Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԻ ԴԻՏՎԵԼ ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՆ, ԴԻՏՎԵԼ Է ԻԲՐԵՎ ԳՈՐԾԻՔ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԻ ԴԻՏՎԵԼ  ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՆ, ԴԻՏՎԵԼ Է ԻԲՐԵՎ ԳՈՐԾԻՔ»
03.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքական տեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ

-Ձեր գնահատականով` խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ ինտրիգը իշխանությա՞ն ներսում է, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում:
-Այս ընտրություններն առանձնանում են միջիշխանական և միջընդդիմադիր փոխհարաբերությունների սրվածությամբ: Այսօր գրեթե չկա իշխանություն-ընդդիմություն պայքար, թեպետ առերես միմյանց քննադատում են: Կա պայքար ՀՀԿ-ԲՀԿ և կա պայքար ՀԱԿ-այլ ընդդիմադիր ուժեր` «Ժառանգություն», ՀՅԴ: Իշխանությունն ունի իր ընտրախավը, ընդդիմությունը` իր, և երկուստեք հասկանում են, որ իշխանական ընտրախավը երբեք չի քվեարկելու ընդդիմության օգտին, ընդդիմության ընտրախավը ձայն չի տալու իշխանությանը, այսինքն` պայքարը միմյանց միջև է` ո՞վ ո՞ւմ ձայները կտանի, ումի՞ց: Հիմա է որոշվում` ո՞վ է դառնալու ընդդիմության լիդերն ընտրություններից հետո: Եթե մինչև հիմա ընդդիմության լիդեր համարվել է ոչ խորհրդարանական ՀԱԿ-ը, այսուհետ, երբ բոլորը կլինեն խորհրդարանում, լիդեր կլինի ավելի շատ ձայներ հավաքած ուժը: Նույն պատկերն է իշխանությունում` ԲՀԿ-ն չի պայքարում ընդդիմության դեմ, դա արձանագրում է և ընդդիմությունը (ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս գովերգում ԲՀԿ-ին և անձամբ Գագիկ Ծառուկյանին), այլ պայքարում է ՀՀԿ-ի դեմ, ինչն ապացուցեց Վարդան Օսկանյանի ելույթը ԲՀԿ համագումարում:
-Առաջին հայացքից, ուրեմն, կարո՞ղ ենք համարել, որ իշխանություն-ընդդիմություն սահմանները վերանում են, որքան էլ դա իրական չլինի:
-Սահմանները երբեք չեն կարող վերանալ, որովհետև դա չի նշանակում, թե ընդդիմությունը չի ուզում գալ իշխանության: Յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակն է իշխանության գալը: Պարզապես ժամանակային ինչ-որ հատվածում այս կամ այն օբյեկտիվ պայմաններից ելնելով` այսպիսին է դարձել պատկերը:
-Չե՞ք կարծում, որ հանուն իշխանության, ի վերջո, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն լավ էլ հաշտվելու են և հիմա էլ խորքում միասնական են` անկախ արտաքին ընդդիմադիր դրսևորումներից:
-Եթե ԲՀԿ-ն 131 պատգամավորից ունենա 30 տոկոսից ոչ ավելի ձայն, կազմելու է կոալիցիա ՀՀԿ-ի հետ: Եթե ԲՀԿ-ն ունենա 30 տոկոսից ավելի ձայն (մոտ 40 տոկոս), ինքը կփորձի իշխանություն ձևավորել, առնվազն` ինչ-որ հարցերում թելադրող լինել «Հանրապետականին»:
-Դա տրամաբանական հաշվա՞րկ է, թե՞ մեր երկրում գործող տարբերակ:
-Մեր երկրում փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների կամ հեղափոխության միջոցով ընդդիմությունն իշխանության չի գալիս, սովորաբար կատարվում է ներիշխանական հեղաշրջում:
-ՀԱԿ-ընդդիմություն հարաբերությունները այսպես կշարունակվե՞ն, թե՞ հնարավոր է համաձայնություն մինչև խորհրդարանական ընտրությունները:
-Մինչև ընտրությունները հաստատ համաձայնություն չի կայանա, հետո ավելի հավանական է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»-ՀՅԴ սերտ համագործակցություն, ավելի քիչ` ՀԱԿ-ի հետ: Իհարկե, ինչ-որ հարցերում երեք ուժերն էլ համակարծիք կլինեն, բայց գլոբալ համագործակցություն գրեթե անհնար է, որովհետև կա Լևոն Տեր-Պետրոսյան-ՀՅԴ փոխհարաբերության գործոնը: «Ժառանգության»-«Ազատ դեմոկրատների» դերն այս կտրվածքով մեծանում է, որովհետև կամուրջ են լինելու ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև:
-Ի՞նչ ուժեր եք տեսնում խորհրդարանում:
-ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», ռեալ չեմ տեսնում ՕԵԿ-ին, իրականում տեսնում եմ, այսինքն` ամեն ինչ արվելու է, որ ՕԵԿ-ը հաղթահարի 5 տոկոսը, ինչպես 1999 թ. ԱԺՄ-ն, որ անհրաժեշտ ձայները չհավաքեց, բայց նվեր ստացավ:
-Ինչո՞վ կբացատրեք ՕԵԿ-ի ֆենոմենը:
-ՕԵԿ-ը ֆենոմեն չունի, պարզապես պետք է ՀՀԿ-ին ժամանակային այս հատվածում:
-Իսկ հետո՞, հավատարիմ դաշնակցին նավից չեն գցում:
-2003-2006-ի ՕԵԿ-ը այսօրվա ԲՀԿ-ն է: Քաղաքականությունն այնքան փոփոխական է. առաջին հայացքից անհավանական շատ իրողություններ ժամանակի մեջ հավանական ու ընդունելի են դառնում: Նայեք ՀՀԿ-ի համամասնական ցուցակը:
-ՀՀԿ-ի ցուցակում շատ մարդկանց ներկայությունն առաջին հայացքից էլ, երկրորդից էլ անհասկանալի է, արդյո՞ք այդ մարդկանց ընդգրկումը խնդիր է լուծում հետընտրական զարգացումների առումով:
-Այդ մարդկանց ընդգրկումը ավելի շատ նախագահական ընտրությունների ենթատեքստում է, որպեսզի Ռուսաստանի և Պուտինի օրինակով ցույց տրվի, որ նախագահի թեկնածուին միայն ՀՀԿ-ն կամ միայն «Միասնական Ռուսաստանը» չեն պաշտպանում, այլ շատ ավելի լայն` ժողովրդական ճակատը, ինչն արդեն սկսել է ասվել:
-Այդ ժողովրդական ճակատի մեջ ժողովուրդը կա՞:
-Իսկ որտե՞ղ կա ժողովուրդը: Երբեք էլ իրական քաղաքականության մեջ ժողովուրդը չկա:
-Միայն ժողովրդի անո՞ւնը կա:
-Նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանները շատ են միմյանցից տարբերվում: Ժողովրդին սկսում են հիշել և դիմել նախընտրական շրջանում, որովհետև քայլող ձայներ են տեսնում, հայտնի չէ` դեպի ուր քայլող, մնացած շրջաններում նրանք պարզապես քայլողներ են: Անձայն:
-Եթե նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատենք, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի համամասնական ցուցակներում տեսնում ենք մարդկանց, ովքեր ինքնուրույն քաղաքական ուժեր էին ղեկավարում, սա քաղաքական համերաշխությո՞ւն է, կուսակցությունների խոշորացո՞ւմ, թե՞ գաղափարական տարակարծություն չկա, և տարբերություն չկա կուսակցությունների միջև. որտեղ հարմար է, այնտեղ հայտնվում են:
-2000-ականներին Հայաստանի քաղաքական դաշտը փոշիացավ, և ռեալ շատ քիչ գաղափարական կուսակցություններ այսօր կան. դա օբյեկտիվ պատճառն է, կա նաև սուբյեկտիվը. մարդ-կուսակցությունների համար մեկ է` ինչ գաղափարով, կարևորը խորհրդարանում հայտնվելն է: Անկախ Հայաստանը 20 տարեկան է և պիտի անցնի բոլոր այն շրջանները, որ անցել են այլ երկրներ, ժամանակն է, որ վայրի դեմոկրատիայից անցնենք ավելի քաղաքակիրթ պետական ինստիտուտների, երբ նորմալ է 5-6 կուսակցության գոյությունը, մեր դեպքում` ավելի քիչ: Այդ միացումը հանգեցնելու է բյուրեղացման, քաղաքական դաշտի մաքրման, և այդ առումով շատ դրական է:
-Երբ այդ ուժերը գնան խորհրդարան, ի՞նչ և ո՞ւմ են ներկայացնելու, իրե՞նց տեսակետները, ՀՀԿ-ի՞: Արհեստական միացումների պատճառով խորհրդարանը չի՞ դադարում քաղաքական մարմին լինելուց, չի՞ դառնում համաձայնությունների դաշտ, որտեղ գործում է միայն նպատակահարմարության սկզբունքը:
-Դուք ուշացել եք` մեր խորհրդարանը վաղուց դադարել է քաղաքական մարմին լինելուց և վերածվել է կոճակ սեղմողների հավաքատեղիի:
-ՈՒ դա նշանակում է, որ այդպես պիտի 100 տարի մնա՞:
-Ոչ, իհարկե, եթե հաշվի առնենք Գերագույն խորհրդից սկսած բոլոր գումարումների խորհրդարանները, կորագիծն անշեղ իջել է, անկման պիկը եղել է 2007-ը, իսկ 2012-ի խորհրդարանը շատ ավելի լավն է լինելու: Նախ` պետք է հասկանալ, թե ով է մնալու ընտրացուցակներում: Իսկ կուսակցությունները, որ գաղափարական ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի հետ, արդեն չեմ ասում, թե նրանց ղեկավարներն ու անդամներն ինչեր են ասել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին վերջին մի քանի տարիներին, իսկ այսօր նրա գլխավորած ցուցակում են, այնուամենայնիվ, նրանք քաղաքական դեմքեր են և ավելի ընկալելի, քան ոչ տառաճանաչ քրեականները:
-Հավատի տեսակետից` ի՞նչ տարբերություն ում չես հավատում` բազմադեմ քաղաքական գործչի՞ն, թե՞ անդեմ քրեականին:
-Հավատի տեսակետից` ոչ մի, բայց դա արդեն ընտրողի խնդիրը չէ, այլ ընտրվողի: Այս խորհրդարանը նախորդ 2-3-ից ավելի քաղաքականացված է լինելու: ՀՅԴ-ն միշտ ներկայացված է եղել իբրև քաղաքական թիմ, «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատները» քաղաքական թիմ են, ՀԱԿ-ը քաղաքական թիմ է, անգամ 2007-ին ամենաապաքաղաքական ԲՀԿ-ն 2012-ին ներկայանում է իբրև քաղաքական թիմ Վարդան Օսկանյանի, Գուրգեն Արսենյանի, Հմայակ Հովհաննիսյանի հետ: Մենք կարող ենք նրանց նկատմամբ համակրանք կամ հակակրանք ունենալ, բայց չենք կարող հերքել նրանց քաղաքական գործիչ լինելը, նրանք շիշ արտադրող չեն:
-2012-ը 2013-ի նախագահական ընտրությունների նախափո՞րձն է:
-2013-ը տրամաբանական ավարտն է. կախված խորհրդարանում ձայների բաշխվածությունից` նախագահականի ձևաչափը կորոշվի:
-Այդ տրամաբանությամբ` մեծ թվով ձայներ հավաքելու պարագայում հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն իր թեկնածուն ունենա:
-Չի բացառվում, հիմա կասեք` բայց ստորագրել ու վերաստորագրել է հուշագիր...
-Արդեն չեմ ասի, Վարդան Օսկանյանը բացատրեց` հասկացվեց:
-Խոսքը, ստորագրությունը քաղաքականության մեջ հիմնավորում չեն, որոշողը իրավիճակն է:
-Դուք ուղղակի պարտադրում եք հարցնել` հավատո՞ւմ եք արդար, թափանցիկ, ժողովրդավարականին իբրև ընտրություն Հայաստանում:
-Իմ հավատալը շատ քիչ է, պիտի ժողովուրդը հավատա: Եթե չհավատաց, կունենանք այն, ինչ ունեցել ենք մինչ այս:
-Արտաքին քաղաքական գործոններն այս ընտրությունների վրա կարո՞ղ են ազդել:
-Ոչ միայն կարող են, այլև արդեն ազդում են, ինչպես միշտ: Հայաստանի քաղաքական դաշտը ստադիոնի նման է` արևմտյան, արևելյան, հյուսիսային, հարավային տրիբունաներով:
-Տրիբունանե՞րն են խաղի արդյունքը որոշում, թե՞ խաղացողները:
-Ֆուտբոլում էլ հաճախ տրիբունաները մեծ ազդեցություն ունեն:
-Իսկ ովքե՞ր են դատավորները:
-Դա ընդմիշտ հարց է, որի պատասխանը չկա:
-Ձեր կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահն ընտրությունների ժամանակ մեծ քաղաքականություն վերադարձի քայլեր ձեռնարկելո՞ւ է: Եթե այո` ի՞նչ շանսերով, բացահայտ է, որ Վարդան Օսկանյանը որքան էլ քաղաքական կերպար է, քաղաքականության մեջ միայն ինքն իրեն չի ներկայացնում:
-Ես չեմ կարող ասել` ում է Օսկանյանը ներկայացնում, երկրորդ նախագահի մամլո խոսնակն ասաց, որ ինքը մինչև ընտրություններն ինչ-որ բան կասի, և երբ ասի, կտեսնենք:
-1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո երկրորդ նախագահն ասաց, որ իր խոսքը կասի, մինչև հիմա ասե՞լ է:
-Պաշտոնաթողությունից հետո երկրորդ նախագահը պարբերաբար իր ելույթներով, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ղեկավարների հետ հանդիպումներով փորձում է հիշեցնել, որ ինքը դաշտում կա և խաղացող է:
-Ֆինանսականից բացի, վերադարձի ի՞նչ ռեսուրսներ ունի Ռոբերտ Քոչարյանը:
-Աշխարհաքաղաքական կապեր:
-Ինչո՞ւ պիտի աշխարհաքաղաքական կապերն աշխատեն հօգուտ Ռոբերտ Քոչարյանի` Սերժ Սարգսյանի առկայությամբ, որ պակաս աշխարհաքաղաքական կապեր չունի, ինչո՞ւ պիտի նախապատվությունը տրվի երկրորդին և ոչ երրորդին, կամ առաջինին, որ նույնպես կապերը պահպանած կլինի:
-Հարցը նախապատվություն տալ-չտալը չէ, ժամանակը ցույց կտա, թե որքան են այդ կապերը գործուն: Եթե համը չեն հանում, աշխարհը սովորաբար գերադասում է գործող նախագահի հետ գործ ունենալ մինչև նրա ժամկետի ավարտը, ուստի ես չեմ կարծում, որ առանձնապես մեծ խնդիրներ կան: Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններ, որոնք կարող են ազդել: Սուբ-յեկտիվը նրանց ունեցած կապերն են: Օբյեկտիվը վերջին շրջանի Արևմուտք-Իրան հարաբերություններն են, որ կարող են ազդել տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա:
-2012-ին 2008-ի մարտի 1-ի կրկնության հավանականությունը կա՞:
-Սովորաբար Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո պրոբլեմներ չեն լինում, պրոբլեմներ միշտ եղել են նախագահական ընտրություններից հետո: ԱԺ ընտրությունների երանգապնակը շատ լայն է, և ժողովուրդը չի կոնսոլիդացվում, ինչպես նախագահականի ժամանակ, ուստի մարտի 1-ի կրկնությունը գրեթե 100 տոկոսով կարող եմ բացառել, և` փա՜ռք Աստծո:
-Չունե՞ք այն տպավորությունը, որ աշխարհաքաղաքական կենտրոնների համար Հայաստանը կորցրել է հետաքրքրությունը և քաղաքական կամ տնտեսական գործոն չի դիտվում:
-Ոչ, հետաքրքրությունը չի կորցրել, իսկ գործոն երբեք էլ չի դիտվել, դիտվել է իբրև գործիք: Օրինակ` Ֆրանսիան, որ ցեղասպանության քրեականացման օրենքը փորձեց օգտագործել Թուրքիայի դեմ, մեկ տարի առաջ շատ լուրջ հայտարարություն արեց ԻԻՀ դեսպանը` հիշեցնելով, որ ԼՂՀ-ի հետ սահման ունեցող միակ պետությունն Իրանն է` դա արձանագրումն էր, որ ազատագրված շրջաններն Իրանի սահմանին են: Բազմաթիվ են օրինակները:
-Ի՞նչ է կատարվում այսօր Ռուսաստանում, և այդ իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում:
-Ելցինից հետո կար ծնկած Ռուսաստան, իր առաջին նախագահության շրջանում Պուտինը վերականգնեց երկիրը, բայց և ռեալ չպայքարեց կոռուպցիայի և անարխիայի դեմ բոլոր ոլորտներում, ինչի պատճառով էլ այսօր մի երկրում, որտեղ ավանդաբար ցարի իշխանությունը ոչ ոք չի վիճարկել, ի հայտ են գալիս Նավալնիներ, ՈՒդալցովներ: Վերադարձած Պուտինը փորձելու է մաքրել երկիրը, որովհետև հասկանում է, որ կարող է երկիրը կորցնել. Ռուսաստանը, ի վերջո, մնում է հեղափոխության երկիր: Բացի այդ, նա ուզում է, չասենք ԽՍՀՄ-ը վերականգնել, բայց Եվրամիության օրինակով ստեղծել Եվրասիական միությունը, որի դեպքում Հայաստանի վրա կլինեն մեծ ճնշումներ: Ինչքան էլ ասենք, որ մեկը մյուսին չի խանգարում, հնարավոր չէ լինել և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ՀԱՊԿ-ի հետ լիարժեք, չես կարող լինել Եվրասիական միության անդամ և խաղեր տալ ԵՄ-ի հետ: Կարծում եմ` Հայաստանը չի կարողանալու խուսանավել Եվրասիական միությունից` մեր էներգետիկայի 100 տոկոսը ռուսական է, կապի 67 տոկոսը, տրանսպորտի բավականին մեծ տոկոսը, արդեն չասեմ ՌԴ ուժային ներկայությունը Հայաստանում, ուստի Եվրասիականից խուսանավել ու դեպի Եվրամիություն գնալը չգիտեմ` ինչքանով է հնարավոր:
-Փաստորեն, մեզ չի հաջողվում խաչմերուկ դառնալ:
-Ինչպես միշտ` մենք ավելի շատ խաչմերուկում տրորվում ենք: Փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է նույնիսկ վատն ընտրել, քան միշտ ընտրության խնդիր ունենալ, կոմպլեմենտարիզմը մի բան է, ճոճանակ լինելը` մեկ այլ:
-Բոլոր լարախաղացներն էլ, ի վերջո, մեկ անգամ ընկնո՞ւմ են:
-Այդպես է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ