Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՊԱՅՔԱՐԸ ԿԼԻՆԻ ԵՎ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ, ԵՎ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

«ՊԱՅՔԱՐԸ ԿԼԻՆԻ ԵՎ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ, ԵՎ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
15.07.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում սպասելիքներ կային Կազանից, բայց եղավ` ինչ եղավ։ Ի՞նչ է լինելու հետո:
-Ես սպասելիքներ չեմ ունեցել և այդ մասին հայտարարել եմ նաև Կազանի հանդիպման օրը: Ցանկացած պայմանագիր իրական է, երբ ունի նախադրյալներ, հիմքեր` ներկայացվող շրջանակում իրականանալու. այդպիսի շրջանակ այս պահին ես չեմ տեսնում: Ադրբեջանական կողմը բավականին հեռու է իրականությունից։
-Իսկ ո՞րն է իրականությունը:
-Իրականությունը նույնն է` Ադրբեջանի հրահրած պատերազմում Լեռնային Ղարաբաղը կարողացել է իր անկախությունը պաշտպանել և այժմ էլ ունի հուսալի բանակ: Լուծում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ԼՂՀ իշխանությունները համաձայնեն այն տարբերակին, որը ձեռք կբերվի իրենց մասնակցությամբ, ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք կբերեն պայմանավորվածություն և կփաթաթեն Լեռնային Ղարաբաղի վզին: Այս պահին Լեռնային Ղարաբաղի օրինականորեն ընտրված իշխանություններին գործընթացից հեռու են պահում:
-Ո՞վ է հեռու պահում` հայկակա՞ն կողմը, թե՞ ադրբեջանական:
-Հայկական կողմն իր մեղքն ունեցել է այդ հարցում. երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ, բանակցություններում ստանձնեց Արցախի ներկայացուցչի դերը, դա կոպիտ սխալ էր: Հիմա էլ հայաստանյան կողմը իբրև բանակցությունների մասնակից չի գործադրում բոլոր ջանքերը, որպեսզի ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
-Ի՞նչ պիտի անի հայաստանյան կողմը, որ չի անում:
-Հայաստանյան կողմը հանգիստ կարող է ասել, որ Ղարաբաղի վերաբերյալ որոշում կայացնելն իր խնդիրը չէ, կա ԼՂՀ, որն ունի օրինական ընտրված իշխանություն, թող այդ իշխանությունն էլ բանակցի, ինչպես եղել է հակամարտության ամենավաղ փուլից մինչև 1998 թիվը: Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը և միջազգային հանրությանն ասի` ինչպես աշխարհի շատ երկրներ անկախացան, անկախանալու իրավական հիմքեր անգամ չունենալով, ԼՂՀ-ն անկախ պետություն է և ինքը պետք է իր ճակատագիրը տնօրինի: Աշխարհի 20 երկիր այս պահին արդեն ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը, և անկախացող երկրների շարքում ԼՂՀ-ն միանշանակ իր արժանի տեղը պետք է ունենա:
-Իսկ եթե դա վերջակետի՞ բանակցությունները:
-Հազիվ թե: Ադրբեջանը բազմաթիվ քայլեր է արել, որոնք կարող էին բանակցությունների ավարտ դառնալ` հարյուրավոր ռազմատենչ հայտարարություններ, սպառազինությունների մրցավազք, ռազմական բյուջեի բազմապատկում, սադրանքներ սահմանին... Հայկական կողմի մեղքն է, որ բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանը կարողացավ այդքան «տարածքներ» նվաճել, փաստորեն, հայկական կողմն արդեն իսկ մեծ զիջումների է գնացել ռազմական գործողությունների դադարեցումով, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին գոյատևելու իբրև անկախ պետություն: Հրադադարը փլուզումից փրկեց Ադրբեջանը և թույլ չտվեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը նոր տարածքներ ազատագրեն, որը կոպիտ սխալ էր: Եթե ադրբեջանական կողմը դադարեցնի բանակցությունները, դա իր խնդիրն է: Առավել ևս, որ հազիվ թե էական փոփոխություններ լինեն, Հայաստանը մեկուսացման մեջ չի հայտնվի, ընդամենը հարվածներից խուսափելու համար հարկադրված կլինի ժողովրդավարության ամրապնդման քայլեր իրականացնելու, իսկ Ադրբեջանը պարտադրված կլինի միջազգային հանրությանը բացատրել, թե ինչու է դադարեցնում խաղաղ բանակցությունները: Չմոռանանք, որ Հայաստանը տարիներ ի վեր շրջափակված պետություն է, Ադրբեջանի զավթած Արծվաշենը կա, փախստականներին առնչվող բազմաթիվ խնդիրներ կան: Տարածաշրջանում անվտանգության, հաղորդակցուղիների խնդիրները վկայում են, որ Հայաստանը բանակցություններում անելիք ունի: Հայաստանը պետք է երաշխավոր լինի Լեռնային Ղարաբաղի անվտանգության` որևէ ռազմական գործողություն Ղարաբաղի դեմ գործողություն է Հայաստանի դեմ: ԼՂՀ անկախությունը ճանաչելուց հետո դա պետք է ամրագրվի համաձայնագրով:
-Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համաձայնի:
-Իսկ Ադրբեջանը որևէ հարցում համաձա՞յն է: Ե՛վ Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղում մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ բնակչությունը կապված լինի իր հողին, և ապահովվի նրանց անվտանգությունը: Այսօր առաջին խնդիրը չի լուծվում, իսկ երկրորդը լուծվում է: Ես կարծում եմ` այս պահին նաև պատերազմ հնարավոր չէ, որովհետև հայկական կողմը շատ արագ պաշտպանական գործողություններից կարող է անցնել հակահարձակողականի: Մենք պետք է ոչ թե երկարաձգենք ստատուս քվոն, այլ իրական քայլեր անենք խնդրի իրական լուծման ուղղությամբ: Շատ կարևոր է ազատագրված տարածքների վերաբնակեցումը, այդ տարածքները ոչ միայն ԼՂՀ անվտանգության երաշխիքն են, այլև Հայաստանի: Խաղաղապահ ուժերը, նույնիսկ եթե հարյուրտոկոսանոց արդարություն պահպանեն, ինչը քիչ հավանական է, ի վերջո, հեռանալու են: Նույնիսկ խորհրդային բանակը հեռացավ, ճիշտ է, «Կոլցո» օպերացիայից հետո: Ի տարբերություն խորհրդային ժամանակների, այս դեպքում շատ ավելի արագ են հեռանալու: Ի վերջո, տարածաշրջանի նավթը և գազը հավերժական չեն, և տարածքային վերադասավորումներ են լինելու, ազատագրված տարածքները շատ պետք են լինելու այն պահին, երբ խաղաղապահները կհեռանան, և հայկական ու ադրբեջանական ուժերը կմնան դեմ առ դեմ:
-ՌԴ նախագահ Մեդվեդևի առաջարկները Հայաստանին ու Ադրբեջանին մի քանի հերթապահ հանդիպումից հետո հրաժեշտի՞ առաջարկներ են, որից հետո Եվրամիությունն ու ԱՄՆ-ն են ակտիվանալու, թե՞ շարունակելու ենք նույն շրջանակում պտտվել:
-Այս պահին չկա վերջնական առաջարկ, վերջինին կհաջորդի ամենավերջինը, ամենավերջինին իսկապես վերջինը, իսկապես վերջինին` արդեն վերջինը։ Մենք ամենավերջինի հերթական փուլերից մեկում ենք: Կողմերն այս պահին պատրաստ չեն փաստաթուղթ ստորագրելու: Հատկապես` ադրբեջանական կողմը: Տեսեք` ինչ տրամադրություններ կան, որքան են հայկական ու ադրբեջանական հասարակությունները տարբեր, երկուսն էլ պատրաստ չեն համաձայնության: Եթե հայկական կողմը փոխզիջումների է պատրաստ, նույնիսկ իշխանությունները մադրիդյան սկզբունքներ են ընդունել, տարածքների վերադարձի մասին են խոսում, ադրբեջանական կողմը մինչև այժմ դավանում է այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ պատկանում է իրեն, և եթե հնարավոր չլինի բանակցություններով ԼՂ-ն վերադարձնել Ադրբեջանի կազմ, կարվի պատերազմով: Հայ հասարակությունը չի ընդունում ազատագրված տարածքների վերադարձի մտայնությունը: Թերևս դա առաջին դեպքը կլինի աշխարհում, որ հաղթած կողմը պարտվածին հող վերադարձնի: Ներկա իշխանությունները, որքան էլ ինչ-ինչ խնդիրներից ելնելով բարձրաձայնեն փոխզիջումների, ազատագրված տարածքների վերադարձի պատրաստակամությունը, հազիվ թե դա անեն, որովհետև հաջորդ պահից ներքաղաքական խնդիր են ունենալու: Սերժ Սարգսյանը, հուսով եմ, չի դիմի նման քայլի, որը հասարակության համար միանշանակ անընդունելի է, և որի պարագայում մեծ խնդիրներ կունենա: Շատ լավ կլիներ, որ նա, ինչպես ելույթ էր ունենում Ստրասբուրգի ամբիոնից, հասարակության հետ իր հարաբերություններում պահպաներ բաց կառավարման սկզբունքները և այդ սկզբունքներին հավատարիմ` ներկայացներ, թե ինչ համաձայնագիր է, որ ինքը պատրաստ է ստորագրելու, ինչ 10 առաջարկներ է անում Իլհամ Ալիևը, ինչ առաջարկներ է իրեն ու Ալիևին ներկայացրել Ռուսաստանի նախագահը:
-Ղարաբաղի հարցը կարո՞ղ է ներքաղաքական իրավիճակ փոխել:
-Մի քանի րոպեում: Թվում է` այսօր շատ ավելի արդիական են սոցիալական, տնտեսական, ֆինանսական և այլ խնդիրները, բայց այդպես էր նաև 1998-ի իշխանափոխության ժամանակ: Հայաստանում քաղաքական շատ գործընթացներ պայմանավորված են Ղարաբաղի խնդրով: Հարցի ոչ հայանպաստ լուծումն անմիջապես իշխանությունների դեմ կոնկրետ գործողությունների է հանգեցնելու: Ընդ որում, ոչ միայն հասարակական, այլև ներիշխանական «ճամբարում»: Ղարաբաղը ներգործել և ներգործում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, բայց չի կարող անվերջ մնալ իշխանությունը պահելու գործիք, ինչ-որ պահից հասարակությունն առավել կտրուկ կարձագանքի, ինչը նաև ի նպաստ Ղարաբաղի կարող է լինել, որովհետև ներքին խնդիրների լուծումից հետո վերանում են արտաքին ճնշումների շատ հիմքեր:
-Հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրությունները:
-Ոչ, տարանջատենք արտահերթ ընտրությունների հիմքերը և գործընթացը: Արտահերթ ընտրությունների հիմքերը բազմաթիվ են և տարիներ շարունակ կան ու ավելանում են, բայց գործընթաց, որը կհանգեցներ արտահերթ ընտրությունների, երկար ժամանակ է` չկա: Չեմ էլ կարծում, որ կլինի, ընդամենը 10 ամիս է մնացել ընտրություններին:
-Իսկ եթե արտահերթ ընտրությունները դիտարկում ենք ոչ թե հիմքերի կամ գործընթացի տեսանկյունից, այլ որպես համակարգային փոփոխությունների հնարավորությո՞ւն:
-Այսինքն, իշխանությունը մի առավոտ արթնանում է ու որոշում է հրաժարակա՞ն տալ:
-Այսինքն, իշխանությունը մի առավոտ որոշում է, հանուն պետականության ամրապնդման ու ժողովրդավարության, բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորություններ ստեղծել և ընտրությունը թողնել ընտրությանը:
-Չեմ հավատում, որովհետև այս իրավիճակը կա վաղուց, իսկ իշխանության այդ առավոտը չի բացվում: Կառավարության տնտեսական քաղաքականությունը, արտագաղթը, իշխանության գործողությունները ցույց են տալիս, որ շարունակվում են կառավարման արատավոր մեթոդները: Ի վերջո, եթե այդպիսի մի առավոտ բացվելու է, ի՞նչն է խանգարելու իշխանությանը իրավիճակը հիմա փոխել` իր ձեռքին են գործադիր լծակները: Բայց չկա նման քաղաքական կամք կամ հոգեկան վիճակ, և չեմ էլ կարծում, որ լինի:
-Հերթական ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական ուժեր եք տեսնում խորհրդարանում:
-Պայծառատեսության ձիրք չունեմ, շատ դինամիկ շրջանում ենք ապրում, և չեմ կարող ասել, թե այդ փոփոխությունների հետևանքով ինչ ձևաչափեր կձևավորվեն: Ներկա հաշվարկներով հնարավոր չէ պատկերացնել ապագա խորհրդարանի կազմը:
-Ընտրություններում պայքարը կծավալվի իշխանության ներսո՞ւմ, թե՞ ընդդիմության հետ:
-Պայքարը կլինի քաղաքական ուժերի միջև, դժվար է ասել` այդ ժամանակ որ ուժերը կլինեն իշխանական, որոնք` ընդդիմադիր:
-Ըստ հուշագրի` կոալիցիան պարտավոր է գործել:
-Որևէ հուշագիր ավետարանական գիր չէ, կարող է իրավիճակ փոխվել, և հուշագիրը կկորցնի կենսունակությունը: Պայքարը կլինի և՛ իշխանության ներսում, և՛ ընդդիմության հետ, ընդհանրապես` ամբողջ քաղաքական դաշտում: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է պայքարի ոչ միայն համամասնական ընտրակարգով, այլև մեծամասնական` հնարավորինս փորձելով մեծամասնական թեկնածուներով ևս մեծացնել իր ազդեցությունն ընտրություններում:
-«Ժառանգությունն» իր թեկնածուներին առաջադրելո՞ւ է մեծամասնական ընտրակարգով:
-Այդ խնդիրը չի քննարկվել կուսակցությունում, ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ «Ժառանգությունն» ունենա մեծամասնականով առաջադրված թեկնածուներ, և ընդդիմությունն այդ հարցում միասնական գործի:
-Դուք պատրա՞ստ եք մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու, իմանալով հանդերձ, որ անհատական պայքարով պատգամավոր դառնալը շատ ավելի դժվար է:
-Միանշանակ դժվար է, բայց ես պատրաստ եմ այդ դժվարությանը և, քանի որ ամբողջ կյանքում ապրել եմ Աջափնյակում, ինձ համար նախընտրելի տարածքն Աջափնյակ համայնքն է: Իհարկե, ցանկությունը մի բան է, կուսակցության քաղաքական որոշումը` մեկ այլ:
-Սեպտեմբերին քաղաքական դաշտում որոշակիություն կլինի՞:
-Ե՛վ մինչև սեպտեմբեր, և՛ սեպտեմբերից հետո քաղաքական որոշակի վերադասավորումներ կլինեն, 2011-ի ամառն ընտրություններին նախորդող վերջին ամառն է, և անգամ այս ճնշող շոգը չի խանգարում քաղաքական դաշտում ընթացող քննարկումներին:

Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ