Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
29.03.2011 | 00:00

Հանրության շրջանում հաճախացել են այն խոսակցությունները, թե ինչո՛ւ մեր եթերում ավելի ու ավելի են շատանում լեզվական խախտումները, աղավաղումները։ Այս և նման խնդիրների շուրջ է զրույցը ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ:
-Գաղտնիք չէ, որ եթերում քիչ չեն լեզվական խախտումները։ Դեռ ավելին, դրանք բազմաշերտ են։ Բայց այդ մասին չէ իմ առաջին հարցը։ Խնդրում ենք պարզաբանել, ի՞նչ է նախատեսում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը լեզվի մաքրության և անաղարտության պահպանման գործում։
-Օրենքը, ինչը և բնական է, ՀՀ տարածքում հեռարձակվող հաղորդումների լեզու է հռչակում գրական հայերենը, միաժամանակ ընդգծելով, որ հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը։ Իհարկե, օրենքը նախատեսում է բացառություններ, մասնավորապես դա չի վերաբերում ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացներին, երգերին և երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները եթեր հեռարձակելուն, ազգային փոքրամասնությունների լեզուներով կազմակերպվող հաղորդումներին։
-ՈՒրեմն կարելի է մտածել, որ, բացի հայերենից, այլ լեզուներով հեռուստաընկերությունները չեն կարող հաղորդումներ հեռարձակել։
-Իհարկե։ Եթե հեռուստառադիոարտադրանքը` հաղորդումը, կինոնկարը այլ լեզվով է, ուրեմն պետք է այն եթեր հեռարձակել թարգմանությամբ` ձայնային ձևով կամ լուսագրային ներկայացմամբ։ Ավելի պարզեցնեմ միտքս։ Եթե հաղորդումը պատրաստված է օտար լեզվով, պետք է տեսագրության, ձայնագրության դեպքում ունենալ նախօրոք կատարած թարգմանությունը, իսկ ուղիղ եթերի պարագայում նույնը կատարել համաժամանակյա թարգմանության միջոցով։ Կինոնկարների դեպքում պետք է կրկնօրինակում կատարվի, ինչը, օրինակ, իրականացնում են մեր շատ հեռուստաընկերություններ։ Սրա հետ միասին առանձին հեռուստաընկերություններ շարունակում են գեղարվեստական և վավերագրական կինոնկարները հեռարձակել օտար լեզվով, որը օրենքի կոպտագույն խախտում է։
Անկախ հաղորդման տեսակից, եթե դրանք անգամ դրվագներ են, պետք է հայեցի դառնան, այսինքն` թարգմանվեն, ներկայացվեն հայերեն, ինչը շատ հաճախ չեն անում հեռուստաընկերությունները, օրինակ` սինխրոն (համաժամանակյա) խոսքը։ Դեռ ավելին, մեր օրերում հաղորդումներ կան, երբ հաղորդման մեկ կամ երկու մասնակից ոչ հայերեն է խոսում, և ստացվում է հաղորդում երկու լեզվով։ Ավելի անհասկանալի է, երբ հայերենով հարցեր տվող լրագրողին պատասխանում են ոչ հայերեն։ Օրվա ցանկացած ժամի փորձեք անցնել հայաստանյան եթերի տարբեր ալիքներով և կտեսնեք լեզվական այդպիսի խառնաշփոթ և դրանով իսկ խախտումներ։
-Իսկ նման խախտումների համար օրենքով որևէ պատասխանատվություն սահմանվա՞ծ է , թե՞ ոչ։
-Ցավոք, ոչ։ Այնպես է ստացվել, որ շատ երկար ժամանակ, ընդհանրապես, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նկարագրված և առաջ եկող խախտումների համար որևէ պատասխանատվություն չի սահմանված։ Իսկ դա նշանակում է, որ հեռուստառադիոընկերություններն ազատ և հանգիստ կարող են խախտումներ կատարել և պատասխանատվություն չկրել։ Առայժմ միակ ազդեցիկ միջոցը մնում է հանրային պարսավանքը։ Անցած տարի` հունիսի 6-ին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 8-րդ գլխով պատասխանատվություն սահմանվեց հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրության պահանջները խախտելու համար։ Ցավոք, այստեղ էլ մոռացվեց լեզուն, պատասխանատվություն չսահմանելով լեզվական խախտումների համար։
-Ի՞նչ է մնում անել այս պարագայում։
-Հրատապորեն լրացնել օրենսդրական բացը։ Այսինքն` սահմանել պատասխանատվություն լեզվական խախտումների համար, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում։ Լեզվական խախտումների համար պատասխանատվություն պետք է առաջացնել տուգանքների տեսքով` նվազագույն աշխատավարձի 400-ից 500-ապատիկի չափով։ Այսօր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համար աշխատանքային խումբ է ստեղծված, և մենք նրանց ենք փոխանցել մեր առաջարկությունները և հուսով ենք, որ դրանք հնարավորինս արագ կբռնեն Ազգային ժողով տանող ճանապարհը և վերջապես տարիներ անց լեզվական մշակույթի այս հատվածն էլ որոշակիորեն պաշտպանված կլինի, գոնե օրենսդրությամբ։
-Մի կողմից` լեզվական խախտումները և պատասխանատվության բացակայությունը, մյուս կողմից` տիրապետող դարձող օտարամոլությունը եթերը ոչ հայեցի են դարձնում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս վիճակին։
-Ճիշտ եք նկատում։ Ամեն ինչ սկսվում է հեռուստահաղորդումների անվանումներից։ Չգիտես ինչու, մեր հեռուստանախագծեր ստեղծողներին թվում է, թե հաղորդման անվանումը որքան օտարահունչ, հանրության համար քիչ հասկանալի լինի, այնքան գրավիչ կդառնա։ Անկեղծ ասած, այսպես մտածողները չարաչար սխալվում են։ Օրինակներ որքան ասես։ Իհարկե, այստեղ առաջատարը «Դար 21»-ն է` «Նոն-ստոպ», «Ֆայլ-Պրո 24/7», «Fashion կոդ», «Կամոբլոկ-ժամանց», «Desktop»։ Այստեղ օրենսդրական նորմը չպետք է ինչ-որ պահանջներ դնի, այլ բարոյական նորմը. օգտագործենք ոսկեղենիկ հայոց լեզուն ճիշտ, դիպուկ և հասցեական ներկայացնելու և պահպանելու գործում։
Գիտեք, գուցե օտարամոլությունը և լեզվական խախտումները սկսվում են հենց այդպիսի՞ անվանումներից։
-Առանձին հեռուստաընկերություններում արմատացած է այն կարծիքը, որ եթերային լեզուն կապանքներ չպետք է ունենա, անգամ իրեն կարող է «շռայլություններ» թույլ տալ, ավելի ազատ լինել։ Համաձա՞յն եք այս մոտեցման հետ։
-Չգիտեմ` ո՞վ ինչ է մտածում, բայց եթերի լեզուն կրթության և դաստիարակության լեզու է, ուրեմն այն չի կարող կամայական կերպով օգտագործվել, որքան էլ այն բանավոր, խոսակցական լեզու համարվի։ Բակային լեզուն իր դրսևորումներով չպետք է տեղ ունենա ռադիոեթերում կամ տեղափոխվի փոքր էկրան։ Ցավոք, արմատավորվել է մոտեցում, որ եթերի լեզուն պետք է լինի միջավայրի լեզուն` իր դրսևորումներով։ Այսինքն` հնարավորինս պետք է եթեր բերել միջավայրի կենցաղային լեզուն։ Սա թյուր և ոչ ճիշտ մոտեցում է։ Պատահական չէ օրենքի պահանջը` եթերի լեզուն գրական հայերենն է, և այն պետք է անաղարտ լինի։ Եթերի լեզուն պետք է լինի պարզ, հասարակ և ընկալելի, բայց ոչ երբեք պարզունակ, գռեհիկ, փողոցային, բակային։ Վերջին տարիներին այնքան ցածր է սահմանվել մակարդակի ձողը, որ հիմա շատ դժվար է դարձել վերականգնել նախկին մակարդակը, ավանդույթները։
-Կարելի՞ է ասել, որ եթերային անգրագիտությունը սկսվում է լրագրողների լեզվական ոչ այնքան բարձր մակարդակից։
-Թերևս։ Ես էլ լրագրողներ պատրաստող բուհում եմ դասավանդում և ականատես եմ, որ լրագրողական բուհ են գալիս շրջանավարտներ, լեզվական ցածր պատրաստվածությամբ ու կրթությամբ։ Եվ որքան էլ մեծ լինեն ջանքերը, այնուամենայնիվ, անգամ մասնագիտություն սովորելով մինչև վերջ չեն հաղթահարում լեզվական դժվարությունները։ Եվ բնական է, որ նրանցից շատերը լեզվական այդ ցածր մակարդակով էլ հեռուստառադիոընկերություններ են գնում աշխատելու։ Իսկ այնտեղ էլ, կարծես թե, ժամանակ չունեն զբաղվելու լրագրողների գրագիտությամբ։ Մասնագիտական թոհուբոհն այդ հնարավորությունը չի տալիս։ Արդյունքում ունենք այն, ինչ կա` ոչ գրագետ, ոչ բարձրակարգ հայերեն, անգամ բազմաթիվ ուղղագրական սխալներով լուսագրեր։
-Պարոն Երիցյան, ի՞նչ պետք է անել այդ ամենը հաղթահարելու համար։
-Բնականաբար, ժամանակին նկատել սեփական սխալները և փորձել շտկել դրանք աշխատանքի ընթացքում։ Եվ, որպեսզի այդ ամենը ճիշտ և ժամանակին կատարվի, ՀՀ լեզվի պետական տեսչության աջակցությամբ և օգնությամբ լույս է ընծայվել Երջանիկ Գևորգյանի, Սուսաննա Գևորգյանի «Հեռուստառադիոեթեր. լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն» գիրքը, ուր հեղինակները ոչ միայն մանրամասն վերլուծել են եթերային լեզվի մեղանչումները, այլև տվել շատ անհրաժեշտ դեղատոմսերը։ Ընդհանրապես, յուրաքանչյուր լրագրողի համար շատ օգտակար կլիներ թերթել և սերտել այս գրքի դասերը։ Իսկ այդ դասերը եթերում գրագետ լեզու ունենալու հնարավորություն կտան։
-Այսօր կա՞ մեկը, որ եթերում կամ դրանից հետո հնարավորինս արագ մատնացույց անի լրագրողի սխալները, օգնի ուղղելու դրանք։ Նաև այսպես եթերը զերծ պահելով լեզվական խաթարումներից։
-Այսօր եթերին պակասում է խմբագրի մասնագիտությունը, որը նախկինում, այլ գործառույթներից բացի, հոգ է տարել, որ եթերը լինի գրագետ և հայեցի։ Յուրաքանչյուր հաղորդում, հեղինակից, վարողից բացի, ուներ իր այդպիսի խմբագիրը, որն իր պատասխանատվությունն ուներ նաև եթերային գրագիտության համար։ Նախկինում, եթե անգամ ինչ-որ սխալներ էլ սպրդում էին, ապա դրանք վերլուծության էին ենթարկվում, դասեր քաղում, սովորում հընթացս, անգամ եթերում։ Ավելի քան վստահ եմ, որ գրագիտության առումով շատ բան եթերում կարող է փոխվել, եթե մասնագիտական կարողություններով հեռուստատեսություն և ռադիո վերադառնա խմբագիրը` իր լիարժեք իրավունքներով։
-Պարոն Երիցյան, այս ամենին արդյոք չպե՞տք է հետևի նաև Ձեր ղեկավարած կազմակերպությունը, շարունակի ուսումնասիրել եթերի լեզուն, եթե անգամ Ձեզ չի պարտավորեցնում օրենսդրությունը։
-Մենք դա միշտ արել ենք, լեզվական կտրվածքներով ուսումնասիրել տարբեր հեռուստառադիոընկերությունների հաղորդումները, ամփոփագրեր կազմել, որպես ի գիտություն ուղարկել հեռուստառադիոընկերություններին։ Օրինակ, հիմա ուսումնասիրում ենք «Հայլուր» լրատվականի լեզուն։ Անկասկած, մինչև վերը նշված օրենսդրական փոփոխությունները, եթերի վերահսկողության և վերլուծության այս ձևը ևս օգտակար կլինի, թույլ կտա եթերը լեզվական առումով ավելի մաքուր դարձնել և պահել։ Բայց եթերում պատասխանատվությունն ավելի կտրուկ կբարձրանա, եթե օրենսդրական նախաձեռնություններն օրենք դառնան և գործուն նշանակություն ունենան։ Չմոռանանք, որ եթերային սխալներն ունենում են հազարավոր «տպաքանակներ», ուստի չպետք է թույլ տալ, որ դրանք ավելի ու ավելի տիրապետող դառնան։
Զրույցը` Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ