«Ադանա», «Հալելույա», «Բարսելոնա», «Հայաստան». այս երգերով է ռոք երգչուհի ԵՎԱ ՍՈՒՋՅԱՆԸ հայտնի երաժշտասեր հանրությանը: Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում` Գոհար Գասպարյանի դասարանում, մեծացել է երաժիշտների ընտանիքում: Հայրը ջազ-կիթառահար է, մայրը` երգչուհի, եղբայրը` «Դորիանս» խմբի մենակատար, տաղանդավոր ու սիրված ռոք երգիչ Գոռ Սուջյանը: Ներկայումս Եվա Սուջյանը հանդես է գալիս «Aline Time» լիրիկ հարդ ռոք-խմբում: Խմբի անվանումը խորհրդանշում է օտար, «այլմոլորակային» ժամանակ: «Յուրաքանչյուր ոք, ինչպես և մենք, ունի իր երևակայական աշխարհը, որը դուրս է այս ժամանակից: Այդ պատճառով որոշեցինք մեզ անվանել «ժամանակի մեջ օտար»,- ասում է երգչուհին:
-Եվա, ի՞նչն է Ձեզ համար երաժշտության պես կամ գրեթե նույնքան սիրելի:
-Երաժշտության հետ ոչինչ չի կարող համեմատվել, դա այլ աշխարհ է ինձ համար, բայց ամենից առավել սիրում եմ իմ ընտանիքը:
-Շատերի համար երաժշտությունը զվարճանք է, ժամանց, լռությունը լցնելու, տրամադրություն ստեղծելու միջոց: Սակայն երաժշտությանը շատ մոտ կանգնած մարդու համար դա մի ուրիշ աշխարհ է: Ի՞նչ կա այդ աշխարհում:
-Երաժշտությունը խոր և լայնածավալ է: Այն կարող է մարդուն փոխանցել տարատեսակ զգացմունքային պահեր: Իհարկե, ինձ համար երաժշտությունը մի ուրիշ աշխարհ է, ուր ես եմ և բեմը: Երբ երգում եմ, կարծես պոկվում եմ աշխարհի թոհուբոհից, և ոչինչ ինձ չի կարող հաղթել: Դա անբացատրելի զգացմունքային աշխարհ է, ուր արտիստը իր ներսում կուտակված սերը, հավատը և հույսը փոխանցում է հանդիսատեսին: Համենայն դեպս, ես այդպես եմ անում: Իհարկե, ամեն համերգից հետո սպառվում եմ, փնտրում ոգեշնչման նոր աղբյուր, ստեղծագործում նորից:
-Բացառո՞ւմ եք ռոքի վատ ազդեցությունը մարդկանց ներաշխարհի վրա:
-Երաժշտությունը չի կարող վատ ազդեցություն ունենալ: Կան բացասական էմոցիաներով և էներգիայով լցված կատարողներ, որոնք, անշուշտ, փոխանցում են իրենց էներգիան հանդիսատեսին: Յուրաքանչյուր մարդ լսում է իր ներաշխարհին հատուկ երաժշտություն: Կարծում եմ` երաժշտությունն ուղղակի միջոց է արտահայտելու այն, ինչ մարդու ներսում է:
-Facebook սոցցանցում ստեղծվել է «Ռոքը Հայաստանում» էջ, որը նպատակ ունի նպաստելու հայկական ռոքի և, առհասարակ, ռոքի զարգացմանը: ՈՒնե՞նք ռոք խմբեր, անհատ կատարողներ, որ ստվերում են մնում, գուցե երգում են ակումբներում, նեղ շրջանակների համար, բայց նրանց արվեստը չի հասնում մեծ լսարանին:
-Ինչ խոսք, ռոք երաժշտությունը վերջին շրջանում վերելք է ապրում: Մենք ունենք և՛ հայտնի, և՛ անհայտ ռոք խմբեր: Որոշ խմբերի ընդհատակում մնալու պատճառը ֆինանսական խնդիրներն են: ՈՒզում եմ նշել, որ մի վատ միտում է նկատվում. մեր երկրում ամեն ինչ շատ արագ մոդայիկ է դառնում, և այն մարդիկ, ովքեր ռոքի հետ ոչ մի կապ չունեն, սկսում են, այսպես ասած, «ռոքի մեջ երգել»: Դա ուղղակի ծիծաղելի է: Կան ռոք կատարողներ, կան փոփ կատարողներ, իսկ երաժշտությունը հոգեվիճակ է, կեղծել անկարելի է:
-Ո՞վ է ռոքի ունկնդիրը Հայաստանում: Այն ավելի հոգեհարազատ է երիտասա՞րդ սերնդին:
-Տարիքային սահմանափակում չունի ռոքի լսարանը, քանի որ այն շատ բազմատեսակ է:
-Կան երգեր, որ շատ երկար են ապրում, մի՛շտ ապրում են, և մեծ թվով արվեստագետներ են անդրադառնում դրանց: Ի՞նչն է գաղտնիքը, ե՞րբ է երկար ապրում երգը:
-Կան հասարակ և միևնույն ժամանակ հանճարեղ ստեղծագործություններ, որոնց թվին է պատկանում «Հալելույա» երգը: Այն իմ ամենասիրելի երգերից է և` ոչ միայն իմ: Չեմ կարող ասել` որն է գաղտնիքը, գուցե այնքան անկեղծ է, որ դիպչում է մարդկանց սրտին, սիրվում է, այդ իսկ պատճառով ունենում է տարբեր կատարումներ ու ապրում է երկար:
-«Ագրեսիվ` ռոքում, նուրբ` իրականում»` այսպես են Ձեզ բնորոշում. համամի՞տ եք:
-Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ, ունեմ ուժեղ հոգի, բայց և շատ խոցելի սիրտ:
-Գոռ Սուջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ Ձեր երգը լսելիս փշաքաղվում է: Ի՞նչ եք զգում Դուք, երբ լսում եք Գոռին, երբ նա բեմում է:
-Ամեն անգամ Գոռին լսելիս ես արտասվում եմ: Նրան բեմում տեսնելը, նրա հաջողությունը ինձ համար երջանկություն է: Մենք շատ մտերիմ ենք, հաճախ ենք անկեղծ զրուցում, նա միշտ ինձ թև է տալիս, երբ ես թևաթափ եմ լինում:
- Ստացել եք դասական կրթություն, սովորել եք Գոհար Գասպարյանի դասարանում և ընտրել ռոքի ճանապարհը: Շա՞տ տարբեր աշխարհների մասին է խոսքը, խանգարո՞ւմ են մեկը մյուսին:
-Գոհար Գասպարյանի դասարանում սովորելը մեծագույն պատիվ է: Նա ինձ և իր բոլոր աշակերտներին փոխանցել է երգարվեստի խորունկ նրբությունները: Դասական երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ, եթե չընտրեի ռոք երաժշտությունը, երևի կդառնայի օպերային երգչուհի: Բայց ես իմ հոգու հանգիստը գտա ռոք երաժշտության մեջ: Նշեմ, որ դասական դպրոցը չի կարող խանգարել, այն միայն օգնում է, քանի որ բոլոր ոճերը ծնվել են դասականից:
-Ինչո՞վ եք բացատրում հասարակության լայն շերտերի մեջ օրըստօրե ավելացող պահանջը ազգային մաքուր երաժշտության հանդեպ: Անգամ տարբեր ժանրերում (ռեփ, ռոք, էստրադա) օրըստօրե ավելանում են ազգային թեմատիկայով երգերը:
-Սիրում և բարձր եմ գնահատում մաքուր ազգային ֆոլկլորը: Միևնույն ժամանակ, միշտ հետաքրքիր է «շեղվելը», նոր բան գտնելը: Երաժշտական ոճերը խառնելը ողջունելի է, եթե դա արվում է գրագետ: Ինչ վերաբերում է հայրենասիրական երգերին, եթե ժողովուրդը սիրում է գովերգել մեր երկիրը, թող գովերգի, դրանում վատ բան չեմ տեսնում, բայց կարծում եմ` նոր սերունդը կունենա նոր ասելիք և կունենա իր կոչը մարդկանց:
-Հայրենասիրական երգերը միայն երկիրը գովերգելու համար չեն, դրանք սերունդ են կրթում, ոգեշնչում զինվորին:
-Ես հայրենասիրական երգերի դեմ ոչինչ չունեմ, ինքս երգում եմ Հայաստանի մասին, ուղղակի մեր երկրում նման երգերը չափից շատ են: ՈՒզում եմ երգենք ամեն ինչի մասին, լինենք ավելի բարի, զիջող, չունենանք դիմակներ, հավատանք Աստծուն, սիրենք կյանքն ու բնությունը, ոչ թե վնասենք ու ոչնչացնենք մեզ շրջապատող աշխարհը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ