Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՊԵՏՔ Է ՌՈՒՍՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԻՋԵՑՆԵՆ»

«ՊԵՏՔ Է ՌՈՒՍՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԻՋԵՑՆԵՆ»
05.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԸ
-Ձեր հանձնաժողովը հերթական լսումներն է անցկացնում. ի՞նչ թեմայով և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Թեման առաջադրել է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը` ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Մեր գործընկերները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, և ոլորտին վերաբերող բոլոր մանրամասները քննարկելու խնդիր է առաջացել, ԱԺ ղեկավարությունը և մեր հանձնաժողովն ընդառաջ գնացին, և հրավիրեցինք խորհրդարանական լսումներ, որոնց կմասնակցեն սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների, գազամատակարարումն իրականացնող մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։
-Իմ հիշողության մեջ տարբեր գումարումների խորհրդարաններում գործած տասնյակ նման հանձնաժողովներ կան, որոնց օգտակար գործողության գործակիցը, մեղմ ասած, շատ միակողմանի է եղել: Ի՞նչ ակնկալիքներ կան հիմա:
-Հարցն ավելի շատ պետք էր ուղղել ՀՅԴ խմբակցության անդամներին:
-Ձեզ` իբրև հանձնաժողովի նախագահի եմ հարցնում, որը խորհրդարանական լսումներ է կազմակերպում:
-Գազի սակագնի սահմանման մեջ սակագները կարգավորող հանձնաժողովն առաջնորդվում է ոչ թե բարոյահոգեբանական կամ սոցիալական տեսակետներով, այլ այն գնով, որով գնվում է գազը, փոխադրման ծախսերը, ավելացրած մարժան: Նրանք չեն կարող մտածել` ՀՀ-ում անապահով ընտանիքները կարո՞ղ են օգտվել այդ գազից: Դա նրանց խնդիրը չէ: Սոցիալական նպատակային քաղաքականությունը կառավարության և քաղաքական մեծամասնության խնդիրն է: Ապրիլի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար սկսվել է գազի գնի էական նվազեցման լուրջ ծրագիր. դա հասցեական քաղաքականություն է: Հանձնաժողովից պահանջել, որ գինը մատչելի լինի, մեղմ ասած, իրատեսական չէ. պետք է ռուսներից պահանջել, որ գազի գինը երեք անգամ իջեցնեն: Կանե՞ն: Իհարկե ոչ: Քաղաքական փոքրամասնությունը, բնականաբար, կարող է նման հարցեր բարձրացնել, որը վերաբերում է բոլորին, բայց կա ռեալ իրավիճակ: Իհարկե, կարելի է քննարկել գործընթացին վերաբերող բոլոր մանրամասները` գազամատակարարման համակարգի արտաքին ու ներքին մարտահրավերները, գազի սպառման ծավալների կրճատման պատճառները, հանրապետություն մտնող և իրացվող գազի ծավալների, որակական հատկանիշների վերահսկման հարցում պետության կիրառած սխեմաներն ու մեխանիզմները, ծախսերի կառուցվածքը, գազի որակի հարցերը... Տասնյակ հարցեր կան, և ես համոզված եմ, որ այս քննարկումը դրական արդյունք կունենա:
-Ինչո՞վ է պայմանավորված գնաճը, որ հենման կետ չի գտնում` կանգ առնելու:
-Ֆունդամենտալ հարց եք տալիս, որ չի կարող կարճ պատասխան ունենալ: Համեմատության համար` Վրաստանում գնաճն ավելի մեծ է. բենզինի գինն ավելի բարձր է, շաքարի գինը: Գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում տվյալ ապրանքատեսակի կամ ապրանքախմբերի գնաճով: Մասնավորապես, սննդային շուկայում գներն անընդհատ բարձրանում են, և պատահաբար չեն բոլոր տնտեսագետները մատնանշում, որ եթե լուրջ ներդրումներ չլինեն գյուղատնտեսության ու ձկնարդյունաբերության ոլորտում, սննդային ճգնաժամն անխուսափելի է: Իհարկե, կա նաև շուկայի մենաշնորհային կարգավիճակը: Մեր հանձնաժողովը լուրջ առաջարկներ է արել հակամրցակցային օրենսդրության կարգավորման շրջանակներում, երբ չհիմնավորված գնի բարձրացման պարագայում ստացված ամբողջ գերշահույթը գանձվում է պետական բյուջե, կիրառվում են տուգանքներ: Այսինքն` խստացվում են պատժամիջոցները, մեխանիզմներ են տրվում մրցակցային պաշտպանության հանձնաժողովին, որ կարողանա իր գործառույթները կատարել: Միայն հարկային մարմնին ներկայացվող փաստաթղթերը 50-ով պակասել են. սա ևս կարևոր արդյունք է: Լուրջ խնդիրներ կան աշխարհագրական դիրքի պատճառով, օրինակ, երկաթուղային բեռնափոխադրումների ժամանակ նույն ճանապարհահատվածի համար հարևանները կարող են երկու անգամ պակաս վճարել մեզնից: Չորս հարևաններից միայն մենք Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունենք:
-Ինչո՞ւ, Իրանի հետ մեր հարաբերությունները վա՞տ են:
-Իրանը մեր լավագույն բարեկամներից է, բայց տնտեսական առումով մենք այլ հարթություններում ենք գտնվում, Իրանն այլ տնտեսակարգ ունեցող երկիր է, այլ քաղաքականություն վարող: Իրանում էլեկտրաէներգիան կարող է անվճար տրվել` պետական լրավճարով փակվել... Իրանական ներքին շուկայի մոտեցումները շատ տարբեր են:
-Ինչո՞ւ արտաքին շուկայի բացասական բոլոր գործոնները Հայաստանի վրա ազդում են, բայց դրական ոչ մի գործոն չի ազդում:
-Չգիտեմ` ինչ նկատի ունեք, բայց ակնհայտորեն Ձեր ասածը վերաբերում է առանձին դեպքերի: Մեր ապրանքների գների 40-50 տոկոս անկում եղավ արտաքին շուկայում: Մենք հարցնում ենք` գներն ինչո՞ւ չեն իջնում: Կա մենաշնորհային կարգավիճակի շահագործման խնդիր, որի լուծման միջոցները ևս ստեղծված են:
-Ես սպառող եմ և ինձ, անկեղծ ասած, արտադրակազմակերպական խնդիրները չեն հետաքրքրում, ես ուզում եմ, որ ապրանքներն ունենան մատչելի գին, համենայն դեպս` վճարվող աշխատավարձերին համարժեք: Ես ուզում եմ ստանալ էժան և որակյալ ապրանք:
-Հասկանում եմ, իսկ արտադրողի համար ճիշտ հակառակն է. նա ուզում է շահույթ ստանալ: Բիզնեսի հիմնական նպատակը բարոյահոգեբանական չէ, նա պետք է շահույթ ստանա:
-Գազի սակագնի բարձրացումից հետո սպառողների թիվը կտրուկ կրճատվեց: Բարոյահոգեբանական նպատակներ չունեցող բիզնեսը պիտի՞ հաշվի առնի իրականության գործոնը:
-Գազը և նավթը միշտ եղել են քաղաքականություն: Ձեզ թվում է, որ մեր ջղաձիգ շարժումներից հետո Ռուսաստանը իջեցնելո՞ւ է գազի գինը:
-Ռուսներն իրենք են ասում, որ «Գազպրոմը» վաղուց արդեն քաղաքական կառույց է։
-ՈՒզում եք ասել, որ Ռուսաստանը պիտի հաշվի առնի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական շահե՞րը, ռազմավարական գործընկերությունը։ Ձեր կարծիքով` հաշվի չի՞ առնում: Գնաճին անդրադառնալով` պիտի ասեմ, որ առաջին խնդիրը մենաշնորհային դիրքն է: Եթե բոլոր պայմաններն առկա են, եթե գների իջեցում կա համաշխարհային շուկայում, ու Հայաստանում գինը չի իջնում, միայն մենաշնորհային դիրքով կարելի է բացատրել: Դուք ակնկալում եք, որ ապրանքը էժան է գնվել, ուրեմն պիտի էժան վաճառվի, իսկ հաշվի առնո՞ւմ եք, որ գործընթացը շարունակական է, և նոր ապրանքներ պետք է գնվեն, շահույթ պիտի ստացվի` բիզնեսի կենսունակության համար: Կառավարության խնդիրը զսպման մեխանիզմներ գտնելն է:
-Լավ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը տնտեսության կառուցվածքի ի՞նչ փոփոխություններ է թելադրում Հայաստանի դեպքում:
-Առաջին խնդիրն արտադրության ոլորտի, տնտեսության դիվերսիֆիկացիան է: Առաջ կարողանում էինք երկու-երեք ոլորտով տնտեսական աճ ապահովել, մասնավորապես` շինարարության սպասարկման և հանքահումքային ոլորտներով: Դա նշանակում է, որ եկամուտները մի տեղից էին ստացվում:
-Հայաստանը դիվերսիֆիկացիոն ի՞նչ հնարավորություններ ունի` հաշվի առնելով հաղորդակցուղիների գործոնը:
-Գյուղատնտեսության զարգացումը, բարձր տեխնոլոգիաների, հանքահումքային ոլորտը: Առաջին հերթին պետք է ապահովել հանքահումքային ոլորտի արտադրությունը երկրի ներսում: Մենք հումքը արտահանում ենք, ապրանքը` ներմուծում: Մինչդեռ ոլորտի զարգացումը բոլորովին այլ տրամաբանություն ունի, որը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական հարցերի լուծում կբերի:
-Հայաստանում սոցիալական բունտ հնարավոր համարո՞ւմ եք:
-Քիչ հավանական է:
-Կանխելու տարբերակները որո՞նք են:
-Սոցիալական խնդիրներ միշտ էլ կան ու կլինեն: Ցանկացած երկրում է այդպես: Դրա համար կան սոցիալական ծրագրեր` սկսած նպաստների տրամադրումից: Կառավարության քայլերը նպատակաուղղված են այդ խնդրի լուծմանը: Հենց վերջինը` անապահով ընտանիքներին գազիֆիկացման համար տրամադրվող աջակցությունը: Մեր ընդդիմախոսներն ասում են` ինչո՞ւ այդքան քիչ: Ինչքան կա: Ես չեմ կարծում, թե որևէ կառավարություն կցանկանա, որ իր ժողովուրդը վատ ապրի: Տնտեսությունն օրգանիզմ է, որ պիտի համաչափ զարգանա, բացի սոցիալականից, մենք ունենք խնդիրներ, ունենք գերխնդիրներ, որ պիտի լուծենք: Լիբիային սոցիալական խնդիրնե՞րը պատերազմի հասցրին: Մեր իրավիճակը հաճախ են համեմատում Վրաստանի հետ: Վրաստանը 14000 քառակուսի կիլոմետր տարածք տվեց, մենք էլ տանք, կարող է` լավ ապրենք: Համամի՞տ եք:
-Ոչ:
-ՈՒրեմն սոցիալական խնդիրները բարձրացնելու հետ հաշվի առեք բոլոր խնդիրները և լուծումների համաչափության հնարավորությունը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ