Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Լյուստրացիայի մասին» օրինագծին, 1990-95 թվականներին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում երեկ հիշեցրեց, որ դեռևս 1992-ին ինքը համանման օրինագիծ էր շրջանառության մեջ դրել, որի նպատակները լիովին այլ էին: Ասուլիսից հետո պարոն Բաղդասարյանը պատասխանեց մեր հարցերին:
-Այն ժամանակ պետք էր այդպիսի օրինագծի ընդունումը, քանի որ արդեն քննարկվում էր «ՀՀ նախագահի մասին» օրենքի նախագիծը,- նշեց մեր զրուցակիցը:- Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին վեց ամսով գերլիազորություններ տվեցինք` կառավարություն կազմելու, նախարար նշանակել-ազատելու և այլն: Հենց այդ լիազորությունների շրջանակում սկսեց գործել, պարզվեց, որ նա մեր իմացած մարդը չէ։ Հետո ընդունեցինք «Նախագահի մասին» օրենքը, նախագահ ընտրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին, բոլոր լիազորությունները տվեցինք նրան, պարզվեց` նրան էլ չէինք ճանաչում: Եկավ մի պահ, որ սկսեցինք քննարկել սահմանադրության հարցը: ՈՒսումնասիրելով 24 երկրի սահմանադրություն, փորձեցի դրանցից բխող հետևությունները ներառել մերի մեջ, սակայն շատերը, առաջին նախագահի գլխավորությամբ, դեմ էին դրանց: Հասկացա, որ ամենաակտիվը նրանք էին, ովքեր կարող էին գործակալական ցանցում լինել, ուստի ցանկանում էին թերմաշ սահմանադրություն ունենալ, այսինքն, մի անձի տալ պետության անվտանգության կառավարման ողջ լիազորությունները` պահանջելով Քրիստոսի արդարամտություն: Բայց դու ո՞վ ես, որ Քրիստոս կերտես երկրի վրա:
-Փաստորեն, սահմանադրության բացթողումների՞ց «ծնունդ առավ» Ձեր հեղինակած գաղտնազերծման օրինագիծը:
-Օրինագիծը «ծնվեց», երբ մարդիկ սկսեցին պայքարել այն սահմանադրության համար, որն այսօր ունենք: Պատահական չէ, որ այսօրվա ընդդիմության առաջնորդը երկու տարի առաջ իր ծրագրային ելույթում ասաց, որ սահմանադրությունը խաղալիք չէ, որ ով երբ և ոնց ուզենա, փոխի: ՈՒնենք Սահմանադրություն, դրանով պիտի աշխատենք: Ցանկացած մեկն էլ կուզենա լինել ՀՀ նախագահ, ամեն ինչ իր ձեռքում լինի, բոլորն իրեն ենթարկվեն։ Իսկ ի՞նքը ում պետք է ենթարկվի: Պիտի՞ լինեն հակակշիռներ, որ դեմ կանգնեն նախագահի որոշումներին: Քանի որ այն ժամանակ համարում էի, թե սահմանադրությունը դրսի գործիք է Հայաստանի անկախության դեմ, այդօրինակ սահմանադրության ջատագովներին դիտարկում էի դրսի գործակալներ։ ՈՒստի առաջարկեցի երեքկետանոց նախագիծ, որը կտրականապես մերժեցին։
-«Ժառանգությունը» ևս իր նախագծի հիմնական նպատակներից մեկն է համարում ժամանակին լրտեսական գործունեություն իրականացրած մարդկանց հեռացումը ղեկավար պաշտոններից։ Այս առումով ընդհանրություններ չկա՞ն Ձեր և նրանց նախաձեռնության միջև։
-Արտաքնապես նմանություն կա, ըստ էության` ոչ։ Անմիջապես հարց է առաջանում. իսկ ամերիկյան, պարսկական գործակալն իրավունք ունի՞ պաշտոն զբաղեցնելու, ԱՄՆ-ը ավելի՞ դեմոկրատական երկիր է, քան Ռուսաստանը, թե՞ նրանց ու մեր շահերը համընկնում են։ Որևէ երկրի շահ մյուսի հետ չի համընկնում, այլապես այդ ազգերը կնույնանային։ Այսօր ես չեմ հասկանում` ինչ նպատակներ ունի «Ժառանգությունը», հետո էլ` շատ վտանգավոր տարր է պարունակում նրանց նախաձեռնությունը։ Ազգային անվտանգությունն ունի բազմաթիվ ձևեր` ներքին բամբասանքի, «գործ սարքելու» և այլն, եթե խնդիր դրվի «սարքելու», ապա գործակալին կարող են հրեշտակ սարքել, իսկ ցանկացած մեկին` գործակալ։
-Կարծում եք, սա որոշ մարդկանց ձեռքին գործի՞ք է դառնալու` «գործ սարքելու» առումով։
-Այո։ Ինչ-որ մարդիկ կորոշեն` դու գործակալ ես, թե ոչ։ Եթե ասում են` գործակալները հայրենասեր են, ողջ հարցն այն է, թե ինչ ենք հասկանում հայրենասեր ասելով։ Բարեգործությունը հայրենասիրությո՞ւն է, եթե դու ձրի ատամներ ես բուժում, դրա հետ մեկտեղ մարդկանց կաշին յոթ զոլ քերթում։ Այսօր քաղաքական պայքարը լրիվ այլ դաշտում է, խնդիրը պետական համակարգը փոխելն է, ոչ թե այն պրիմիտիվ դատողությունը, որ եթե նախագահական երկիրը դառնա պառլամենտական, ամեն ինչ ճիշտ ուղու վրա կդրվի։ Կարող ենք պառլամենտական սահմանադրություն գրել, որ վարչապետը դառնա ավելի վատը, ու երանի տանք այսօրվա նախագահին։ Կարո՞ղ ենք այնպիսի երկիր կառուցել, որ մի մարդը օժտված չլինի պետական բոլոր լիազորություններով, երկիրն այդ մի հոգու սխալն ուղղելու, դիմադրելու հնարավորություն ունենա։ Երեք նախագահներից ոչ մեկը սահմանադրությունը չի փոխել այնպես, որ ամեն ինչ հսկողության տակ պահելու հնարավորությունից զրկվի։ Հիմա մենք ընտրել ենք գաղութացման ճանապարհը, ֆորպոստից դեպի գաղութ։
-Ձեր «դեղատոմսը»` ֆորպոստի կամ գաղութացման դեմ։
-Սահմանադրություն փոխելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հայաստանում, արդեն քանի տարի է, արմատացած է կեղծ ընտրությունների ավանդույթը։ Ե՛վ ընդդիմության, և՛ իշխանության ներկայացուցիչները մտածում են, թե ով որքան ձայն կբերի, ոչ մեկը չի ասում, թե այսքան մարդ մեր գաղափարների հետևորդն է։ Հակառակը, ասում են` բարեգործություն են արել, 100 հոգու ատամ են գցել, 90-ը թող ուտող-ուրացող լինի, 10-ը կգա, կընտրի։ Հայաստանը չպիտի ունենա հինգ տարով ընտրված նախագահ: Հիմա ՀԱԿ-ն ասում է` եկեք, միավորվեք իմ շուրջը, մյուսն էլ ասում է՝ դու ո՞վ ես, որ քո շուրջը միավորվեմ, ժամանակին դու չէի՞ր էս-էս-էս բաները անում: Երբ մեկն ասում է՝ հինգ տարով գալու եմ իշխանության, ու եկեք իմ շուրջը միավորվենք, երբեք այդ համախմբումը տեղի չի ունենա: Պիտի ասել, որ անցումային շրջանի ժամանակավոր իշխանություն ենք ձևավորում ու հետևյալ խնդիրներն ենք լուծում. կառավարման համակարգի փոփոխություն, ընտրությունների ազատականացում: Եթե ընտրություններով իշխանությունները քաղաքական պատասխանատվության ենթարկվեն, հաջորդ իշխանություններն ավելի խելացի կլինեն: Մեզ մոտ ընտրություններով իշխանափոխություն չի եղել, դրա համար հաջորդը միշտ ավելի վատն է:
-Այսօր գրեթե բոլոր ուժերը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու նպատակով միավորման կոչեր են անում, բայց համախմբում տեղի չի ունենում:
-Համախմբվեն, որ էլի ինչ-որ մեկը ղեկավա՞ր դառնա, հինգ տարի այս համակարգը, լիազորություններն օգտագործի, դառնա դոմինանտ, մյուսը հայտնվի լուսանցքո՞ւմ: Ոչ թե հանուն արդար ընտրությունների պիտի միավորվել, այլ մի մեծ ծրագրի, որը կապահովի ոչ միայն արդար ընտրություններ, այլև համակարգի փոփոխություն: Հայաստանում կարևորը նախագահական ընտրություններն են:
-Սակայն միշտ էլ խորհրդարանականն է ուղղորդողը լինում:
-Նախագահական ընտրությունները լակմուսի թուղթ են՝ սև ու սպիտակ, մերոնք-ձերոնք: Այս ընտրությունն է, որ հասարակությունը բաժանում է երկու մասի: Տեսել եմ, թե ինչպես է այսինչ քաղաքական ուժի դեմ պայքարող թաղի տղան նախագահականի ժամանակ ճիշտ հակառակ դիրքում հայտնվել: Ազատ, անկախ ընտրությունների շուրջը երբեք չեն միանա, որովհետև 1995-ին 12 կուսակցությունների առաջին միավորումը եղավ, բայց այդ միավորման յուրաքանչյուր կուսակցություն կեղծում էր մյուսի դեմ, որ ինքը շատ ձայներ հավաքի: Հայաստանի ցանկացած քաղաքական գործչին հինգ տարով նախագահ դարձրու, տուր այս լիազորությունները, մի տարի հետո էլի բոլոր թերթերը կգրեն` ինչ վատ բաներ է անում։
-Վերադառնանք «Ժառանգության» նախաձեռնությանը. Դուք կարծիք հայտնեցիք, որ հինգ օր հետո դա կմոռանան: Ի՞նչ եք կարծում, եթե կուսակցությունների նախաձեռնություններն այդպիսի ճակատագիր են ունենում, Հայաստանի իշխանական և ընդդիմադիր ճամբարները համակարգը փոխելու բարոյաքաղաքական կամք կարո՞ղ են դրսևորել:
-Ցավոտ հարց է, քանի որ այսօր Հայաստանում ամեն ինչ ծառայում է ներքաղաքական կոնյունկտուրային և արևի տակ տեղ գրավելուն: Ամենախիստ ընդդիմադիր գործունեությունը, որ հարթակներում էր, մարեց, սառեց: Եթե քաղաքական ուժերի խնդիրը սահմանադրություն փոխելը չէ ու ժամանակավոր իշխանության ձևավորումը, ոչ մեկին չեն կարող միավորել: Ինտրիգային քաղաքականությունը, որի հիմքը դրվել է 90-ականներին, իհարկե, արդյունք չի տա: Եթե այս օրինագիծն էլ ստեղծվել է ինտրիգային քաղաքականության մեջ տեղ ունենալու համար, նույն անօգուտ զբաղմունքն է:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ