Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱԶԳԻ ՓՅՈՒՆԻԿՎՈՂ ՆԵՐՈՒԺԻՆ»

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱԶԳԻ ՓՅՈՒՆԻԿՎՈՂ ՆԵՐՈՒԺԻՆ»
15.07.2011 | 00:00

Գյումրիում անցկացվող երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի միջազգային վարկանիշի վերընթացին «Փյունիկի» նպաստավորությունն անհերքելի դարձավ հինգերորդի անմիջական տպավորություններով։ Շուտով դրանց գումարվեց նույն հիմնադրամի օժանդակությամբ նախաձեռնված մրցանակաբաշխության տարոլորտ նորահայտնությունների անակնկալ խանդավառությունը։ Իրարահաջորդ կրթամշակութային մի շարք միջոցառումներին ևս իրազեկվելով` որոշեցինք մեր ընթերցողին առավել հանգամանորեն ծանոթացնել մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի գործունեությանը` երկխոսություն ծավալելով հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Հանրային հետաքրքրությունը Ձեր անձի և «Փյունիկի» մշակութային մեկենասության նկատմամբ հատկապես սրվեց, երբ ընտրվեցիք ութերորդ «Ոսկե ծիրանի» պատվավոր նախագահ։ Հակիրճ ներկայացրեք, խնդրում եմ, Ձեր անցած ուղին։
-Բազային կրթությամբ արևելագետ-արաբագետ եմ։ 1982-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո ծառայել եմ խորհրդային բանակում, ապա պաշտպանել թեկնածուական թեզ («Հայաստանի նվիրատվական արձանագրությունները 9-14-րդ դարերում»), 1993-ին տեղափոխվել եմ ՀՀ արտգործնախարարություն։ Արաբական երկրների բաժնում մեկ տարի աշխատելուց հետո ինձ գործուղեցին Հալեպ, որպես ՀՀ գլխավոր հյուպատոս, այնուհետև Դամասկոս, որպես դեսպան։ Տասը տարի անց, համատեղության կարգով, նաև Հորդանանում նշանակվեցի դեսպան։ 2004-ի մարտին վերադարձել եմ Հայաստան։ Որոշ ժամանակ կենտրոնական ապարատում աշխատելուց հետո դեսպան նշանակվեցի Թունիսում և Ալժիրում (նստավայրը` Երևանում)։ Դոկտորական թեզս` «Հայոց տոմարի ծագումն ու զարգացումը 4-8-րդ դարերում» պաշտպանեցի 2010-ին։ Մինչ այդ, համատեղության կարգով, սկսել էի «Հայ եկեղեցու պատմություն» դասավանդել մայր բուհում։
-Հետևողականորեն առաջ եք տանում նաև «Փյունիկի» գործունեությունը։
-Սիրիայում պաշտոնավարելու տարիներին` 1998-ից ի վեր, իմ շատ լավ ընկեր Գաբրիել Ջամբարջիի (կամ Ջամբարջյանի) հետ որոշակի վստահ քայլեր էինք անում կրթամշակութային ոլորտում։ Գաբրիելն ուսումնական սարքավորումների բիզնեսով էր զբաղվում, ինչը խթանեց հայկական կրթօջախների ընդհանուր մակարդակը բարձրացնելուն միտված ծրագրեր իրականացնելը։ Մոտ 600 ամբողջական կոմպլեկտներ ենք տրամադրել դպրոցներին։ Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաների խորացված ուսուցմանը նպաստող 150 լաբորատոր սարքավորումներ օրերս կհանձնենք հայաստանյան, նաև Արցախի դպրոցներին։ Արդեն ճանապարհին են մեր պատվիրած հայերեն գլոբուսները։ Երկու տեսակի են. մեկն ընդհանուր անվանումներով (Մերձավոր Արևելքում աշխատելիս նկատել եմ, թե որքան է խորթացնում հայաստանցուն և սփյուռքահային լեզվական տարանջատումը), արդեն նկարված, մյուսը` մաքրվող մակերևույթով, որպեսզի աշակերտները գործնականում յուրացնեն մոլորակի ամբողջական նկարագիրը։ Բազում կոնկրետ ծրագրերով մտադիր ենք նոր սերնդի համահայկական կրթամակարդակը պատշաճին հասցնել։
-Ո՞րն էր «Փյունիկի» առաջին մշակութային նախաձեռնությունը։
-Մեր միջամտությամբ Գյումրիի ԵՊԿ մասնաճյուղի շենքում հնարավոր դարձավ Ռուբեն Հախվերդյանի համերգի արժանավայել իրականացումը։ Այդ առիթով էլ ծանոթացանք տնօրեն Կարինե Ավդալյանի հիմնադրած երաժշտափառատոնին։ Գյումրեցիների գաղափարը մեզ շատ ոգևորեց։ Նրա շուրջ խմբված նվիրյալներով կարողացանք տարածաշրջանում նախադեպը չունեցող միջազգային մրցույթ-փառատոնի հեղինակությունը բարձրացնել։
-Գիտեք, մեզանում անվստահություն է սերմանվել չափազանց ծախսատար փառատոների հոգևոր ներուժի նկատմամբ։ «Վերածնունդին» մասնակցած երևանցիների ֆինանսական տրտունջներին անսալով` ինքս հարկային տեսուչի կարգավիճակով հայտնվեցի Գյումրիում։ Ֆինանսական խոհանոցը, իհարկե, պարզել չկարողացա, նաև չկարևորեցի։ Արտերկրի մի քանի տասնյակ մասնակիցների գնահատականներն ու գլխավոր հաղթողների արժանավորությունը հավաստիացրին, որ մայրաքաղաքայիններից որևէ մեկին չէր զիջում «Վերածնունդը»։ Ինչպես և Դուք, անվերապահորեն ընդունում եմ ռազմավարական խոշոր նշանակությունը համանման մարզային մշակութային նախագծերի։ Մի ընդհանուր նկատառում ունեմ. Հայաստանում միջազգային փառատոներ անցկացնելիս կուրորեն տարվում ենք հյուրերին հաճոյանալով։
-Մեկենասական բոլոր ներարկումները «Փյունիկի» ջանքերով են ժողովվում և ուղղորդվում։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ կազմակերպիչների անեղծ ազնվությանը։ Հատուկ վերահսկողությամբ եմ համոզվում, թե տրամադրված գումարները որչափ են ծառայում ծրագրված նպատակի իրականացմանը։ Յուրաքանչյուրս նախ մեր խղճի առաջ պիտի պատասխանատու լինի, որպեսզի դրամաշորթությունը բացառվի։ Համալսարանի մասին էլ, գիտեք, ասում են, թե կաշառակերությամբ է վարակված։ Իմ գլխավորած ամբիոնում ես բացառում եմ այդ ախտի գոյությունը։ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանին էլ 90-ականներից եմ ճանաչում, միասին աշխատել ենք արտգործնախարարությունում, նա վարչության պետ էր։ Մտերիմ չենք եղել։ Կարևորել եմ «Ոսկե ծիրանը»` որպես դիվանագետ համոզվելով ծավալած մշակութային երկխոսության արդյունավետության մեջ։ Նա էլ, ի նշան երախտագիտության, փառատոնի պատվավոր նախագահ է ընտրել ինձ։ Ես համաձայնել եմ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Փյունիկը» մշտապես աջակցելու է երկու հիմնասյուն փառատոների` «Վերածնունդին», որը, ի դեպ, ուզում էին Երևան տեղափոխել, և «Ոսկե ծիրանին», որի «Անիվների վրա» մարզային շրջագայություններն առանձնակի եմ կարևորում։ Ջավախք են տարել փառատոնի ֆիլմերը, Արցախ, Գյումրի, Վանաձոր։ Երևանյան բացօթյա ցուցադրությունների տեխնիկական հագեցվածությունն ենք նաև ապահովել մեծադիր պաստառներով, որպեսզի ժողովրդին է՛լ ավելի մատչելի լինեն դիտումները։
-Ասենք, փառատոները, ինչպես վկայում են դրանց հռչակավոր բոլոր հյուրերը, ոչ այնքան արվեստ են մատուցում, որքան նպաստում են մշակութային շուկայի ձևավորմանը, տվյալ երկիրն են հանրաճանաչում աշխարհի քարտեզի վրա։
-Համամիտ եմ։ Այդպիսով մշակույթի տարբեր գործիչներ հաղորդակցվում են նաև մեր հոգևոր ժառանգությանն ու ներուժին, ճանապարհ են հարթում քաղաքական կնճռոտ հարցերը հանգուցալուծելու համար։ Հյուրերին ընդունում են Վեհափառը, վարչապետը, նախարարն ու երկրի նախագահը` ծանոթացնելով մեր արժեքներին, հանրահռչակելով Հայաստանն իր սահմաններից դուրս։
-«Ոսկե ծիրանի» «Ռեժիսորներ առանց սահմանի» կինոհամաժողովի շրջանակներում, իրոք, հայ-թուրքական պլատֆորմ է ձևավորել։ Արդեն 5 համատեղ կինոնախագիծ է իրականացվել։ Այդուհանդերձ, երկու երկրներում էլ դրանք հասարակական լայն արձագանք չեն գտնում։
-Միջոցները, գուցե, բավարար չեն։ Մարդկային ռեսուրսների պակաս կա։ Բայց ես համոզված եմ, որ թշնամանքի սառույցը ճեղքվելու է։ Նոր սերունդները, նախնիների մեղքերը բարեկրթորեն գիտակցելով ու քավելով, փոխըմբռնման կհասնեն մի օր։ Կարևորը հանուն դրա մշակութային սիրողականության գիրկը չգլորվելն է։ Օրինակ, ինձ առաջարկեցին մասնակցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։ Օրերս պարզեցի, որ Բյուրականում նախաձեռնել են ուսանողականի կարգի սեմինարներ ընդամենը, և երկու զեկուցումս էլ հետ վերցրի։ Չի կարելի սին համացանցային գովազդներով մոլորեցնել մարդկանց։
-Ոմանք, սակայն, գրքից կտրված նոր սերնդին բարեկրթելու տեսակետից, չարիքի փոքրագույնն են համարում համացանցային ընթերցանությունը։
-Պատկերացնո՞ւմ եք, որ հումանիտար բարձրագույն կրթություն ստացող ուսանողներիցս քչերն են ծանոթ մեր ազգային էպոսին, շատերը չգիտեն էլ 4 ճյուղերի անունները։
-Ըստ Ձեզ, որքա՞ն են արդարացված մեր լղարիկ բյուջեի շռայլ հատկացումները տարատեսակ փառատոներին։
-Միանգամայն բավական եմ համարում 4-5 խոշոր տարաբնույթ փառատոն ունենալը։ Մյուսները բոլորը կարելի է «զետեղել» դրանցում, եթե ճիշտ ընտրվեն կազմակերպիչներն ու բարեխղճորեն վերահսկվի նրանց թե՛ ֆինանսական, թե՛ հոգևոր գործունեությունը։ «Փյունիկը» նաև մի շարք ուսանողների ուսման վարձն է վճարում։ Երբ ստուգեցինք մեզ ներկայացված սոցիալական անապահովության տվյալները, զավեշտալի պատկեր ստացանք` ոմանց բարեկեցությանը շատերը կնախանձեին։
-Մեր աշխարհիկ ու հոգևոր եկեղեցիները, ցավոք, չեն կարողանում միասնաբար ծառայել ոչ միայն ազգապահպանմանը, այլև մարդ արարածի մաքրագործմանը։
-Ներքին խնդիրներն են խոչընդոտում։ Մեր եկեղեցին ո՛չ կենտրոնաձիգ է, ո՛չ կենտրոնախույս, իր ներսում միասնական չէ, Անթիլիաս-Էջմիածին հակամարտությունն էլ է դեր խաղում։ Զուտ եկեղեցական չեն, սակայն, կուտակված խնդիրները։ Սփյուռքում պարտավոր են ենթարկվել այն երկրների օրենքներին, որոնց տարածքում գտնվում են։
-Դա օրինաչափ է, բայց մեզանում կրոնական հավատը համատարած կեցվածք է, մոդա, հանդիսանք, ոչ ներքին համոզմունք։ Հոգևոր հովիվներն ավելի վանում են իրենց հոտի գառներին, քան դարձի բերում և աստվածային սեր, հավատ ու հանդուրժողականություն ներշնչում։
-Հնուց ի վեր տգիտության խորհրդանիշ համարվող քահանաների հետքն էլ շուտով չի մնա, որովհետև բարձրացվել են պատրաստվածության չափանիշները։
-Իմ համոզմամբ` մինչև մշակութային դաշտում արմատախիլ չարվեն անառողջ հարաբերությունները, ընտրության թայֆայական չափորոշիչները, դրական տեղաշարժ չի կարելի ակնկալել։
-Ոչ միայն մշակույթի, այլև կրթության բնագավառն է տառապում այդ ախտից։ Հատկապես` բարձրագույն։ Բայց կտրուկ քայլեր անելն էլ ցանկալի արդյունքի չի հասցնի, պարբերական բարեփոխումներն էլ նպատակահարմար չեն։ Գորդյան հանգույց է։ Ասում են, թե դասախոսը կաշառք է վերցնում, որովհետև աշխատավարձը ցածր է։
-Նույնն իրավական ու առողջապահական համակարգի աշխատողների մասին էին ասում։
-Մարդկային գործոնն էլ կա։ Բարձր աշխատավարձն էլ սովորական է դառնում, և նոր պահանջների բավարարության է ձգտում ցանկացած մարդ։
-Լուրեր էին պտտվում, թե Դուք պիտի լինեք համալսարանի նոր ռեկտորը։
-Թերթերից եմ այդ մասին իմացել։ Որոշ լրագրողներ հաճույք են ստանում իրենց ենթադրությունները որպես իսկություն հանրությանը մատուցելուց։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքն արտգործնախարարությունում, որպեսզի հանուն ռեկտոր դառնալու հրաժարվեմ դրանից։ Կես դրույքով համալսարանում դասավանդելով էլ կարողանում եմ օգտակար լինել գիտակրթական կյանքի ճիշտ կազմակերպմանը մեր ֆակուլտետում։ Հայաստանի մայր բուհում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք մեկ անհատն անկարող է հաղթահարել։
-ՈՒսանողներին տրված իրավասություններն էլ, կարծեմ, փայլուն արդյունքի չհասցրին։ Կիսագրագետ ուսանողները գնահատում են իրենց դասախոսների գիտելիքները։
-Ամենաբարձր թվանշաններ ստանում են այն դասախոսները, ովքեր համարյա լսարան չեն մտնում կամ կողմնակի խոսակցություններին են տուրք տալիս։
-Վճարովի համակարգը, ինչ-ինչ նյութական հիմքեր ապահովելով, առավել խթանեց մտքի սնանկացումը։ Գիտելիքներ ստանալու համատարած ձգտումը մարեց։
-Ընդունելության նոր համակարգն էլ, կարծես, ավելորդ դարձրեց մտահորիզոնի համակողմանի զարգացումը։ Շտեմարաններ անգիր անելով` ընդունվում են բուհ։ Սա լուրջ խնդիր է, որի կարծրացմանը նպաստում է հեռուստատեսային եթերի ապարժեք բովանդակությունը։ Ես ինքս «Եվրոնյուզ» եմ նայում, կարդում եմ կամ որևէ պատմագեղարվեստական ֆիլմ դիտում։
-«Ոսկե ծիրանի» ֆիլմերը նայո՞ւմ եք։
-Չեմ հասցնում, բացման ֆիլմն եմ միայն նայել։
-Դրանց գեղարվեստական ընդհանուր արժեքավորությունն ավելի խիստ նախնական ընտրության պահանջ է հարուցում։ Դեռևս կաթվածահար երկտասնամյա գոյատևման տխուր հետևանքները չթոթափած մեր կինոարտադրության զարգացումն անհամեմատ արագ կընթանա, եթե մոտ տասնյակ կինոփառատոներին շռայլվող գումարների զգալի մասը հատկացվի հայկական կինոարվեստի խթանմանը։
-Ո՞Ւմ են հարկավոր այդքան փառատոները։ Դրանք հանրային մեծ հետաքրքրություն չեն առաջացնում, հասարակության բարեկրթության մակարդակը չեն բարձրացնում։ Կարելի է հենց «Ոսկե ծիրանի» շուրջ համախմբվել, չէ՞ որ բազմազան ծրագրերը տալիս են այդ հնարավորությունը։
-Կարծում եմ, ուսանելի կլինեն Անջեյ Վայդայի բարձրագույն կինոդպրոցի համահիմնադիր Վոյչեխ Մարչևսկու «Ծիրան»ադասերը։ Հետխորհրդային համանման իրադրությունը Լեհաստանը հաղթահարել է` գործելով նոր հասարակական-քաղաքական համակարգի խորիմացությամբ։ Տարեկան 50-60 տարաժանր ֆիլմերի արտադրություն են ապահովում, որոնցից, խստագույն ընտրությամբ, 10-12-ն են հասարակությանը ներկայացվում։
-Փառատոների հետ միաժամանակ բազմաթիվ զանգվածային միջոցառումներ են անցկացվում։ Օրինակ, անցյալ տարի մի շաբաթվա ընթացքում մեր գրեթե բոլոր քաղաքների օրերը նշվեցին։ Ինչո՞ւ չի կարելի տարվա կտրվածքով համաչափ բաշխել նախաձեռնվող մշակութային միջոցառումները, ինձ համար գոնե անհասկանալի է։ Մարդիկ պիտի ժամանակ ունենան «մարսելու» իրենց մատուցվող տարատեսակ միջոցառումները։
-Մշակութային ցայտնոտում հանրությանն այդ առումով օգտակար չեն կարողանում լինել ԶԼՄ-ներն էլ` վերլուծական անդրադարձերով, տարակարծության լրջմիտ համակարգմամբ։ Կազմակերպիչներից շատերն են տրտնջում իրենց գործի հանդեպ ցուցաբերված անուշադրությունից։
-Նույն կազմակերպիչները հաճախ դժգոհում են նաև մեկենասներից։ Բավական է մեկին աջակցես, մի ամբողջ բանակ է հայտնվում։ Ոմանք ինձ անսահման հարուստ օլիգարխ են կարծում ու կլորիկ գումարներ ակնկալում։ Ես պատասխանատու եմ «Փյունիկի» բարերարների առջև և մտավորականի իմ խղճի։ Դիմողներից ոմանք խուսափում են պահանջվող ծախսերի նախահաշիվ կամ անդորրագիր ներկայացնելուց։ «Առձեռն ֆինանսավորման» իրական կիրառությունների մասին ինքս հստակ պատկերացում ունեմ կոնկրետ օրինակներով։ Ազնվության պակասից էլ հարկավոր ներգործությունը չեն ունենում մեր կյանքի ընդհանուր առաջընթացի վրա ծախսատար միջոցառումները։ Մասնագիտական խղճի կաղլիկությամբ, մոտավոր գնահատական է տրվում դրանց։ Մինչև մեզնից յուրաքանչյուրն ինքնամաքրման անհրաժեշտությունը չգիտակցի, չեն ամրանա մեր հայրենիքի հիմքերը։ Հիմա 2500 բարեգործական հիմնադրամ կա գրանցված մեր փոքրիկ Հայաստանում։ Ինքս դիմել եմ ԱԺ, որ միանգամյա ծրագիր իրականացնողներին գրանցելով` չուռճացնեն թվաքանակը, որպեսզի օրենսդրական դաշտ ապահովեն բարեգործության համար։ Գիտե՞ք, որ կրկնակի են հարկվում դրանք։ Իրավաբանները, կարծես, մտահոգված էլ չեն այս անհեթեթությամբ։ Այդուհանդերձ, հավատում եմ մեր ազգի փյունիկվող ներուժին։ Մնում եմ ջատագովը երիտասարդական նոր նախագծերի։

Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ