Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԵՐԲ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԻԴ ՄԵԿ ՕՐԸ ԿԱՄ ԱՊՐՈՒՄ ԱՅՆ ՈՒՐԻՇ «ԺԱՄԱՆԱԿԻ» ՄԵՋ

ԵՐԲ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԻԴ ՄԵԿ ՕՐԸ ԿԱՄ ԱՊՐՈՒՄ ԱՅՆ ՈՒՐԻՇ «ԺԱՄԱՆԱԿԻ» ՄԵՋ
18.03.2011 | 00:00

Աստղագիտությունը հնարավոր չէ պատկերացնել առանց առեղծվածների, արտերկրային քաղաքակրթություններին ու աշխարհի կործանմանն առնչվող վարկածների: Աստղագետները, իհարկե, չեն շրջանցում այս թեմաները, սակայն խոսքը մի գիտության մասին է, որի նշանակությունն օր օրի ավելանում է` դառնալով հիմնարար աղբյուր գրեթե բոլոր գիտությունների զարգացման համար: «Ավելին, ապագայում աստղագիտությունը դառնալու է ամենակարևոր գիտությունը»,- ասում է հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի հիմնադիր և ղեկավար ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
-«Աստղագիտությունը շքեղություն է, եթե զրոյից սկսենք, բայց որքանո՞վ է ճիշտ ունեցածը կորցնելը». սրանք Ձեր խոսքերն են: Իսկ ի՞նչ է արվում ունեցածը պահելու, անկումը կասեցնելու համար: Եթե նախկինում Բյուրականի աստղադիտարանը լավագույններից մեկն էր աշխարհում, այսօր հայտնվել է, հայտնի չէ, որերորդ տեղում:
-Բյուրականի աստղադիտարանի գաղափարական առաջնորդը և հիմնադիրը եղել է Վիկտոր Համբարձումյանը։ Ցավոք, նրա մահից հետո որոշ անկում իսկապես նկատվեց: Եվ դեռ ավելի վաղ: Խորհրդային Միությունում գիտության ճգնաժամը սկսվեց 70-ականների վերջին, իսկ 80-ականներին արդեն սկսեց կտրուկ հետ մնալ արևմտյան երկրների գիտությունից: Դա բացատրվում է աստղագիտության ոլորտում տեխնիկական վերազինման առաջընթացով, որը կտրուկ փոխեց իրավիճակը: Միայն գաղափարները բավական չէին այդպիսի հզոր ենթակառուցվածք պահելու և գիտության առաջընթացն ապահովելու համար: Այսօր միակ ճանապարհը միջազգային համագործակցությունն է: Մենք դա հասկացել ենք, և Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է մի շարք երկրների հետ, հատկապես առաջատար: Ամենասերտը ֆրանսիացիների հետ է, որոնց շնորհիվ մեր խոշոր դիտակը մասնակիորեն վերականգնեցինք և վերագործարկեցինք: Հաջորդ կարևոր քայլը երիտասարդ կադրերի ներգրավումն է: Արտասահմանյան երկրներում դա շատ է խրախուսվում. հրավիրում են մասնավորապես երիտասարդներին, սովորեցնում և այլն, որ ապահովվի նաև հետագա ընթացքը: Եթե մենք մարդկային կադրերով կարողանանք հետ չմնալ, արդեն դրական կլինի:
-Բյուրականի աստղադիտարանն աստղագիտության տարածաշրջանային կենտրոն դառնալու հայտ է ներկայացրել Միջազգային աստղագիտական միությանը: Առաջիկա ամիսներին արդյունքները պարզ կլինեն: Համարձակ քայլ չէ՞, մանավանդ որ ֆինանսավորումը պետք է լինի երկուստեք: Իսկ մեր կողմից շահագրգռություն կարծես թե չկա:
-Այո, համարձակ քայլ է, բայց եթե դա չանենք, ապա ամեն ինչ կարող ենք կորցնել:
-Իսկ երիտասարդ կադրերը չե՞ն հեռանում երկրից:
-Նաև հեռանում են, բայց պետք է միշտ պատրաստենք երիտասարդ կադրեր: Մի մասն էլ կարող է գնալ և օգտակար լինել` աշխատելով դրսում:
-Դուք նաև դասավանդում եք, ինչպիսի՞ն է ուսանողների վերաբերմունքը: Տեսնո՞ւմ են նրանք հեռանկար իրենց ընտրած մասնագիտության մեջ: Չմոռանանք, որ կա ապրելու խնդիր:
-Գործնական իմաստով շատ հեռանկարներ գուցե չեն տեսնում, բայց աստղագետ են դառնում նրանք, ովքեր իսկապես նվիրված են գիտությանը, իրենց աշխատանքին: Բոլոր դեպքերում, գիտությունը հարստանալու համար չէ:
-Ասում եք, որ աշխատելով կամ ապրելով դրսում` նույնպես կարելի է օգտակար լինել մեր երկրին, գուցե և շատ ավելին կարելի է անել: Դուք չե՞ք հեռանա:
-Ես մասամբ դրսում եմ, հաճախ եմ հրավիրվում արտասահմանյան գիտական կենտրոններ և այնտեղ աշխատում, ինչը վերացնում է թողնել-հեռանալու ձգտումը:
-Աստղագիտության նշանակությունն այսօր:
-Աստղագիտությունն այսօր շատ կարևոր դեր է խաղում և ապագայում կարող է լինել կարևոր աղբյուր համարյա բոլոր գիտությունների համար: Երկրի վրա այն ռեսուրսները, որոնցից գիտությունը քաղում է տեղեկություն, աստիճանաբար սպառվում են: Բնականաբար, պետք է տիեզերքից փնտրել նոր տվյալներ, նոր տեղեկություն և հարստացնել համապատասխան գիտության ճյուղերը: Ֆիզիկան, օրինակ, շատ վաղուց արդեն որպես աղբյուր տիեզերքն է օգտագործում: Երկրի վրա լաբորատորիաները սահմանափակ հնարավորություն են տալիս, հնարավոր չէ ստանալ ծայրահեղ իրավիճակներ` թե՛ նյութի գոյավիճակի, թե՛ ֆիզիկական երևույթների: Քիմիան վերցնենք. տիեզերական տարբեր միջավայրերում կան քիմիական տարրեր, որոնք երկրի վրա կա՛մ չկան, կա՛մ քիչ են, կամ հատուկ պայմաններ են պետք, որ այդ տարրերը ստացվեն: Նույնիսկ հելիումը, որը կարևորագույն տարրերից է, առաջին անգամ հայտնաբերվել է Արեգակի մթնոլորտում, ի դեպ, այստեղից էլ ծագել է անունը` հելիում: Նույնիսկ օրգանական քիմիան հարստանում է աստղագիտության շնորհիվ, որովհետև շատ օրգանական նյութեր են հայտնաբերվել միջաստղային տարածքներում: Այսօր զարգանում է այլընտրանքային (տիեզերական) կենսաբանությունը, որտեղ ուսումնասիրվում են (առայժմ տեսականորեն) այլ քիմիական տարրերից կենդանի օրգանիզմներ ստեղծելու հնարավորությունները:
-Ինչպե՞ս դա հասկանալ:
-Մեր կյանքը երբեմն անվանում ենք ածխածնա-թթվածնային, այսինքն` ածխածնային օրգանիզմներ ենք, շնչում ենք թթվածին: Օրինակ, երբ որոնում ենք կատարում` պարզելու այլ մոլորակների վրա կյանք կարող է լինել, թե ոչ, հաճախ փորձում ենք թթվածին գտնել. եթե մթնոլորտում թթվածնի բաղադրություն է լինում, արդեն մեզ հուշում է, որ այդ մոլորակի վրա կյանքի հավանականություն կա:
Կենսաբանները հիմա ուսումնասիրում են այլ հնարավորություններ: Ինչո՞ւ պետք է պարտադիր թթվածին շնչեն կենդանի էակները, հնարավոր է` շնչեն նաև ազոտ, կամ այնպիսի գազեր, որոնք մեզ համար թունավոր են. նայած ինչպիսին է օրգանիզմը: Էլ չեմ ասում փիլիսոփայության մասին, որում կարևորվում են տարածությունն ու ժամանակը, տիեզերքի, կյանքի առաջացման թեմաները, և, բնականաբար, նյութ կարելի է քաղել նաև տիեզերական միջավայրից: Մենք սկսել ենք համագործակցել պատմաբանների և հնագետների հետ, որովհետև երկրի վրա հայտնաբերվում են աստղագիտական տարբեր բնույթի պատմական հուշարձաններ, հետքեր, սկսած ժայռապատկերներից, հնագույն աստադիտարաններից, ինչպես, օրինակ, Քարահունջը, Մեծամորը: Օրացույցը, տոմարը նույնպես հիմնված են աստղագիտական գիտելիքների վրա: Ինչպես տեսնում եք, բոլոր գիտությունները, այսպես թե այնպես, առնչվում են աստղագիտության հետ:
-Ի՞նչ եք որոնում երկնքում` անուղղակի իմաստով:
-Մարդը տարբերվում է կենդանիներից նրանով, որ ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում է երկնքով, այսինքն, այն միջավայրով, ուր ինքը չի ապրում: Կենդանիները, որպես կանոն, երկինք չեն նայում: Մարդն ուրիշ էակ է, մշտապես ուզում է գիտելիքներ ձեռք բերել, ճանաչել աշխարհը, դա է փնտրտուքի պատճառը: Իսկ աշխարհը միայն մեր երկրագնդով չի սահմանափակվում, ընդհակառակը, երկրագունդն աշխարհի շատ չնչին մասն է: Թեկուզ և մեզ համար շատ կարևոր է, բայց լոկ մի փոշեհատիկ է տիեզերքում:
-Աստղերին մոտ լինելը չի՞ հեռացնում աստղագետներին իրականությունից: Ի վերջո, մեր իրականության մեջ գիշերն ու աստղերն ուրիշ խորհուրդ ունեն:
-Այո, այն, ինչն այլոց համար հիանալու, նայելու, ժամանակ անցկացնելու համար է, աստղագետների համար գիտական աշխատանք է: Մասնավորապես, եթե գիշերվա մասին է խոսքը, աստղալից երկնքի, այդ ամենը, իհարկե, պարունակում է ինչ-որ գաղափար, անհայտություն, որ պետք է բացահայտել:
Գիտնականների համար առաջնային է կյանքում նոր բացահայտումներ անելը: Ճիշտ է, ամեն օր հայտնագործություն չես անում, բայց կարող ես ունենալ որևէ նոր արդյունք, որը կարող է հարստացնել գիտությունը: Դա մեր առօրյան է, մեր աշխատանքը, որը զգալի չափով տեղի է ունենում գիշերները, այդ պատճառով էլ մեզ համար դա սովորական աշխատանքային ժամանակ է: Ավելին կարող եմ ասել. իսկական գիտնականը չունի աշխատանքային ժամեր. եթե ինչ-որ հետաքրքիր գաղափար ունի, նոր միտք, կապ չունի` աշխատանքային ժամ է, տոն օր է: Ինչ վերաբերում է իրականությունից հեռանալուն, չմոռանանք, որ աստղերը և գիշերը մեր իրականության մասն են:
-Մի առիթով ասացիք, որ շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ մեկ օր չեք ապրել Ձեր կյանքում: Ինչպե՞ս եք շրջանցել այդ մեկ օրը:
-Հայտնի փաստ է, որ կա ամսաթվի փոփոխման գիծ, որն անցնում է Խաղաղ օվկիանոսով, Գրինվիչյան միջօրեականի հանդիպակաց միջօրեականն է: Եթե Գրինվիչյանը զրոյականն է, ապա սա տասներկուժամյա միջօրեականն է: Ընդունվել է, որ այդ գիծը մի ուղղությամբ հատելիս մեկ օր պետք է ավելացնել օրացույցին, մյուս ուղղությամբ անցնելիս նույն օրը կրկնել, որովհետև երկիրը պտտվում է, և ժամային գոտիները փոխվում են: Երկրի մեկ պտույտը մենք համարում ենք մեկ օր` 24 ժամ, բնականաբար, եթե զուգընթաց պտտվենք երկրի հետ, կարծես դիմակայում ենք այդ ժամանակի փոփոխությանը: Ես անընդհատ դեպի արևմուտք եմ ընթացել, և իմ օրվա մեջ անընդհատ ավելացել են ժամեր` հասնելով 24 ժամի: Բնականաբար, այդ գիծն անցնելիս ես մեկ օր առաջ եմ տվել ժամը, ինչպես ընդունված է: Ես մեկ օր արդեն «կուտակել-ապրել» էի այդ լրացուցիչ ժամերը, բայց ուրիշ ամսաթվերի մեջ: 2003-ի հուլիսի 13-ը ես շրջանցեցի, 12-ից անցա 14-ի: Ինձ մոտ այդ մի օրը չեղավ կյանքում: Դա, իհարկե, պայմանական է. օրը չապրեցի, բայց ժամանակի կորուստ չի եղել:
-Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել եք հարցեր` քաղաքի երթևեկության անմխիթար վիճակի մասին, նշել կետեր, որոնց շնորհիվ կարելի է կարգավորել այդ ոլորտը: Չե՞ք կարծում, որ մեր երկրում ամեն մարդ, եթե իր գործն անի և լավ անի, շատ բաներ այլ կերպ կլինեն:
-Չեմ կարծում, թե այս դեպքում մենք մտնում ենք այլ ոլորտ, ես կարծում եմ, որ ցանկացած բնագավառում գիտական մոտեցումը շատ օգտակար է: Թեև գիտական մոտեցում ասելը վերամբարձ է հնչում, ընդամենը պետք է հաշվարկել, վիճակագրություն կատարել, վերլուծել և դրա հիման վրա եզրակացնել, թե որն է երթևեկությունը կազմակերպելու լավագույն ձևը: Մեզ մոտ որոշ տեղեր լինում են խցանումներ, որոշ տեղեր ազատ է երթևեկությունը։ Պետք է այնպես անել, որ համաչափ լինի. օրինակ, կարգավորել լուսամփոփի գույների փոփոխման արագությունը: Խցանումների պատճառը միայն մեքենաների քանակից չի կախված, այլ յուրաքանչյուր մեքենայի երթևեկելու տևողությունից: Մեր երթևեկությունն այնպես է կազմակերպված, որ մի փոքր տարածություն անցնելու համար ավելի երկար ճանապարհ ես անցնում` դառնալով խցանման պատճառ: Այդ ուղղությամբ չեն մտածում: Եթե հնարավորինս կարճ երթևեկության սկզբունքով կազմակերպվեր, այ, դա կլիներ «գիտական» մոտեցում:
-Իսկ ի՞նչ կասեք աստղաբանների, աստղագուշակների մասին, որոնց, ի դեպ, հաճախ շփոթում են աստղագետների հետ: Նրանց գործունեությունը, հետաքրքրաշարժ հայտարարությունները գիտական հիմնավորում ունե՞ն:
-Նրանց հայտարարությունները որևէ հիմնավորում չունեն: Մեզ մոտ հայտնվել են մարդիկ, որոնք, ըստ էության, աստղագուշակներ են, բայց իրենց աստղաբաններ են անվանում: Ես կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Հայաստանում գոյություն չունի աստղաբանի մասնագիտություն, եթե որոշ երկրներում կա (այն էլ բացառության կարգով, մի քանի տեղ), ապա մեզ մոտ իրեն աստղաբան կոչողը պարզապես շառլատան է: Նման մասնագիտություն չկա:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հ. Գ.- «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում կներկայացնենք Արեգ Միքայելյանի պարզաբանումները տիեզերական չբացահայտված երևույթների և աշխարհի կործանման վերաբերյալ հնարավոր ու ենթադրյալ վարկածների մասին:

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ