ վերապահումներով: Նրանց քարոզչությունն աշխուժացել է, գումարները բազմապատկվել են, և, իրական պատերազմ չսկսած, նպատակ ունեն Հայաստանին ֆինանսապես խեդդելու: Մեր խնդիրն է ակտիվորեն դիմակայել Ադրբեջանի քարոզչությանը և մեր ներդրումն ունենալ միջազգային շրջանակներում այդ ուղղությամբ անելիքների մեջ, գտնել թուրք քարոզչամեքենայի դիվանագիտական ակտիվությանը հակազդելու ասիմետրիկ միջոցներ. իրենց ծախսած մեկ դոլարի դիմաց ոչ թե մեկ դոլար ծախսել, այլ իրենց ծախսած 1000 դոլարի դիմաց` 1 դոլար, բայց նպատակային և արդյունավետ:
-2010-ին ավելի ռեալ են համարվում Ադրբեջանի` հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները։ Կա՞ նման վտանգ:
-Եթե միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ-ի, մոտակա 1-2 տարիներին չտեսնի խաղաղ ճանապարհով գործընթացն առաջ մղելու հնարավորություն և իրական առաջընթացի հավանականություն, կարող է ձեռքերը լվանալ, և դա շանս կտա Ադրբեջանին` իր սպառնալիքները կենսագործելու համար: Եթե բանակցային գործընթացում լինի թեկուզ դանդաղ, բայց իրական առաջխաղացում, դա բավական է, որպեսզի ԵԱՀԿ սկզբունքներին հավատարիմ` միջազգային հանրությունը հանդես գա ռազմական ուժի կիրառման բացառման դիրքերից: Ամենավատ տարբերակը Հայաստանին և Ադրբեջանին դեմ-դիմաց մենակ թողնելն է, ամենալավ տարբերակը` Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներ ստեղծելն ու աշխուժացնելու իրական ջանքեր գործադրելը: Ադրբեջանն ուզում է միջազգային հանրությանն ապացուցել, որ հայերի հետ բանակցելն անիմաստ է, որովհետև զիջումներ չեն անելու: Ալիևի վերջին 7-8 տարիների պահանջը ԵԱՀԿ-ից սա է, եզրակացությունն էլ` թողեք կռվենք, հաղթենք, մեր հողերը հետ բերենք:
-Հելսինկյան եզրափակիչ ակտն ընդունվել է 1975-ին, կարծում եք` 35 տարում արագ զարգացող ու անվերջ փոփոխվող աշխարհում այդ սկզբունքները պահպանե՞լ են արդիականությունը, կենսականությունը, ճշմարտացիությունը, որ կարողանան կարգավորել կոնֆլիկտներն ու համապատասխանեցնեն դրանք առկա իրողություններին: Արդյոք եզրափակիչ ակտի վերանայման անհրաժեշտություն չի՞ առաջացել:
-Դա շատ լուրջ խնդիր է, որ վաղուց է ծառացած ԵԱՀԿ-ի առջև: Եվրոպական անվտանգության նոր պայմանագիր ստորագրելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը դրան է միտված: Ռուսաստանն առաջարկում է վերանայել փաստաթուղթը և դարձնել այնպիսին, որ ԵԱՀԿ տարածքում անբաժանելի և միասնական անվտանգության համակարգն իրականում աշխատի: Հիմնավորումը հետևյալն է` գոյություն ունի Կոսովո, որի անկախությունը ԵԱՀԿ-ի անդամների կեսը չի ճանաչում, գոյություն ունեն Աբխազիա և Հարավային Օսիա, որոնց անկախությունը Ռուսաստանն է միայն ճանաչում, բայց բոլորը ԵԱՀԿ-ի տարածքի քաղաքական միավորներ են: Մյուս կողմից, կան հակամարտություններ, որոնց կարգավորման առումով բարդություններ են առաջանում, որոնք իրենց օբյեկտիվ լուծումը չեն ստանում զանազան, այդ թվում` տեխնիկական, պատճառներով: Ռուսաստանի առաջարկն Արևմուտքի երկրները ողջունել են ու բանակցությունները շարունակում են։ Իրականում և՛ եվրոպական երկրները, և՛ ԱՄՆ-ը մեջտեղ կբերեն տասնյակ հարցեր, որոնց համալիր քննարկումը տասնյակ տարիներ կպահանջի: Բոլորը համաձայն են, որ ԵԱՀԿ-ի ներսում պրոբլեմ կա, բայց ոչ ոք չգիտի` ինչպես լուծել այն:

Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ