Նրա գեղանկարչական դիմագիծն անհնար է շփոթել այլ վարպետի հետ: Ոչ շահեկան գունապնակը, պաստելային անդրադարձերը, թեմաների փիլիսոփայական ենթաշերտերը նրա կտավները դարձնում են կերպարվեստի այն տեսակը, որն ունի իր ոչ բազմաքանակ, սակայն անպայման նրբաճաշակ ու խստապահանջ հանդիսատեսը: Եվ ահա նա «ձեռնոց է նետում» ու անցնում անսպասելի մի ոլորտ, ուր մասնավորապես Սարյանի դղրդալի ներկայությունն է:
«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ, ԹԵԿՈՒԶ ԵՎ ՓԱՌԱՀԵՂ, ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ»
-Ահա դիտեցի բազմաթիվ ծանոթ աշխատանքներ, նաև գործեր` առայժմ անհայտ արվեստասերին և վստահ հարցնում եմ, ո՞վ է «քո արվեստաբանը»:
-Ոչ մի նկարիչ չի սպասում «իր արվեստաբանին»: Նա նկարում է, և արվեստաբանն է, որ պետք է հայտնաբերի «իր նկարչին»: Գիտես, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում իմ գործերի մասին հարկ են համարել գրել շուրջ երեք տասնյակ ոչ սկսնակ արվեստաբաններ: Այս տեսանկյունից բնավ անտեսված չեմ:
Սակայն գուցե դեռ, իրոք, պետք է ավելի խորքային հասկանան այս նկարչությունը: Ինչ խոսք, արվեստաբանությունն ինքնին մեծ արվեստ է, և գտնել ստեղծագործողի ու նրան վերլուծողի ներդաշնակ համատեղությունը դյուրին չէ:
-Դու այն կերպարվեստագետներից ես, ովքեր մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ճանապարհ ընկան դեպի Լենինգրադ: Յուրաքանչյուրն իր պատճառն ուներ: Քոնը ո՞րն էր։
-Ավարտից գամ: Լենինգրադից վերադարձա, ու հայրենիքում ինձ ուղղակի գրկաբաց ընդունեցին, մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, աշխատել գոնե մեկ քար ավելացնել հայ կերպարվեստին, իմ քարը:
Իսկ Լենինգրադ ուղևորվեցի, հիշելով ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի պատգամը: Երրորդ մասի կուլտուրայի պալատում բացվել էր ցուցահանդեսս։ Ես ընդամենը տասնհինգ տարեկան էի, բայց անցել էի նշանավոր գեղանկարիչ և մանկավարժ Զախար Խաչատրյանի դպրոցը: Դա իմ հայրենի Սիսիանում էր: Եվ ահա ցուցահանդեսում Իսաբեկյանն ասաց հորս` լավ կլինի, որ տղան սովորի Լենինգրադում:
-Քո վերադարձը համընկավ գեղանկարչական զարմանահրաշ բռնկումների հետ, Դեղձ Աշոտը, Երվանդ Գոջաբաշյանը, Սիրուն Հրաչը, Վրույր Գալստյանը, Մինասը, Հովհաննես Մինասյանը և այլք: Եվ քո սերնդակիցների, ասենք, Վարուժան Վարդանյանի, Կարո Մկրտչյանի, Արմեն Սավայանի և մյուսների համար արդյո՞ք փորձություն չէր նկարչական հզոր սիմֆոնիայում սեփական վրձնահարվածներով հանդես գալը:
-Եթե նկարիչն ունի իր ես-ը և հիմնավոր մասնագիտական կրթություն է ստացել, ցանկացած միջավայր նրան ընկալում է:
Բացի սրանից, հարկ չկա գեղանկարչական միջավայրը պատկերել ինչ-որ բարդույթավորված, վրեժխնդիր աշխարհ:
Իսկ պայքար, իհարկե, կա, սակայն իսկական պայքարն արվեստանոցում է, վրձնի ու կտավի հետ: Ինձ համար պայքարը իմ ստեղծագործությունն էր, և հավատացեք` արվեստում որևէ մեկը մեկ ուրիշի տեղը չի գրավում, պետք է քոնը գտնես: Այլ հարց է, որ գեղանկարչական յուրաքանչյուր սերունդ իր հետագիծն է թողնում: XX դարը Սարյանի, Քոչարի, Գայֆեճյանի, Կալենցի, Ռաշմաջյանի ու մյուսների դարն էր: Նրանցից յուրաքանչյուրն իր քարը դրեց ազգային կերպարվեստի տաճարին, իր սրբատաշ անկյունաքարը:
«ՕՏԱՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ` ՀԻԱՆԱԼԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է, ՀՈՅԱԿԱՊ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ Է ՁԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ»
-Գեղանկարչական շրջանակներում մաքրամաքուր արվեստը միշտ է գնահատվել, չեն ընդունել միայն ինքնափառաբանմամբ օրն սկսող և ավարտող դուրսպրծուկներին: Եվ սա լայն հասարակության մեջ թյուր կարծիք է երբեմն ձևավորում, թե նկարիչներն ու գրողները «իրար միս են ուտում»:
-Համամիտ եմ լիովին: Ես հիշում եմ, որ խորհրդային տարիներին ավելի շատ էր ազատությունը, նշանավոր վարպետները տոն էին տալիս, և այդ միջավայրում ճանապարհ էին հարթում շնորհալի երիտասարդները:
Այսօր նկարչական մեր աշխարհում փայլուն նկարիչների կողքին պարբերաբար իրենց մասին հիշեցնում են «անփայլ» նկարիչները: Նախկինում այսքան նկարող չկար:
Չմոռանանք մի այլ բան. յուրաքանչյուրն արարում է իր տաղանդի չափով, ինչն ի վերուստ է շնորհված: Այստեղ արդեն ոչինչ չես կարող անել: Պարզապես նկարողը գլխավորապես ապրուստի նվազագույնն է հոգում, նկարիչը, անկախ պայմաններից, արարում է: Այո, կրթական համակարգը խաթարված է, այսօր, ավանդական ինստիտուտից և Թերլեմեզյանից զատ, մի քանի պետական և մասնավոր օջախներ են փորձում կերպարվեստագետ կոփել: Այստեղից էլ պրոֆեսիոնալիզմի նիշի իջեցումը: Այնինչ, մեծ արվեստը մեծ ճանապարհ է անցնում:
-Նկարիչները շատ են, նկարողները ևս: Ի՞նչ անել:
-Երբ Հայաստանի տարին էր Ֆրանսիայում, պարոն Իգիթյանը մի խումբ նկարիչների ցուցադրեց Փարիզում: Լավ էին ներկայացված միջին և երիտասարդ նկարիչները, ովքեր այսօր բավականին հայտնի են: Բայց ահա օտար դիտողներից շատերը հարցնում էին` հոյակապ ցուցահանդես է, հիանալի նկարիչներ, սակայն… ո՞ւր է հայ ազգային կերպարվեստը: Ազգային կերպարվեստը ցայտուն չէր ներկայացված: Իսկ ազգային կերպարվեստ ասվածը ամենևին խաչքար և կարպետ պատկերել չէ, այլ շատ ավելի խոր գեղագիտական և հոգեբանական հայեցակարգ, մտածողություն և հոգեմտակերպ:
-Ամենաուժգին բանավեճերն այսօր ընթանում են քաղաքաշինական և ճարտարապետական հարցերի շուրջ: Ներկա Երևանը` քո գեղանկարչական հայացքով:
-Ծանր ու ցավոտ, նաև ընդգրկուն հարց է: Հասկացա հարցիդ ենթատեքստը. ամենաազդող, ներգործուն երևույթը քաղաքաշինական-ճարտարապետական միջավայրն է, որն այսօր, ինչ խոսք, խաթարված է, չնայած առանձին հաջողություններին: Մեր քաղաքաշինական ներկան ուշացած է, նման ապակեպատ և փայլաշող երկնաքեր շինություններ կառուցում էին Միլանի արվարձաններում 1960-ականների վերջերին: Դա համաշխարհային ավանդույթ էր: Եվ ահա մենք ունենք մայրաքաղաք, որն ուներ փառավոր ճարտարապետական ավանդույթներ, այսպես կոչված, թամանյանական շրջափուլը, սակայն Երևանը XXI դարի սկզբին արդեն պատմություն չունի: Ավերածությունները մայրաքաղաքի անխախտելի ուղեկիցն են: Խորհրդային տարիներին քանդեցին Ռուսական եկեղեցին, Մեջիդը, ձևախեղեցին 3-րդ մասի հրապարակը, շատ այլ բաներ: Քանդել պետք է, միայն թե ժամանակավրեպը, փլուզման ենթական:
Ֆիննական ծոցում է Վիբորգ քաղաքը, որի յուրաքանչյուր փողոցում կամ անկյունում կարելի էր մոլբերտը տեղակայել ու նկարել: Տես, չեմ խոսում Փարիզի, Պրահայի կամ Վենետիկի մասին: Եվ ասա, խնդրեմ, եթե նկարիչ ես և կամենում ես քո քաղաքում նկարել, ի՞նչն ես նկարելու, անդեմ ու անհայրենիք բարձրահարկե՞րը: Առհասարակ, եթե քաղաքը ճիշտ է կառուցված, մարդն այնտեղ ճիշտ է քայլում:
«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ, ԹԵԿՈՒԶ ԵՎ ՓԱՌԱՀԵՂ, ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ»
-Փարավոն Միրզոյանն ունի իր «թավշյա հետագիծը» հայ կերպարվեստում: Սակայն արվեստասեր հանրությունը զարմացած է. Փարավոնը «հանդգնել է» շարունակել Սարյանի կերտած պաննոները:
-Մեծն Սարյանը մեծ էր իր գործերում: Սակայն ժամանակն առաջ է ընթանում, և յուրաքանչյուր սերունդ իր խոսքը պիտի ասի: Սարյանը նկարել է քսանականների Հայաստանը, ստեղծել է Հայաստանի խորհրդապատկերները: Ի վերջո, նա էր, որ մեր բնաշխարհի գեղանկարչական բանաձևը հայտնաբերեց:
Սակայն շատ գեղանկարիչներ այդպես էլ դուրս չելան Սարյանի բանաձևումների սահմաններից:
Բայց չէ որ մենք ապրում ենք արդեն 21-րդ դարում: Չի կարելի սահմանափակվել անցյալի, թեկուզ և փառահեղ, ավանդույթով: Ես համոզված եմ` յուրաքանչյուր նկարիչ Հայաստանը յուրովի է ընկալում և պատկերում: Եվ քիչ առաջ գնացի, նկարեցի «Արցախ» պաննոն: Սա աննախադեպ էր:
Եվ այսպես, ներկայացնեմ իմ «հանդգնության» շարքը. նախ նկարեցի վերջին հիսուն տարիների ծաղկուն և բարեշեն Հայաստանը: Չէ՞ որ Արարատից մինչև Արագած ընկած հսկա հարթավայրը հսկա առաջընթաց է ապրել: Սակայն Հայաստանն ունի «ծովից ծով» գենետիկ բարձրակետը: Կտավում ընդգրկեցի լուսինը, արևը, կենտրոնում` ծաղկած ծիրանին: Այս ստեղծագործությունը, ի դեպ, գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի սրահում:
Այստեղ Արարատն է, Վանա լիճը, Անիի ավերակները, Ղարսը: Հայկական քաղաքակրթությունն է և հայկական բնաշխարհը:
Սակայն մեր կերպարվեստում ինչ-որ անհասկանալի ձևով «բացակայում է» Արցախը: ՈՒ մտածեցի` եթե չեմ մասնակցել Արցախի ազատագրմանը, ապա ո՞րն է ի՛մ անելիքը, ի՛մ պատասխանատվությունը այդ չքնաղ եզերքի հանդեպ: Եվ ստեղծվեց «Արցախ» պաննոն, որ ցուցադրվեց Ստեփանակերտի հրապարակում: Եվ հավատացեք` օրն այդ տոնական էր:
-Այսօրվա անելիքդ, որ վաղը պիտի ներկայացվի հանրության «դատաստանին»:
-Ավարտեցի «Սյունիք» պաննոն: Պատրաստվում եմ նոր և անսպասելի գեղանկարչական աշխատանքներով ներկայանալու խստապահանջ հանդիսատեսին իմ հոբելյանական ցուցահանդեսում:
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ