Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԱՌԱՆՑ ՀԵՐՈՒՆՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՐԱՆՔ ԱՆՆՇԱՆ ԳՆԵՐՈՎ ԻՐԱՑՐԵԼ ԵՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ»

«ԱՌԱՆՑ ՀԵՐՈՒՆՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՐԱՆՔ ԱՆՆՇԱՆ ԳՆԵՐՈՎ ԻՐԱՑՐԵԼ ԵՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ»
25.02.2011 | 00:00

Գիտության մեծ մշակը` Պարիս Հերունին, ցանկանում էր, որ իր հետազոտությունները ծառայեն Հայաստանի հզորացմանը, երազում էր տեսնել Հայաստանն աշխարհի զարգացած ու բարեկեցիկ երկրների շարքում:
Մարտի 1-ին լրանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունու հիմնադրած Երևանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գործունեության 40 տարին: Նշված բոլոր տարիներին կառույցը եղել է Խորհրդային Միության պետստանդարտի կարևորագույն օղակներից մեկը, որտեղ արտոնագրվել և լիցենզավորվել են ռազմական ոլորտում օգտագործվող տարատեսակ անտենաներ: Ինստիտուտում մշակված անտենաների չափագիտական մեթոդներից են օգտվել նաև վերոհիշյալ ժամանակների հատուկ տեխնիկա արտադրող գործարաններն ու կոնստրուկտորական բյուրոները: Պ. Հերունու գլխավորությամբ ինստիտուտում իրականացվել են հսկայածավալ գիտական ծրագրեր, մշակվել և տեսական հիմնավորում են ստացել չափագիտության մեջ արդիական բազմաթիվ խնդիրներ:
Հերունի գիտնականի կենսագրության լուսաբանման և նրա կողմից ապագային միտված ծրագրերի իրականացման հարցերով դիմեցինք նրա այրուն` տիկին ԱՆԺԵԼԱ ՀԵՐՈՒՆՈՒՆ, որի աշխատանքային ողջ գործունեությունն անցել է Երևանի ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում: Նրան, ով տասնամյակներ շարունակ եղել է Հերունու օգնականն ու աջակիցը և լավագույնս տիրապետում է այն ավանդներին, որը մեզ թողել է մեծ գիտնականը:
-Տիկին Անժելա, ի՞նչ կարող եք ասել Պարիս Հերունու անցած ուղու և նրա թողած գիտական ժառանգության մասին:
-Երևանի ռադիոֆիզիկայի ինստիտուտն իր ստեղծման առաջին իսկ օրից գիտահետազոտական գործունեություն է իրականացրել չորս հիմնական ուղղություններով: Այսօր դրանք դարձել են ավելի պահանջված, ավելի արդիական և մեծ հետաքրքրություն են ներկայացնում միջազգային գիտական ասպարեզում:
Դրանցից անտենաների չափագիտությունն ստեղծվել է 1976 թվականին` ինստիտուտի Արագածի գիտական կենտրոնում: Հանդիսանալով չափումների յուրահատուկ պոլիգոն, այն ընդգրկում է նաև անտենաների բնութագրերի 11 էտալոնային կայան: 1990-ականներին ինստիտուտը եղել է Խորհրդային Միությունում ստեղծված բոլոր տեսակի անտենաների արտոնագրման կենտրոն: Կառույցում նախագծվել, պատրաստվել են նաև անվտանգության, բժշկական, ավիացիայի և տարբեր ոլորտների անտենաներ ու սարքավորումներ: Եվ այսօր այդ անգնահատելի գիտական ժառանգությունը, որը պետք է գործողության մեջ դրվի` օգուտ բերելով երկրին, ունի պետական հոգածության կարիք:
Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակ POT54/2,6: Գործողության մեջ է դրվել 1988 թվականին: POT-ի վրա ստացվել են մի շարք հետաքրքիր արդյունքներ` գրանցվել է ուժեղ ռադիոբռնկում` Երկվորյակների Էտա կարմիր հսկա աստղի վրա, միլիմետրային դիապազոնում բացահայտվել է տիեզերական աղբյուրների նոր շարք: Այդ աշխատանքի համար 1991 թվականին Մեծ Բրիտանիայում Հերունին արժանացել է միջազգային մրցանակի:
Ռադիոհոլոգրաֆիա ուղղությամբ ստեղծվել է նոր, բարձր արդյունավետությամբ մեթոդ և սարքավորում հեռավոր գոտում անտենաների բնութագրերի որոշման համար (համաձայն դրանց ճառագայթումների)` չափումները կատարելով մոտակա գոտում: Հոլոգրաֆիան ժամանակակից մեթոդ է եռաչափ պատկեր ստանալու` ի տարբերություն երկչափ լուսանկարների։ Ռադիոհոլոգրաֆիան, որն ունի ռազմավարական կարևորություն, կարող է օգտագործվել ինչպես տնտեսության, այնպես էլ սեյսմոլոգիայի, բժշկության և հնագիտության ոլորտներում: Վերոհիշյալ ժամանակահատվածում ինստիտուտում Հերունու ղեկավարությամբ ստեղծվել է ավելի քան 45 ավտոմատ համակարգ, իսկ ռադիոլոկացիայի ոլորտում կատարված աշխատանքների համար 1986 թվականին գլխավոր կոնստրուկտորն ու մի խումբ գիտնականներ պարգևատրվել են Հայաստանի և ԽՍՀՄ-ի պետական մրցանակներով: Ինստիտուտում մշակվել են օբյեկտների ցրման գործող մակերեսների (ՑԳՄ) չափման մեթոդներ` մոտակա գոտու չափումների ճանապարհով:
Նոր տեսակի արևային էլեկտրակայան: 1990-ական թվականների սկզբներին մշակվել է արևային էլեկտրակայանի նոր տեսակ, որը Հերունին անվանել է «Արև»: Այն, տարբերվելով գոյություն ունեցող կլասիկ արևային կայաններից, ունի մի շարք առավելություններ: «Արև» ծրագիրն արժանացել է միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերի:
1994 թ. անգլիական «Սոլարջեն» ֆիրման համաձայնում է ֆինանսավորելու «Արև» ծրագիրը, Հերունին ստանում է արևային կենտրոնի կառուցման լիցենզիա` էլեկտրաէներգիայի արտադրման համար: 1996-ին, անգլիական կողմից պայմանավորվածությունները խախտվելու պատճառով, աշխատանքները կանգնեցվել են:
Նշեմ, որ «Արև» ծրագիրն այսօր հետաքրքրում է բազմաթիվ ներդրողների, մասնավորապես Կրետե կղզում գործող հունական ընկերություններին, որոնք մեզ` Հերունու հեղինակային իրավահաջորդներիս հետ, բանակցություններ են վարում հայ-հունական ընկերություն ստեղծելու նպատակով: Սակայն ծրագիրը կանխարգելելու համար ինստիտուտի ներկա ղեկավարությունն անում է ամեն ինչ: Պատճառն այն է, որ այդ պաշտոնյաներին չեն հետաքրքրում պետական չափանիշի խնդիրները: Նրանց հետաքրքրում են միայն այն հսկայական նյութական միջոցները, որոնք կարող են իրացվել վաճառքի ձևով: Բայց չէ՞ որ արևային էլեկտրակայանի կառուցման խնդրի հաջող լուծումը կարող է խթան հանդիսանալ Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացման համար: Այսօր, երբ այլընտրանքային վերականգնվող էլեկտրաէներգիայի հարցը դարձել է օրակարգային, և զարգացած երկրները ճգնաժամից դուրս գալու ճանապարհը տեսնում են այդ ոլորտում կատարվող կարևոր բացահայտումներն ու հայտնագործությունները կյանքի կոչելով և հսկայական գումարներ են հատկացնում այդ ուղղությամբ, ինչո՞ւ մենք էլ չգնանք այդ ճանապարհով:
-Իսկ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այսօր ինստիտուտի աշխատակազմը:
-Ինստիտուտն այսօր ղեկավարողները (տնօրեն` Նորայր Խաչատրյան, փոխտնօրեն` Մատվեյ Խորասանջյան) ի սկզբանե և դեռ Պարիս Հերունու մահվանից առաջ` նրա հիվանդության ժամանակահատվածում, մշակել էին մի յուրօրինակ ծրագիր` ուղղված ինստիտուտի գործունեության և անձամբ Հերունու դեմ: Պ. Հերունու կյանքի վերջում, հիվանդության պատճառով, նրանք էին իրականացնում ինստիտուտի փաստացի կառավարումը: Այդ ընթացքում առանց Հերունու ստորագրության վերոհիշյալ անձինք աննշան գներով իրացրել են հսկայական նյութական միջոցներ: Պ. Հերունին, չնայած լինելով վատառողջ, ստուգումներով բացահայտեց հանցավոր, նյութապաշտ խարդավանքները, որոնք իրականացրել էր նշված զույգը: Արդյունքում, համաձայն Պ. Հերունու հրամանի, Ն. Խաչատրյանն ազատվել է փոխտնօրենի պաշտոնից, իսկ Մ. Խորասանջյանը` աշխատանքից: Օգտվելով դրան անմիջապես հաջորդած գիտնականի մահից` նրանք հասցրել էին ոչնչացնել այդ հրամաններն ու կառույցի ղեկավարությունը վերցնել իրենց ձեռքը: Վերոհիշյալ անձանց հիմնական խնդիրն այսօր նպատակաուղղված է Հերունու թողած գիտական ժառանգության ոչնչացմանն ու նրա անունը մոռացության մատնելուն: Ն. Խաչատրյանը, առանց հանձնաժողովի գիտության, բռնազավթել է Պ. Հերունու աշխատասենյակում և ձեռնարկության պահոցներում գտնվող փաստաթղթերը, և դրանց մի մասը, որը վերաբերում է թանկարժեք մետաղներին (գործարանում կատարված ստուգումների արդյունքներին), ոչնչացվել է: Ոչնչացվել են նաև Արագածի գիտական կենտրոնի կադաստրային փաստաթղթերը: Նա, ունենալով հեռահար, նյութապաշտ նպատակներ, ընդդիմացել է իմ` Անժելա Հերունուս կողմից ձեռնարկության պահոցներում գտնվող 1,5 կգ ոսկու հանձնմանը (նախատեսված «Արև» ծրագրի համար, պահպանված դեռ խորհրդային ռազմական թեմաներից), որպես չձևակերպված նյութական արժեք: Ավելի քան 2 տարի է, ինչ ինստիտուտը շարունակաբար և անխնա ենթարկվում է թալանի: Կառույցի` Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող մասնաշենքում ստեղծվել է սարքավորումների քանդման արհեստանոց, որտեղից անհայտ ուղղությամբ տեղափոխվում են թանկարժեք մետաղներ պարունակող էլեկտրոնային էլեմենտներ: Իսկ քանդված սարքավորումների դատարկ կարկասները տեղափոխվում և վաճառվում են որպես մետաղի ջարդոն (տե՛ս ներքևի լուսանկարը): Նյութական միջոցների թալանն ահագնացել է նաև Արագածի գիտական կենտրոնում` ոսկեպատ էտալոնային անտենայից հասնելով մինչև կաբելները: Այն աշխատակիցները, ովքեր դիմակայել են թալանին, Ն. Խաչատրյանի կողմից ենթարկվել են հետապնդումների և հեռացվել աշխատանքից: Օրինակ, մեխանիկական արտադրամասի վարիչ Վշտունի Կարապետյանը, որը փորձել էր կանխել արտադրամասում Ն. Խաչատրյանի իրականացրած պղնձի թալանը, զավեշտալի պատճառաբանությամբ հեռացվել է աշխատանքից: Վերջինիս 2 զավակներն այդ պահին հայոց բանակում էին: Պատկերացնում եք, ինչ են զգում տղաները, ովքեր կանգնած են հայկական սահմանում` պաշտպանելու հայրենիքը, իսկ իրենց հորը, որն ունի աշխատանքային մեծ փորձ, ազատում են աշխատանքից` դարձնելով գործազուրկ:
Այս ամենից հետո դռները ջարդվում են, և կանչվում է ոստիկանություն, գրանցվում է գողության փաստ: Եվ կասկածանքն ընկնում է ամբողջ անձնակազմի վրա: Ինստիտուտի ադմինիստրացիան կապի մեջ է մտել Աշտարակի կադաստրային ծառայության հետ, որի արդյունքում Արագածի գիտական կենտրոնն օտարել են ինստիտուտից` այն վերաձևակերպելով որպես հողատարածք:
Ն. Խաչատրյանը, թևավորված ինստիտուտի նկատմամբ սեփականաշնորհման նպատակ ունեցող ինչ-ինչ հեռահար ուժերի կողմից, խնդիր ունի ինստիտուտը փաստացի անգործության մատնելու արդյունքում բերել նրա գործունեության դադարեցմանը: Նա հասկանում է, որ այդ ծրագրերի իրականացման համար հարկավոր են ռադիոհոլոգրաֆիա ուղղության և արևային էլեկտրակայանի հետ կապված գաղտնիքները, որոնք ունեն ոչ միայն գիտական, այլև կոմերցիոն նշանակություն, հանձնել (կամ վաճառել) այլ կազմակերպությունների կամ երկրների: Օրինակ, ռադիոհոլոգրաֆիան նրանք աշխատում են գաղտնի հանձնել Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտին: Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրենը մի ժողովում հայտարարեց, որ ինքը կարող է դատի տալ մեր ինստիտուտին «ռադիոֆիզիկա» բրենդն օգտագործելու համար: ԽՐցՑՏ! Չնայած այդ անվանումը մեր ինստիտուտը ստացել է 2000 թվականին, բայց մինչև Պարիս Հերունու մահը նա այդպիսի ցանկություններ չի ունեցել:
-Պետական համապատասխան կառույցները տեղյա՞կ են ինստիտուտում տիրող իրավիճակին:
-Սփյուռքի և Հայաստանի գիտնականները 2009 թվականի հունիսին ստեղծել են «Ակադեմիկոս Պարիս Հերունու նախաձեռնողական խումբ» հասարակական կազմակերպությունը, որի գործունեությունը նպատակաուղղված է պաշտպանելու նրա գիտական ժառանգությունը: Նշված խումբը կոնկրետ առաջարկություններով և ծրագրերով մի քանի անգամ դիմել է ՀՀ ԳԱԱ, ՀՀ էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարություններ` իրազեկելով ինստիտուտում տեղի ունեցող երևույթների մասին, բայց ապարդյուն: Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, թե ինքը չի խառնվում ինստիտուտի ներքին գործերին:
-Ձեր կոնկրետ ցանկություններն ու առաջարկը` որպես մեծ գիտնականի արարումների մասնակցի:
-Ռադիոֆիզիկայի և արևային էներգիայի ոլորտում Հերունու թողած գիտական և տեխնիկական ժառանգությունն այսօր առավել արդիական և ժամանակակից է և անհրաժեշտաբար պետք է նպատակաուղղվի մեր տնտեսությանն ու գիտական մշակույթի զարգացմանը: ՈՒժերը պետք է կենտրոնացնել նորովի գնահատելու նրա աշխատանքները, այն չպետք է ծառայի օտար երկրներին. դա է եղել Պարիս Հերունու գաղափարն ու ուղեկիցը նրա ամբողջ ստեղծագործ կյանքում:
Ես ընդամենը հավելեմ, որ Հերունու «Արև» նոր տեսակի էլեկտրակայանը հիշատակվել է միջազգային բազմաթիվ տեղեկագրերում, այլընտրանքային ճանապարհով ստացվող էներգիայի պատմությանը վերաբերող հանրագիտարաններում և գրքերում: Դրանցում տեղեկություններ կան նաև նախագծի գլխավոր հեղինակի, նրա հայրենիքի, ծննդավայրի, կրթության, աշխատանքի և այն մասին, թե ո՛ր թվականից է սկսվել կառույցի շինարարությունը: Որոշ պարբերականներում, հանդեսներում մասնագիտական հրապարակումներ կան նաև այն մասին, որ Հերունու արևային էլեկտրակայանը կապ չունի ռադիոֆիզիկայի ոլորտի հետ: Այդ հրապարակումներին ի պատասխան` գիտության ջանադիր մշակը ներկայացրել է անալիտիկ վելուծություններ` անշարժ սֆերային հայելիների միջոցով արևային էներգիայի ստացման գաղափարի միանգամայն իրագործելիության և արդյունավետության վերաբերյալ:
Վերջում ցանկանում եմ ավելացնել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հոդվածից մի հատված. «Պարիս Հերունին իր կյանքի ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել ներկայացնելու աշխարհին Հայաստանը` որպես համաշխարհային գիտական կենտրոն, և հայ ժողովրդին` որպես հին մշակույթ և գիտություն ունեցող ազգի: Նա իր կյանքն ու գործունեությունն անմնացորդ նվիրել է իր երկրին և ժողովրդին: Նա մեծ հայ էր և մեծ հայրենասեր: Մեծավաստակ գիտնականը ցանկանում էր, որ իր գիտական հետազոտությունները ծառայեն Հայաստանի հզորացմանը, երազում էր տեսնել Հայաստանը աշխարհի զարգացած և բարեկեցիկ երկրների շարքում: Հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ կհիշի իր արժանավոր զավակին և վառ կպահի նրա հիշատակը»:
Եվ վերջում փաստենք, որ օրերս լրացավ Պարիս Հերունու ծննդյան 77-ամյակը և մահվան երկրորդ տարելիցը:
Հարցազրույցը վարեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ