Չորս օր առաջ ոստիկանությանը հաջողվեց կանխել հերթական խոշոր հանցագործությունը։ Ըստ մեր տեղեկությունների, սեպտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզում ևս հայտնաբերվել և վնասազերծվել են ավազակախմբի որոշ անդամներ, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ և հավելեց, որ բերման է ենթարկվել վեց անձ, որոնցից գործին լուրջ մասնակցություն ունեն երկուսը։ Թեև ոստիկանության կողմից մեծ աշխատանք է կատարվել, սակայն այն զուգահեռաբար տարաբնույթ խոսակցությունների առիթ է տվել։ Հետաքրքիր է, որ թե՛ ճիշտ ու պրոֆեսիոնալ, թե՛ սխալ գործողությունների դեպքում լինում են նույն դժգոհությունները։ Այս առումով, կարծում ենք, ճիշտ է իրողությունը ներկայացնել առաջին աղբյուրից։
-2011-ի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Երևանում գործող հանցավոր խումբ կա, որն ավազակային հարձակման է պատրաստվում Երևանի բնակելի թաղամասերից մեկում,- մեզ հետ զրույցում ասաց Հունան Պողոսյանը։- Այս մասին անմիջապես զեկուցվեց ՀՀ ոստիկանապետին, և որոշում կայացվեց վնասազերծելու հանցավոր խումբը: Ներգրավված էին ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, մասնավորապես քրեական հետախուզության գլխավոր և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների օպերատիվ խմբերը։ Սեպտեմբերի 23-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում ավազակային հարձակում կատարելու կասկածով կանգնեցված մեքենան չենթարկվեց ոստիկանության օրինական պահանջին և հետընթաց մեծ արագությամբ դիմեց փախուստի, այնուհետև բախվեց էլեկտրասյանը, մեքենան վթարվեց, իսկ վարորդը և նրա հետ ևս մեկ ուղևոր դիմեցին փախուստի: Մեր օպերատիվ խումբն անմիջապես հետևեց նրանց: Բավականին մութ էր, և տեղանքն էլ զառիվեր: Մեկին վնասազերծեցինք և ձերբակալեցինք, սակայն մինչ այդ նա կրակեց ոստիկանների ուղղությամբ և դեն նետեց զենքը, մյուսն էլ տեղանքում չկողմնորոշվելու պատճառով վայր ընկավ և մահացավ: Վնասազերծված հանցագործին բերման ենթարկեցինք, այնուհետև մեր ստորաբաժանումները մայրաքաղաքի տարբեր հատվածներում ձերբակալեցին հանցախմբի մի շարք անդամների: Այս պահի դրությամբ 40-ից ավելի խուզարկություն է կատարվել, բերման է ենթարկվել 30 անձ, կան կալանավորված, ձերբակալված անձինք: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, միայն 9 միավոր հրազեն, որից 3-ը՝ ինքնաձիգ, ինչպես նաև հանցագործության այլ գործիքներ, դիմակներ, հատուկ հարմարեցված սարքավորումներ և այլն: Միջոցառումները շարունակվեցին Հայաստանի մոտակա և հեռավոր մի շարք շրջաններում: Այս օպերացիան աննախադեպ էր նաև նրանով, որ միաժամանակ բազմաթիվ հասցեներում կատարվեցին խուզարկություններ, ձերբակալություններ, բերման ենթարկվեցին բազմաթիվ մարդիկ: Արդյունքում վնասազերծվեց կանոնավոր գործող հանցավոր բանդան: Այս պահին նախաքննության գաղտնիությունից, ինչպես նաև օպերատիվ քննչական աշխատանքի նպատակահարմարությունից ելնելով, ավելին ասել չեմ կարող, միայն կնշեմ, որ այս հանցավոր խումբն առնչություն ունի վերջին շրջանում կատարված աղմկահարույց ավազակային հարձակումների հետ:
-Որքան գիտեմ` ավազակախումբը վաղուց է հետապնդվում:
-Նրանք եղել են մեր օպերատիվ տեսադաշտում, սակայն ակտիվ օպերատիվ մշակման վերցվել են վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան վրա հարձակումից հետո: Ստացվել են օպերատիվ տեղեկություններ, իրականացվել են օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ:
-Ավազակախումբն այս տարի՞ է ստեղծվել, թե՞ խոր արմատներ ունի:
-Ե՛վ այո, և՛ ոչ: Ինչո՞ւ, որովհետև ավազակախմբի գրեթե բոլոր անդամներն իրար ճանաչում են: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց ծանոթությունը քսան տարուց ավելի է՝ միասին ազատազրկման մեջ են եղել: Իհարկե, կան նաև մարդիկ, որ նոր են ծանոթացել: Սակայն կարծում եմ, որ որպես հանցախումբ նոր են ձևավորվել, միացել: Քր. օրենսգիրքը տալիս է այն պատասխանները, թե ով է կազմակերպիչը, ովքեր են պարագլուխները և խմբի անդամները:
-Ի դեպ, պարագլխի հետ կապված: Ըստ շրջանառվող խոսակցությունների, ավազակախմբի պարագլխի մահը (նկատի ունեն Մյասնիկյանի պողոտայում մահացածին) սարքովի է, ինչը ձեռնտու է ոմանց, որպեսզի ճշմարտությունը ջրի երես դուրս չգա:
-Ընդամենը կարելի է քմծիծաղել։ Դրանք սոսկ չարախոսություններ են։ Մահացողը պարագլուխներից մեկն է։ Ես չգիտեմ ով, որտեղից, ինչ տեղեկություն է վերցնում, ինչ նպատակով է հեռուն գնացող հետևություններ անում, բայց կարող եմ ասել, որ մահացածը գլխավորել է ավազակային հարձակումները, սակայն հանցավոր խումբն այլ պարագլուխ էլ ունի։
-Իմ տեղեկություններով, վթարված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում շատ զինամթերք է եղել։ Արդյոք այդպե՞ս է։
-Նշված մեքենայի վարորդի նստատեղի տակից հայտնաբերել ենք ինքնաշեն ինքնաձիգ։
-Բացի նշված աղմկահարույց հանցագործություններից, այս ավազակախումբը միջանկյալ այլ հանցանքներում ներգրավվա՞ծ է։
-Ենթադրում ենք, որ այո։ Քանի որ ավազակախմբի գրեթե բոլոր անդամները նախկինում դատապարտված են եղել տարաբնույթ հանցագործությունների համար։
-Ավազակախմբի բոլոր անդամները հա՞յ են։
-Այո։ Բացահայտումներից առաջ էլ ենթադրում էինք, որ կայուն հանցավոր խումբը ձևավորվել է Հայաստանում, գործում է Երևանում։ Չենք բացառում նաև «գաստրալյորների» մասնակցությունը։ Այժմ նախաքննություն է ընթանում, ավելորդ մեկնաբանություններ չանենք։ Կարևորը, որ հանցախումբը վնասազերծել ենք, և այս պահին էլ իրականացվում են օպերատիվ- քննչական ինտենսիվ աշխատանքներ։
-Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտից տարբեր լրատվամիջոցներ նշեցին տարբեր պաշտոնյաների երեխաների անուններ, ովքեր իբր ներգրավված են եղել հանցախմբում, ինչն էլ ոստիկանության լրատվական ծառայությունը հերքեց։ Այնուամենայնիվ, Հատուկ քննչալան ծառայության պետի տեղակալի որդուն առնչվող տարաբնույթ խոսակցությունները չեն դադարում։ Մասնավորապես, փորձում են հասկանալ, թե ինչու պետք է վերջինս բերման ենթարկվեր իր ավտոմեքենայի ճանաչման համար, եթե ճանապարհային ոստիկանությունում այդ տեղեկությունը գրանցված է տեխնիկական միջոցներով։ Ի վերջո, ինչո՞ւ են նրան կանչել ոստիկանություն։
-Հանցավոր խումբը վնասազերծելուց հետո անձամբ ես համառոտ տեղեկություն եմ տվել լրատվամիջոցներին։ Նորից կրկնեմ, որ խոսակցություններն ուռճացված են, ինչ-որ տեղից ինչ-որ բան են լսել և փորձում են սենսացիա սարքել։ Նա հրավիրվել է ոստիկանություն տրանսպորտային միջոց տրամադրելու խնդրով, հարցա-քննվել է և բաց թողնվել։ Մնացած բոլոր պնդումները, ավազակախմբի անդամակցության հետ կապված, անհիմն են։
-Ի վերջո, դա ի՞ր մեքենան է եղել, թե՞ ոչ։
-Ազգականներից մեկի մեքենան է եղել, որը խնդրել է ընկերը, և ընկերն էլ տրամադրել է այն։ Քննություն է ընթանում, այդ պատճառով էլ ամենաչնչին մանրուքն ստուգվում է։ Ընդգծեմ, որ այս գործի բացահայտումը շատ կարևոր է մեզ համար և գտնվում է ոստիկանության պետի ամենժամյա ուշադրության ներքո։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ