Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ ԿՈՄԻՏԱՍԻՑ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ, ՄԵՆՔ` ՆՐԱՆՑ ԱՂԲԱՆՈՑԻՑ»

«ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ ԿՈՄԻՏԱՍԻՑ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ, ՄԵՆՔ` ՆՐԱՆՑ ԱՂԲԱՆՈՑԻՑ»
14.06.2011 | 00:00

Վերջին շրջանում տարբեր ասպարեզներում մեր հայրենակիցների կրած անհաջողությունները, մի տեսակ, հոռետեսական մթնոլորտ էին ձևավորել: Ամենամեծ իրարանցումն առաջ բերեց «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի ձախողումը։
Այս համատեքստում ուրախալի էր Իսպանիայի ազգային պարերի համաշխարհային մրցույթ-փառատոնում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի հաղթանակը («Լավագույն պար» անվանակարգում` գլխավոր մրցանակ, «Լավագույն երաժշտական և ձայնային նվագակցում»` երրորդ մրցանակ):
«Իրատես de facto»-ի հյուրը «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ազգագրագետ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ է:

-Պարոն Գինոսյան, մրցույթին Թուրքիան ներկայացել էր համշենահայերի երգ ու պարով, ինչը Դուք որակել եք Հայոց ցեղասպանության շարունակությունը:
-Ոչ միայն։ Նրանց պարային ելույթն սկսվում էր Կոմիտասի բառերով` «Առնեմ, երթամ իմ յարը»: Այնպես որ, ոչ միայն համշենահայերի երգն ու պարը, այլև մեր սրբություն սրբոցն իրենց համար մեծ գզրոց է, որտեղից պարբերաբար օգտվում են, մենք էլ իրենց աղբանոցից ենք օգտվում, ցավոք։ Եթե թուրքականի անվան տակ ներկայանում է հայկական մշակույթ, կարծում եմ, դա նաև մեր բացթողումն է:
-Իսկ այդ հարցը որևէ կերպ չբարձրաձայնվե՞ց:
-Մենք մեկէջանոց շրջաբերական ներկայացրինք ժյուրիի անդամներին և կազմկոմիտեին, որտեղ նշված էր, թե հայ պարն ինչ մեծ դեր է խաղացել հայ ազգի, նրա հոգեկերտվածքի ձևավորման հարցում (դիվանագիտորեն սխալ կլիներ, եթե միայն համշենահայերի պարը սեփականելու մասին գրեինք): Եվ մի լուրջ մեջբերում արեցինք, որ անգամ Բիբլիական Արարատը, որ ամբողջ աշխարհի համար սրբություն է, պարփակված է Հայկական պար լեռնաշղթայում: Այդքա՛ն արժևորվում է մեզ համար պարը: Նշել էինք նաև, որ մեր ներկայացրած պարերի մեծ մասն Արևմտյան Հայաստանի պարանմուշներ են, և մենք այդ ամենը գրառել ենք 1915-ի եղեռնից մազապուրծ և Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան ճողոպրած հայ տատիկ-պապիկներից: Ցավոք, այսօր իրենց բնօրրանում այս պարերը չեն կատարվում:
Իսկ մեր դեսպանի կինը, ժյուրիի անդամների ներկայությամբ, թուրքական խմբի ղեկավարին, նրանց ելույթից հետո, շնորհակալություն հայտնեց, որ մեր մշակույթը «պահպանում» և «տարածում» են:
-Որքան գիտեմ, նրանք «Գրան պրի» են շահել:
-Երեք անվանակարգում թուրքական խումբը ոչ մի տեղ չէր զբաղեցրել, և բոլորի համար անակնկալ էր, որ «Գրան պրի» շահեցին: Բայց մեր դեսպանը` Խորեն Տերտերյանը, նախօրոք զգուշացրել էր, որ Իսպանիան, կարելի է ասել, եվրոպական ամենաթուրքամետ քաղաքականություն վարող երկիրն է, և պետք չէ զարմանալ:
Շատ անգամ նման մրցույթներում զուտ քաղաքական հարցեր են լուծում: Մի մրցույթ, որտեղ ոչ ոք չգիտի` ձայների քվեարկությունը ինչպե՞ս է կատարվում, հայտարարված թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, կարծում եմ` չի կարող լուրջ գնահատականի արժանանալ: Իսկական մշակույթը շոու բիզնես չէ, մշակույթը նախ և առաջ ազգային անվտանգության խնդիր է: Իր մշակույթից օտարացած մարդը չի կարող նաև իր հայրենիքին ծառայել: Եթե օտարացել է իր մշակույթից, նշանակում է` օտարացել է իր տեսակից, իր երկրից և պոտենցիալ դավաճան է:
-Խոսակցության լուրջ թեմա է դարձել հաջորդ տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» մրցույթին մեր մասնակցել-չմասնակցելու հարցը:
-Այն մարդիկ, ովքեր հանձն են առել Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու գործը, կախվածության մեջ են ֆինանսական և այլ առումներով: Իրենք պետք է որոշեն` ի՞նչ կկորցնեն ու ի՞նչ կշահեն գնալ-չգնալու դեպքում:
Ես կարծում եմ, որ լքված ամրոցն անառիկ լինել չի կարող: Փախուստի դիմելը, չգնալն ուղղակի անընդունելի են ինձ համար: Եթե կա մարտահրավեր, այն չընդունելն աններելի է: Այլ բան է, որ պետք է շատ լուրջ մտածել և նաև մշակութային դաշտում ինֆորմացիոն լուրջ պայքար մղել: Ազգային մշակույթը ներկայացնելուց զատ, պետք է հստակ քաղաքականություն տարվի (ոչ միայն տվյալ ելույթի ժամանակ) և ի լուր աշխարհի ասվի, որ թե՛ ադրբեջանցիները, թե՛ թուրքերը հայկական մշակույթից գողացած մշակույթ են կերտել: Եթե մենք պիտի գնանք, սա պետք է օգտագործվի:
Պատկերացրեք ինչեր կխոսեն ադրբեջանցիները, եթե մենք չներկայանանք: Ինձ համար մեծագույն խայտառակություն է, երբ Մոսկվայում հայկական ֆուտբոլային խումբը վախենում և հրաժարվում է ադրբեջանական խմբի հետ խաղալուց: Սա, կարծում եմ, աններելի պարտություն է: Եթե մեկը մեկնաբանում է, որ մեզ կարող էին ծեծել, ես ակամայից ասում եմ` իսկ 7000 տղաներին, ովքեր Եռաբլուրում պառկած են, ո՞վ է պատասխան տալու: Ի՞նչ կլիներ, եթե նրանք էլ վախենային: Այլ բան է, որ կարող ենք Ադրբեջանից պահանջել` անվտանգությունը ապահովել, ավելի մեծ խմբով ներկայանալ, լուրջ միջոցներ ներդնել և ներկայացնել ազգային մշակույթը:
-Բայց «Եվրատեսիլն» իր պահանջներն ունի։
-Երբ երգարվեստը դառնում է մաթեմատիկական հաշվարկ` ինչպիսի երգ գրեն, ինչպիսի ռիթմի մեջ, ինչպիսի բառերով, ինչ վոկալով, սա մշակույթ չէ: Ես առանձնապես չեմ հետևում այդ մրցույթին, բայց տեսել եմ, որ բոսնիացիները ներկայացել են իրենց ազգային տարազով, ազգային երգով: Մարդիկ գալիս են իրենց տեսակը ներկայացնելու, ու շատ անգամ, երբ ապականող երգ է տարվել «Եվրատեսիլ», ես ասել եմ` ավելի լավ է չհաղթել, քան հաղթել, որովհետև անհասկանալի այդ մշակույթը այնքան է ցուցադրվում եթերից, հնչում ամեն անկյունից, որ ապականում է հայի հոգեկերտվածքը: Պատկերացրեք, եթե հաղթենք, ինչքան կողողի դա մեր եթերը:
-«Եվրատեսիլում» Էմմիի եզրափակիչ դուրս չգալու փաստը կապվեց նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետ: Կարծում եք` նրանք իսկապե՞ս խռոված են մեզնից:
-Պարտվելուց հետո պատճառներ գտնելը հեշտ է, հաղթելն է դժվար: Չգիտեմ, տեղյակ չեմ այդ ամենից, բայց սփյուռքը գոնե վիրավորված լինելու իրավունք ունի: Սփյուռքն ինքը հոգածության կարիք ունի: Մեր պետության խնդիրն է սփյուռքի մասին հոգալ, տալ այն հոգեպարար երաժշտությունը, մշակույթը, գիտելիքները, գրքերը, որով կիրականացվի հայապահպան ծրագիր, և ոչ թե բողոքել, թե ձայն չի տալիս, կամ փող չի տալիս:
-«Ազգային մշակույթը խորթ բարեկամի վիճակում է». Ձեր խոսքերն են:
-Խորթ, որբ… Շատ հաճախ լսում ենք` բարձր հովանու ներքո տեղի ունեցավ այս համերգը` սկսած դասականից մինչ ռաբիս, ռոք: Բայց երբևէ լսե՞լ եք, որ բարձր հովանու ներքո Կոմիտասին նվիրված միջոցառում լինի: Ելույթներից մեկի ժամանակ ես հայտարարեցի, որ Կոմիտասը վտարված է հայկական բեմից ու հայկական եթերից: Մինչդեռ սա ազգային անվտանգության խնդիր է: Հայաստանում գոյություն ունի մշակութային ինտերվենցիա, և մեծ գումարներ են ներդրվում ազգային մշակույթը ոչնչացնելու, խեղելու, ազգային մշակույթի կրողներին հետին պլան մղելու, ծաղրելու համար` փտած, ժամանակավրեպ կոչելով մեր մշակույթը: Իսկ այդ մշակույթը հազարամյակներ շարունակ ոչ միայն ապրել է մեզ հետ, այլև ապրեցրել է մեր տեսակը, որովհետև, ավելի քան վստահ եմ, ցեղասպանությունից ոչ մի ազգ չի վերացել, այլ վերացել են ազգային տեսակը կորցնելուց, իրենց մշակույթի, իրենց հոգու հետ աններդաշնակ լինելուց: Եթե կորցնենք մեր տեսակը, կլրացնենք կորսված ազգերի ցուցակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ