…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է:
«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՎ»
-Պարո՛ն Գասպարյան, ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր հրատարակած «Ակսել Բակունց: Կյանքը և ստեղծագործությունը» գիրքը, ինչո՞վ է այն տարբերվում բակունցյան նախորդ հրատարակություններից և հատկապես ի՞նչ նոր բացահայտումներ է պարունակում ստալինյան վարչակարգին զոհ գնացած գրողի ողբերգական ճակատագրի առումով:
-Գիրքը լույս է տեսել 2009-ին` Բակունցի ծննդյան 110-ամյակի առթիվ` «XX դար: Հայ գրողներ» մատենաշարով: Ամբողջովին նոր գիրք է` Բակունցի կենսագրության շարադրանքով, երկերի վերլուծությամբ, գրողի ժառանգության անհայտ էջերի հրապարակմամբ: Զետեղված են Բակունցի մեղադրական գործն ամբողջությամբ` թարգմանված հայերեն, նաև Բակունցի երկերի ակադեմիական քառահատորյակից դուրս մնացած 18 գործ: Այս գրքով փորձել ենք մեր ժամանակների ձեռքբերումներով լիովին ամբողջացնել Բակունցի ստեղծագործական կերպարը:
-Կարո՞ղ եք մեկնաբանել Չարենցի գերեզմանը պղծելու երևույթը:
-Այդ ամենը դատարկ խոսակցություն է, ընդամենը լրագրողական սխալ, որ մտել է շրջանառության մեջ: Կա ենթադրություն` մի քանի վկայություններով, որոնց համաձայն` այդ տեղում է թաղված Չարենցը: Այդքանը միայն: Ոչ մի որոնում դեռևս նյութական ապացույցների չի հանգում: Լավագույն դեպքում կարող ենք ասել, որ ենթադրաբար այդտեղ է թաղված Չարենցը, բայց ասել, թե դա Չարենցի գերեզմանն է, սխալ է: Իսկ եթե գերեզման չկա, ինչի՞ մասին է խոսքը: Սրբազան, մաքուր արժեքներն են պղծվում, երկիրն է ոտնատակ գնում, Դուք ինչի՞ համար եք անհանգստանում: Արդեն մեկ ամսից ավելի է` այս անտեղի խոսակցության մեջ ենք:
-Լա՛վ, չվիճեմ Ձեզ հետ (կարծում եմ` այս հարցում Դուք ընդդիմախոսների պակաս առանց ինձ էլ չեք ունենա), բայց չէ՞ որ սա գերեզմանապղծության եզակի դեպքը չէ մեզանում. Երևանի քաղաքային պանթեոնում ամփոփված մեր մեծերի` Դեմիրճյանի, Քոչարի, Վաղարշյանի, այլոց շիրիմները ևս ենթարկվել են նման ոտնձգությունների: Սրան ի՞նչ անուն տալ:
-Դա մեր բարբարոսության, բարոյազրկության մասին է խոսում: Այո՛, մի քանի կիլոգրամ մետաղի համար գերեզմաններ են պղծվում: Դրանք մարդկային, գաղափարական որակների մեջ չեն տեղավորվում, այդ բանն անողները պարզապես գողեր, ավարառուներ են:
-Այդ նույն ազգի մեկ այլ հատկանիշ է այսօր դրսևորվում ամերիկահայ համայնքում. մարդիկ վճռականորեն ոտքի են կանգնել և պահանջում են Գեթիի թանգարանից վերադարձնել Զեյթունի Ավետարանից պակասող 8 նկարազարդ էջերը: Սա մեղմո՞ւմ է բարոյական անկումի մեր ազգային դրսևորումները:
-Անպայման պետք է այդ էջերը վերադարձվեն մայր գիրք: Սա մեր ժողովրդի պատմության վկայականն է, և բավական է հանդուրժել այն փաստը, որ Ամերիկան թալանում է բոլոր ազգերի պատմությունների արժեքավոր նմուշները: Իրաք մտավ և ոչ թե պարզապես ոչնչացրեց վարչակարգը, այլ առաջին հերթին թալանեց Իրաքի համաշխարհային մշակութային ժառանգություն ունեցող թանգարանը: Այս մշակութային թալանին պետք է վերջ տրվի: Աշխարհի երկրները տարբեր ռազմատնտեսական կարգավիճակներում են, բայց բոլորն էլ պետք է տեր կանգնեն իրենց մշակութային արժեքներին: Ամեն ինչ պիտի անենք մեր Ավետարանի էջերը հետ բերելու համար:
-Ժողովրդի ձայնն այս դեպքում բավարա՞ր է, թե՞ պետք է լինի նաև Հայաստանի միջամտությունը:
-Եթե պետք է, մենք էլ այստեղ ոտքի կկանգնենք, կհավաքվենք Ամերիկայի դեսպանատան դիմաց ու կներկայացնենք մեր պահանջը: Ինչո՞ւ` ոչ: Բողոքի ցույց պիտի անել և պահանջել: Այդ մի քանի է՞ջն է Ամերիկային պակասում: Մեզ համար դա պատմություն է, իսկ Ամերիկայի համար ի՞նչ մի մեծ բան է: Չեն էլ ցուցադրում, ինչ-որ խորունկ տեղում պահված է: Կարծեմ 120 օր ժամանակ է սահմանվել խնդիրը լուծելու համար: Մենք չպիտի ընդունենք որևէ փոխհատուցում, մեզ ուրիշ բան պետք չէ այդ մասունքներից բացի: Կա այդպիսի մտայնություն` այլ բան առաջարկել մեզ:
-Լոբի ու բրի՞նձ` ավանդույթի համաձայն:
-Չգիտեմ, թե ինչ, բայց մեզ մեր մի քանի էջն է պետք: Մեզ համար Մատենադարանն Արարատի պես մի բան է, մեր ազգային կերպարի խորհրդանշանը: Այդ էջերն էլ պարտադիր պետք է վերադարձվեն ու հանձնվեն ի պահ Մատենադարանին: Եթե ամերիկյան համայնքը պինդ կանգնի, ուզածին կհասնի:
-Մենք մեր ինքնության վավերագրերը կորցնելու մշտական վտանգի մեջ ենք: Վերջին շրջանում այդ խնդիրը հատկապես սրվում է հարևան Վրաստանի առնչությամբ: Օրեր առաջ ջավախահայ երիտասարդը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին` խնդրելով պաշտպանել Ջավախքում 30 տարի հայերեն դասավանդած իր մոր իրավունքները, որին անհիմն ազատել էին աշխատանքից: Հայատյացության, հայ արժեքները սեփականելու փաստերն անհաշվելի են Վրաստանի պարագայում: Մենք նոր թշնամի հարևա՞ն ենք ձեռք բերում:
-Վրաստանը երբեք մեզ բարեկամ չի եղել: 1930-ական թվականներին Բակունցը, Չարենցը, մեր ազգի մյուս մտավորականները դա էին ասում: Բերիան Անդրֆեդերացիայի կազմում ուղղակի շահագործեց Հայաստանը: Ինչքան բեռ որ նախատեսված էր Հայաստան գալու համար, դատարկվում էր Վրաստանում: Վրացական պահվածքը պիտի իր ճիշտ պատասխանն ստանա: Ես վերջերս մեկ շաբաթով եղա Վրաստանում: Խայտառակ պատկեր է: Մեկ հայկական դպրոց է մնացել: Տնօրենը մի երիտասարդ է` Մուրադյան ազգանունով: Շատ հեռանկարային կադր վրացիների համար: Հայերեն չգիտի, մի կերպ խոսում է ռուսերեն: ՈՒսուցիչները դասավանդում են հնացած, մաշված դասագրքերով: Ես դասագրքերի հեղինակ եմ, պատրաստ եմ անձամբ ուղարկելու նրանց դասագրքեր, բայց տեղ չեն հասնում: 17 աշակերտ կար դպրոցի ավարտական դասարանում, բայց տնօրենն ասում էր, թե հազիվ դրանցից 4-5-ը կարողանան ավարտել, որովհետև մյուսները վրացերեն լավ չգիտեն: Ջավախքի վիճակը շատ ծանր է: Մեր հրատարակած «Հայոց լեզու և գրականություն» ամսագիրը ոչ մի կերպ չի թափանցում Ջավախք, Թիֆլիս: Մշակութային այս հաղորդակցության ճանապարհը փակել են: Մենք Ամերիկայից մեր 7-8 էջն ենք պահանջում` մեր մագաղաթն ամբողջացնելու համար, բայց հայ երիտասարդությունն է կործանվում Վրաստանում և Ջավախքում: Թիֆլիսում վրացական Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցեցին Խոջիվանքում, այն դեպքում, երբ լուսահոգի Գարեգին Ա կաթողիկոսը հայտարարել էր, որ պետք է վերակառուցի Խոջիվանքը: Այդ խոսքից անմիջապես հետո փորեցին տեղանքը, գցեցին իրենց եկեղեցու հիմքերը և կառուցեցին գանգերի վրա, այն դեպքում, երբ այդ նույն եկեղեցու կառուցման համար նախատեսված էր այլ տեղ, և անգամ փորված էին հիմքերը: Այսպիսի հարևան չի լինում: Թշնամին երևի ավելի ճիշտ կպահեր իրեն, քան այս բարեկամ կոչված Վրաստանը: Մենք պիտի վրացիների հետ իրենց արժանի լեզվով խոսենք, անհրաժեշտության դեպքում նաև ուժային մոտեցում ցուցաբերենք: Բավական է այսպես խեղճացած մնանք: Մեր խեղճությունն ու վախեցածությունն ինչքա՞ն պիտի շարունակվեն: Ո՞Ւր ենք հասել. ավերված, դատարկվող երկիր, բարոյական զարհուրելի անկում, արժեքային համակարգի չգոյություն: Կյանքն այստեղ կարծես թե աշխուժանում է ընտրությունից ընտրություն:
-Այսինքն` մենք հիմա կյանքի աշխուժության շրջանո՞ւմ ենք. առջևում ընտրություններ են:
-Կյանքի աշխուժության շրջանը կարծես սկսվում է ընտրության ժամանակ, երբ հիշում են ժողովրդին: Բայց հիմա ժողովուրդ էլ չկա: Մահացու տվյալներ են արտագաղթի տվյալները: Կորցնում ենք իրական հայրենիքը: Հայրենիքը պահում են հայրենիքում ապրելով, հայրենիքում բազմանալով, հայրենիքի տնտեսությունը զարգացնելով, հայրենիքի բարոյական արժեքները պահելով, ազգային մշակույթի պատմությունն իմանալով, ոչ թե ամեն կերպ ազգայինը տրորելով, օտարանալով, ուրիշ արժեքների մեջ մտնելով, փախչելով: Միայն անցյալ տարի 280 հազար հայ արտագաղթել է Ռուսաստան` Սիբիր: Մերոնք ի՞նչ են մտածում: Նպատակը երկիրը դատարկե՞լն է: Էլ մեր ինչի՞ն է պետք պահանջատիրությունը: Ինչո՞ւ ենք խոսում Վրաստանի վերաբերմունքի մասին: Մենք այսօր պիտի արմատապես շրջադարձ կատարենք դեպի հայ մարդը, հայ մարդու ցավը: Պիտի լուծենք սոցիալական խնդիրները, աշխատանքով ապահովենք: Մի գործարան չաշխատեց այս քսան տարում: Միայն ավերվեց ու ավերվեց: Լա՜վ, շրջափակումը հասկացանք, բայց տրիկոտաժի մի արտադրություն է՞լ չէր կարելի աշխատեցնել: Աշխարհի լավագույն քիմկոմբինատներից էր «Նաիրիտը»: Դիմացն էլ ավտոդողերի գործարանն էր: Սրանից եկամտաբեր բան կա՞ր: Ինչպե՞ս քանդեցին: Պիտի պարզապես կատարյալ ապուշ լինել այդ ամենը ձախողելու համար: Հայաստանը շեն, կառուցիկ, լիքը երկիր էր, և ազգային հարստությունը դարձավ մի քանիսի սեփականություն, թալանվեց, վաճառվեց, վատնվեց, ու ոմանք դարձան դրության տեր: Զավեշտալին այն է, որ հիմա երկրի «տերերն» ավելի հարուստ են, քան երկիրը:
«ԵՐԲ ՀՈՏԻ ԳԼՈՒԽԸ ՇՈՒՌ ԵՍ ՏԱԼԻՍ, ԿԱՂ ՈՉԽԱՐՆԵՐՆ ԱՌԱՋ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ»
-Այդ շրջանի տերերից մեկը` Հրանտ Բագրատյանը, ներկայիս վարչապետին է մեղադրում երկիրը հավաստի կործանման տանելու մեջ: Կարծում եք` նա դրա բարոյական իրավունքն ունի՞:
-Հայաստանն սկզբից ևեթ ճիշտ հունով չգնաց: Ամեն մի անցում, ամեն մի փոփոխություն թուլացնում է երկրի ուժը: Մենք ձեռքից ձեռք անցանք, տրորվեցինք, թշնամանքն ընկավ ժողովրդի մեջ: Կուսակցական խաղերը, ապակենտրոնացումը փոշիացրին մի հրաշալի կառուցիկ հանրույթ, ազգային մտայնություն, կերպար: Մենք կորցրինք ավելին, քան ձեռք ենք բերել: Ձեռք ենք բերել Ղարաբաղ, որը, ըստ էության, դատարկ է գրեթե. դատարկ գյուղեր, չվերաբնակեցված տարածքներ
Մեր կորուստները շա՜տ շատ են, և ըստ իս` անվերականգնելի: Ո՞վ է այսօր խոսում Հայաստանի տնտեսությունը վերականգնելու մասին: Ոչ ոք: Այլևս մոռացել են: Նույն կերպ է մյուս արժեքների դեպքում: Մտավորականն այդ հիշողությունների կրողն է, պահպանողը, հիշեցնողը: Կգրի հոդված, վեպ, կտա հարցազրույց, կթարգմանի մի բան: Այսքանը: ՈՒրիշ լծակ չունի: Բայց մտավորականին լսող, բանի տեղ դնող չկա: Եվ ժամանակն է, որ մենք անցյալին ուրիշ աչքերով նայենք, եղած լավ բաները չմոռանանք: Առաջ թերթում մի հոդված լիներ, բոլորը քննարկում էին, արձագանքում: Հիմա ինչքան կուզես` խոսիր, գրիր, ոչ մեկի պետքը չէ: Սա ժողովրդի նկատմամբ արհամարհանքից է գալիս: Արհամարհանք մտավորականի կարծիքի հանդեպ: Ճշմարտությունն այսօր վտանգված է: Չի կարելի ճշմարտության ճանապարհը կորցնել: Հայ մարդն իրեն լիարժեք չի զգում իր հայրենիքում:
-Դրսում լիարժե՞ք է զգում:
-Ես դրսում եղողներին համարում եմ կորած մարդիկ: Նրանց կյանքը մեկ-մեկուկես սերունդ է: Եվ սրա դեմ գաղափարախոսություն, պետական քարոզչություն էլ չկա: Վերաբերմունք չկա: Ասում են` «60 հազար գնացել է, 70 հազար վերադարձել»: Ո՞Ւմ են խաբում, իրե՞նց, թե՞ ժողովրդին: Մենք համատարած կեղծիքի մեջ ենք բոլոր բնագավառներում: Արդեն զանգվածաբար են գնում:
-Ցանկացած, անգամ ամենաանհուսալի վիճակներում կառչելու ինչ-որ բան է գտնվում: Այսօր այդ կառչելու բանը ո՞րն է:
-Մատենադարանի նոր շենքն է այդ կառչելու բաներից մեկը, որտեղ մարդը, մտավորականն իրեն այնքա՜ն լավ է զգում: ՈՒրախալի է Սևանի մակարդակի բարձրանալը: Շատ բարձր եմ գնահատում նախկին քաղաքապետի գործունեությունը: Ի՜նչ լավ աշխատեց քաղաքապետարանը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ. Երևանը մաքրվեց, բարեկարգվեց: Ես ներքին ցավով տարա նրա հեռանալը: Հիացած էի: Շենքերը լվացվում էին, ներկվում, ծեփապատվում, վերականգնվում էին թափված քարերը: Զգում էիր, որ քաղաքը տեր ունի: Հույս ունեմ, որ նորանշանակ քաղաքապետը կշարունակի այդ աշխատանքները, որ քաղաքը չեն մոռանա: Հենց ճիշտ քարը ճիշտ տեղում դրեցին, կփրկվենք: Տնտեսությունն էլ պիտի այդպես վերականգնեն: Տնտեսություն չկա: Համատարած վախկոտություն ու համակերպվածություն է:
-Ո՞Ւմ է սա ձեռնտու:
-Դրսի տերերին. ստրուկ են պահում, մատուցում են մեզ իրենց թերմացքը (ըստ որում` ոչ միայն տնտեսական, այլև մշակութային թերմացքը` սերիալներ, հանդիսանքներ և այլն): Գնում ենք դեպի Եղեռնի հարյուրերորդ տարելից. պիտի խելքի գանք: Եթե երկիրը դատարկվեց, տնտեսությունը չաշխատեց, մարդու աչքին այլևս ոչինչ արժեք չի ունենա:
-Ասում եք` տնտեսություն չկա: Այնինչ կան բազում նորաթուխ տնտեսագետներ, և անկասելիորեն շարունակվում է դիմորդների հոսքը դեպի տնտեսագիտական ֆակուլտետներ:
-Տնտեսագիտության գծով միայն 9 գիտական խորհուրդ կար: Պաշտպանվում են ատենախոսություններ` հորինված, մասնավոր անձի կողմից փողով գրված: Գիտությունը հանել են վաճառքի` ահավոր չափերով: Ասպարեզ են մտնում 21-22 տարեկան գիտության թեկնածուներ, ովքեր, բուհը նոր ավարտած, դեռ գիտության տառին անտեղյակ մարդիկ են: Կոչումները գնվում են` բանակից ազատվելու համար: Հարվածի տակ են դրվում գիտությունը, գիտության հետագա կառավարումը: Այդպիսի երիտասարդները վաղը կառավարելու են գիտական հաստատություններ` ստորացված ու ճնշված պահելով իսկական գիտնականին: Նույն վիճակն է իրավագիտության ասպարեզում: Գրվող և վաճառվող ատենախոսությունների ճանապարհը պիտի փակել: Խայտառակ բաներ են կատարվում ԲՈՀ-ում, ինչը ջրի երես ելավ երկու տարի առաջ կատարված ստուգումների արդյունքում:
-Բանասիրության ասպարեզում առքուվաճառք չի՞ կատարվում:
-Բոլոր ասպարեզներում էլ կատարվում է: Մեր ասպարեզում, թեև համեմատաբար ավելի «պարկեշտ» բարքեր են և դրույքաչափեր, բայց դիմողները գիտեն, թե ում պետք է դիմել: Թավալգլոր` անկումից անկում ենք գնում: Հայտնի խոսք է. «Երբ հոտի գլուխը շուռ ես տալիս, կաղ ոչխարներն առաջ են ընկնում»: Մինչև առողջը գա-հասնի առաջ, նորից շուռ կտան: Յուրաքանչյուր հեղափոխություն կործանարար է: Աշխարհին ուժեղ երկրներ պետք չեն: Մինչև այս անկումը չդադարի, մինչև չփորձենք վերականգնել մեր արժեքները, մեր դրությունը չի շտկվի: Հավատանք մեր վաղվա օրվան: Ծանրագույն ժամանակներ շատ ենք տեսել: Հիմա պիտի միաբանվենք, մի կողմ թողնենք ներքին բաժանարար գծերը և սթափ հայացք նետենք մեր երկրին, ժողովրդին: Անենք առավելագույնը` դարի վիթխարի քայլերին գոնե փոքր-ինչ մոտենալու համար:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ