Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«ԳՆԵՐԻ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՈՒ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է»

«ԳՆԵՐԻ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՈՒ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է»
01.12.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-2010-ի բյուջեի նախագիծը մի բառով ինչպե՞ս կբնորոշեիք:
-2010-ի բյուջեն 2009-ի համեմատ անվանեցին կայունացման բյուջե:
-Իսկ 2011-ի՞ համեմատ:
-Բյուջեի և ամբողջ տնտեսական քաղաքականության իրական խնդիրը, բոլոր ճիգերը գործադրելով, իրավիճակը կայունացնելն է, որպեսզի կարողանանք կենսամակարդակով զգալ ու տնտեսության վիճակի ցուցիչներով համոզվել, որ ճգնաժամի ստորին կետին հասել ու անցել ենք և սկսում ենք աճի քայլեր անել: Կառավարության գնահատմամբ նախատեսվում է 1,2 տոկոս աճ: Թերևս կառավարությունը համեստ ցուցանիշներ է ընտրել` մտածելով, որ ավելիին հասնելը լավ է ու լավ: Ես կիսում եմ կառավարության այն հույսը, որ լայնածավալ վարկային ներարկումները, որոնք 2009-ին չհասցրին դրսևորվել, 2010-ի գարնանը և ամռանն իրենց արդյունքները զգալի կդարձնեն: Այդ իմաստով` բյուջեի նախագիծն իրատեսական եմ համարում: Եթե «կայունություն» բառն ամբողջ բովանդակությունը չի արտահայտում, ապա կբնութագրեի «չափից ավելի համեստ իրատեսական բյուջե»:
-Չափից ավելի համեստ իրատեսական բյուջեն և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը փոխպայմանավորվա՞ծ են: Հիմա տնտեսությանն առնչվող բոլոր թեմաները համաշխարհային մակարդակով անցնում են ճգնաժամի ոսպնյակով: Բյուջեն պահպանելո՞ւ է եղածը, թե՞ օգնելու է այս վիճակից դուրս գալուն:
-Յուրաքանչյուր նպատակասլաց տնտեսական գործունեություն անպայման նպաստում է պարույրի նոր գալար դուրս գալուն: Շատերը գուցե կասեն` այն ժամանակ, երբ ճգնաժամը նոր էր ի հայտ գալիս, իշխանավորներն անընդհատ ասում էին, որ Հայաստանում ճգնաժամ չկա, հիմա հակառակն է` ինչի մասին խոսեն, առանցքը ճգնաժամն է: Նման ճգնաժամ թերևս չի եղել ճգնաժամերի պատմության մեջ` կյանքի բոլոր ոլորտներ դրա ներթափանցումով ու ընդգրկումով: Ճգնաժամը գլոբալ է, սկսվելով ԱՄՆ-ում` արագ տարածվեց և դարձավ համաշխարհային: Մինչ այս եղել են ռեգիոնալ ճգնաժամեր։ Այս ճգնաժամը բազմակողմանի է, ներառում է տնտեսության բոլոր ճյուղերը։ Հիպոթեքային սկիզբ ունենալով` դարձավ ֆինանսական, հետո` տնտեսական, և հեռանկար ունի վերաճելու սոցիալականի: Վերջապես այս ճգնաժամը նաև անօրինակ խորքային է։ Վերցրեք տասնամյակների վիճակագրությունը. կապիտալիստական աշխարհը չի հիշում տարեկան ռեցեսիա, իսկ հիմա արձանագրվեց, նաև արձանագրվեց ֆոնդային շուկաների անկում, նավթի, մետաղների, այլ հումքատեսակների գների անկում... Մի երկու օր առաջ ծանրամարտի աշխարհի առաջնությունում շատ հետաքրքիր երևույթ դրսևորվեց. բոլոր մարզիկները նախապես հայտարարված ծանրությունը չկարողացան հաղթահարել, նույնիսկ այն ծանրաձողերը, որոնք նախորդ առաջնություններում իրենց հաղթանակ էին բերել:
-Մարզական նահա՞նջն էլ ճգնաժամի հետևանք է:
-Կարծում եմ` շատերն այդպես կբացատրեն և ճշմարտությունից հեռու չեն լինի: Ինչքանո՞վ բյուջեն կօգնի հաղթահարելու ճգնաժամը: Այնքանով, որքանով մեր ջանքերը և իրականացվող քաղաքականությունն ուղղված են դրան: Այնքանով, որքանով, ինչպես ասաց ՀՀ վարչապետը, անցյալի դասերի ուսումնասիրությունը կնպաստի օգուտներ քաղելուն և թերությունները վերացնելուն: 2009-ի տնտեսության մեջ ներդրվեցին բավականին լուրջ վարկային ռեսուրսներ, որոնք ՀՀ-ի համար էական թվեր էին: Այլ երկրների համեմատ մենք չունեինք կայունացման կամ պահուստային ֆոնդեր, բայց վարկային ներդրումները, ժամանակային կտրվածքով, իրենց հիմնական արդյունքը տալու են 2010-ին:
-Վարչապետը բյուջեն ներկայացնելիս ասաց, որ մեր տնտեսությունը սակավ դիվերսիֆիկացված է, դա արձանագրվեց ապագայո՞ւմ քայլեր անելու համար, թե՞ 2010-ին արդեն հնարավոր է այդ խնդիրը լուծել:
-Մեկ տարում հնարավոր չէ լուծել այն բոլոր խնդիրները, որոնց մասին վարչապետը խոսեց: Այդ խնդիրները պիտի լինեն Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնաքարերը և հիմնական ուղղությունները: 2009-ի դասերի շրջանակում վարչապետի կատարած վերլուծությունը շատ ճիշտ ու կարևոր է, բայց այդ դասերից ճիշտ պտուղներ քաղելու համար դեռևս մեծ աշխատանք պիտի կատարվի:
-2010-ին գների աճ սպասվո՞ւմ է:
-Իրադարձությունները ցույց են տալիս, որ գների աճը Հայաստանում հիմնականում անկանխատեսելի ու անկառավարելի է. կարճ ժամանակում մեծ թռիչքներ կարող են լինել: Տնտեսության մենաշնորհային բնույթը, օլիգոպոլիաների առկայությունը թույլ են տալիս հեշտությամբ, շուկայի մասնակիցների ներքին պայմանավորվածությամբ արագ ներգործել գների վրա: Իհարկե, նաև ճանապարհային հաղորդակցության լուրջ խնդիր ունենք. յուրաքանչյուր ապրանք, որ մտնում է Հայաստան, ինքնարժեքի հոդվածների մեջ ունի մի շատ պատկառելի հոդված` ճանապարհածախսը: Որպես կանոն, բոլոր բացատրություններն այս շրջանակում են պտտվում: Բայց ճգնաժամի ժամանակ համաշխարհային շուկայում նավթի գինը երեք անգամ նվազեց, Հայաստանում վառելիքը չէժանացավ: Ցորենի կամ ալյուրի համաշխարհային գները շոշափելի փոխվեցին, Հայաստանում ո՛չ այդ ապրանքատեսակների, ո՛չ հացի էժանացում չեղավ, եթե չասենք հակառակը: Այսինքն` էական խաթարումներ կան, և ժամանակակից աշխարհում, երբ երկրագնդի մի անկյունում կատարվածը կես ժամից ամբողջ աշխարհին է հայտնի, Հայաստանի քաղաքացին արդարացիորեն կարող է հարցնել` ինչո՞ւ համաշխարհային շուկան ու հայկական շուկան նման տարբերություններ ունեն, ինչո՞ւ, երբ ամբողջ աշխարհում գներն իջնում են, Հայաստանում բարձրանում են: Հենց այստեղ ես գործունեության մեծ դաշտ եմ տեսնում և հույս ունեմ, որ մասնագիտական համապատասխան կառույցները, հատկապես հակամենաշնորհային հանձնաժողովը, ավելի գործունակ կդառնան և կկարողանան ոչ միայն արագ արձանագրել, այլև արագ արձագանքել նման դեպքերին: Հարկային-մաքսային մարմինները ևս մեծ աշխատանք ունեն ստվերից տնտեսությունը հանելու, գերշահույթները հարկելու ուղղությամբ:
-Հակամենաշնորհային հանձնաժողովը փորձեց կանխել դեղերի գների ֆանտաստիկ աճը, բայց նույնիսկ ամենահասարակ դեղամիջոցները չզիջեցին իրենց նվաճած գնային բարձունքները:
-Այդ և մի քանի այլ շուկաներում դեռևս փոփոխություններ են սպասվում, որոնց արդյունքները, կարծում եմ, բոլորս կզգանք:
-Այնուամենայնիվ, ի՞նչ բացահայտեցին 2009-ի դասերը, որ մենք չգիտեինք:
-Վարչապետը թվարկեց խնդիրների լայն շրջանակ, որոնց լուծումը շատ կարևոր է 2010-ին արդյունքներ ունենալու համար: Կառավարությունն օպերատիվ աշխատեց 2009-ին` ամբողջ ընթացքում գտնվելով ժայթքելու պատրաստ հրաբխի վրա, ամենօրյա փոփոխությունների ռեժիմով, գնահատենք դա, բայց և հասկանանք` այդ աշխատանքը որքա՞ն է արդյունավետ եղել: Սովորաբար մենք չենք գնահատում, պարզապես բավարարվում ենք նրանով, որ երկիրը կարողացել է ալիքի վրա մնալ: Դրա համար շնորհակալ ենք, բայց ամե՞ն ինչ է այնպես արված, որ ոչ միայն չսուզվենք, այլև կարողանանք առաջ գնալ: 2009-ին ձեռնարկված քայլերի հայելին 2010-ին է բացվելու: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կապված են ռեալ սեկտորի հետ: Այսօր ավելի շատ դրամավարկային, մակրոտնտեսական, ֆինանսաբանկային խնդիրների լուծումով ենք զբաղված, մինչդեռ ռեալ սեկտորի բազմաթիվ խնդիրներ օրհասական վիճակում են: Ինչքան էլ ֆինանսաբանկային հատվածը կարևոր է տնտեսության համար, բանալին ռեալ սեկտորն է: Բանկերն են ստեղծված տնտեսության համար, ոչ թե տնտեսությունը` բանկերի: Բանկերը կոչված են սպասարկելու տնտեսությունը, տնտեսությունն է պահանջարկի հիմնական կրողն ու արդյունք ապահովողը: Եթե բանկային համակարգում լինի այն գիտակցությունը, որ տնտեսավարողի հաջողությունն իրենց հաջողությունն է, միայն այդ ժամանակ մեր բանկային համակարգը դեմքով կդառնա դեպի տնտեսությունը, հասկանալով, որ իր շահն այնտեղից է գալիս:
-Բանկային համակարգն իր խնդիրներով ու դրանց լուծման մեխանիզմներով թվում է պետություն պետության մեջ: Ինչո՞ւ:
-Պետությունը լավ գիտակցում է բանկային համակարգի կարևորությունը ողջ տնտեսության համար, և օրենքներով, պաշտպանիչ մեխանիզմներով հատուկ պայմաններ ստեղծվեցին բանկային համակարգի կայացման համար. դա արտացոլված է և՛ օրենսդրության, և՛ քաղաքականության մեջ: Իրականում դա արդարացի է, որովհետև բանկի կործանումը բոլորի կործանումն է` ավանդատուների, տնտեսավարողների, վարկառուների... Դա երկար շղթա է: Եվ այն հանգամանքը, որ արդարացիորեն հատուկ վերաբերմունք դրսևորվեց բանկային համակարգի նկատմամբ, պիտի ճիշտ գնահատվի, ճիշտ վերլուծվի ու իր արդյունքները տա: Բայց այսօր դեռ բանկերի զգալի մասում մտածում են, որ հիվանդն է ստեղծված բժշկի համար, ոչ թե բժիշկը` հիվանդի: Եվ ստացվում է, որ օպերատիվ շտաբ, վարկային ծրագրեր, տնտեսության մեջ մեծ ռեսուրսներ ներարկելու համար` ցածր տոկոս, երկար ժամկետ, էժան փողեր, այս ամենն ունենք շղթայի սկզբում, երբ կառավարությունը հայտարարում է նպատակները և գործողություններ իրագործում այդ նպատակներին հասնելու համար, իսկ երբ քայլ առ քայլ իջնում ենք ներքև ու հասնում ենք կոնկրետ գործարարին, որ կոնկրետ բանկից իր վարկային կոնկրետ ծրագիրը ներկայացնելով ուզում է վարկ ստանալ, տեսնում ենք, որ շատ տարբեր պատկեր է` ռեալ դրույքաչափի, ժամկետների, վարկային ծրագրի ներկայացումից մինչև վարկավորում գործադրված ջանքերի ու պահանջված ժամկետի առումով: Մեծածավալ վարկային ռեսուրսներ բերելուց հետո ամենաուշը ե՞րբ պիտի արդյունք ստանանք, վարկերն ինչքա՞ն ժամանակում պիտի հասնեն կոնկրետ հասցեատիրոջը, որ սկսեն աշխատել, նրան էլ ինչ-որ ժամանակ է պետք հետադարձը ունենալու համար:
-Վարկերի կարիք ունեն մե՞ծ ձեռնարկությունները, թե՞ փոքր ու միջին:
-Զարգացման ծրագրերի, երբեմն էլ պահպանման համար` երկուսն էլ: 2009-ին կառավարությունն աննախադեպ ուշադրություն է դարձրել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Թերևս նման աննախադեպ վերաբերմունք նորանկախ Հայաստանի պատմության մեջ չենք ունեցել ո՛չ վարկային ռեսուրսների ներարկման իմաստով, ո՛չ կառավարության ուշադրության. մասնավորապես ընդունվեց աննախադեպ որոշում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստուգումների սառեցման մասին: Հարկային բարեփոխումով 58,5 միլիոն դրամի շեմ դրվեց հարկատուների համար: Նման վերաբերմունք չի եղել անգամ տնտեսական վերելքի տարիներին:
-Արդյո՞ք դա փոքր ու միջին ձեռնարկությունների համար բավարար օգնություն է եղել` ճգնաժամի պայմաններում գործունեությունը շարունակելու համար:
-Ճգնաժամը մի իրավիճակ է, երբ առավելապես կարևորվում է սպառողական պահանջարկը: Տնտեսության համար գլխավոր խնդիր են դարձել շուկաները: Սպառման շուկաների ապահովման խնդիրներով զբաղվում են երկրների կարևորագույն կառույցները: ՀՀ-ում այս տարի Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ շատ հետաքրքիր ծրագիր գործարկվեց` պանրագործական արտադրանքը շուկաներում առաջ մղելու նպատակով: Գյուղատնտեսական արտադրողների մի ստվար զանգված հայկական հրաշալի բնաշխարհի պայմաններում գյուղմթերքներ է արտադրում, բազմազան տեսականիով ու հրաշալի որակով, որը դրսի շուկաներում առաջ մղելն առաջնակարգ խնդիր է, որովհետև ներսի փոքր շուկան սահմանափակ պահանջարկ ունի: Հիմնականում գյուղմթերքների արտադրությամբ զբաղվում են փոքր ձեռնարկությունները, որոնք իրենց ուժերով չեն կարող լուծել շուկայում այդ ապրանքատեսակի հաստատման խնդիրը: Դա և՛ շատ ծախսատար է, և՛ մասնագիտական որակներ է պահանջում, և՛ ժամանակ։ Բնական է, որ փոքր ձեռնարկատերերը չունեն այդ հնարավորությունը: Եթե այսօր պետական կառույցները չօգնեն, այդ հարցում հաջողություն չենք ունենա: Կառավարությունը միայն պանրի հարցով զբաղվեց, բայց ինչքան նման արտադրատեսակներ կարող են հայաստանյան ընկերություններն առաջարկել: Դրսի շուկաների նվաճումը երկրի տնտեսության համար շատ կարևոր խնդիր է, և կառավարությունը պետք է աջակցի: Նույնն է քաղցրահամ ջրերի դեպքում: Բազմաթիվ շշալցնող կազմակերպություններ կան, բազմաթիվ լեռնային աղբյուրներ, համային բարձր ցուցանիշներ... Բայց շատ դժվար ու ծանր է դրսի շուկաներ մուտք գործելը: Հույս ունենալ, որ բազմատեսակ ջրերի շշալցնող կազմակերպությունները կարողանալու են ինքնուրույն, իրենց ուժերով նման ծրագրեր իրագործել, ռեալ չէ: Զարգացման հայկական գործակալության, մասնագիտացված այլ կառույցների կարիքը կա: Նույնը` ընդերքը. տասնյակ քարատեսակներ կան` բազալտ, ֆելզիտ, տրավերտին, տուֆ, մարմար, գրանիտ։ Միջազգային շուկաներում ինքնահաստատման համար ոչ մի փոքր ձեռնարկություն չի կարող միայնակ հարցեր լուծել: Նույնը` ձկնամթերքը. փոքր բիզնեսի տասնյակ ընկերություններ ձկնաբուծությամբ են զբաղված, այդ արտադրանքը սպառել ներքին, փոքր շուկայում արդյունավետ չէ: Արտահանումն ապահովելը շատ կարևոր է պետության համար, որովհետև մեծ թվով աշխատատեղեր են և լուրջ եկամուտներ կարող են լինել տնտեսությունների, պետության համար: Ես ընդամենը մի քանի օրինակներ բերեցի, բայց ինչքան ոլորտներ կան, որ պետական նպատակային աջակցության կարիք ունեն` դրսի շուկաներում առաջխաղացման համար:
-Հայաստանին 1,5 միլիարդ դոլարի վարկ է հատկացվել, ինչպե՞ս ենք փակելու այդ պարտքերը: Հնարավո՞ր է, որ հետագայում դա դառնա Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն:
-Երբ ՀՀԿ-ն առաջին անգամ ստանձնեց երկրի կառավարումը, շատ ավելի ծանր տնտեսական և ընդհանուր ճգնաժամի մեջ էինք` թե՛ արտադրության անկման, թե՛ արտաքին և ներքին, բյուջետային պարտքերի իմաստով... Նշեք որևէ ոլորտ կամ ցուցանիշ, որով 8-10 տարի առաջ վիճակն ավելի լավ է եղել: Կարեն Դեմիրճյանի նշած հանրահայտ փոսը հիշո՞ւմ եք. ոչ միայն դուրս եկանք այդ փոսից, այլև հասանք երկնիշ աճի...
-Գուցե նախկինում էլ այդքան վարկեր մտել են Հայաստան, բայց ճգնաժամի պայմաններում դրանց գինը փոխվում է։ Կաշխատի՞ տնտեսությունն այնքան, որ հանգիստ վերադարձնենք պարտքերը:
-Նախկինում մենք ավելի շատ վարկ և վարկային պարտավորության բեռ ենք ունեցել և կարողացել ենք փակել: Իհարկե, դա հեշտ չէ ու լավ չէ, բայց վիճակն անելանելի չէ, վիճակը կառավարելի է և վերահսկելի, այսօրվա ամբողջ վարկային ռեսուրսը պիտի աշխատի արդյունքի վրա:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ