Ադրբեջանահայությունը կարո՞ղ է պաշտպանել սեփական իրավունքները` հանդես գալով իբրև իրավական ինքնուրույն սուբյեկտ, թե՞ դատապարտված է կախյալ մնալու պետական կամ միջազգային ատյանների քմահաճույքներից` պատանդ դառնալով այս կամ այն ուժի ձեռքին:
Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը միջազգային իրավունքի մասնագետ, ադրբեջանահայերի համագումարի կազմկոմիտեի խորհրդատու ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:
-Նախ ճշտենք` ադրբեջանահայեր, Արևմտյան Մերձկասպիի հայեր, Արևելյան Անդրկովկասի հայե՞ր, թե՞ նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող հայեր. ո՞րն է այն ճշգրիտ անվանումը, որն իրավական, պատմական ու քաղաքական տեսանկյունից հստակ կբնորոշի իրավական սուբյեկտին` այդ տարածքների բնիկ, պետականաստեղծ հայ ժողովրդին, որը Բաքվի քաղաքականության հետևանքով դարձավ փախստական:
-Իրավական տեսակետից շատ կարևոր է տալ քաղաքացիաիրավական սուբյեկտի ճշգրիտ սահմանումը, որպեսզի պարզ ու հասկանալի լինի, թե ովքեր են տվյալ կառույցի մեջ մտնող մարդիկ: Օրինակ, «Արևմտյան Մերձկասպիի հայեր» անվանումը նպատակ ունի շրջանցելու «Ադրբեջան» անունը, դա հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից ես կողմ եմ Խորհրդային Ադրբեջանի հայեր անվանմանը: Սրանով մենք հստակ սահմանում եք, որ այդ սուբյեկտի մեջ մտնում են այն բոլոր հայերը, ովքեր եղել են ԽՍՀՄ քաղաքացի, այսինքն` ունեցել են քաղաքացիաիրավական կապ Խորհրդային Ադրբեջանի հետ: Նրանք այն մարդիկ են, ովքեր Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվել են ռասայական խտրականության, հետևաբար ունեն միջազգային օրենքներով ճանաչված անվիճելի իրավունքներ և իրավասու են միջազգային ատյաններում պայքարելու իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար:
-Բայց Ադրբեջանը հայտարարում է, թե իրավահաջորդը չէ Խորհրդային Ադրբեջանի, հետևաբար, պատասխանատուն չէ հայության դեմ իրականացված ջարդերի:
-Այդ հայտարարությունը իրավական տեսակետից ոչ մի արժեք չունի, այն Ադրբեջանի քաղաքական միֆն է, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ: Պարզապես, Ադրբեջանի նման պահվածքը հերթական անգամ փաստում է այդ երկրի կողմից իրականացվող քաղաքական գծի մասին. զրկել հազարավոր հայ փախստականների իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Որպեսզի ադրբեջանական ծրագիրն իրականություն չդառնա, Խորհրդային Ադրբեջանի հայերի իրավական պահանջների թղթապանակը պետք է հիմնվի հանգուցային դրույթների վրա: Առաջին` Խորհրդային Ադրբեջանի հայերն այդ երկրի իշխանությունների իրականացրած խտրականության զանգվածային զոհերն են: Կան դա հաստատող անվիճելի փաստեր` 1988-1990-ի ջարդերը: Ընդ որում, հայերի նկատմամբ Ադրբեջանում խտրական վերաբերմունք է դրսևորվել նաև 88-ից առաջ. կան կոնկրետ ապացույցներ, պահպանված են այն պետական որոշումները, որոնք հաստատում են, որ Ադր. ԽՍՀ իշխանությունները ոտնահարել են հայության իրավունքները, ամեն ինչ արել հայաբնակ շրջանների ժողովրդագրական պատկերը փոխելու համար:
-Երկու տասնամյակ շարունակ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը չի փոխհատուցել հայերին պատճառած բարոյական, ֆիզիկական վնասը: Չնայած լուրջ փաստերի առկայությանը` առայսօր ոչ մի աշխատանք չի արվել դրանք հավաքելու, իրավական հարթության մեջ Խորհրդային Ադրբեջանի հայության իրավունքների պաշտպանությունն իրականացնելու ուղղությամբ:
-Ցանկացած սուբյեկտ, որի իրավունքները ոտնահարված են, կարող է հանդես գալ իր իրավունքների վերականգնման պահանջով, իսկ թե ինչու դա չի արվել Խորհրդային Ադրբեջանի հայերի դեպքում, կարծում եմ` պատճառը քաղաքական խոչընդոտներն են` արցախյան հակամարտության կարգավորման երկու բաղադրիչները. առաջին` Հայաստանը հրաժարվել է ԼՂԻՄ-ի տարածքից դուրս հայաբնակ շրջանների հայ բնակչության իրավունքների պաշտպանությունից, երկրորդ` առայսօր ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Հայաստանի քաղաքական նպատակը ոչ թե Ադրբեջանում խտրականության ենթարկված հայերի իրավունքների պաշտպանությունն է, այլ նրանց ինտեգրումը ՀՀ հասարակությանը: Ահա թե որն է Հայաստանի իշխանությունը համարում իր միջազգային ու ազգային պարտականությունը: Փաստորեն, նաև Հայաստանն է ադրբեջանահայերի իրավունքների սահմանափակման մասնակիցը: Ոչ մի միջազգային ատյանում Հայաստանը չի բարձրաձայնում Խորհրդային Ադրբեջանի հայերի իրավունքների ոտնահարման մասին: Ի դեպ, ՀՀ-ն նույն քաղաքականությունն է վարում նաև Վրաստանի հայերի նկատմամբ: Հայաստանի երրորդ Հանրապետությունն այսօր չի պաշտպանում իր հայրենակիցների իրավունքները: Մինչդեռ 1991-ին ՀՀ-ն ընդունել է նախագահի մասին օրենք, որի 8-րդ հոդվածի 14-րդ կետում գրված է` ՀՀ նախագահն ունի պարտավորություն պաշտպանելու ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև ՀՀ սահմաններից դուրս բնակվող հայության միջազգայնորեն ճանաչված իրավունքները: Այսինքն, ՀՀ նախագահը պարտավոր է հետամուտ լինել ու պաշտպանել Խորհրդային Ադրբեջանի, Վրաստանի հայության իրավունքները: Մինչդեռ Հայաստանը դրսևորում է անհասկանալի անգործություն: Ավելին, ճանաչելով Ադրբեջանի անկախությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններում, Հայաստանը զենք տվեց Ադրբեջանի խտրականություն քաղաքականություն իրականացրած կառավարության ձեռքը, վերջինս հնարավորություն ստացավ ուժ գործադրելու իր իրավասության տակ ապրող հայ քաղաքացիների դեմ. 90-ին Շուշիում տեղադրեց «Գրադ» կայանք ու սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը, և մինչ օրս Միջազգային դատարանում չի քննարկվել այս հարցը` ովքե՞ր էին Շուշիի կայանից գնդակոծում Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Իսկ եթե խտրականություն իրականացրած երկիրը չի պատժվում, ինչպե՞ս կարելի է խոսել տարածաշրջանում ժողովուրդների համերաշխության մասին: Այսօր Ադրբեջանը հարց է բարձրացնում հայերին Ադրբեջանի հասարակությանն ինտեգրելու մասին. ինչպե՞ս, եթե դեռ չի պատժվել այդ ժողովրդի դեմ իրականացրած ջարդերի դիմաց:
-Խորհրդային Ադրբեջանի հայությունն այսօր խիստ վրդովված է. նրանք հայտարարում են, որ այլևս չեն սպասելու, թե պետությունը երբ կբարեհաճի պաշտպանել իրենց իրավունքները, և կազմավորվելով որպես իրավական ինքնուրույն սուբյեկտ, կպաշտպանեն սեփական իրավունքները: Դա հնարավո՞ր է:
-Միասնական սուբյեկտ ձևավորելու համար ոչ ոք չի կարող նրանց զրկել այդ իրավունքից: Հարցն այն է, թե Խորհրդային Ադրբեջանի հայերը, միավորվելով որպես խումբ, արդյո՞ք ձեռք են բերում կոլեկտիվ իրավունքներ: Այո: Այդ հարցին պատասխանել է Միջազգային դատարանը` Կոսովոյի պարագայում: Մարդկանց այն խումբը, որը միտումնավոր ենթարկվել է զանգվածային խտրականության, ինքնըստինքյան ձևավորում է այն սուբյեկտը, որը պետք է հանդես գա իր իրավունքների պաշտպանության դիրքերից: Մարդկանց հոծ խմբերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունը նրանց դարձնում է կոլեկտիվ իրավունքի սուբյեկտ:
-Խորհրդային Ադրբեջանի հայերի նոր ձևավորվող միությունը կարո՞ղ է դառնալ այդ իրավական սուբյեկտը:
-Այո, և դա մեր նպատակն է: Բայց մինչ այդ դեռ շատ աշխատանք կա: Ամենից կարևորը նպատակի հստակեցումն է ու համապատասխան կամքի դրսևորումը: Այս պահին խիստ որոշիչ է լիդեր-ղեկավարների կազմի ձևավորումը: Ադրբեջանահայ փախստականները, որոնք ամենից շատ խաբված և որպես խաղաքարտ օգտագործված խավն են, ունեն մեծ անվստահություն թե՛ մեկմեկու, թե՛ պետության հանդեպ: Ստեղծվող կառույցը կգործի արդյունավետ, եթե ղեկավար կազմում ընդգրկված լինեն վստահություն ներշնչող հեղինակավոր անձինք: Որպեսզի իրավասու լինենք ներկայացնելու Խորհրդային Ադրբեջանի հայության շահերը, հարկավոր է նախ համախմբել ու միության մեջ ներգրավել առավել մեծ թվով ադրբեջանահայերի: Հարկ է ստեղծել այն մարմինը, որը լիազորված կլինի ներկայացնելու այդ սուբյեկտը: Իսկ այդ լիազորությունը պետք է ամուր լինի փաստային հիմքերով, որպեսզի հակառակորդն անկարող լինի շահարկելու այն: Այսինքն, լուրջ աշխատանք կա անելու:
-Ադրբեջանահայերը վերջերս հայտարարեցին` մենք պահանջատեր ենք մեր հայրենիքի՝ Ադրբեջանի, նրա բնական ռեսուրսների նկատմամբ, որտեղ ծնվել և մեծացել ենք: Որպես պետականաստեղծ, բնիկ ժողովուրդ, հայությունն ի՞նչ իրավունքներ ունի Ադրբեջանի նկատմամբ` թե՛ ռեսուրսներից օգտվելու, թե՛ իր մշակութային արժեքներին տեր կանգնելու տեսանկյունից:
-Յուրաքանչյուր ժողովուրդ իր երկրի ընդերքի ու ռեսուրսների կոլեկտիվ սեփականատերն է: Ադրբեջանահայերը Խորհրդային Ադրբեջանի քաղաքացիներն են, ուրեմն ոչ ոք չի կարող նրանց զրկել այդ ռեսուրսներից օգտվելու իրավունքից: Քսան տարում Ադրբեջանն իր ռեսուրսների օգտագործումից ստացել է հսկայական եկամուտներ, խորհրդային ադրբեջանահայերն իրավասու են այդ արդյունքից իրենց բաժինը պահանջելու: Օրինակ, կարելի է հաշվել Ադրբեջանի 20 տարվա ՀՆԱ-ն և այդ երկրի իշխանությունների առաջ դնել հայ փախստականների հանդեպ իր նյութական պարտավորությունները կատարելու հստակ պահանջ: Վերջապես, ադրբեջանահայությունը Բաքվի քաղաքականության զոհն է, և կա այն իրավական դաշտը, ուր մենք կարող ենք ներկայացնել մեր պահանջները:
-Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի՞ իր պարտականությունների կատարումից։
-Կհրաժարվի կամավոր կատարելուց, կգործի հարկադիր կատարման մեխանիզմը. Ադրբեջանն արտասահմանյան բանկերում ունի հսկայական գումարներ, որոնց վրա դատարանը կարող է կալանք դնել: Այնպես որ, ճանապարհներ կան, ու գործընթացն անհույս չէ:
-Մարդու իրավունքներից ճամարտակող միջազգային հանրության կողմից ոճրագործները շարունակում են մնալ չդատապարտված, իսկ զոհերը` անտեսված: ՄԱԿ-ի և փախստականների հարցերով զբաղվող միջազգային կառույցները մինչ օրս լուրջ և համակողմանի հետաքննության չեն ենթարկել հայ փախստականների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստերն ու հանգամանքները: Ակնհայտ է, որ նրանք աչք են փակում խնդրի առաջ:
-Իհարկե, Խորհրդային Ադրբեջանի հայերի իրավունքներն անտեսված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից, բայց ես խնդիրն այլ կերպ կմեկնաբանեմ: Հայ ժողովրդի շահերի պաշտպանը Հայաստանի Հանրապետությունն է, բայց արդյո՞ք Հայաստանը բավարար չափով հանդես է գալիս իր ժողովրդի տարբեր հատվածների` Արևմտյան Հայաստանի հայերի, ջավախահայության, ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության դիրքերից: Ցավոք` ոչ: Հայաստանը, որպես միջազգային հարաբերությունների մասնակից, շատ պասիվ դիրքում է, նույնիսկ հարց է առաջանում` մեր մասնակցությունը միջազգային ընտանիքում ի՞նչ դեր ունի: Քսան տարում բազմաթիվ իրավական նորմեր են ձևավորվել, կա՞ մի միջազգային կոնվենցիա, որին ՀՀ-ն մեկ տողով, մեկ բառով մասնակցություն ցուցաբերած լինի, բացի այն, որ Ռուսաստանի հրահանգով կողմ կամ դեմ է քվեարկել: 2007-ին ՄԱԿ-ն ընդունեց «Բնիկ ժողովուրդների մասին» հռչակագիրը. ՀՀ-ն որևէ քայլ անո՞ւմ է այդ հռչակագրից օգուտ քաղելու համար: Ո՛չ: Բայց չէ՞ որ Հայաստանը պարտավոր է նպաստելու հայության իրավունքների վերականգնմանը: Հակառակ դեպքում աղավաղվում է անկախության արժեքը: Քսան տարի չենք կարողացել ՄԱԿ-ի օրակարգ մտցնել ԼՂՀ ժողովրդի ոտնահարված ինքնորոշման իրավունքի հարցը, իսկ Ադրբեջանը կարողացավ և օրակարգում ունի «Ադրբեջանի գրավյալ տարածքների իրավիճակի մասին» հարցը: Բա ո՞ւր մնաց մեր արժանապատվությունը: Իսկ գիտե՞ք ինչու չենք անում. որովհետև այդ դեպքում կփլվի Մինսկի խմբի բանակցային գործընթացը, որն այլ բան չէ, քան առևտուր. ուրեմն մենք զբաղված ենք առևտրով:
-Եվ մի վերջին հարց. ինչպիսի՞ն են Ադրբեջանահայերի համագումարի և իշխանությունների փոխհարաբերությունները, կա՞ համագործակցություն:
-Պետությունը մեզ դեռ չի նկատում: Այս պահին մեր գործողություններում վտանգ չի տեսնում, քանի որ զանգվածային չեն, ու կառույցն էլ դեռ բավարար ինքնուրույն չէ: Իհարկե, իշխանությունն ունի լծակներ ցանկացած նախաձեռնություն հեղինակազրկելու, երկրորդ պլան մղելու կամ ուղղորդելու: Արդեն հասցրել են գործընթացը պիտակավորել: Իրականում իշխանության համար այս գործընթացն ընդունելի չէ, քանի որ ունի այլ պարտավորություն, ինչպես ասացի` շեղել ադրբեջանահայերին իրենց իրավունքների համար պայքարից ու ինտեգրել ՀՀ հասարակությանը, կամ էլ նպաստել Հայաստանից հեռանալուն: Կա թյուր կարծիք, թե ադրբեջանահայության համախմբումը վտանգում է ղարաբաղյան բանակցային գործընթացը, ուրեմն գլխացավանքից ազատվել է պետք: Այդ իմաստով մեր թիվ մեկ հակառակորդը կարող են լինել ՀՀ իշխանությունները: Այդ դեպքում հակադրությունն անխուսափելի կլինի:
Հարցազրույցը` Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԻ