38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԲԱՆԱԿԻ ՈՒ ԿՈՆԿՐԵՏ ԻՄ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ՈՂՋ ԱՆՑՈՒԴԱՐՁՈՎ ՊԱՏՎԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»

«ԲԱՆԱԿԻ ՈՒ ԿՈՆԿՐԵՏ ԻՄ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ՈՂՋ ԱՆՑՈՒԴԱՐՁՈՎ ՊԱՏՎԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»
17.09.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի բացառիկ հարցազրույցը պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն նախարար, Հայաստանում ռուսական ռազմաբազաների գտնվելու ժամկետի երկարացումը փոփոխություն առաջացրե՞լ է հայոց բանակի, ռուսական ռազմաբազայի օրակարգում:
-Ոչ: Բանակի ներսում գործունեությունը ծավալում ենք 2010 թ. պատրաստության պլանի համաձայն: Ինչ վերաբերում է ՌԴ 102-րդ ռազմաբազային, ապա երկկողմ համագործակցության շրջանակներում` միացյալ զորախմբի կազմում աշխատանքները նույնպես ընթանում են պլանավորված միջոցառումների համաձայն:
-Պարոն Օհանյան, որքան տեղեկացված ենք` ռուսական ռազմաբազաներին վերաբերող այդ պայմանագիրը բավականին երկար ժամանակ էր, ինչ պատրաստ էր, ռուսական կողմն էլ օր-ժամ առաջ ուզում էր այն ստորագրել տալ: Այնուհանդերձ, մի տեսակ խիստ անսպասելի չստացվե՞ց այդ ստորագրումը:
-Ոչ: Պայմանագրի ստորագրումը, այո, երկար ժամանակ քննարկվում և համաձայնեցվում էր երկու երկրների ղեկավարների հետ, իսկ ստորագրումը համապատասխանեցվեց ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի հետ: Համաձայնագիրը, ինչպես գիտեք, մի քանի կարևոր կետեր է պարունակում. առաջինը, թերևս, Հայաստանի անվտանգության խնդիրներին է վերաբերում, երկրորդը...
-Այդ բոլորը գիտենք, և այնուհանդերձ, ինչո՞ւ էին «գաղտնի» պահում իշխանությունները պայմանագրի դրույթները, ստորագրման ժամկետը: Երբ փորձում էինք այդ մասին հարցնել, նրանք հրաժարվում էին պատասխանելուց:
-Նախ, որովհետև պայմանագիրը գաղտնիության որոշ տարրեր է պարունակում: Եվ ապա, թերևս այն պատճառով, որ ժամանակից շուտ շահարկումների դաշտ չեն ցանկացել ստեղծել:
-Ի՜նչ գաղտնիքներ կան «այնտեղ», պարոն Օհանյան:
-Կա՜ն-կա՜ն այդպիսիք «այնտեղ»: Մի քանի «նո՜ւրբ» գաղտնիքներ:
-Ես Ձեր փոխարեն դրանք կբարձրաձայնեի, որպեսզի «շահարկումներ չլինեին»: Բայց քանի որ այն անիրատեսական ցանկություն է, անցնենք օրվա խնդիրներին: Պարոն Օհանյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հատկապես վերջին շրջանում` ռազմաբազաների պայմանագրի ստորագրմանը զուգահեռ ու հետո, Դուք և բանակը հայտնվեցիք քաղաքական որոշ ուժերի ուշադրության կիզակետում. չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ պայքարի ներքաղաքական առանցքն այսօր Հայաստանում կառուցվում է հենց Ձեր շուրջ. ինչո՞ւ:
-Կատարված վերլուծությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ բանակն այսօր, փաստորեն, մարտնչում է մի քանի ճակատով: Առաջին ճակատն ամենահասկանալին և այսպես ասած` «արդարն» է. նկատի ունեմ ադրբեջանականը, ուր մենք գիտենք` ինչի հետ գործ ունենք, ինչ ենք ուզում, ինչպես ենք մեր խնդիրները լուծելու: Եվ որքան էլ ցավալի է, կա նաև ներքին ճակատ, ուր խոշոր հաշվով չգիտես` ում հետ գործ ունես, չգիտես ինչու` այդ ճակատում քննադատության առարկան սեփական զինված ուժերն են, որոնք այսքան երկար ճանապարհ են անցել, ընդ որում` ժողովրդի ջանքերով, ստեղծվել է կառույց, որը համարվում է անկախ Հայաստանի ամենակայացած կառույցը, տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, որը հաղթել է պատերազմում և այսօր էլ պատվով պահում է հայրենիքի սահմանները, անհրաժեշտ դեպքում նույնքան պատվով կրկին իրականացնելու է հայրենիքի պաշտպանությունը, և այնուհանդերձ, թիրախավորված ու խիստ նպատակային, թացն ու չորն իրար խառնելով, փորձ է արվում բանակը ներքաշել «յուրօրինակ» քաղաքական շահարկումների հորձանուտ, ինչը, իմ կարծիքով, անթույլատրելի է` հազար ու մի պատճառներով: Հարցը, ըստ ամենայնի, պետք է ուղղել մարդկանց, որոնց ամենօրյա գործն է դարձել բանակի դեմ այս դեմարշը:
-Ձեր վերլուծություններում չե՞ք հանգել «համապատասխան» եզրակացության:
-Եզրակացությունը հետևյալն է` բանակի քննադատության միջոցով քննադատության թիրախ են դառնում նաև գործող իշխանությունները, փորձելով թուլացնել հզոր կառույցը, ցանկանում են թուլացնել նաև նրանց, բոլոր ինստիտուտները, արդյունքում` ողջ երկիրը: Կարող է լինել նաև, այսպես ասած, անհատական պատճառ` Սեյրան Օհանյան, որ ձեռք չի տալիս շատ մարդկանց:
-Ո՞Ւմ:
-Չգիտեմ, թերևս պետք է հարցնել պատվեր տվող և ընդունողներին, որոնց մենք անպայմանորեն կհայտնաբերենք:
-Չե՞ք ուշանում «հայտնաբերման» գործում:
-Ո՛չ....
-Ձեր պատասխանից երևում է, որ որոշ «հայտնաբերումներ», այնուհանդերձ, ունեք, ես չեմ հարցնում այդ մասին, որովհետև միևնույն է` Դուք այդ անուններն ու կառույցները չեք բարձրաձայնելու: Եվ այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում, կա՞ դրանցում գեոքաղաքական «հետք»: Ինչու եմ հարցնում. բանակը, իսկ առավել ստույգ` պաշտպանության նախարարը, վերջին շրջանում շատ հավասարակշռված ու բալանսավորված (ականջը կանչի Սիմոնսի) քաղաքականություն է վարում. Դուք մե՛կ Իրանում եք, մե՛կ Բրյուսելում, օրերս, փաստորեն, կնքեցիք Ռուսաստանի հետ այդ համաձայնագիրը` խիստ դարակազմիկ, հենց այս պահին էլ մեկնում եք Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպման:
-Չեմ կարծում, որ նման հետք կա:
-Դիվանագիտական էր պատասխանը: Ինչևէ, քիչ առաջ Դուք ասացիք, որ խփելով բանակին ու պաշտպանության նախարարին` փորձ է արվում թուլացնելու գործող իշխանություններին: Տեսակետ կա, որ Դուք այն եզակիներից եք, որի վրա Սերժ Սարգսյանը (իսկ նա խիստ միայնակ խաղացող է) կարող է դնել իր բոլոր խաղաքարտերը, և թուլացնելով Ձեզ, թուլացվում է, առաջին հերթին, հենց Սերժ Սարգսյանը, այո՞:
-Նախ` ասեմ, որ ես պետական անձ եմ, և իմ ողջ կյանքում եղել եմ պետականամետ գործիչ: Բայց երբ պետական պաշտոնյայի գործունեությունը նաև զուգակցվում է նվիրվածության հետ` հանձին հանրապետության նախագահի, ապա դա ավելի է ամրացնում ու խորացնում պատասխանատվության չափը` գործի հանդեպ: Իհարկե, պետական յուրաքանչյուր կառույցի խիստ նպատակային քննադատությունը, շատ դեպքերում` անհատականացված, անշուշտ, ինչ-որ կերպ թուլացնում է կառույցը, որի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է, ինչն ուղղակի անթույլատրելի է այնպիսի վիճակում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: Նման թուլացած կառույցով վաղը մեզ համար դժվար կլինի մեր ժողովրդին պաշտպանելը, այդ իսկ պատճառով թույլ չենք տա թուլացնել:
-Բայց, դե, մյուս կողմից էլ, պարոն Օհանյան, բանակում խնդիրների պակաս ամենևին չկա: Դեպքեր կան, որոնք այնպես են ցավեցնում բոլորիս: Ընդ որում, խնդիրները լուծելու օպերատիվության պակաս նույնպես կա: Ի դեպ, օրերս դաշնակցության հայտնի ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, որ այսօր բանակում այնքան զոհ ենք ունենում, որքան պատերազմի ժամանակ էր։ Հնարավո՞ր է նման բան:
-Ո՛չ, նման բան չկա: Բանակում, այո, կան խնդիրներ: Վերջին ժամանակներս ինձ հաճախ են հարցնում. ե՞րբ կվերանան բանակում պատահարները և հանցագործությունները: Ես պատասխանում եմ` երբ յուրաքանչյուր ընտանիքում չի լինի, այսպես ասած, «չարաճճի» երեխա, բոլորը կլինեն բարձր ինքնագիտակցությամբ գերազանցիկներ, այդ ժամանակ, թերևս...
-Չէ՜, պարոն Օհանյան, կան նաև ընդհանուր համակարգի, բանակի «սպեցիֆիկայի» և մի շարք այլ խնդիրներ ևս:
-Ես չէի ավարտել, շատ խնդիրներ կան, այո, սակայն չեմ կարծում, որ մեր համակարգը ամենավատն է: Այո, համակարգի որոշ ուղղություններում կան նաև լուրջ թերություններ: Ասենք` նույն դաստիարակչական աշխատանքներում: Հասկանալի է` բոլոր հրամանատարները միևնույն մակարդակով չեն տիրապետում ուսուցման և դաստիարակության գործընթացին: Ընդ որում, պատահարներն ու դեպքերը մեծավ մասամբ կատարվում են միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով: Բայց հիշենք, որ բանակը բավականին մեծ կառույց է, ու այնտեղ բոլորը տղամարդիկ են. ինքնահաստատման խնդիր կա, երիտասարդ, դուրս հորդելու պատրաստ ավյուն` նույնպես, շատ դեպքերում հրամանատարները չեն կարող մինչև վերջ վերահսկել ու հասկանալ, թե յուրաքանչյուր անհատի-զինվորի ներաշխարհում ինչ է կատարվում, և ինչի է նա ընդհանրապես ընդունակ: Հասկանալի է նաև, որ հրամանատարները պարտավոր են և պետք է ձգտեն տարբերակված մոտեցմամբ բացահայտել նաև այդ եզրերը, բայց ոչ բոլորին է դա հաջողվում: Մեկ ուղղությամբ ևս մենք պետք է աշխատանքները բարելավենք. այո, դա Ձեր մատնանշած օպերատիվությունն է: Ընդ որում, օպերատիվություն ոչ թե մարտական հարցերում, ուր մենք անչափ արդյունավետ և շատ արագ ենք գործում` պատասխանելով բոլոր արտաքին ոտնձգություններին, որոնք ոչ միշտ են հրապարակման ենթակա (կարիք էլ չկա, որովհետև մենք մեր գործն ենք անում), օպերատիվության պակաս կա տեղեկատվական դաշտում, մեր թերությունները շատ արագ շտկելու, ինչպես նաև արձագանքելու այն ապատեղեկությանը, որն առկա է լրատվական դաշտում:
-Օրինակ, նույն Արտակ Նազարյանի գործը. ինչո՞ւ է այն այդքան ձգձգվում, մանավանդ երբ այդքան հզոր հասարակական հնչողություն ունի:
-Լավ, ե՞րբ է տեղի ունեցել Արտակ Նազարյանի դեպքը. մեկ ամիս էլ չի անցել, չէ՞. քրեական գործ է հարուցված, բացահայտել ենք գումարտակի անձնակազմի գծով տեղակալին, որի թողտվությամբ դեպքն իրականացվել է, բացահայտել ենք երեք զինծառայողներին, որոնք փորձել են նսեմացնել, ուժ գործադրել: Մեր սխալն այն է եղել, որ միանգամից ասել ենք` ինքնասպանության վարկած գոյություն ունի. կրկնում եմ` վարկած, և ոչ` ինքնասպանություն:
-Բոլոր դեպքերում, պարոն Օհանյան, դառնալով բանակին և կոնկրետ Ձեզ ուղղված քննադատության հզոր ալիքին, հարց է առաջանում. ինչո՞ւ թիրախը Դուք եք, երբ բանակի կոնկրետ պատասխանատուն գլխավոր շտաբի պետն է, իսկ Դուք քաղաքական ղեկավարն եք: Ինչպե՞ս է պատահում, որ նա մնում է ստվերում: Ընդ որում, այս ամենում հետաքրքիր է նաև այն, որ թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչները, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց հետ առիթ է լինում զրուցելու, միանշանակ համամիտ են, որ եղած պաշտոնյաների մեջ Դուք շատ քիչ «порядочный»-ներից եք: Բա ինչո՞ւ է այսպես ստացվում:
-Հարցի երկրորդ մասը թողնում եմ անպատասխան, առաջինի մասով հարկ համարում ասել. այսօր բանակն աշխատում է խիստ միասնական: Գլխավոր շտաբը պետական մարմին է` ՊՆ ենթակայության ներքո, և ենթարկվում է պաշտպանության նախարարին: Մենք միասնական ջանքերով փորձում ենք իրականացնել մեր առջև դրված խնդիրները` հավասարաչափ տանելով և՛ դրական, և՛ բացասական բեռը, կիսելով թերությունների պատասխանատվությունը, որոնք այսօր գոյություն ունեն մեր բանակում: Այն, ինչ կատարվում է իմ ենթակաների շրջանում, թույլ տվեք` ես զբաղվեմ դրանով:
-Ծա՞նր եք տանում այս վիճակները, պարոն Օհանյան:
-Ծանր եմ տանում, ընդ որում` շատ ծանր, երբ բանակում կորուստ ենք ունենում: Բայց ավելի ծանր է, երբ շփվում ես կորուստ ապրած ծնողների հետ. նրանք քննադատում են մեզ, կշտամբում: Մենք, իմ ենթակաները լուռումունջ այդ ամենը տանում ենք, որովհետև ցավ ենք ապրում նրանց հետ հավասար, ամեն մի կորստի համար` յուրովի: Հավատացեք ու իմացեք` ոչ մի հրամանատար երբեք ու երբեք չի ցանկանա որևէ կորուստ: Թերևս ավելի, քան որևէ մեկը:
Ծանր եմ տանում նաև, որ մարդիկ արդար չեն: Գիտեք, բանակի ու կոնկրետ իմ անձի շուրջ եղած այս ողջ անցուդարձում ես տեսնում եմ, որ պատվեր է իրականացվում, և այն իրականացվում է արդարության անունից. ստացվում է` դրամ վերցնելով, խոսելով արդարության մասին, իրենք իսկ ոչ (բանակային լեզվով ասած) «կանոնադրային» վիճակում են, փաստորեն:
Ծանր տանելու պատճառներից մեկն էլ այն է, որ փոխանակ միասնական ջանքերով հաղթահարենք այս վիճակը (ի վերջո, երբ ինչ-որ մեկը մահանում է, բոլորը գնում են ցավակցելու ու ոչ` հակառակը, չէ՞ որ այդ կորուստներն ու ճակատագրերը նաև մեզ են վերաբերում), փոխանակ տարիների ընթացքում միասնականանալու, այս դեպքերը հիմք ընդունելով` չենք խնայում նույնիսկ բանակը, և, առողջ քննադատության փոխարեն, բոլորովին այլ բանի ականատեսն ենք դառնում` ողջ հասարակության հետ:
Մյուս կողմից էլ` այս ամենին ես շատ սառնասրտորեն եմ վերաբերվում, այսպիսի իրավիճակներ չէ, որ կարողացել ենք հաղթահարել:
-Եվ վերջին հարցը, պարոն Օհանյան, բոլորովին այլ ոլորտից. Դուք հիշում եք` հենց այս նույն տեղում կանգնած` մենք հարցազրույց ունեցանք Սուրբ Ծննդյան օրը Էջմիածնում Ձեր խաչքավոր դառնալու մասին: Խաչը, ըստ կանոնածեսի, 40 օր պետք է լիներ Ձեր տանը, ու հավատացյալները պետք է գային այն համբուրելու: Դուք` արցախյան պատերազմում ոտքից վիրավոր հավատցյալդ, խաչն առել-տարել էիք դիրքեր, հասցրել էիք Արցախ, որ առաջին գծում կանգնած տղերքը նույնպես այն համբուրեն, ու բանակն օրհնվի... բա, դե, հիմա ի՞նչ եք ուզում. ցանկացել եք` ստանում եք, բանակում բոլոր ժամանակներում, բոլոր նախարարների օրոք էլ եղել են ցավալի դեպքեր, պատահարներ. այսօր բոլորի վարձքը Ձեր միջով է անցնում, ինչը շատ նորմալ է, որպես խաչքավորի փայ-բաժին:
-Իսկ ես չեմ էլ հրաժարվում այդ «բաժնից». թող լինի և, տա՛ Աստված, որ ինձանով այդ ամենը վերջանա:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ