38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՍՏՎԱԾ, ԱՆԿԱՍԿԱԾ, ԿՊԱՀԻ ՂԱՐԱԲԱՂԸ, ՈՐՈՎՀԵՏև ԻՆՔՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ»

«ԱՍՏՎԱԾ, ԱՆԿԱՍԿԱԾ, ԿՊԱՀԻ ՂԱՐԱԲԱՂԸ, ՈՐՈՎՀԵՏև ԻՆՔՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ»
22.10.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԳՄ թարգմանական բաժանմունքի նախագահ, ԵՊՀ դասախոս, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նրա` վերջերս լույս տեսած գրքի («Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից») տողերին և տողատակերին է առնչվում մեր զրույցը, որը բացում է ոչ միայն բանաստեղծի ներաշխարհին, այլև համամարդկային հնչողություն ունեցող ներանձնական և գլոբալ խնդիրներին առնչվող փակագծեր:
«ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՄԵՐ ՀԱՇՄՎԱԾ ԵՐԵԽԱՆ Է ԵՂԵԼ»
-Պարոն Հարությունյան, Ձեր բանաստեղծ հայրը` Միքայել Հարությունյանը, «Զվարթ երգ» բանաստեղծության մեջ գրել է. «Աստված էլ է ղարաբաղցի»: Սա պոետական հուզական պոռթկո՞ւմ է, թե՞ տիեզերական իրողությունը բանաձևելու փորձ:
-Հարցը լավն է, իր մեջ իրոնիա ունի: Տիեզերական իրողությունը բանաձևելու փո՞րձ… Դե՜, ամեն գրող օգտագործում է իր եզերքը` որպես ձայն, որպես մասնակցություն: Չմոռանանք` Ղարաբաղը երկար տարիներ մեր հաշմված երեխան է եղել: Ֆոլկներն ասում է. «Իմ բոլոր գրքերի մեջ ամենից շատ սիրում եմ «Շառաչ և ցասում» վեպը»: Այն չորս ձայների` մոնոլոգների զարմանալի խառնուրդ է: Չնայած գաղութային Ամերիկայի պատկերն այդ գրքում շատ էմոցիոնալ է արտահայտված: Մի անգամ (1964 թիվն էր) հայրս ասաց, թե մի լավ բանաստեղծություն է գրել: Դեռ այն ժամանակ նա կեսկատակ, կիսազրուցային ձևի մեջ արտահայտել էր այն կարծիքը, թե Աստված, անկասկած, կպահի Ղարաբաղը, որովհետև ինքն էլ է ղարաբաղցի: Կար հոգսը: Իսկ մեծ հոգսը, ի վերջո, բյուրեղանում է և դառնում անգամ ինչ-որ տեղ դեպի քեզ ու քո հաշմված հողն ուղղված սոսկալի իրոնիկ դրսևորում: Էս մակարդակի վրա էր հորս բանաստեղծության ճիչը: Խեղճին դրանից հետո կանչեցին Կենտկոմ, քիչ մնաց «պարտիայից» հանեն, ինչ է թե գրել էր. «Աստված էլ է ղարաբաղցի»: Բայց տեսա՞ք, թե ինչքան ճիշտ դուրս եկավ այդ մտածողությունը: Հրեշավոր բորենու երախից Ղարաբաղը դուրս պրծավ` շնորհիվ մեր ազգի, համընդհանուր հայ բազկի, հայ հոգու մաքառման: Մենք դարձրինք իրագործելի հորս տողը: Միայն Աստծո (իսկ Աստված ժողովուրդն է) հրաշքով էր նման բան հնարավոր իրագործել:
«ԸՆԹԵՐՑՈՂԻ ՃԱՇԱԿՆ ԱՀԱՎՈՐ ՓՉԱՑՐԵԼ ԵՆ»
-Ձեր գործերն ընկալում և գնահատում են ոչ միայն հայերը (Գևորգ Էմին, Փիթեր Բալաքյան, Հակոբ Կարապենց, Սերգեյ Սարինյան, Սևակ Արզումանյան, Ալեքսանդր Թոփչյան, այլք), այլև օտարները (Հեյդն Գերութ, Նադիա Կավալերա, Ջոն Գրեփին, Փիթեր Քաուի, Ջոն Գեռլախ, Իվ Բրուսար, Եկատերինա Շևելյովա, այլք): Սա բացատրվում է դրանց համամարդկային հնչողությա՞մբ, թե՞ ընդգծված հայկականությամբ, որով էլ հենց հետաքրքիր են դառնում օտարների համար:
-Այո՛, կա այդպիսի միտում. դուրսն սկսել է նկատել բանաստեղծություններս: Անգլերեն տպագրված գիրք ունեմ: Նյու Յորքում տպվել է «Նամակ Նոյին»-ը, որի շապիկի վրա կան բազմաթիվ օտարերկրացիների կարծիքներ: Մեկը նրանցից հենց Ձեր նշած Հեյդն Գերութն է, որը հատկապես անդրադարձել էր ցեղասպանության թեմայով գրված իմ բանաստեղծություններին և շատ բարձր գնահատել դրանք: Պոետիկայի կարևոր հարցերից մեկը բանաստեղծի «ես»-ն է: Ռոմանտիկները բերեցին «ես»-ի, եսակենտրոնության գրական դպրոցի գաղափարը: Գրողը, բանաստեղծը մեծ մասամբ բողոքում է, խղճում է աշխարհը, իրեն` այս ամենն անցկացնելով իր պրիզմայի միջով: Իմ վերջին երեք գրքերում («Նամակ Նոյին», «Հուդայի արձակուրդը», «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից») ավելի շատ պատմվում է ուրիշի «ես»-ի մասին: ՈՒրիշի «ես»-ի մասնակցությունն է ի հայտ գալիս պոետական տարերքում: Հույները դա անվանում էին դիմակ. գրողը վերցնում է որևէ մեկի (պերսոնայի) էությունը և նրա միջոցով տալիս տարբեր վիճակների, երևույթների նկարագրությունը: Այս սկզբունքը վերականգնեցին Էլիոթը, անգլիացի ամենամեծ բանաստեղծներից մեկը` Ջոն Դոնը: Նրանք տալիս են տարբեր իրավիճակներ, հիպոսթազներ, բայց երբեք այդ ամենը չեն անցկացնում իրենց «ես»-ի միջով: Դրանք ուրիշ «ես»-ի արտահայտություններ են: Այս սկզբունքը հեշտացնում է պոետի գործը, միևնույն ժամանակ դժվարանում է ընթերցողի գործը: Ինչո՞ւ: Որովհետև այդպիսի բանաստեղծությունները մեծ մասամբ, մնալով համարյա փակ, ենթադրում են, ակնարկում են, թե ինչ իրողության մասին է խոսքը: Դու պիտի կարդալիս մտածես, խորանաս, որպեսզի պարզես, թե ինչ էր ուզում ասել հեղինակը: ՈՒղղակի կապն ընթերցողի հետ սկսում է կորչել: Գալիս է առարկայացված հոգեվիճակը (ուրիշի մոտ, ոչ թե` իմ): Պատասխանատվությունն ընկնում է ընթերցողի վրա: Եվ այն, ինչ պոետը պիտի ասի, մեծ մասամբ բանաստեղծությունից դուրս է: Դու պետք է նրա ասելիքը ենթադրես, հասնես դրան: Այս ամենը հիմնականում սկսվեց ՈՒիթմենից: Բայց նրա մոտ դեռևս էմոցիոնալ համակարգն աշխատում է: Իսկ անգլիացի, ֆրանսիացի, ամերիկացի նոր բանաստեղծները լիարժեքորեն կիրառեցին այս մեթոդը: Ես նույնպես այն կիրառեցի իմ գրքերում, և հենց դրա շնորհիվ էլ նկատվեցի դրսում: Կատարվեց պոետիկայի «shifting» (ձևափոխում), որի հարցում մեծ էր դրսի պոեզիայի, հատկապես անգլո-ամերիկյանի իմ իմացությունը, շփումներս զարգացած երկրների, զարգացած սոցիալական սիստեմների մեջ ապրող մարդու հետ, որը մտածում է, թե ինչպես կարելի է տեղ հասցնել իր գրածը: Տոլստոյն ասում է. «Ի՞նչ է արվեստը: Արվեստն այն է, երբ մեկը նշանների շնորհիվ մյուսին է հաղորդում իր ապրումները և ստիպում նրան, որ նա վերապրի իր զգացածը»: Այսօր բարդացել են այդ հաղորդակցության ձևերը: Հայ պոեզիան նույնպես պետք է ուշադրություն դարձնի այդ ձևերին, թե չէ մենք հավերժորեն կմնանք նեյնիմ-նեյնիմիզմի թավ անտառներում, որից դուրս գալը պարտադիր է: Մեղք է մեր ընթերցողը: Նրա ճաշակն ահավոր փչացրել են: Փչանալու պատճառներից մեկը տոտալիտար ռեժիմն էր: Գրողին այլընտրանք չէին տալիս: Նա ստիպված, իր «չոնգուրն» առած, միալար նվագում էր. «Ես քո սիրով, դու` ուրիշի»: Հավերժական էս թեման էր տիրում մեր պոեզիայում, մազոխիստական վիճակները, իր անձի հանդեպ խղճահարություն արթնացնելու պոետի փորձերը: Հերի՛ք է, էլի՛: Մենք էնքա՜ն սոցիալական, պետական, մարդկային պրոբլեմներ ունենք, որ չի կարելի մնալ էս տիրույթներում: Ղարաբաղի պրոբլեմը մեր ուսերին ընկած վիթխարի ծանրություն է, և գրականությունը պետք է օգնի այն հաղթահարել:
«ՄԵՆՔ ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԼԱՍԻԿԱՅԻ»
-Անդրադառնանք այդպիսի մի պրոբլեմի, որ արծարծել եք Ձեր գրքում.
«Թալեաթի և Օզալի սիրած հեղուկը`
հայերի արյունից քամած
թանձր եփուկի թուրքական շարբաթի
հսկա գավը,
բարձր պահած
Թուրքիան փորձում է մտնել Եվրախորհուրդ,
և հետն էլ հասցնում
քաղաքական չքմեղության
պորտապար պարել,
հետույք խաղացնում Բրյուսելում»:
Ստացվում է, որ Բրյուսելը թույլ է տալիս հիմարացնե՞լ իրեն:

-Աշխարհում ընթանում է վիթխարի խաբկանք: Մենք ականատեսն ենք խաբեությունների կլասիկայի: Անցյալ օրը հեռուստացույցով հետևում եմ «BBC»-ի, «CNN»-ի հաղորդումներին, որոնք տեղեկացնում են, թե ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը գնացել է Իրաք և ճառ է ասում: ՈՒ ի՞նչ է ասում այդ ապիկարը: Հավատացնում է, որ Ամերիկան թանկ է վճարել Իրաքն ազատագրելու և նրան պետականություն տալու համար: Սիրելի՛ Բայդեն, ա՛յ «աֆերիստ», նավթավաճա՛ռ ընկեր, դու թանկ չվճարեցիր: Դու քո ուզած բոլոր արևմտյան նավթային կոմպանիաներին բաժին հանեցիր` քո զորքն իջեցնելով Իրաք, սպանելով միլիոնավոր մարդկանց: Հիմա էլ Եվրոպան Թուրքիային փորձում է ներքաշել իր կազմի մեջ, որպեսզի հետագայում այն դառնա սվին` ռուսների թիկունքին: ՆԱՏՕ-ն դեռևս Ռուսաստանի ինտենսիվ թշնամին է, բազաներ է սարքում` պատճառաբանելով, թե իբր Ռուսաստանը թափանցիկ չէ, ամեն րոպե կարող է շրջվել դեպի ստալինիզմ: Բրյուսելն էլ իր հաշիվներն ունի Թուրքիայի հետ: Ընդ որում` Բրյուսելը միամիտ չէ և մինչ օրս թույլ չի տալիս Թուրքիային մտնել իր կազմի մեջ: Չնայած Եվրոպայում Ամերիկայի դրածոն` Թոնի Բլերը, նման կոչեր է հնչեցնում, բայց երկու կարևոր պետություն` Գերմանիան և Ֆրանսիան, կտրականապես դեմ են, որ Թուրքիան մտնի Եվրապառլամենտ: Խոստանում են տալ լայն հնարավորություններ, բայց չեն դարձնում լիիրավ անդամ: Սակայն այն, որ մուսուլմանությունը վիթխարի նավթային միլիարդներ է ծախսում և խցկվում Եվրոպա ու սարքում հինգերորդ շարասյուն, անվիճելի փաստ է: Ամենուր վիթխարի մզկիթներ են սարքում: Դե, փորձի՛ր քրիստոնեական եկեղեցի սարքել Կարաչիում, Ստամբուլում: Չես կարող: Հներից ինչ-որ բան թողնում են, ստիպված են, տեղ-տեղ էլ վերանորոգում են, ինչպես մեր Աղթամարի եկեղեցին:
-Բայց պատարագ են անում` առանց խաչի:
-Այո՛, առանց խաչի: Որովհետև հիմար են: Էդքանն արել եք, խաչն էլ դրեք. էշը կերել եք, պոչին խռովե՞լ: Է՜, պոչն էլ կերեք: Թող ներեն ինձ հաստագլուխ թուրք մտավորականները, բայց ինչպե՞ս չեն հասկանում, որ էդքան աշխատանքը ջուրն են թափում: Երբ նրանց մզկիթը վնասվել էր Չեչնիայում (արկի պայթյունից «գլուխը» թռել էր), 300 կամավորականների` մինչև ատամները (ժանգոտ ատամները) զինված, գաղտնի ուղարկեցին` այն վերականգնելու: Ես դեմ չեմ, որ վերականգնեն մզկիթը: Չեմ ուզում, որ այն կործանվի, ինչպես չեմ ուզում, որ կործանվի քրիստոնեական եկեղեցին: Հավատք է, բոլորն էլ հավասար են այդ պարագայում: Իրենց աստվածն է, թող պաշտեն: Բա ինչո՞ւ մեր եկեղեցին չեն հարգում: Չնայած` ասեմ, որ սա էլ է դրական իրողություն: Նրանք հույներին հրավիրեցին Սուրբ Անդրեասի վերականգնված եկեղեցի, որի վրա նույնպես խաչ չէր տեղադրվել: Եկել էր 7000 հույն: Իսկ ի՞նչ արեցինք մենք: Ես զարմացա մերոնց պահվածքից Աղթամարի եկեղեցու նկատմամբ: Մեր մշակութային թերթերի տոնուսը շատ է փոխվել: Բոլորը կոչ էին անում չգնալ Վան: Եվ ի վերջո, մեր կաթողիկոսն էլ արգելեց երկու հոգևորականներին` գնալու և մասնակցելու Աղթամարի պատարագին: Մի՞թե սա ճիշտ էր: Ինչո՞ւ չգնալ, ինչո՞ւ: Պետք էր գնալ: Մշակութային երևույթ էր: Թող հայն իր հազարամյակների խորքից եկող, փոշուց, կեղտից մաքրված «երեխայի» կողքին լիներ: Ինչո՞ւ յոթ հազար հույն կգա իր եկեղեցի (ի դեպ, մշակութային առումով հույները ևս հսկայական կորուստներ են ունեցել թուրքերի պատճառով), իսկ մենք չենք գնա: Եկեք թուրքին ցույց տանք նաև, որ մենք բարի ենք, որ ուզում ենք իրենց էլ բարիացնել: Յոթ հազար հույնի գալը Թուրքիա լավ ակցիա էր, ինչպես լավ ակցիա էր իմ մեկնումը Թուրքիա և մասնակցությունն այնտեղ անցկացված միջազգային գրական փառատոնին: Երբ գնում էի, ինձ էլ էին շատերն ասում, որ մեծ ռիսկի եմ դիմում: Բայց Ստամբուլում 60000 հայ է ապրում: Ես նրանց մշակույթ տարա, մի բան, որ դարձավ երևույթ, հայ պոեզիայի երևույթ: Վախ կար մեջս, իհարկե: Հյուրանոցում դռներն ամուր կողպում էի, զգուշանում, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է կարողանանք շփման միջոցով իրենց էլ փոխել, իրենց չարությունն էլ բարիացնել:
«ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՄԵՐ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ»
-«Ես հայ եմ, Արցախից» պոեմում գրում եք. «…հեռուստախցում քաղաքական աղբանոցը ծխում է իր լուրերի գարշահոտը»: «Հեռուստախցի» այս վիճա՞կն է Ձեզ ստիպել Ձեր գրքի էջերը դարձնելու այլընտրանքային հեռուստատեսություն` դեռևս դեմքն ու ճաշակը չկորցրած հեռուստադիտողին փրկելու համար:
-Դրական իմպուլս, բարություն կա Ձեր հարցում, դա լավ է: Այո՛, մենք պետք է օգնենք մարդկանց մեր մասնակցությամբ, մեր ելույթներով: Իմ գիրքը, իհարկե, հեռուստախուց չէ, բայց իմ պոեմներն իրենց տեսակի մեջ հեռուստատեսային մոնտաժի, երբեմն իռացիոնալ մոնտաժի ենթարկված կադրեր են, և ես դրանցով փորձում եմ իմաստավորել ՀՀՇ-ական տարիների դժնի իրողությունները: Ես մինչև հիմա էլ կարծում եմ, որ ՀՀՇ-ն, «Ղարաբաղ» կոմիտեն պետք է նախապես լավ ծրագրեին իրենց անելիքը: Գուցե հույս չունեին, որ «Սովետը» կփլվեր: Բայց եթե հույս չունեին, ինչո՞ւ էին ոտքի կանգնեցնում ողջ ազգը, էդպես սրում Ղարաբաղի հարցը: Իսկ եթե ոտքի էին կանգնեցում, ուրեմն պիտի գիտակցեին, որ Բաքուն փակելու է բոլոր ճանապարհները, Վրաստանը տասն օրը մեկ պայթեցնելու է գազամուղը, երկումիլիոնանոց վիթխարի քաղաքը մնալու է առանց ջրի, ջերմության: Է՜, նախապես մտածեիք այս ամենի մասին: Լցնեիք հորերը գազով, համապատասխան պաշարներ կուտակեիք, որպեսզի հարվածը, ցավը փոքր-ինչ մեղմ լիներ, մեզ էդ աստիճան չկործաներ:
(շարունակելի)
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ