38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՅՆ ՏԵՍԱԿԸ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՈՒՂԵԿՑԵԼ Է ՄԵԶ, ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ»

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՅՆ ՏԵՍԱԿԸ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՈՒՂԵԿՑԵԼ Է ՄԵԶ, ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ»
02.03.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԸ
-«Գրական թերթը» կորցրել է իր ընթերցողին, պատճառն ընթերցանության, գրականության նկատմամբ հետաքրքրության պակա՞սն է, թե՞ մշակութային, գրական կյանքն է պասիվացել, ըստ այդմ, ասելիք չունի նաև թերթը:
-Ոչ միայն Հայաստանում, ողջ աշխարհում քննարկվում է մի հարց` մշակութային ճգնաժամը մի՞ֆ է, թե՞ իրականություն: Եթե ժամանակին կային հայտնի անուններ` Պիկասո, Դալի, Հեմինգուեյ, Սարտր…, այսօր նման անուններ չկան, և սա խոսում է այն մասին, որ ինչ-որ բան մշակույթում այն չէ: Վերադառնանք այն հարցին, թե ինչու են պակասել «Գրական թերթի» ընթերցողները: Թերթը ժամանակին ունեցել է մեծ տպաքանակ (մինչև 100000), և եթե չէիր հասցնում ձեռք բերել, կրպակներում վերջանում էր, պիտի «տակից գնեիր»: «Գրական թերթը», որպես մշակութային թերթ, ինչ-ինչ արտոնություններ ուներ և կարողանում էր բարձրացնել խնդիրներ, որոնք մյուս թերթերում արգելված էին: Այսօր մամուլն այնպիսին է, որ կարևոր չէ` ով ինչ է անում, բոլորն էլ ինչ ասես գրում են, իսկ «Գրական թերթը», իր բնույթից ելնելով, պիտի խոսի մշակույթից, գրականությունից: Ընթերցանության պակասը միայն Հայաստանում չէ. նախկինում «Լիտերատուրնայա գազետան» տպագրվում էր մոտ մեկ միլիոն օրինակով, այսօր հիսուն հազար տպաքանակ ունի: Եթե գիրք չեն կարդում, ինչո՞ւ պիտի գրքի մասին կարդան: Այսօր մեր իրականության մեջ, մեր միջավայրում մշակույթն ու գրականությունը լուսանցքային են դիտվում: Գուցե ասեն` այդքան միջոցառումներ են լինում… Սակայն մշակութային քաղաքականությունը միջոցառումը չէ: Մշակութային քաղաքականությունը հոգեբանության վրա ազդելու, մշակույթը կենսաձև դարձնելու միջոց է: Մի բան, որ այսօր, փաստորեն, չկա. ո՛չ պետական քաղաքականությունն է այդ ուղղությամբ աշխատում, ո՛չ էլ գրողները: Եվ հետո, եթե չկա պահանջարկ, մի տեսակ թևաթափ ես լինում, ուզում ես, որ այն, ինչ անում ես, պետքական լինի, անհրաժեշտ, փնտրվող: Զարմանալի չէ, որ մեր թերթի տպաքանակը նվազել է` հասնելով հազարի: Նախկինում խմբագրությունը 25 ստեղծագործական աշխատող ուներ, այսօր երկու-երեք հոգով ենք աշխատում, ո՛չ նկարիչ ունենք, ո՛չ համապատասխան տեխնիկա… Գագիկ Ծառուկյանը սկսեց շահագրգռել մարզիկներին, մեր աչքի առաջ իրականությունը փոխվեց: Այսօր մարզիկը փորձում է բարձր արդյունքներ գրանցել, որովհետև գիտի` որոշակի առավելություններ կունենա, որոշակի դիրքեր կգրավի: Այսօր մեր մշակույթի նկատմամբ այդ վերաբերմունքը չկա:
-Ի դեպ, թերթից դժգոհում են նաև գրողները:
-Ասեմ, որ դրանք անհատական կարծիքներ են: Գրողները շատ հետաքրքիր «ժողովուրդ» են. այն համարը, որտեղ իրենց գործերն են տպագրվում կամ իրենց մասին որևէ նյութ, պարզվում է, շատ լավն է, բայց, բնական է, սուբյեկտիվ ընկալմամբ: Իսկ ընդհանուր առմամբ գրողները կարդում են թերթը, զանգահարում. և՛ քննադատություն եմ լսում, և՛ գնահատանքի խոսքեր:
-Հայաստանի գրողների միության 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասվեց, որ ջանքեր են գործադրվում գրական մամուլի համար ստեղծելու հոնորարային հիմնադրամ:
-Բոլորիս ցանկությունն է, որ գրողները բարձր հոնորար ստանան, բայց ֆինանսական աղբյուրներ են պետք, հովանավորներ, որոնք դեռևս չկան:
- Երբեմն խմբագիրները կառչում են թերթի կամ ամսագրի հարուստ կենսագրությունից, այն դեպքում, երբ փառավոր ճանապարհ անցած մամուլը հայտնվում է հետնապահի դերում, «աուտսայդերները» դառնում են առաջատար։
-Ոչ մի թերթի կենսագրություն չի կարող փրկել նրան, եթե այսօրվա վիճակն է ծանր։ Որովհետև հինը հին է, որքան էլ կարոտախտով հետ նայենք, թե ինչ տպաքանակներով էինք հրատարակվում: Հասարակարգ է փոխվել, խորհրդային տարիներին ուրիշ խնդիրներ կային, այսօր` բոլորովին այլ։ Շատերն ասում են` «Գրական թերթը» պատի թերթ է դարձել, չի գոհացնում իրենց, բոլորը ցանկանում են ինչ-որ լավ բան, բայց կոնկրետ ի՞նչ` իրենք էլ չգիտեն: Խոսքը միայն գրողների մասին չէ, այլ մեր հասարակության: Ասում են` լավ լինի, բայց այդ լավի միջոցը, կաղապարը, բովանդակությունը, ձևը չեն պատկերացնում: Ես այդ դժգոհությունները լուրջ չեմ ընդունում. և՛ լավը, և՛ վատն իրենցից են կախված, ի վերջո, չկա այնպիսի խմբագիր, որ լավ նյութը մերժի:
-Ի՞նչ կասեք գրական հեղինակությունների մասին:
-Կուզեի, որ այսօր այդ հեղինակությունները շատ լինեին, նրանք ավելի խորքից են զգում իրականությունը, ժամանակը և ավելի գրագետ ու տրամաբանված են ներկայացնում նյութերը: Այսօրվա սերունդը մեծանում է անտարբերության միջավայրում, ինչն արտացոլված է նաև նրանց գործերում (միայն գեղարվեստական գործերի մասին չէ խոսքը): Ես ինքս միշտ դեմ եմ եղել հեղինակություն կոչվածին, բայց փաստը ցույց է տալիս, որ նրանք պատահականորեն չեն դարձել հեղինակություն (խոսքը խորհրդային «ուռճացված» հեղինակությունների մասին չէ):
-Իսկ եթե «հեղինակության» նյութն իրականում մերժմա՞ն է ենթակա։
-Անպայման մերժում եմ։
-Յուրաքանչյուրն իր աշխատանքի դիմաց այս կամ այն չափով վարձատրվում է, զարմանալի է, որ գրողները, եթե նույնիսկ չեն վարձատրվում, միևնույն է, գրում են, տպագրվում` իրենց խոսքը հասցնելով ընթերցողին:
-Իսկ որ պիես ես բեմադրում ու ոչինչ չե՞ս ստանում… Հեղինակային իրավունքների կոմիտեն, չգիտես ինչու, զբաղված է միայն շոու բիզնեսի հարցերով, այն ներկայացնողների հեղինակային իրավունքները պաշտպանելով:
-«Գրական թերթը», լինելով ՀԳՄ պաշտոնաթերթ, կարողանո՞ւմ է գործել ազատ, կախվածության մեջ չէ՞ «իշխանությունից»:
-Իշխանություն ասվածն է աբսուրդ, իշխանություն չկա, բայց թերթն էլ ազատ չէ, ոչ թե այն պատճառով, որ պաշտոնաթերթ է, վերահսկվում է, այլ որովհետև գրողների միության անդամները մտածում են` սա իրենց թերթն է, և իրենք նույնքան իրավունք ունեն թերթի նկատմամբ, որքան խմբագիրը: ՈՒզում են, որ իրենց առնչվող ամեն բան տեղ գտնի թերթում, ինչն ավելի մեծ ճնշում է: Որովհետև ոչ միայն զուտ տեխնիկական, այլև բարոյական ճնշման տակ ես անընդհատ: ՈՒրիշ բան, որ ուշադրություն չես դարձնում, բայց ջուրը, երբ կաթ-կաթ թափվում է, ի վերջո, ինչ-որ տեղ վնասում է:
-Դուք ո՞ր թերթերն եք կարդում:
-Գրական մամուլը շատ չէ, և բոլորն էլ կարդում եմ:
-Իսկ այդ «քիչ մամուլից» ո՞րն եք հավանում:
-Եթե ասեմ մեկը չեմ հավանում, մեր թերթն էլ պիտի չհավանեմ: Որովհետև այդքան չեն տարբերվում իրարից (մակարդակի առումով)։ Մենք բոլորս նույն գործն ենք անում, նույն հեղինակներն են տպագրվում: Իրենց բնույթից ելնելով` գուցե որոշ տարբերություններ կան: «Գրական թերթը», օրինակ, շաբաթաթերթ է, հաճախակի պիտի լույս տեսնի, հրատապություն, տեղեկատվություն պիտի ապահովի, ինչը մյուս թերթերի համար պարտադիր չէ:
-Բայց հաճախ քննադատություններ են հնչում միմյանց հասցեին:
-Բանավոր` գուցե, գրավոր` չեմ հանդիպել: Իսկ ինչը գրավոր չէ, այնքա՜ն հեշտ կարելի է ժխտել:
-Ինչպես ասացիք, ինքներս էլ չգիտենք` ի՞նչ ենք ուզում, բայց և այնպես, այսօր կան պարբերականներ, որ ունեն ընթերցող ու որոշակի պահանջարկ. գուցե հենց դա՞ է ընթերցողի ուզածը:
-Այսօր մենք դարձել ենք վամպիրներ: Ընթերցողն արյուն է ուզում: Առանց ինտրիգների, սենսացիայի որևէ մամուլ չի կարող ընթերցող ապահովել: Երևի սոցիալական վիճակով է պայմանավորված: Բացի այդ, դրսից շատ են ուղղորդում: Նույն պատկերը կարելի է տեսնել հեռուստատեսությամբ: Պրոպագանդվում են բռնություն, բարոյահոգեբանական կասկածելի արժեքներ սերմանող հաղորդումներ, ֆիլմեր: Հետաքրքիրն այն է, որ այսօր դրանք են խրախուսվում և ֆինանսավորվում: Դրա համար էլ նորմալ գիր ու գրականության հետևից ոչ ոք չի գնում: Երբեմն ասում են` ժամանակակից գրողները լավ չեն գրում, դեմ չեմ, բայց դասականներին էլ չեն կարդում, նրա՞նց ինչ եղավ, լավ, հայերին չասեմ, իսկ արտասահմանյան դասական գրականությո՞ւնը, որ դարերով եկել է, միլիոնավոր ընթերցողներ է իր հետևից բերել… ինչո՞ւ չեն կարդում: Որովհետև պրոպագանդվում է ուրիշ բան, ուրիշ արժեքային համակարգ է իշխում: Եվ հետո վատը գայթակղիչ է, լավը լավ է, բայց հետաքրքիր չէ, ինչպես ճշմարտությունը հետաքրքիր չէ, սուտը կարող ես անընդհատ հորինել, ձևափոխել: Գրողը նորից արևածագ թող գովերգի, ո՞ւմ է հետաքրքիր:
-Գուցե նո՞ր խոսք է պետք, նոր շունչ։
-Մշակութային ճգնաժամի պատճառն այն չէ, որ մարդիկ փոխվել են, ավելի վատը դարձել, պարզապես, մշակույթի այն տեսակը, որ մինչև հիմա ուղեկցել է մեզ, սպառել է իրեն: Աստիճանաբար ձևավորվում է տեխնոմշակույթ: Մենք դա առայժմ դժվար ենք յուրացնում, որովհետև իներցիայի ուժը շատ կենսունակ է, հինը դեռ պիտի շարունակվի: Քրիստոնեությունը վերացրեց հեթանոսական արժեքները, նոր արժեքային, հոգևոր համակարգ ներմուծեց, բայց մինչև այսօր էլ հեթանոսական ինչ-ինչ սովորույթներ մեզ հետ են: Ինձ թվում է այդ «ձևափոխման» շեմին ենք, երբ մեզ պետք է ղեկավարի տեխնիկան, մեր մշակութային ծարավը, ցանկությունները պիտի բավարարի տեխնիկամշակութային մի հիբրիդ:
-Կարծում եք` բնականո՞ն ընթացք է:
-Չեմ կարող ասել, բայց որ արդեն դրա մեջ ենք, փաստ է: Համակարգիչները, նորանոր տեխնիկաներն են ղեկավարում մեր կյանքը։
-Ասում են` ամեն բան, այդ թվում` թերթը, ամսագիրը, ունի իր ծնունդը, սկիզբը, ընթացքը և վերջը, արդեն ծերացած թերթից նոր բան չենք կարող սպասել:
-Նույն անունով, նույն կառուցվածքով, նույն բովանդակությամբ թերթը, իհարկե, արդեն հետաքրքիր չէ:
-Իսկ հնարավո՞ր է վերափոխել, նորացնել: Թե՞ անգամ անունը, անցած ճանապարհը կարող են խանգարել:
-Վերափոխել հնարավոր է, բայց պետք է նոր ուժեր գան: Այդ հեղափոխական ուժն է ուշանում (ոչ միայն գրականության մեջ, ընդհանրապես, մշակույթում): Եթե իրենց անունը խանգարեց, դա էլ կփոխեն, որովհետև անուն կոչվածը ծանր բեռ է: Անունը պատահական չէ` ո՛չ մարդու, ո՛չ փողոցի, ո՛չ էլ մամուլի:
-Ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:
-Երիտասարդներ կան, որ կարող են ինչ-որ բան անել: Նրանք խորհրդային մամլիչի տակ չեն եղել, շատ ավելի ազատ են մեծացել, շատ ավելի հեղափոխական են իրենց հոգեբանությամբ: Ի վերջո նրանք այդ նոր մտածողությունը կբերեն մշակույթ: Կգան այդ նոր ուժերը, ժամանակը կծնի նրանց, ժամանակն էլ կթելադրի` ինչ անել:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ